գլուխը առաջ թեքել, իսկ ոտքերը բարձրացնել վեր: Շնչառության և սրտի աշխատանքի դադարի դեպքում կատարել արհեստական շնչառություն («բերան-բերանի» եղանակով) և սրտի մերսում (տես Մերսում սրտի):
Բուս. թույներից ծանր Թ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է՝ 1. սննդում անծանոթ բույսեր, սնկեր չօգտագործել, 2. ճիշտ չպահված կամ դաշտում ձմեռած մշակաբույսեր (կարտոֆիլ, հացահատիկ, հնդկացորեն, ոլոռ ևն) չօգտագործել, 3. առանց բժշկի խորհրդի, տնային պայմաններում դեղաբույսերից պատրաստած թուրմեր և դեղանյութեր չօգտագործել, 4. բժշկի նշանակած և դեղատանը պատրաստած թուրմերի չափաքանակն ինքնակամ չավելացնել, 5. երեխաներին թույլ չտալ առանց մեծերի հսկողության սնկեր և հատապտուղներ հավաքել, 6. «հրաշագործ» դեղանյութեր առաջարկող, բժշկ. կրթություն չունեցող մարդկանց չվստահել սեփական կյանքն ու առողջությունը:
Թ. կենդանական թույներից: Աշխարհում յուրաքանչյուր տարի թունավոր օձերի խայթոցից տառապում են 1 մլն-ից ավելի մարդ, որոնցից 30-40 հզ. մահանում են:
Կենդանիներն ու միջատներն իրենց թունավոր հատկությունները (տես Թունավոր կենդանիներ) ձեռք են բերել տեսակի երկարատև զարգացման և շրջակա միջավայրին հարմարվելու ընթացքում: Գոյության պայքարում կիրառվող դրանց «թունավոր զենքը»՝ թույնը, տարբերվում է բազմազանությամբ և կիրառման ձևով: Ակտիվ ձև է հակառակորդի օրգանիզմ թունավոր գեղձերի (սարդեր, կրետներ, մեղուներ), թունավոր ատամների (օձեր), թունավոր լողակների (ձկներ) միջոցով թույնի ներարկումը: Պասսիվ ձև է թույնի կուտակումը որոշ օրգաններում և հյուսվածքներում, որոնք սննդում օգտագործելիս Թ. են առաջացնում: Հայտնի են շատ թունավոր օձեր, որոնցից ՀՀ-ում տարածված են հայկ. իժը, գյուրզան:
Թունավոր օձի խայթոցից անմիջապես հետո պետք է սեղմելով վերքից դուրս հանել արյան 1-ին կաթիլը, բերանով արտածծել այն և թքել: Արգելվում է՝ 1. վերքն այրել կամ լրացուցիչ կտրվածք անել (հիվանդածին մանրէների ներթափանցումից խուսափելու համար), 2. խայթոցից վերև լարան դնել, քանի որ վերջույթներում առաջանում է արյան շրջանառության խանգարում տեղային այտուցի խիստ մեծացմամբ և տարածուն արյունազեղումով: Կարևոր է վերջույթի անշարժացումը (ինչպես ոսկրի կոտրվածքի ժամանակ): Այնուհետև տուժածին պետք է արագ հասցնել մոտակա բուժհիմնարկ, որպեսզի որքան հնարավոր է շուտ ներարկվի հակաթույն՝ հակաօձային շիճուկ: Սովորաբար միաժամանակ ներարկվում է հակափայտացման շիճուկ:
Ի տարբերություն օձերի խայթոցի՝ թունավոր միջատների (կարակուրտ և տարանտուլ) խայթոցի տեղը խիստ բորբոքվում է, ուստի ցավային շոկի կանխարգելման նպատակով տուժածին պետք տալ ցավամոքիչ (անալգին, ացետիլսալիցիլաթթու ևն), կարելի է նաև ալկոհոլ (50-100 մլ 30%-անոց էթիլ սպիրտ):
Մեղուների, կրետների բազմաթիվ խայթոցները նույնպես կարող են մարդու համար վտանգավոր լինել: Այդ դեպքում, բացի հյուսվածքների տեղային այտուցից, նկատվում են ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ գլխացավեր, հնարավոր են ցնցումներ և գիտակցության խանգարումներ: Նման ախտանշանների դեպքում պետք է գլխին սառը կոմպրես դնել, խմեցնել շատ մուգ, քաղցր թեյ, 1 գ ացետիլսալիցիլաթթու և շտապ բժիշկ հրավիրել: Մեղուների խայթոցից հետո անմիջապես պետք է հեռացնել խայթը:
Թունավոր հատկություններ ունի որոշ արդյունագործ. ձկների թարմ (աղ չդրած) խավիարը, որն առաջացնում է սննդային Թ. (փսխում, լուծ, որովայնի ցավեր): Որպես 1-ին օգնություն՝ պետք է լվանալ ստամոքսը, տալ լուծողական (30 գ մագնեզիումի սուլֆատ) և 1-2 հաբ բեսալոլ:
Բակտերիային սննդային Թ.: Սննդային Թ-ի (տես Սննդային թունավարակում) տարածված պատճառներից է թույն արտադրող որոշ մանրէներով վարակված մթերքը: Այդ թույնի նույնիսկ 0,0002 մգ մահացու է: 1 մգ կարող է ոչնչացնել 3000-ից ավելի մարդ, իսկ 200 գ՝ Երկրագնդի ամբողջ բնակչությանը:
Թ. առաջանում են անօդակյաց (անաերոբ) պայմաններում զարգացող բակտերիաների սպորներով վարակված, պահածոյած սննդամթերքից (միս, ձուկ, միրգ, բանջարեղեն): Ցանկացած սննդային Թ-ից (փսխում, լուծ, որովայնի ցավեր) մի քանի ժ հետո թուլանում է տեսողությունը, կոկորդի և ըմպանի մկանների լուծանքի հետևանքով խանգարվում են խոսքը և կլումը (տես Բոտուլիզմ): Այնուհետև առաջանում է մյուս, այդ թվում նաև շնչառ. մկանների լուծանք, որից սովորաբար մահանում են:
Այս ծանր Թ-ի կանխարգելման համար պետք է լավ լվանալ և խոհարար. մշակման ենթարկել տնային պայմաններում պահածոյվող մթերքը՝ սունկ, միրգ, բանջարեղեն (տես Պահածոյում տնային), խստիվ արգելվում է օգտագործել փքված կափարիչներով բանկաների մթերքը:
Շատ տարածված են որոշ ստաֆիլոկոկային թույներից առաջացած սննդային Թ.: Այդ բակտերիաները սենյակային ջերմաստիճանում ակտիվ բազմանում են օգտագործելուց անմիջապես առաջ ջերմամշակման չենթարկված սննդամթերքում (կրեմով կարկանդակ, կաթնամթերք, ապուխտներ, խառնախորտիկներ ևն): Այդ Թ-ի կանխարգելումը ներառում է մթերքի օգտագործման ժամկետների և պայմանների խիստ պահպանում:
Սննդային Թ-ի 1-ին իսկ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել, իսկ մինչև գալը կարելի է լվանալ ստամոքսը: Բոտուլիզմի ժամանակ բազմարժեք հակաբոտուլինային շիճուկի շտապ (1-ին ժ-ին) ներարկումից հաճախ տուժածի կյանքը փրկվում է նույնիսկ խիստ ծանր Թ-ի դեպքում: Բակտերիային սննդային Թ-ի մեծ խումբ են, այսպես կոչված, թունավարակումները՝ որոշ աղիքային մանրէների (սալմոնելների) կողմից հարուցված հիվանդությունները (դիզենտերիա, որովայնային տիֆ, պարատիֆ), որոնք առաջանում են կենդանի միկրոօրգանիզմների և դրանց թույների ազդեցությունից: Սննդային թունավարակումները բուժում է բժիշկը՝ հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում՝ հակաբիոտիկների, սուլֆանիլամիդային պատրաստուկների և այլ դեղանյութերի միջոցով:
Այդ հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է սննդամթերքի խոհարարական մշակման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը:
Սուր Թ-ի կանխարգելման ընդհանուր սկզբունքներն են՝ 1. դեղանյութերով կամ քսուքներով ինքնաբուժումը, առանց բժշկի հետ խորհրդակցելու, միշտ վտանգավոր է, քանի որ միևնույն քիմ. նյութը կարող է լինել և՛ դեղ, և՛ թույն, ուստի դրանց սխալ չափաքանակը երբեմն կանխամտածված ինքնասպանություն է:
2. Տնային դեղարկղիկի դեղանյութերի ճիշտ պահպանումը: Դրանցում պետք է լինեն միայն 1-ին օգնության և ընթացիկ հիվանդությունների բուժման համար դեղանյութեր: Անթույլատրելի է դեղանյութերը պահել առանց պիտակի և այլ փաթեթում: Բոլոր դեղանյութերը պետք է պահել երեխաներին անհասանելի տեղում, գերադասելի է հատուկ փակվող արկղիկում:
3. Անհրաժեշտ է խստորեն պահպանել կենցաղային քիմիայի պատրաստուկների