Սակայն քաղցկեղը գոյություն ունի, և անհրաժեշտ է ուսումնասիրել դրա հաղթահարման ուղիները: Ուռուցքաբաններին հետաքրքրում է՝ թե ինչու ոչ բոլոր դեպքերում է իմունային պաշտպանությունն արդյունավետ: 1-ին պատճառն այն է, որ պաշտպանության թուլությունը կապված է տարիքի կամ ժառանգ. բեռնվածության հետ: 2-րդ՝ քաղցկեղային հակածինները, որոնց հանդեպ ձևավորվում է իմունային պատասխանը, խիստ թույլ են, որպեսզի առաջացնեն ուժեղ իմունային (պաշտպան.) հակազդեցություն: 3-րդ՝ քացկեղային ուռուցքի աճի ինտենսիվությունը կարող է այնպիսին լինել, որ T-լիմֆոցիտ-քիլերները չհասցնեն ոչնչացնել բոլոր քաղցկեղային բջիջներին: Սակայն, անկախ ուռուցքի առաջացման սկզբնապատճառից, անհրաժեշտ է օգնել իմունային համակարգին:
Մշակվել են իմունային պատասխանի խթանման մի քանի եղանակներ, որոնք կիրառվում ուռուցքաբան. հիվանդանոցներում: Դրանք 1-ին հերթին հիմնված են հատուկ՝ օժանդակող նյութերի (ադյուվանտներ) օգտագործման վրա, որոնք ոչ առանձնահատուկ ձևով արագացնում են իմունային համակարգի աշխատանքը: Նշված նյութերից են բուս. սպիտակուցը, ֆիտոհեմագլյուտինինը, հակատուբերկուլոզային վակցինան (ԲՑԺ) և T-, B-լիմֆոցիտների հասունացման այլ խթանիչներ:
Մշակվում են նաև ուռուցքի տարբեր հակածինային ֆրակցիաներով լիմֆոցիտների առանձնահատուկ խթանման եղանակներ: Փորձեր են արվել ուռուցքների բուժման համար օգտագործել հորմոնների և իմունային համակարգի միջնորդություներ, մասնավորապես թիմոզին (ուրցագեղձի հորմոն) և ինտերլեյկին:
Իմունային համակարգի հիվանդությունները. ինչպես օրգանիզմի մյուս համակարգերը, իմունային համակարգն էլ ունի իր առաջացման և էվոլյուցիոն զարգացման պատմությունը, ձևավորման ուղին սաղմնային զարգացման ընթացքում, առավել ակտիվ գործունեության և ծերացման շրջանները: Իմունային համակարգը ենթակա է ախտաբան. խանգարումների՝ հիվանդությունների: Առավել սուր բնույթ ունեն Ի-ի բնածին արատները՝ իմունային անբավարարության հիվանդությունները, որոնք փոխանցվում են ժառանգաբար և դրսևորվում են երեխայի զարգացման ամենավաղ փուլերում: Նորածին երեխան կյանքի 1-ին շաբաթներին, երբ արյան մեջ դեռ շրջանառում են մոր հակամարմինները, բոլորովին առողջ է թվում: Բայց շուտով սկսվում են անվերջանալի հիվանդությունները (թոքաբորբ, հայմորիտ, ականջաբորբ): Երեխան լավ չի զարգանում, թույլ է, հաճախ չի կարողանում քայլել, մտավոր ունակությունները լիարժեք չեն: Մինչև հակաբիոտիկների հայտնաբերումը և կիրառումը Ի-ի անբավարարության խանգարումները մահացու էին հիվանդի կյանքի 1-ին տարում: Տարբերում են Ի-ային անբավարարության հիվանդությունների մի քանի ձև (նայած, թե իմունային համակարգի որ օղակն է խաթարվել): Որոշ դեպքերում խանգարվում է միայն իմունոգլոբուլինների սինթեզը, այսինքն՝ արատը վերաբերվում է միայն B-լիմֆոցիտներին: Կամ խանգարվում է T-լիմֆոցիտների սինթեզը, որի հետևանքով բջջային հակազդեցությունն ընկճվում է: Վատ է արտահայտված նաև հումորալ իմունային պատասխանն այն հակածինների հանդեպ, որոնք T-լիմֆոցիտների օգնությամբ առաջացնում են հակամարմինների առանձնահատուկ սինթեզ: Պատահում են նաև համակցված ախտահարումներ, երբ դադարել է T- և B-բջջային ֆունկցիան:
Իմունային անբավարարության առավել ծանր ձևը կապված է ցողունային արյունաստեղծ բջիջների ախտահարման հետ, երբ տեղի է ունենում արյունաստեղծ և ավշային համակարգերի լրիվ հյուծում, որն ավարտվում է մահով:
Հնարավո՞ր է արդյոք բուժել իմունային անբավարարությունը, բժշկությունն ի վիճակի՞ է ապահովել այդպիսի խանգարումով երեխաների բնականոն կյանքն ու զարգացումը, ուղղել բնության ողբերգական սխալները, լիարժեք կյանքի վերադարձնել հիվանդ ծնված մարդուն: Ի-ի B-համակարգի արատի դեպքում, որն արտահայտվում է իմունոգլոբուլինների սինթեզի նվազումով կամ լրիվ բացակայությամբ, բուժումն իրականացվում է՝ պակասող իմունոգլոբուլինները փոխարինելով կամ B-լիմֆոցիտների պակասը վերացնելով: 1-ին դեպքում հիվանդներին մշտապես ներարկում են առողջ մարդկանց արյունից անջատված իմունոգլոբուլիններ: Նշված բուժումը բավականին արդյունավետ է, որն ապահովում է հիվանդների աշխատունակությունը, և նրանք ապրում են մինչև հասուն տարիքը: 2-րդ դեպքում ախտահարված օրգանիզմ են ներարկվում համատեղելի (հյուսվածքային առումով) դոնորներից ստացված B-լիմֆոցիտներ, որոնց հիմն. աղբյուրը և զետեղարանը ոսկրածուծն է, ուստի պետք է կատարվի ոսկրածուծի փոխպատվաստում: Իմունային անբավարարության բուժումը T-համակարգով հնարավոր է միայն T-բջիջների կամ ուրցագեղձի փոխպատվաստման միջոցով:
Ի. իրականացնող բջիջների փոխպատվաստումը՝ իմունային ինժեներիան, անբավարարության պատճառի իրական վերացման միակ եղանակն է, որի էությունը իմունային համակարգի արատավոր օղակի փոխարինումն է բնականոնով: Հայտնի է, որ իմունային համակարգի խանգարումներ ունեցող երեխաները զգալիորեն ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, քան առողջները, որի պատճառը չարորակ նորագոյացությունների հսկողության և պայքարի արդյունավետ համակարգի բացակայությունն է:
Իմունային գրոհ (ինքնաիմունիտետ). կիբեռնետիկայից հայտնի է, որ ինքնակարգավորման ցանկացած համակարգ զերծ չէ իր ներսում առաջացած խանգարումներից: Կիբեռնետիկ. աղմուկը խանգարում է ազդանշանից դեպի ընդունիչ գնացող ինֆորմացիայի հոսքը: Իմունային համակարգը՝ որպես օրգանիզմի բարդ կազմակերպված և ինքնակարգավորվող համակարգ, նույնպես ունի աղմկային ֆոն, որն աղավաղում է նրա կանոնավոր աշխատանքը: Երբեմն իմունային համակարգը կորցնում է կողմնորոշումը, զրկվում միայն օտարածին նյութերի դեմ պայքարելու ունակությունից և սկսում հակամարմիններ մշակել ու լիմֆոցիտներ ձևավորել սեփական հակածինների դեմ: Մարմնի բնականոն բաղադրիչների դեմ ուղղված նման գրոհը կոչվում է ինքնաիմունիտետ:
Տեսականորեն ինքնահակամարմիններ կարող են առաջանալ ցանկացած սեփական հակածինների հանդեպ, որի պատճառով էլ ախտահարումները կարող են լինել համակարգային, երբ վնասվում են բազմաթիվ բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ, կամ միայն տեղային (տեղակայված)՝ ախտահարվում են առանձին հյուսվածքների ու օրգանների բջիջները: Առավել ծանր ախտահարում է համակարգային կարմիր գայլախտը, որի ժամանակ հակամարմիններն 1-ին հերթին ուղղված են բջիջների ժառանգ. նյութի՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) կամ ԴՆԹ-ի և սպիտակուցի կոմպլեքսի դեմ: Ծանր ձևերի դեպքում նկատվում են ջերմաստիճանի պարբերաբար բարձրացում, մաշկի ցան, երիկամների, սրտի, մաշկի, շարակցական հյուսվածքի, արյունատար անոթների ախտահարումներ, բջիջների տարածուն քայքայում: Ռևմատիզմանման հոդաբորբի դեպքում մի դասի (M) իմունոգլոբուլինն իր ակտիվությունն ուղղում է