Քաղաքային Լ-ի դեպքում վարակվում են հիվանդ մարդուց և, հավանաբար, շներից: Հարուցիչը, ընկնելով մարդու օրգանիզմ, 2-8 ամիս (հազվադեպ՝ 3-5 տարի) չի առաջացնում հիվանդության ակնհայտ դրսևորումներ (գաղտնի շրջան): Այնուհետև մլակների խայթոցի տեղում (առավել հաճախ դեմքի և ձեռքերի վրա) գոյանում է աստիճանաբար մեծացող գորշ հանգուցիկ (լեյշմանիոմ): 5-10 ամիս անց հանգուցիկի տեղում առաջանում է (առավել հաճախ՝ 1-3) կլորավուն խոց՝ պինդ եզրերով և թարախային արտադրուկով: 2-3 ամիս հետո սկսվում է դրանց ապաքինումը, և խոցերի տեղում առաջանում են սպիներ: Հիվանդությունը տևում է 1-2 տարի:
Գյուղ. Լ-ի դեպքում վարակի աղբյուրը կրծողներն են (ավազամկներ, գետնասկյուռներ): Գաղտնի շրջանը 1 շաբաթից մինչև 2 ամիս է: Հիվանդությունն սկսվում է սուր ձևով: Դեմքի, ձեռքերի, հաճախ նաև ոտքերի մաշկի վրա առաջանում են թարախակույտանման լեյշմանիոմներ: Հիվանդության 1-ին շաբաթում գոյանում են անկանոն ձևի, պինդ եզրային խոցեր, հիմքում՝ դեղնավուն, թարախային արտադրուկով: Խոցերի ապաքինումն սկսվում է 2-4 ամիս հետո, որոնց տեղում առաջանում են սպիներ: Հիվանդության տևողությունը 3-6 ամիս է:
Ընդերային Լ., վիսցերալ Լ. (կալազար), վարակվում են հիվանդ մարդուց, շներից և վայրի կենդանիներից (գայլ, աղվես ևն): Գաղտնի շրջանը 10-21 օրից մինչև 1 տարի, հազվադեպ՝ ավելի, բայց առավել հաճախ 3-6 ամիս է: Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար: Նկատվում են թուլություն, ջերմաստիճանի բարձրացում, փայծաղը և լյարդը մեծանում են: Մաշկը դառնում է մոմագույն, բաց հողագույն կամ մգանում է (կալա ազար՝ սև ցավ): Առաջանում են նաև սրտի, մակերիկամների, երիկամների, արյան փոփոխություններ: Բուժումն իրականացվում է հիվանդանոցում:
Կանխարգելումը. կրծողների բների և մլակների ոչնչացում, թափառող շների որս (հիվանդների ոչնչացում): Մլակների խայթոցից մարդկանց պաշտպանելու համար օգտագործում են վանող նյութեր, հաստ ցանցավոր վարագույրներ: Մաշկային Լ-ի տեսակետից անբարենպաստ վայրեր մեկնող անձանց կատարում են (առնվազն 3 ամիս առաջ) կանխարգելիչ պատվաստումներ:
ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ, սուր վարակիչ հիվանդություն: Բնորոշվում է արյան մազանոթների, ինչպես նաև լյարդի, երիկամների, մկանների, կենտր. նյարդային համակարգի ախտահարումով: Հարուցիչները լեպտոսպիրներն են, որոնք երկար ժամանակ ապրում են ջրում և հատկապես՝ խոնավ հողում: Արագ ոչնչանում են չորացումից, վարակազերծող նյութերի ներգործությունից, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Վարակի աղբյուրը տարբեր կրծողներն են (մկներ, դաշտամկներ, առնետներ ևն), ընտանի (խոզեր, շներ, խոշոր եղջերավոր), որսարդյունագործ. (բևեռաղվես, աղվես ևն) կենդանիները: Հիվանդ կենդանիների մեզի հետ երկար ժամանակ արտազատվում են լեպտոսպիրներ: Մարդն առավել հաճախ վարակվում է հիվանդ կենդանիների մեզով վարակված բաց ջրամբարների ջուրն օգտագործելիս, գետահովիտներում, ճահճուտներում առանց արտահագուստի և հատուկ կոշիկների աշխատելիս, այդ նույն ջրամբարներում լողանալիս, սպիտակեղեն լվանալիս, ջուրն առանց եռացնելու խմելիս, ինչպես նաև հարուցիչներով վարակված սննդամթերք օգտագործելիս: Հիվանդանում են նաև կրծողների հետ շփվելիս (կրծողներին ոչնչացնողներ, սանտեխնիկներ, մսի կոմբինատի աշխատողներ ևն): Հիվանդությունն առավել հաճախ առաջանում է ամռանը և աշնանը: Հնարավոր են բռնկումներ: Մարդը մարդուց չի վարակվում:
Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում բերանի խոռոչի, քթի, աչքերի լորձաթաղանթների, վնասված մաշկի միջոցով, բազմանում է և առաջացնում մազանոթների ախտահարում, դրանց թափանցելիության բարձրացում, տարբեր օրգանների և հյուսվածքների արյունազեղումներ, արյունահոսություններ, տարբեր բորբոքային գործընթացներ (լյարդաբորբ, ուղեղապատյանաբորբ, երիկամների ախտահարում ևն): Կլինիկ. պատկերը խիստ բազմազան է: Գաղտնի շրջանը տևում է 3-20, ավելի հաճախ՝ 6-14 օր: Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է սուր, նկատվում են դող, ջերմաստիճանի բարձրացում մինչև 38-40° C, ուժեղ գլխացավ, թուլություն, անքնություն: Բնորոշ են մշտ., ուժեղ մկանացավերը (հատկապես՝ սրունքի ձկնամկանների), հիվանդները դժվարությամբ են շարժվում: Հիվանդության բուռն շրջանում նկատվում են քթային արյունահոսություն, արյունային փսխում, արյուն է հայտնվում մեզում և արտաթորանքներում: Միզարտադրությունը նվազում է: Հնարավոր է դեղնախտի առաջացում: Հիվանդությունը սովորաբար տևում է 4 շաբաթ:
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում, մեծ մասամբ բուժելի է:
Կանխարգելումը. հողաբարելավման աշխատանքներ (հիվանդության գրանցման տարածքում), կրծողների ոչնչացում, կրծողների և գյուղատնտ. կենդանիների կողմից ջրամբարների աղտոտման կանխում (տես Ջրամբարների սանիտարական պահպանություն): Պետք է արգելել աղտոտված ջրամբարներում լողանալը, ճահճացած տարածքում և գետահովիտներում աշխատողներին ապահովել անջրանցիկ արտահագուստով և կոշիկներով: Բաց ջրամբարներից վերցրած խմելու ջուրը եռացնել, սննդամթերքը պահպանել կրծողներից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի ախտաբան. վիճակ, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Բարձունքային հիվանդության տարատեսակ է. առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լ.հ-յան հիմն. ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն՝ սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը ևն:
Թթվածնաքաղցի առաջացմանը նպաստում են ֆիզ. հոգնածությունը, սառեցումը, իոնացած օդը, անդրամանուշակագույն ճառագայթահարումը: Լ.հ. կարող է առաջանալ մեծ բարձրությունները շատ արագ (ոտքով, ավտոմեքենայով, ճոպանուղով ևն) բարձրանալիս: Աստիճանաբար, դանդաղ բարձրանալու դեպքում (2-3 օր միջանկյալ բարձրություններում մնալով) հիվանդության ախտանշանները թուլանում են հարմարվելու շնորհիվ: Լ.հ., որպես կանոն, առաջանում է 4 հզ մ և ավելի բարձրություններում, սակայն գեր կամ թուլակազմ մարդկանց օրգանիզմում 1-ին ախտանշանները (օրինակ՝ քնկոտությունը) կարող են ի հայտ գալ նույնիսկ 1000 մ բարձրության պայմաններում: Իսկ 2 հզ. մ-ում հաճախ նկատվում է գրգռված վիճակ (էյֆորիա): Ֆիզ. ծանրաբեռնվածության դեպքում թթվածնային անբավարարության ազդեցությունը (հևոց, գլխացավ ևն) նկատվում է արդեն 3 հզ. մ բարձրությունում, 4 հզ. մ-ից սկսած կարող են նկատվել խոսքի խանգարումներ, վրիպախոսություն, իսկ 5 հզ. մ-ում՝ կոմային վիճակ, անոթային և սրտային անբավարարության ախտանշաններ, երբեմն՝ մահ:
Լ.հ-յան բուժման համար պետք է վերացնել կամ թուլացնել օրգանիզմի հյուսվածքների թթվածնային քաղցը: Անհրաժեշտ