օգտագործում են բնական հանքաղբյուրների կամ ջրաբուժարաններում արհեստականորեն պատրաստված ջուր: Տևողությունը՝ 10-15 ր, օրընդմեջ կամ շաբաթը 4 անգամ՝ 12-15 բուժարարողություն: Այս Լ. բարենպաստ ազդեցություն ունեն վահանագեղձի, նյարդային համակարգի ֆունկցիայի վրա: Ընդունում են միայն բժշկի նշանակած ցուցումներով:
Ծծմբաջրածնային Լ-ի դեպքում օգտագործում են ծծմբաջրածին: Ընդունում են առողջավայրերում՝ բնական հանքային աղբյուրների և արտաառողջավայրային պայմաններում՝ արհեստականորեն պատրաստած ջրերով: Այս Լ. բարերար ազդեցություն ունեն սիրտանոթային, նյարդային համակարգերի, մաշկի, հենաշարժ ապարատի վրա: Տնային պայմաններում չեն ընդունում:
Ռադոնային Լ-ի համար ևս ջուրը վերցնում են բնական հանքային աղբյուրներից կամ պատրաստում են արհեստականորեն: Վերջին դեպքում ռադոնի խիտ լուծույթն ստանում են հատուկ մասնագիտացված լաբորատորիաներում: Այս Լ. բարենպաստ ազդեցություն ունեն սիրտանոթային, նյարդային, ներզատիչ համակարգերի վրա:
Ածխաթթվային Լ-ի (Արզնի) համար օգտագործում են բնական հանքային աղբյուրների ջուրը կամ պատրաստում են արհեստականորեն՝ ջրաբուժարաններում: Ածխաթթուն նպաստում է շնչառության խորացմանը, բարելավում սրտամկանի կծկումները: Տնային պայմաններում չեն ընդունում:
Թթվածնային Լ-ի համար օգտագործում են ջրմուղի, ծովի և հանքային ջրերը՝ հատուկ հարմարանքով թթվածնով հագեցնելով կամ ստանում են քիմ. եղանակով:
Երեխաներին բուժիչ Լ. նշանակելիս բժիշկը հաշվի է առնում նրանց օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունները՝ որոշ օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ անհասությունը, ջերմակարգավորման անկատարությունը ևն:
Երեխաների զգայնությունը ջերմաստիճանի նկատմամբ ավելի բարձր է, որը պահանջում է հատուկ ուշադրություն և հսկողություն Լ-ի ժամանակ: Երեխաներին չի կարելի ընդհանուր գոլ, առավել ևս սառը ջրով Լ.: Տաք և շատ տաք Լ-ի ջրի ջերմաստիճանը 1-2°C-ով պետք է ցածր լինի մեծահասակների համար նախատեսվածից: Լ-ի թիվը, տևողությունը, ինչպես նաև դեղանյութերի և քիմ. նյութերի կոնցենտրացիան ևս պետք է ցածր լինի:
Լ. ընդունելու օրը չպետք է հոգնել: Բուժարարոդությունից հետո 20 ր հանգստանալ պառկած կամ բազկաթոռի մեջ նստած (այդ նպատակով առանձնացված սենյակում):
Ածխաթթվային, ծծմբաջրածնային և այլ ուժեղ ազդող Լ-ից հետո (հիվանդասենյակում կամ տանը) հանգստանալ 1-1,5 ժ: Ընդհանուր բուժիչ Լ. չընդունել քաղցած կամ ուտելուց հետո 1-1,5 ժ չլրացած: Ցուրտ եղանակներին տաք հագնվել և խուսափել Լ-ից հետո մրսելուց: Տես նաև Բալնեոթերապիա, Հանքային ջրեր:
ԼՈԳՈՊԵԴԻԱ, խոսելաարատաբուժություն, ուսումնասիրում է խոսքի խանգարման տարբեր ձևերը և մշակում դրանց կանխարգելման, բուժման ու շտկման մեթոդներ: Արատաբանության (ուսումնասիրում է ֆիզ. և հոգեկան տարբեր շեղումներով երեխաների զարգացման ընդհանուր օրինաչափությունները) բաղկացուցիչ մասն է:
Խոսքի արատները (կակազություն, թլվատություն, խռպոտություն, ռնգախոսություն) կարող են պայմանավորված լինել խոսքի ոչ ճիշտ դրվածքով կամ խոսքային ապարատի բնածին վնասվածքներով ու հիվանդություններով: Լոգոպեդը (խոսքը շտկող մանկավարժ) և բժիշկը սովորաբար բուժումն իրականացնում են համատեղ: Երբեմն հաջողվում է երեխայի թլվատությունը շտկել միայն լոգոպեդ. վարժություններով:
Խոսքային արատները սկսում են շտկել վաղ մանկ. տարիքում, որպեսզի նախքան դպրոց հաճախելը մշակվի ճիշտ խոսքը: Մանկապարտեզներում ստեղծված են խմբեր, որոնք երեխային նախապատրաստում են դպրոց հաճախելուն, մեծ ուշադրություն է դարձվում խոսքի զարգացմանը: Խոսքի արատներով երեխաների համար կազմակերպվում են հատուկ մանկապարտեզներ և դպրոցներ, լոգոպեդ. կետեր և ստացիոնարներ, որոնք էապես նպաստում են երեխայի խոսքի մշտ. ամրապնդմանը: Դրա համար բաց պարապմունքների ժամանակ ծնողներին ծանոթացնում են լոգոպեդ. պարզ վարժություններին: Հարկավոր է իմանալ, որ երեխայի խոսքի շտկումը որքան շուտ սկսվի, արդյունքներն այնքան լավ կլինեն:
ԼՈՂ, ամենատարածված և ամենահանրամատչելի մարզաձևերից, որը լայնորեն կիրառվում է ֆիզ. դաստիարակության համակարգում: Ընդգրկելով ամբողջ մկանային համակարգը՝ Լ. նպաստում է օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը:
Մշտ. մարզումները բարձրացնում են երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը և ավելի կատարյալ դարձնում շարժումների համաձայնեցումը:
Վարժությունները, որոնք պատանի լողորդները կատարում են ջրում և ցամաքում, ամրացնում են ձեռքերի, ոտքերի մարմնի մկանները, իսկ համաչափ շարժումները և հորիզոնական դիրքը բեռնաթափում են ողնաշարը մարմնի ծանրությունից և նպաստում խուսափել կեցվածքի խանգարումներից:
Բուժ. Լ. բժիշկները հաճախ նշանակում են կեցվածքի խանգարումների և սկոլիոզի (տես Ողնաշարի ծռումներ) դեպքերում: Լ. կոփման լավ միջոց է: Լողավազաններում կանոնավոր Լ-ով զբաղվող մարդիկ ավելի բարձր դիմադրողականություն ունեն ցրտահարության նկատմամբ, չեն վախենում եղանակի կտրուկ փոփոխություններից: Լ-ի ժամանակ արյան շրջանառության համար ստեղծվում են լավագույն պայմաններ, հորիզոնական դիրքում լավանում է արյան երակային հետհոսքը ոտքերից, ջրի ճնշումը մարմնի վրա և խորը շնչառությունը նպաստում են հյուսվածքների արյունամատակարարմանը, թեթևանում է սրտի աշխատանքը: Դա մասնավորապես հնարավորություն է տալիս Լ-ով զբաղվել նաև տարիքով մարդկանց: Լողորդի շնչառությունը համաչափ է և համաձայնեցված ձեռքերի ու ոտքերի շարժումների հետ, ուստի Լ. շնչառ. համակարգի կատարելագործման ամենալավ միջոցն է: Պատահական չէ, ոը լողորդների թոքերի կենսական տարողությունը մեծ է (5200-6000 սմ³):
Կարևոր է նաև Լ-ի կիրառ. նշանակությունը: Լողալ իմանալը հաճախ փրկում է կյանքը: Երեխաներին, այսպես կոչված կենցաղային Լ. կարելի է սովորեցնել 4-5 տարեկանից: Նման Լ. նպաստում է երեխաների օրգանիզմի կոփմանը, զարգացմանը (տես Նախադպրոցական տարիք), սուր շնչառ. հիվանդությունների կանխարգելմանը: Այժմ գովազդում են կրծքի երեխաների (2-3 շաբաթականից սկսած Լ., սակայն դրան պետք է շատ զգուշորեն վերաբերվել:
Մարզ. Լ. կապված է օրգանիզմի մեծ բեռնվածության հետ և պահանջում է առանձնահատուկ նախապատրաստություն: Պատանի մարզիկների մոտ այն պետք է լինի խիստ հաջորդական և անցկացվի կանոնավոր բժշկական հսկողությամբ: Լ. պատկանում է այնպիսի մարզաձևերին, որտեղ հնարավոր են վաղ մարզ. նվաճումներ: 13-14 տարեկան աղջիկները և 15-16 տարեկան տղաները հաճախ ունենում են իրենցից տարիքով բարձր մարզիկներին հավասար հաջողություններ, իսկ երբեմն էլ գերազանցում են նրանց: