Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատանի լողորդների արագ ձեռք բերվող հաջողություններին նպաստում են կապանային ապարատի բարձր առաձգականությունը, հոդերի լավ շարժունությունը և մարմնի մեծ շրջահոսությունը: Մարզ. Լ-ին երեխաներին սկսում են նախապատրաստել 9-11 տարեկանից:

40-ից բարձր տարիքով մարդիկ Լ-ով աետք է զբաղվեն միայն բժշկի թույլտվությամբ: Հատուկ զգուշություն է պահանջվում ականջի թմբկաթաղանթի ամբողջության խանգարման դեպքում (ջուրը կարող է թափանցել միջին ականջ և առաջացնել գլխապտույտ, սրտխառնոց, կողմնորոշման կորուստ): Ցանկացած հիվանդությունից հետո մարզումները կարելի է վերսկսել միայն բժշկի թույլտվությամբ: Փակ ջրավազանում, մարզումներից առաջ և հետո, անպայման պետք է տաք ջրով ցնցուղվել: Լողալիս բոլոր ջրավազաններում էլ պետք է ռետինե գլխարկ դնել:

Ձմռանը բաց ջրամբարներում Լ. արագ կոփող բուժամիջոց է, որը մեծ ռիսկ է պահանջում: Ձմեռային Լ. պետք է անպայման համաձայնեցվի բժշկի հետ և երկարատև նախապատրաստվի: Մոտ 4°C ջրում Լ. առաջացնում է բնականոն վիճակից կտրուկ շեղումներ՝ անոթազարկի և շնչառության հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, ջերմաստիճանի իջեցում ևն: Նման Լ. խիստ ուժեղ գրգռիչ է նաև նյարդային համակարգի համար, ուստի այն մատչելի է միայն բացարձակ առողջ մարդկանց: Սառցաջրում ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու Լ. կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Ձմեռային Լ. բացարձակ հակացուցված է աթերոսկլերոզով, հիպերտոնիկ հիվանդությամբ, քրոնիկ. թոքաբորբով և մի շարք այլ հիվանդություններով տառապողներին: Սառը ջրում կարելի է լողալ շաբաթը 2-3 անգամ, սկզբում՝ 20-40 վրկ տևողությամբ, ապա աստիճանաբար ավելացնել մինչև 1 ր (առավելագույնը):

Խիստ սառնամանիքի և քամու դեպքերում նշված ժամկետները կրճատվում են: Ձմեռային Լ. խիստ հակացուցված է երեխաներին և մինչև 18 տարեկան դեռահասներին: Մարդկանց մեծ մասը կոփող լավ արդյունքի է հասնում օդային լոգանքների, ոտքերը, ձեռքերը սառը ջրով լվանալու, ընդհանուր սառը ջրցողման միջոցով (տես Օրգանիզմի կոփում):

ԼՈՂԱՆԱԼԸ, լողանում են բաղնիքում, բնական ջրամբարներում (գետերում, լճերում, լիմաններում, ծովերում) և արհեստ (բաց և փակ) լողավազաններում: Լ-ու ֆիզիոլոգ. ազդեցությունն օրգանիզմի վրա պայմանավորված է ջրի ջերմային և մեխ. ազդեցությամբ, իսկ ծովերում, աղի լճերում, լիմաններում և բուժ. հանքային (այդ թվում՝ ծովի) ջրերով լողավազաններում՝ նաև ջրում լուծված աղերով, որոնք մաշկի վրա թողնում են դրական գրգռող ազդեցություն. վերջինս շարունակվում է նաև ջրից դուրս գալուց հետո (լողացողի մաշկի վրա նստում է աղերի մանր բյուրեղների շերտ): Բաց ջրամբարներում լողանալիս միանում է նաև մաքուր օդի և արևի ճառագայթների բարերար ազդեցությունը: Ջրի մեխ. ազդեցությունը լողանալիս (հատկապես լողի ժամանակ) առավել արտահայտված է, քան ջրաբուժության դեպքում: Բաց ջրամբարներում Լ. մարզում է սիրտանոթային և նյարդային համակարգերը, բարձրացնում է նյութափոխանակությունը, կոփում օրգանիզմը: Բուժիչ նպատակով բժիշկները Լ. նշանակում են նյութափոխանակության խանգարումների, սիրտանոթային և նյարդային համակարգերի, հենաշարժ. ապարատի հիվանդությունների, ոչ խիստ արտահայտված սակավարյունության ժամանակ: Բաց ջրամբարներում Լ. պահանջում է ուժերի որոշակի պաշար և այդ պատճառով այն հակացուցված է սրտի ու անոթների առանձին հիվանդություններով, տուբերկուլոզի ակտիվ ձևերով տառապողներին, արյունահոսության հակում ունեցող անձանց, տարբեր տենդերի և սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ: Բաց ջրամբարներում լողանալիս հատկապես զգույշ պետք է լինեն տարեցները: Այն հակացուցված է կանանց՝ հղիության 2-րդ կեսին:

Բաց ջրամբարներում լողանալ սովորաբար թույլատրվում է 22-30°C-ից ոչ ցածր օդի ջերմաստիճանի և 20-18°C-ից ոչ ցածր ջրի ջերմաստիճանի դեպքերում: Ցրտին մարզված մարդիկ կարող են լողանալ նաև ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում: Լ-ու ամենահարմար ժամը 8-12-ն է (նախաճաշից 1—1,5 ժ հետո) և 16—17-ը (ճաշելուց 2-3 ժ հետո): Առողջ մարդիկ կարող են լողանալ օրը 3 անգամ (3-4 ժ ընդմիջումներով): Լողանալուց առաջ հարկավոր է 15-20 ր հանգստանալ, մի քիչ տաքանալ արևի տակ, մարմինը թեթևակի մերսել կամ կատարել շարժումներ, որպեսզի մաշկը տաքանա և չորանա: Ջրում անհրաժեշտ է անընդհատ շարժվել կամ լողալ. այն նվազեցնում է սկզբում առաջացած տհաճ սառնության զգացումը: Բաց ջրամբարում լողանալու տևողությունն սկզբում 2-5 ր է, աստիճանաբար այն կարելի է հասցնել 10-15 ր: Չի կարելի լողանալ մինչև դողալը, այսինքն՝ մինչև «սագամաշկի» առաջանալը: Ջրից դուրս գալուց հետո հարկավոր է անմիջապես սրբվել չոր սավանով կամ սրբիչով, չի կարելի «չորանալ» օդի ազդեցությամբ կամ արևային լոգանքներ ընդունել:

Լ. օրգանիզմը կոփող միջոց է, դրա համար երեխաները և տարեցները պետք է զգույշ լինեն: Տարեցներին խորհուրդ է տրվում բաց ջրամբարներում լողանալ տաք եղանակին, երբ ջրի ջերմաստիճանը 20-22°C-ից ցածր չէ: Երեխաներին բաց ջրամբարներում Լ. խորհուրդ է տրվում սկսել 2 տարեկանից՝ անպայման մեծերի հսկողությամբ:

Երեխաներին Լ. սովորեցնում են 4-5 տարեկանից: Այն պետք է կատարել աստիճանաբար: Սկզբում երեխային պետք է ընտելացնել ջրին, որպեսզի նա չվախենա, ազատ շարժվի ոչ խորը տեղերում: Այնուհետև սովորեցնել լողալ սկզբում խաղալիքներով, ապա ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներով (մանրամասն տես Մսուրային տարիք և Նախադպրոցական տարիք հոդվածներում): Վերջին տարիներին լայնորեն գովազդվում է երեխաներին լողալ սովորեցնելը՝ 2-3 ամսականից սկսած: Սակայն դրան պետք է վերաբերվել առավել զգույշ:

Պետք է լուրջ վերաբերվել նաև ձմռանը բաց ջրամբարներում Լ-ուն («մորժ» դառնալ ցանկանալիս): Նման դեպքերում ծանր հետևանքներից խուսափելու համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Որևէ հիվանդությամբ տառապող անձինք Լ-ուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ: Լողանալիս կարող են տեղի ունենալ դժբախտ դեպքեր (տես Ջրահեղձություն): Ջրում հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները՝ հատկապես լողանալ այդ նպատակով առանձնացված տեղերում և սթափ վիճակում:

ԼՈՐԴՈԶ, տես Ողնաշարի ծռումներ հոդվածում:

ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ, ունկնոցներ, էլեկտրաձայնային սարքեր, որոնք նախատեսված են ձայնային ազդանշաններն ընդունելու և ուժեղացնելու համար: Արդի Լ. ա. կազմված են խոսափողից, որը ձայնային տատանումները փոխակերպում է էլեկտրականի, էլեկտր. տատանումների ուժեղացուցիչներից, սնման աղբյուրից (կուտակիչ կամ տարր) և հեռախոսից, որն ուժեղացված էլեկտր. տատանումները փոխակերպում է ձայնայինի: Ձայնն անմիջապես ոսկրային ձայնահաղորդման