անթույլատրելի են: Շատ վտանգավոր է երեխաների հիվանդության ծանրությունը թերագնահատելը, երբ արյունային լուծի առաջացումն ընկալվում է որպես ստամոքսի խանգարման կամ դիզենտերիայի հետևանք: Ա.ա.-յան կանխարգելման համար կարևոր են որովայնի խոռոչում կպումներ առաջացնող հիվանդությունների, օրինակ՝ որդանման ելունի քրոնիկ. բորբոքման (տես Որդանման ելունի բորբոքում) ժամանակին բուժումը և ռացիոնալ սնունդը: Երկարատև քաղցած, հյուծված մարդիկ պետք է սկսեն սնվել փոքր բաժիններով՝ հեղուկ կամ կիսահեղուկ դյուրամարս սննդով:
ԱՂԻՔՆԵՐԻ ՈԼՈՐՈՒՄ, տես Աղիքների անանցանելիություն հոդվածում:
ԱՂՄՈՒԿ, մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայներ, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը: Ձայնը, որպես ֆիզ. երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանող. շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով: Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով (ինտենսիվություն) և չափվում է դեցիբելով (դբ) ու տատանումների հաճախությամբ, որն արտահայտվում է հերցով (1 հց-ը 1 տատանումն է վրկ-ում): Ձայնային ճնշման մակարդակի որոշման համար կիրառում են հատուկ սարքեր՝ աղմկաչափեր: Բնականոն լսողություն ունեցող մարդն ընկալում է 16-20000 հց հաճախությամբ և 0-ից մինչև 120-140 դբ ինտենսիվությամբ ձայնային տատանումներ: Ձայնի մեծ ուժգնությունը (Ա.) առաջացնում է ցավի զգացողություն (թմբկաթաղանթի վրա ուժեղ ճնշման հետևանքով), իսկ ձայնն անտանելի է: Մարդու առողջության վրա բացասական ազդեցություն է ունենում տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության Ա.:
Արդի գիտատեխ. առաջընթացի պայմաններում Ա. դարձել է շրջակա միջավայրի լուրջ բացասական գործոններից մեկը: Քաղաքների աճը, տրանսպորտի, արդ-յան բուռն զարգացումը, արտադրության մեջ և կենցաղում տեխնիկայի (հզոր շարժիչներ, էներգասարքավորումներ, ճնշակներ, ռադիո, հեռուստատեսություն, տարբեր սարքեր ևն) ներդրումն ուղեկցվում են Ա-ի աղբյուրների ավելացմամբ:
Քաղաքում Ա-ի հիմն. աղբյուրը տրանսպորտն է (ավտոմոբիլային, ռելսային, օդային ևն): Ա-ի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ազդում է այլ բացասական գործոնների (թրթռում, փոշի, գազեր) հետ: Որոշ խոշոր քաղաքներում Ա-ի մակարդակը հասել է արդ. Ա-ի ուժգնությանը (80-100 դբ): Մարդկանց առողջության վրա Ա-ի ունեցած վնասակար ազդեցության դեմ պայքարը դարձել է միջազգային խնդիր: Ներկայումս Ա. համարվում է բարձր հիվանդացություն առաջացնող գործոններից մեկը: Գիտնականներն Ա-ի ազդեցության հետ են կապում նյարդային, սիրտանոթային, խոցային հիվանդությունների աճը, որոշ մասնագիտության բանվորների ծանր լսողության առաջացումը:
Ա-ից 1-ին հերթին վնասվում է լսողության օրգանը: Մարդու ականջը բնական պաշտպանություն չունի բարձր Ա-ի դեմ, որն ազդում է լսողության օրգանի բջիջների և նյարդերի վրա: Վատ ձայնամեկուսացման պայմաններում նվազում է մարդու ինչպես ֆիզ., այնպես էլ մտավոր աշխատունակությունը:
Ա. բացասաբար է ազդում կենտր. նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնածություն և հյուծում: Ա-ի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը: Ա-ի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտր. նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը: Ամենօրյա Ա. մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին: Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, Ա-ի բացասական ազդեցությունն ավելի զգալի է:
Բնակելի և հաս. շենքերի, որոշ տարածքների համար գործում են թույլատրելի Ա-ի սան. նորմեր: Կատարվում են նաև տեխնոլոգ. սարքավորումների ու տրանսպորտի միջոցների առաջացրած Ա-ի մակարդակի նվազեցման, աշխատանքի պայմանների առողջացման, բնականոն հանգստի (հատկապես՝ գիշերային ժամերին) ապահովման աշխատանքներ: Ա
Ա-ի խնդիրների լուծման բնագավառում կարևոր նշանակություն ունի հիգիենային և հակահամաճարակաբան. ծառայությունը, որն իրականացնում է կանխարգելիչ և ընթացիկ հսկողություն բնակելի, հաս., արդ. շենքերի նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ: Առաջացման պատճառներից կախված՝ Ա-ի մակարդակը կարելի է նվազեցնել տարբեր եղանակներով և միջոցներով: Աղմուկակլանիչ հատուկ տեխ. միջոցների կիրառմամբ հաջողվում է զգալիորեն իջեցնել արտադր. Ա.: Օրինակ՝ շենքերի հիմքերի կառուցումը մեղմիչ, ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութերի օգտագործմամբ, ձայնակլանիչ ցանկապատերի և ծածկերի կիրառումը, շինանյութերի ռացիոնալ ընտրությունը, մեքենաների մեկուսացումը (դրանց հերմետիկացումը) ևն: Կարևոր է նաև անհատական պաշտպանության միջոցների կիրառումը: Փողոցային Ա-ի վերացման գործում կարևոր նշանակություն ունի առավել բնակեցված շրջաններից տրանսպորտի աղմկոտ տեսակների (տրամվայ, բեռնատար ավտոմեքենաներ ևն) հեռացումը, տրամվայը տրոլեյբուսով և ավտոբուսով փոխարինումը, ձայնային ազդանշանի արգելումը, ճանապարհային երեսպատվածքների ճիշտ օգտագործումը, փողոցների ռացիոնալ հատակագծումը, արդ. ձեռնարկությունների, օդանավակայանների, երկաթգծերի տեղաբաշխումը քաղաքից դուրս, շենքերի ձայնամեկուսացումը ևն:
Կենցաղային Ա-ի նվազեցման և բնակարաններում լռության ապահովման համար (հատկապես հանգստի ժամերին՝ ժ 23-ից մինչև 7-ը) պետք է հոգ տանի յուրաքանչյուր մարդ: Տես նաև Մասնագիտական հիվանդություններ, Մասնագիտական վնասակարություններ:
1980-ից ՀՀ ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ-ին կից գործել է (1990-ից առանձնացել է) ձայնագիտության հանրապետ. գիտ. կենտրոնը (ՁՀԳԿ), որտեղ ուսումնասիրվում է Ա-ի և թրթռման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, մշակվում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Կենտրոնում գործում են 4 լաբորատորիա և նախագծակոնստրուկտոր. խումբ: ՁՀԳԿ մասնակցել է մի շարք սան. չափանիշների մշակմանը, հակաաղմուկային միջոցառումների ներդրմանը արդ-յան մեջ, մշակել է հանրապետության քաղաքների Ա-ի քարտեզներ ևն: