ծանոթ բառերը, որոնք բարձրաձայն արտասանվում են ականջի մոտ:
Խ. լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին Խ-յան պատճառներ կարող են դառնալ ծննդաբերության ժամանակ պտղի լսողության օրգանի ախտահարումը (արյունազեղման, սուր թթվածնային քաղցի հետևանքով), ներքին ականջի կամ լսող. նյարդի թերզարգացումը: Վերջինս լինում է ժառանգ. կամ առաջանում է հղիության շրջանում կնոջ կրած վարակիչ հիվանդություններից (կարմրուկ, գրիպ, խոզուկ ևն), ինչպես նաև հատկապես 1-ին ամիսներին ալկոհոլի, դեղանյութերի օգտագործումից: Ձեռքբերովի Խ. կարող է առաջանալ միջին ականջի, ներքին ականջի, լսող. նյարդի կամ գլխուղեղի լսող. շրջանի բորբոքային հիվանդությունների, որոշ վարակիչ հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, կարմրուկ, քութեշ ևն), ինչպես նաև մասնագիտ. վնասակարությունների՝ աղմուկի, թրթռման, մետաղների (օրինակ՝ կապարի, սնդիկի) գոլորշու ազդեցության հետևանքով: Միջին ականջի բորբոքային հիվանդությունները հազվադեպ են Խ-յան պատճառ դառնում, սակայն երբ բորբոքային գործընթացը տարածվում է ներքին ականջ և չի բուժվում, առաջանում է Խ.: Դա նկատվում է նաև օտոսկլերոզի դեպքում: Խ. հաճախ առաջանում է ախտահարումը լսող. ոսկրիկներից ներքին ականջ տարածվելիս: Մինչև 3 տարեկան երեխաների բնածին կամ ձեռքբերովի Խ. կարող է հանգեցնել խուլհամրության:
Խ. կարող է առաջանալ հանկարծակի (սուր Խ.) կամ աստիճանաբար: Սուր Խ-յան պատճառ են դառնում գլխուղեղի արյունազեղումները կամ ներքին ականջը սնող արյունատար անոթների խցանումը, ինչպես նաև շատ ուժեղ ձայնի կարճատև ազդեցությունը, զարկերակային ճնշման խիստ տատանումները, գլխի վնասվածքները (օրինակ՝ գանգի հիմի կոտրվածքը), թույներով սուր թունավորումները: Սուր Խ. կարող է առաջանալ ջրասույզների մոտ՝ լսող. զարկերակն ազոտի պղպջակներով խցանվելիս (ջրի մակերես բարձրանալիս անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում (տես Ապաճնշումային հիվանդություններ), որոշ վարակիչ հիվանդությունների, հատկապես ուղեղապատյանաբորբի, գլխուղեղի բորբոքման, բծավոր տիֆի, խոզուկի դեպքերում, ինչպես նաև հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործումից:
Օտոսկլերոզի, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզի (ծերունական Խ.) դեպքում մասնագիտ. վնասակարություններից առաջացող Խ. դանդաղ է խորանում: Դրա 1-ին արտահայտությունն աղմուկն է ականջներում: Քանի որ լսողությունն աստիճանաբար է նվազում, ուստի հիվանդն այն նկատում է նշանակալի աստիճանի հասնելուց հետո: Կապված դրա հետ՝ անհրաժեշտ է ժամանակին բուժել Խ-յանը նպաստող հիվանդությունը: Անուշադրության դեպքում հիվանդությունը կարող է տարածվել ներքին ականջ և առաջացնել լսող. նյարդի զգացող բջիջների մահ: Նման դեպքում Խ. չի վերականգնվում:
Կանխարգելման համար կարևոր են մանկամսուրներում և մանկապարտեզներում անցկացվող քիթկոկորդականջաբանների պարբերական հետազոտությունները:
Ժամանակակից բժշկությունը մեծ հաջողությունների է հասել ծանրալուրության և Խ-յան բուժման բնագավառում: Վիրահատությունների միջոցով հնարավոր է դառնում վերականգնել հիվանդի լսողությունը, եթե ներքին ականջում գտնվող ձայնային տատանումներն ընկալող նյարդային բջիջները բավարար քանակությամբ պահպանված են: Ծանրալուրությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել լսողական ապարատներ, որոնց միջոցով նրանք կարող են շփվել շրջապատի մարդկանց հետ:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, կանխում է աղիքային վարակի հնարավոր փոխանցումը ջրի միջոցով և ոչնչացնում դրանում գտնվող հիվանդությունների հարուցիչները:
Խ.ջ.վ. կատարվում է քիմ. նյութերով՝ քլորով, օզոնով, յոդով, արծաթի իոններով, կամ ֆիզ. եղանակներով՝ եռացնելով, անդրամանուշակագույն և գամմա- ճառագայթներով, գերձայնով: Ամենուրեք տարածված է Խ.ջ.վ. քլորով, որն իրականացվում է ակտիվ քլոր պարունակող միացություններով: Ջրմուղ կայաններում քլորը ջրի մեջ է լցվում հատուկ սարքերի միջոցով:
Քլորացումը ջրաղբյուրների կանխարգելիչ վարակազերծման գրեթե միակ եղանակն է: Այդ նպատակով ջրամբարն ամբողջությամբ դատարկում են, հատակը մաքրում այնտեղ ընկած օտար իրերից ու կուտակված տիղմից, իսկ փայտե պատերը՝ կեղտից ու բուսածածկից, վերանորոգում են և ջրցողիչով ջրում 5%-անոց քլորակրի լուծույթով: Երբ ջրաղբյուրը ջրով լցվում է մինչև սովոր. մակարդակը, կատարվում է Խ.ջ.վ.: Պահանջվող քլորակրի քանակը որոշվում է 100-150 մգ ակտիվ քլորը՝ 1մ3 ջրին հաշվով, հետևյալ բանաձևով.
P=E×C×100/H
որտեղ P-ն քլորակրի պահանջվող քանակն է, E-ն՝ ջրաղբյուրի ջրի ծավալը (մ2-ով), C-ն՝ ջրաղբյուրի ջրի ակտիվ քլորի նախն. կոնցենտրացիան (մգ/լ կամ գ/մ2-ով), H-ը՝ քլորակրի ակտիվ քլորի պարունակությունը՝ %-ով, 100-ը՝ հաստատուն թվային գործակիցը: Օրինակ՝ քլորակիրի պարունակում է 25 % ակտիվ քլոր՝ 3մ3 ջրի համար ելնելով 1 մ3 ջրին՝ 150 գ ակտիվ քլորի հաշվարկից՝ անհրաժեշտ է վերցնել հետևյալ քանակությամբ քլորակիր.
P = 3×150×100/25=1800 գ:
Քլորակիրը դույլի մեջ ավելացնում են քիչ քանակությամբ ջրին (1:2-3), աստիճանաբար ջուր լցնելով՝ խառնում են մինչև ստացվում է համասեռ խառնուրդ: Վերջինս լցնում են ջրամբարը, 15 ր խառնում, ապա փակում 6 ժ՝ արգելելով ջուր վերցնելը: Հոտով որոշում են քլորի առկայությունը ջրում, եթե հոտ չկա, ապա ավելացնում են նախն. քանակի 1/3-1/4 չափով քլորակիր և թողնում 3-4 ժ, որից հետո ջուրը պիտանի է խմելու և տնտ. կարիքների համար:
Մյուս եղանակներից առավել նպատակահարմար է Խ. ջ. վ. օզոնով, որի ժամանակ ջրի համալիր մշակում է տեղի ունենում. միաժամանակ և՛ վարակազերծվում է, և՛ գունազրկվում, և՛ հոտազերծվում:
Անհատ. վարակազերծման համար կիրառում են քիմ. պատրաստուկներ, որոնք ունեն բարձր բակտերիասպան հատկություն, վտանգավոր չեն մարդու համար և ջուրը վարակազերծում են 15-30 ր-ում: Լայնորեն կիրառվում է պանտոցիդը, որը պարունակում է մինչև 50 % ակտիվ քլոր, թողարկվում է հաբերով: 0,5-0,75 լ ջրի վարակազերծման համար օգտագործում են 1 հաբ, տևողությունը՝ 20-30ր: Ջրի խիստ աղտոտվածության դեպքում կիրառում են 2 հաբ: Ջրի համը չի փոխվում:
Անհատ. վարակազերծման ֆիզ. եղանակներից ամենատարածվածը, պարզը և հուսալին եռացնելն է, որի դեպքում, բացի բակտերիաների և միկրոօրգանիզմների ոչնչացումից, պակասում է նաև ջրի կոշտությունը, իսկ համը քիչ է փոխվում:
ԽՄԵԼՈՒ ՌԵԺԻՄ, ջրի օգտագործման ռացիոնալ կարգ, որով հաստատվում են խմելիք հեղուկների ծավալը, պարբերականությունը, քիմ. բաղադրությունը և ֆիզ. հատկությունները: Ճիշտ հաստատված Խ.ռ. ապահովում է բնականոն ջրաաղային հաշվեկշիռը և նպաստավոր