պայմաններ ստեղծում օրգանիզմի կենսագործունեության համար: Ոչ չափավոր, ավելցուկային ջուրը վատացնում է մարսողությունը, ստեղծում է սիրտանոթային համակարգի և երիկամների լրացուցիչ bեռնվածություն, մեծացնում է երիկամները և քրտնագեղձերի միջոցով օրգանիզմի համար որոշ արժեքավոր նյութերի (օրինակ՝ կերակրի աղի) հեռացումը: Ջրով նույնիսկ ժամանակավոր գերբեռնվածությունը խանգարում է մկանների աշխատանքի պայմանները, հանգեցնում է արագ հոգնելիության, երբեմն՝ ցնցումների: Օրգանիզմի կենսագործունեության վրա բացասաբար է ազդում նաև ջրի անբավարարությունը. դրանից նվազում է մարմնի քաշը, բարձրանում են արյան մածուցիկությունը և մարմնի ջերմաստիճանը, շնչառությունը և անոթազարկը դառնում են հաճախակի, անընդհատ ծարավի զգացում են ունենում, ընկնում է աշխատունակությունը:
Օրվա ընթացքում ջրաաղային հաշվեկշիռը պահպանելու համար անհրաժեշտ ջրի նվազագույն քանակը կախված է կլիմայական պայմաններից և կատարվող աշխատանքի բնույթից: Չափահաս մարդն օրական պետք է ստանա 2,5-3,0 լ (խմելով և սննդի հետ) ջուր: Օրական գրեթե նույնքան ջուր է արտաթորվում օրգանիզմից:
Հատկապես կարևոր է ճիշտ Խ.ռ. պահպանել օրգանիզմի կողմից մեծ քանակությամբ ջուր կորցնելիս, որը հաճախ լինում է շոգ կլիմայական պայմաններում, տաք արտադրամասերում աշխատելիս, երկարատև և ծանր ֆիզ. բեռնվածության (օրինակ՝ մարզումների, մրցումների, լեռնագագաթները բարձրանալու ևն) ժամանակ: Շոգ պայմաններում ծարավը հագեցնելու համար թեյ են խմում, որը մեծացնում է թքարտադրությունը և վերացնում բերանի խոռոչի չորությունը, ջրին ավելացնում են մրգի և բանջարեղենի հյութեր: Տաք արտադրամասերում խմում են գազավորված ջուր կամ չոր մրգերի եփուկ: Մարզիկների Խ.ռ. նախատեսում է ծարավը հագեցնել մարզումներն ավարտելուց հետո, իսկ մարզվելիս ծարավը հագեցնում են բերանի խոռոչը և կոկորդը ողողելով: Լեռնագնացներին խորհուրդ է տրվում ծարավը հագեցնել միայն մեծ երթադադարի ժամանակ: Երթերի, արշավների ընթացքում շատ ջուր չխմելու համար խորհուրդ է տրվում ծարավը լրիվ հագեցնել ճանապարհվելուց առաջ: Մարմնի քաշի նշանակալի կորուստների դեպքում, որոնք կապված են խիստ ծանր ֆիզ. բեռնվածության հետ (մարզումներից, սպորտային մրցումներից, շոգեբաղնիքից հետո ևն) խորհուրդ է տրվում ջուրը խմել բաժիններով (կում-կում):
ԽՄԻՉՔՆԵՐ, ոչ ալկոհոլային, ալկոհոլ չպարունակող ըմպելիքներն օգտագործվում են զովացուցիչ, աղանդերային կամ բուժիչ նպատակով: Լինում են՝ գազավորած ջրեր, բանջարեղենային, մրգային, հատապտղային, մրգահատապտղային հյութեր և հանքային ջրեր (բնական ու արհեստ.):
Գազավորած զովացուցիչ Խ. պատրաստում են մրգահատապտղային օշարակներից՝ ավելացնելով խմելու ջուր, շաքար, տարբեր մզվածքներ, հյութեր, սննդային օրգ. թթուներ, էսենցիաներ և սննդային ներկանյութեր: Գազավորումը կատարվում է հատուկ գազավորիչ սարքերում (սատուրատորներում), որտեղ խմիչքները հագեցվում են ածխաթթու գազով: Դրանց մեջ չի թույլատրվում ծանր մետաղների աղերի և պահածոյող նյութերի առկայություն: Սախարինը և քսիլիտն օգտագործվում են շաքարախտով հիվանդների համար Խ-ի պատրաստման դեպքում:
Խ. պետք է բավական կայուն լինեն. 20° C ջերմաստիճանի պայմաններում փակ տարողությունում (առանց լույսի մուտքի հնարավորության) կարող են պահվել մինչև 7, իսկ շաքարախտով հիվանդներինը՝ 15 օր:
Խ-ի պղտորվելը, նստվածքի կամ կախույթի առաջանալը վկայում են դրանց փչանալու մասին: Նման Խ. օգտագործման համար պիտանի չեն:
Հյութերը պատկանում են դիետիկ մթերքների շարքին, որոնք օգտագործվում են մանկ. և բուժ. սննդի մեջ: Դրանք ունեն բարձր համային հատկանիշներ, պարունակում են օրգ. թթուներ, հանքային նյութեր ու վիտամիններ:
Լայն տարածում են ստացել ֆանտան, պեպսի կոլան, կոկա կոլան, սփրայթը, լիմոնադը և ուրիշ շատ Խ., որոնք ունեն յուրահատուկ համ, ծարավը հագեցնող և օրգանիզմի տոնուսը բարձրացնող հատկություններ (բաղադրության մեջ կան կոլա, ընկույզ, թեյ ևն):
Թարմացնող Խ. է կվասը, որն ստացվում է հացի քաղցուի խմորումից: Կվասում թույլատրվում է հացի և խմորասնկերի փոքր նստվածք: Կվասն արագ փչանում է պատրաստման, պահպանման և վաճառման հիգիենային կանոնները չպահպանելու դեպքում:
ԽՈԶՈՒԿ, հարականջագեղձաբորբ համաճարակային, պարօտիտ էպիդեմիկ, վարակիչ հիվանդություն, բնորոշվում է հարականջային, հազվադեպ՝ ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարումով: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ՝ մինչև 1 տարեկանները և մեծահասակները: Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Խ-ի հարուցիչը վիրուսն է, որը պարունակվում է հիվանդի լորձի, խորխի, թքի մանր կաթիլներում և հազալիս, փռշտալիս կամ խոսելիս ընկնում է օդի մեջ, ապա թափանցում առողջ մարդու շնչառ. ուղիները (վարակի փոխանցման օդակաթիլային ուղի): Ավելի հազվադեպ վարակվում են հիվանդի օգտագործած տարբեր առարկաների (ամանեղեն, խաղալիքներ ևն) միջոցով: Քթի, բերանի խոռոչի, ըմպանի լորձաթաղանթների միջոցով վիրուսը թափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմով, ապա անցնում թքագեղձերի, սեռ. գեղձերի և ենթաստամոքսային գեղձի մեջ, որտեղ բազմանում է, կուտակվում և մեծ քանակությամբ կրկին հայտնվում արյան մեջ: 11-23 (միջինը 18-20) օր վիրուսը կարող է գտնվել երեխայի օրգանիզմում, բայց չառաջացնել արտահայտված դրսևորումներ (գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի բարձրացումով, նկատվում են ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, դող, գլխացավ, երբեմն՝քթային արյունահոսություն, ծանր դեպքերում՝ փսխում, ջղաձգություններ: 1-2 օր անց ականջի շրջանում ծամելիս առաջանում են ցավեր, նկատվում է հարականջային թքագեղձի (տես Մարսողական համակարգ) բորբոքային մեծացում, առավել հաճախ՝ 1 կողմում, 1-2 օր անց ախտահարվում է նաև մյուս թքագեղձը: Հիվանդի դեմքը ստանում է բնորոշ տեսք, որտեղից էլ՝ Խ. անվանումը: Նրանք դժվարությամբ են բերանը բացում, իսկ ծամելը կամ կուլ տալը բավականին ցավոտ են:
Կարող են ախտահարվել նաև ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերը, որոնք 3-5 օր լինում են մեծացած, ապա փոքրանում են, իսկ հիվանդության 6-9-րդ օրը դառնում են բնականոն չափի: 6-8-րդ օրը նկատվում է ամորձիների (հաճախ պատանիների ու երիտասարդ տղամարդկանց, տես Ամորձաբորբ) և երիտասարդ կանանց, աղջիկների (սեռ. հասունացման շրջանում) ձվարանների ու կաթնագեղձերի բորբոքում: Ամենավտանգավոր բարդություններից են ուղեղապատյանաբորբը և գլխուղեղի բորբոքումը: Կարող են առաջանալ նաև երիկամների,