աղքատ, դժգույն, բայց այնուամենայնիվ չի դադարում Խ. լինելուց:
Հաղորդակցությունը հնարավոր է ոչ միայն հնչյունային Խ-ի օգնությամբ, այլև գրավոր Խ-ի միջոցով: Գրավոր հաղորդակցությանը կարելի է հասնել նաև մատներով հատուկ իմաստային շարժմունքի (մատնախոսություն) օգնությամբ (խուլհամրերի Խ.): Խ-ային ազդանշաններն ընկալել և ճանաչել հնարավոր է ոչ միայն լսողությամբ կամ տեքստը կարդալով, այլև մատներով իմաստային շարժմունքը և շրթունքների շարժումները «կարդալով» (խուլհամրերի Խ.), ինչպես նաև (կուրության դեպքում) «մատներով ընթերցելով» (ստվարաթղթի վրա փորագրված հատուկ նշանները մատներով շոշափելով): Այս բոլոր դեպքերում Խ. ծառայում է հաղորդակցության նպատակներին և կոչվում է արտաքին Խ.: Տարբերում են նաև ներքին Խ., որը չի արտասանվում (խոսակցին չի հաղորդվում), այլ մտային (մտածական) է: Ներքին Խ. մեծ նշանակություն ունի գիտակցության, մտածողության և ստեղծագործ. գործընթացներում:
Խ-ային հնչյունների արտասանումն իրականացվում է լեզվի, փափուկ քիմքի, ըմպանի, կոկորդի, մկանների, շնչառ. մկանունքի (այսպես կոչված՝ Խ-ի շարժող. ապարատ) համաձայնեցված գործունեության շնորհիվ, որով ապահովվում է Խ-ի հնչյունային ձևավորումը: Այս մկաններից յուրաքանչյուրն առանձին կատարում է իր ինքնուրույն ֆունկցիան (շնչառ. շարժումները, սննդի ծամելը, կուլ տալը ևն). այդ «արտախոսքային» ֆունկցիաներն իրականանում են գլխուղեղի կիսագնդերի կեղևում տեղադրված համապատասխան շարժիչ կենտրոնների հսկողությամբ, ինչպես նաև գանգագլխուղեղային նյարդերի օգնությամբ: Խ-ային շարժումների կատարումը կարգավորվում է մասնագիտացված Խ-ային կենտրոններով, որոնք տեղադրված են գլխուղեղի դոմինանտ կիսագնդի (աջլիկների մոտ՝ ձախում) կեղևում: Կեղևի տարբեր Խ-ային կենտրոնները ոչ միայն պլանավորում և իրականացնում են արտաքին Խ., այլև ապահովում են Խ-ային «կերպարների», հնչյունային և գրավոր նշանների պահպանումը (հիշողություն), որի շնորհիվ մարդիկ փորձ են կուտակում և կարող են ճանաչել ու հասկանալ իրենց ուղղված բանավոր և գրավոր Խ., ինչպես նաև վերլուծել սեփական Խ., որը չափազանց կարևոր է Խ-ի հստակությունը և արտահայտչությունը չկորցնելու համար:
Խ-ի արտաբերման 1-ին փորձերը երեխան կատարում է 2-3 ամսականում: Դրանք ծնվում են ոչ թե «գվվոցների» հնչյուններից, որոնք արտահայտում են միայն երեխայի վիճակը, այլ լեզվական այն հնչյուններից, որոնք երեխան յուրացնում է շրջապատող մարդկանցից լսած Խ-ից: Խ-ի տիրապետման 1-ին փուլում կարևոր նշանակություն ունի մոր հետ երեխայի հաղորդակցությունը, որի ընթացքում մայրը երեխայի ուշադրությունը և կամային գործողություններն ուղղում է որոշակի առարկայի վրա («ձեռքդ բարձրացրու», «խորանարդիկը վերցրու»), երեխան այդ շրջանում սովորում է կատարել մոր Խ-ային հրահանգները: Զարգացման հաջորդ փուլում երեխան ինքն է սկսում իրեն Խ-ային (սկզբում արտաքին, այնուհետև՝ ներքին) հրամաններ տալ, այսինքն՝ նա աստիճանաբար տիրապետում է ինքնուրույն Խ-ին: Երեխաները բառերը հասկանալ և դրանց ճիշտ հակազդել սկսում են կյանքի 8-րդ ամսից, իսկ առանձին բառեր արտաբերել՝ 11-12 ամսից: 2 կամ ավելի բառերից կազմված նախադասությունները երեխան արտասանում է 15-18-րդ ամսում, 18-20-րդ ամսում նկատվում է բառապաշարի կտրուկ ավելացում (12-15-ից մինչև 60-200 բառ):
Երեխայի Խ-ի բնականոն զարգացման պայման է շրջապատող մարդկանց Խ-ի բնականոն լսող. ընկալումը, լսողության նույնիսկ չնչին խանգարումների դեպքում Խ-ի տիրապետումը դժվարանում է: Կարևոր է նշել, որ Խ-ի ուսուցումը և զարգացումը կարող են տեղի ունենալ միայն խոսող մարդկանց միջավայրում: Կենդանիների շրջապատում մեծացած, մարդկանց հետ չշփվող, այսպես կոչված, «մաուգլի-երեխաների» մոտ Խ-ի բացակայությունը կարող է հաստատել այդ դրույթը: Բնորոշ է, որ «մաուգլի-երեխաները», որոնք մարդկանց միջավայր են մտնում 5-ից բարձր տարիքում, որպես կանոն, չեն կարողանում ձեռք բերել Խ-ային հմտություններ և համր են մնում: Դա վկայում է, որ երեխայի Խ-ային ֆունկցիայի ձևավորման որոշիչ շրջանը համարվում է կյանքի 1-ին 3 տարին:
Խոսքի խանգարումները վաղ մանկ. շրջանում հաճախ կապված են Խ-ի ոչ ճիշտ ձևավորմամբ, իսկ հասուն մարդկանց մոտ նկատվում են արդեն ձևավորված Խ-ի խանգարումները: Խ-ի զարգացման խանգարումները դրսևորվում են ֆրազային Խ-ի ծագման ուշացմամբ (մինչև 3-3,5 տարեկանը), առանձին դեպքերում ուշացած Խ. ձևավորվում է ճիշտ, և հետագայում ոչ մի խանգարում չի նկատվում: Եթե Խ. չի ձևավորվում նաև 3-3,5 տարեկանից հետո, առաջանում է Խ-ի թերզարգացում կամ համրություն: Վերջինիս պատճառներից են գլխուղեղի Խ-ային շրջանների թերզարգացումը, ներարգանդային շրջանում կամ կյանքի 1-ին ամիսներին դրանց ախտահարումը, լսողության բնածին նվազումը (ծանրալուրություն, խլություն), Խ-ի շարժող. ապարատի զարգացման խանգարումները (օրինակ՝ լեզվի բնածին բացակայությունը ևն): Խ-ի ավելի թեթև խանգարումները սովորաբար կապված են արտասանության ոչ ճիշտ ձևավորման հետ, որը կարող է պայմանավորված լինել բերանի խոռոչի բնածին փոփոխություններով (լեզվի սանձիկի կարճություն, փափուկ քիմքի ճեղքվածք, նապաստակի շրթունք ևն), լսողության մասնակի նվազմամբ, նյարդային խանգարումներով, Խ-ային ոչ ճիշտ դաստիարակությամբ: Խ-ի այդ խմբի խանգարումներից են թլվատությունը, որի դեպքում Խ. ձևավորվում է առանձին հնչյունների բացթողումներով և սխալ արտաբերմամբ, արագախոսությունը (տախիլալիա)՝ չափից ավելի արագ Խ., որը կորցնում է պարզորոշությունը, կակազությունը՝ Խ-ի սահունության խանգարումն ակամա կարճատև դադարներով կամ առանձին հնչյունների կրկնություններով: Հաճախ երեխայի Խ-ի ոչ ճիշտ ձևավորման պատճառ են դառնում ծանր հիվանդությունները կամ ընտանիքում ստեղծված անբարենպաստ իրավիճակը (ալկոհոլամոլություն, ընտանեկան ընդհարումներ ևն):
Հասուն մարդկանց Խ-ի խանգարումները սովորաբար կապված են գլխուղեղի ախտահարումների (կաթված), գանգագլխուղեղային վնասվածքների, վարակ. հիվանդությունների (ուղեղապատյանաբորբ, գլխուղեղի բորբոքում) հետ: Կեղևի Խ-ային կենտրոնների ախտահարումը հանգեցնում է Խ-ի խանգարման, որն անվանում են աֆազիա:
Խ-ի շարժող. կենտրոնի ախտահարման ժամանակ առաջանում են շարժող. աֆազիաներ, երբ հիվանդը չի կարողանում խոսել, բայց լավ հասկանում է իրեն ուղղված Խ., իմացական (վերլուծական) Խ-ային կենտրոնի ախտահարման ժամանակ՝ Խ-ի զգայական աֆազիա, որի դեպքում հիվանդի մոտ խոսելու ունակությունը պահպանվում է, Խ. հասկանալունը՝ կորչում: Տարբերում են նաև գրելու (ագրաֆիա) և կարդալու (ալեքսիա) ունակության կորուստ: Բնորոշ է, որ աֆազիան, ագրաֆիան և ալեքսիան չեն ուղեկցվում ծամելու, կուլ տալու ունակության կորստով, լեզվի, շրթունքների կամային շարժումները պահպանվում են, խանգարվում է միայն դրանց համաձայնեցված մասնակցությունը