Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լսողության և տեսողության օրգանների ախտահարումներ:

Բուժումն իրականացնում է բժիշկը՝ սովորաբար տնային պայմաններում: Հիվանդ երեխային անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ, բերանի խոռոչի խնամք՝ ողողում սոդայի լուծույթով (1 թեյի գդալը՝ 1 բաժակ ջրում): Բարդությունների դեպքում անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել:

Կանխարգելումը. հիվանդի վաղ մեկուսացում (մինչև հիվանդության 9-10-րդ օրը): 10-րդ օրից հիվանդները վարակիչ չեն: Հիվանդի հետ շփված երեխաներին 11-12 օր արգելվում է մանկ. հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ, դպրոց) հաճախելը: Ուղեղապատյանաբորբի դեպքում 2-3 ամիս պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ՝ 15-18 ամսականում (կարմրուկի դեմ պատվաստման հետ):

ԽՈԼԵՐԱ, սուր վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է ընդհանուր ծանր վիճակով և օրգանիզմի ջրազրկմամբ: Հատուկ վտանգավոր հիվանդություններից է:

Հարուցիչներն են ասիական Խ-ի և Էլ Տոր վիբրիոնները, որոնց կենսունակությունը երկար ժամանակ պահպանվում է շրջապատող միջավայրում: Հատկապես դիմացկուն և առավել տարածված է Էլ Տոր վիբրիոնը: Այսպես՝ կաթի մեջ, կաթնամթերքում դրանք կենսունակ են 7-15 օր, եռացրած ջրում՝ մինչև 39 ժ, կեղտոտ, հոսող ջրերով բաց ջրամբարներում՝ մինչև մի քանի ամիս:

Մարդը վարակվում է Խ-ով հիվանդից, ինչպես նաև հարուցչակիրներից, որոնք վիբրիոններ են արտազատում կղանքի, իսկ հիվանդները՝ նաև փսխման զանգվածի հետ: Վարակվում են վիբրիոններ պարունակող, արտաթորանքով աղտոտված ջուրը կամ սննդանյութերը (այդ թվում՝ բանջարեղենը, որն աճեցվում է չվարակազերծված հոսող ջրերով ջրվող դաշտում, բանջարանոցում) օգտագործելիս, ամանեղենը վարակված ջրով լվանալիս: Մարդը կարող է վարակվել նաև Խ-ով հիվանդին խնամելիս կամ նրա առօրյա գործածության առարկաների հետ շփվելիս: Վարակի հարուցչի տարածմանը նպաստում են ճանճերը: Վարակումը հնարավոր է նաև աղտոտված ջրամբարում լողանալիս վարակված ջուրը կուլ տալուց: Ի տարբերություն ասիական վիբրիոնի՝ Էլ Տոր վիբրիոնը կարող է ապրել գորտի, ոստրեի և այլ կենդանիների օրգանիզմներում: Նման դեպքում մարդը կարող է վարակվել նաև հիվանդի բացակայության դեպքում:

Մի քանի ժ-ից մինչև 5 (հաճախ 2-3) օր հարուցիչները մարդու օրգանիզմում մնում են առանց հիվանդության որևէ ախտանշանի դրսևորման (տես Գաղտնի շրջան): Սուր դեպքերում հիվանդությունն սկսվում է հանկարծակի լուծով: Կղանքը լինում է հեղուկի տեսքով և բրնձի եփուկի գույնի: Ավելի ուշ սկսվում են առատ, հաճախակի փսխումները: Փսխումից և լուծից օրգանիզմը կարճ ժամանակամիջոցում ջրազրկվում է: Մի քանի ժ-ում հիվանդը փսխման զանգվածի հետ կարող է կորցնել մինչև 7 լ, կղանքի հետ՝ 30 լ հեղուկ, կորցրած հեղուկի հետ՝ մեծ քանակությամբ էլեկտրոլիտներ, հատկապես նատրիումի և կալիումի քլորիդներ, խիստ խախտվում է օրգանիզմի ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը: Ջրազրկման պատճառով մաշկը կնճռոտվում է, ծալքավորվում: Հնարավոր են ցնցումներ: Ձայնը խռպոտում է, երբեմն՝ լրիվ կորչում: Հիվանդն անընդհատ ծարավում է, կարող է լինել հևոց: Հնարավոր է նաև թեթև անախտանշան ընթացք՝ հարուցչակրություն առանց ախտանշանների:

Խ-ով հիվանդին պետք է շտապ հոսպիտալացնել: Բուժման ժամանակակից մեթոդներով ապահովվում է հիվանդության բարեհաջող ելք, իսկ անցյալում հիվանդների 25-50 %-ը մահանում էր:

Հիվանդի և հարուցչակիրների հետ անմիջականորեն շփված մարդկանց (բացի բուժանձնակազմից) 5 օր մեկուսացնում են և կատարում Խ-ի վաղ հայտնաբերման կամ նրա հարուցչակրության բացահայտման հետազոտություններ:

Կանխարգելման համար անհրաժեշտ է ջրամբարների ջուրը և սննդամթերքն օգտագործելիս խստորեն պահպանել սանհիգիենային կանոնները:

Խ-ի բռնկման դեպքում ստամոքսաղիքային խանգարումով բոլոր անձինք շտապ հոսպիտալացվում են, կատարվում են բակտերիաբան. հետազոտություններ: Ուժեղացվում է հսկողությունը ջրամբարների վրա, մարդաշատ վայրերում (շուկա, հաս. վայրեր): Խ-ով հիվանդ հայտնաբերելիս տվյալ վայրում (տանը, գյուղում, քաղաքում) անմիջապես, արտակարգ հանձնաժողովի որոշմամբ, սահմանվում է կարանտին: Ստամոքսաղիքային խանգարումով հիվանդին շտապ մեկուսացնում են: Հիվանդին խնամողը պետք է խստորեն պահպանի հիգիենայի կանոնները. հիվանդի, նրա գործածության առարկաների հետ շփվելուց հետո անմիջապես լվացվի օճառով, հիվանդի գտնվելու վայրում ջուր չխմի, չծխի և չուտի: Արտաթորանքը հավաքվում է դույլի մեջ և վարակազերծվում 20 %-անոց քլորակրի լուծույթով:

ԽՈՍՔ, մարդկային գործունեության առանձնահատուկ ձև, որը ծագել է հաս. աշխատանքի գործընթացում՝ որպես հաղորդակցության, կամային (գիտակցական) վարքի պլանավորման ու կարգավորման միջոց: Մարդն ընկալում է շրջապատով աշխարհի առարկաներն ու երևույթներն ինչպես անմիջականորեն՝ զգացողության օրգանների, այնպես էլ վերացականորեն՝ պայմանական նշանների (բառ, կոդ) օգնությամբ, որոնք նշանակում և արտահայտում են այդ առարկաների ու երևույթների հատկությունները, գործողությունները և փոխադարձ կապը: Բառային ազդանշանման, այսինքն Խ-ի շնորհիվ մարդը կարող է իրականությունն ընկալել վերացականորեն, մտովի (պատկերացմամբ): Մարդկանց հաղորդակցության գործընթացում ինֆորմացիայի արագ փոխանակման հետ մեկտեղ Խ. և Խ-ային կոդավորումը կարևոր նշանակություն ունեն անհատ. ուսուցման, գիտության հատուկ ճյուղերում ինֆորմացիայի կուտակման, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում կուտակված գիտելիքների և մարդկության փորձի պահպանման (գրադարան, ձայնադարան) գործընթացում:

Արագ ինֆորմացիայի փոխանակման տարբեր միջոցներ կան նաև կենդանիների մոտ, որոնք արտահայտվում են ձայների օգնությամբ (օրինակ՝ վտանգի տագնապալի ազդանշանները թռչունների մոտ, զուգընկերոջ կանչը), կեցվածք ընդունելով (սպառնացող, ենթարկվող ևն), շարժումներով կամ տարածության մեջ տեղափոխությամբ (մեղուների, ձկների ազդանշանները): Այդ ազդանշանները լավ հայտնի են և օգտագործվում են մարդկանց կողմից (օրինակ՝ թռչունների սպառնալից ձայնային ազդանշանների մագնիտոֆոնային ձայնագրումների վերարտադրումն օգտագործվում է օդանավակայաններում՝ ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքների անվտանգությունն ապահովելու համար): Էվոլյուցիայի ընթացքում մարդը լիովին չի հրաժարվել ինֆորմացիայի փոխանակման կենդանիներին հատուկ միջոցներից, փոփոխված ձևով դրանք պահպանվել են մարդու մոտ, բայց միայն Խ-ի արտասան. երանգավորման բնույթ են կրում (Խ-ի հնչյունային երանգավորում, կեցվածք և դեմքի արտահայտություն, շարժումներ, իմաստային շարժմունք՝ ժեստավորում): Առանց այդ հնչյունային «սարքավորման», մարդու Խ. դառնում է անարտահայտիչ,