Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապված չէ բնակավայրի հետ, այլ պայմանավորված է օրգանիզմի նյարդահումորալ խանգարումներով և յոդի ներծին անբավարարությամբ: Վահանագեղձի զգալի մեծացում չի նկատվում: Թունավոր Խ-ի (տես Խպիպ տարածուն, թունավոր) դեպքում մեծացած գեղձի ֆունկցիան խիստ ակտիվանում է (թիրեոտոքսիկոզ): Խ-ի որոշ ձևեր պայմանավորված են վահանագեղձի քրոնիկ. բորբոքմամբ կամ նորագոյացությամբ:

Խ-ի բոլոր ձևերը բուժում է բժիշկը՝ դեղանյութերով և հորմոնային պատրաստուկներով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն:

Կանխարգելումն արդյունավետ է տեղաճարակային Խ-ի դեպքում: Անհրաժեշտ է պահպանել խմելու ջրի որակը, լիարժեք սնվել, ընդունել յոդացված ջուր և կերակրի աղ:

ԽՊԻՊ ՏԱՐԱԾՈՒՆ ԹՈՒՆԱՎՈՐ, բազեդովյան հիվանդություն, թիրեոտոքսիկոզ. պայմանավորված է վահանագեղձի մեծացումով և արյան մեջ վերջինիս հորմոնների (թիրօքսին, եռայոդթիրոնին) գերարտադրությամբ: Նկարագրել է գերմ. բժիշկ Կ. Բազեդովը: Ավելի հաճախ հիվանդանում են կանայք:

Հիվանդության առաջացմանը նպաստում են հոգեկան վնասվածքները, նյարդային գերլարումը, վարակիչ հիվանդությունները, ներզատիչ գեղձերի գործունեության տարիքային փոփոխությունները, ժառանգ. նախատրամադրվածությունը: Վահանագեղձի հորմոնների ավելցուկային քանակն արյան մեջ խախտում է նյութափոխանակությունը (տես Նյութեր և էներգիայի փոխանակություն)՝ առաջացնելով զանազան հիվանդագին ախտանշաններ: Նկատվում են դյուրագրգիռ վիճակ, սրտի զարկերի հաճախացում, սրտի շրջանի ցավեր, հևոց (ֆիզ. ծանրաբեռնվածության դեպքում), քնի խանգարում, քրտնոտություն, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, ձեռքի մատների թեթևակի դող, հիվանդները նիհարում են: Հիվանդությունն ուղեկցվում է արտաակնությամբ (էկզօֆթալմիա), որն աչքերի փայլի հետ դեմքին տալիս է բնորոշ արտահայտություն: Հիվանդության ընթացքը երկարատև է, խորանալիս առաջանում են սրտի, լյարդի, սեռ. գեղձերի ծանր ախտահարումներ: Սրացումներին նպաստում են նյարդահոգեկան լարումը, արևի տակ երկար մնալը, գերհոգնածությունը ևն:

Բժշկի նշանակած դեղանյութերը կանոնավորում են վահանագեղձի ֆունկցիան, նվազեցնում նյարդային համակարգի դրդելիությունը: Առանց բժշկի նշանակման և հսկողության դեղորայքի ընդունումը խիստ վտանգավոր է: Հիվանդները պետք է խուսափեն ֆիզ. և նյարդային ծանրաբեռնվածությունից, վարակներից, պահպանեն հանգստի կանոնները: Գիշերային քնի տևողությունը պետք է լինի առնվազն 7-8 ժ, սնունդը պետք է լինի բազմազան, վիտամիններով հարուստ, պարունակի սպիտակուցների և ածխաջրերի բավարար քանակ: Անհրաժեշտ է սնվել օրական առնվազն 4 անգամ: Նյարդային համակարգը գրգռող ալկոհոլային խմիչքների օգտագործումը և ծխելը բացառվում են: Օգտակար են մաքուր օդում զբոսանքները, բայց արևի տակ երկար մնալը սրում է հիվանդությունը: Ժամանակին բուժումը (ներառյալ վիրաբուժ. միջամտությունը) դրական արդյունք է տալիս:

ԽՈՒԼՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ, բնածին կամ վաղ մանկ. տարիքում ձեռք բերված խլություն և խոսելու ունակության բացակայություն:

Բնածին խուլ երեխան ինքնուրույն չի կարող տիրապետել խոսքին: Եթե խոսելու ունակությունը կորցնում է վաղ մանկ. տարիքում, ապա երեխայի ձեռք բերած խոսքերի պաշարն աստիճանաբար անհետանում է, և առաջանում է Խ.: Ուստի խիստ կարևոր են խլության կամ ծանրալուրության վաղ ախտորոշումը և բուժումը, որի արդյունքը մեծ մասամբ դրական է լինում: Մայրը և հարազատները, ովքեր մշտապես երեխայի հետ են, պետք է շատ ուշադիր լինեն և խլության 1-ին իսկ ախտանշանները նկատելիս անմիջապես դիմեն քիթկոկորդականջաբանի: Ժամանակակից հետազոտության մեթոդները հնարավորություն են տալիս որոշել նույնիսկ կրծքի երեխաների լսողության կորստի աստիճանը: Երբեմն երեխայի լսողության կորուստը կապված է լինում գեղձանմանների առկայության հետ և հեշտությամբ վերանում է վերջիններս հեռացնելիս: Եթե խլությունն անվերադարձ է, այսինքն՝ պայմանավորված է ներքին ականջի թերզարգացմամբ, ապա պետք է ուշադրությունը կենտրոնացնել երեխայի խոսելու ունակության զարգացման վրա: Ուսուցումը որքան շուտ է սկսվում, այնքան ավելի արդյունավետ է:

Գործում են հատուկ սուրդոմանկավարժ. (լատ. սուրդուս՝ խլություն) հիմնարկներ, որտեղ խուլհամրերին սովորեցնում են գրավոր և բանավոր խոսք: Դեռևս 16-րդ դ. խուլհամրերի ուսուցման համար առաջարկվել է ձեռքի կամ մատների այբուբեն: Խուլհամրերը գրավոր խոսքին և գրավոր այբուբենին բավականին հեշտ են տիրապետում, իսկ բանավոր խոսքին՝ դժվար, քանի որ հնչյունները պետք է ընկալեն հիմնականում տեսողությամբ (խոսողի շուրթերից): Բանավոր խոսքի յուրացմանը նպաստում է մնացորդային լսողության, այսպես կոչված, լսողության կղզյակների առկայությունը: Դրանց միջոցով խուլհամրերը լսում են ձայնը, շեշտը, տարբերակում են որոշ ձայնավոր (երբեմն՝ նույնիսկ բաղաձայն) հնչյուններ:

Նման դեպքերում օգնում են նաև լսողական ապարատները, որոնք ընտրողաբար ուժեղացնում են տարբեր հաճախության ձայները:

ՀՀ-ում խուլհամրերը լիիրավ քաղաքացիներ են, նրանք միավորված են համանուն ընկերությունում և ակտիվորեն մասնակցում են հանրապետության քաղ., տնտ. և հաս. կյանքին:

ԽՈՒՂԱԿՆԵՐ, ախտաբան. գործընթացների հետևանքով օրգաններում, հյուսվածքներում առաջացող և երկարատև պահպանվող անցքեր: Լինում են՝ ախտահարված հյուսվածքների կամ ներքին օրգանների խորքից դեպի մաշկի վրա (արտաքին), հյուսվածքներից դեպի խոռոչավոր օրգանների (աղիքներ, հեշտոց) մեջ բացվող (ներքին), մեկ օրգանից դեպի մյուսը (օրինակ՝ կերակրափողից դեպի բրոնխներ, միզապարկից դեպի աղիքներ) անցնող (միջօրգանային) Խ.: Կարող են պատահել միայնակ կամ բազմակի, բնածին (օրինակ՝ պորտային Խ.), սակայն ավելի հաճախ ձեռքբերովի են, առաջանում են վնասվածքի կամ հիվանդագին գործընթացի հետևանքով հյուսվածքներն ու օրգանները քայքայվելիս, երբ թարախը բորբոքային օջախից անցնում է արտաքին մակերևույթ կամ որևէ օրգանի խոռոչ: Նման դեպքերում հաճախ Խ. կարող են գոյանալ հյուսվածքների թարախակալումից առաջացած թարախը դուրս չհոսելիս, օտար մարմինների կամ քրոնիկ.