Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խ.հ-յանը բնորոշ է քրոնիկ. ընթացքը՝ սրացումների և բարելավումների (ռեմիսիա) շրջանների հաջորդականությամբ: Սրացումները նկատվում են գարնանը և աշնանը, տևում են 1-2 ամիս, արտահայտվում են նկարագրված երևույթների սրացումներով, որոնք հաճախ հիվանդին դարձնում են անաշխատունակ կամ հանգեցնում բարդությունների: Առավել ծանր բարդություն է ստամոքսի պատի խոցի թափածակումը (պերֆորացիա), որն ուղեկցվում է որովայնի սուր ցավերով («դանակի հարված»), որովայնամզի բորբոքման ախտանշաններով: Նման ծանր վիճակը պահանջում է շուտափույթ վիրաբուժ. միջամտություն: Մյուս վտանգավոր բարդությունն արյունահոսությունն է, որն արտահայտվում է հանկարծակի թուլությամբ, սառը քրտինքով, ուշագնացությամբ, երբեմն՝ փսխումով (զանգվածը նման է սուրճի մրուրի, քանի որ ստամոքսի պարունակությունը խառնված է մակարդված արյան հետ), հեղուկ, սև (ձյութանման) կղանքով, սուր սակավարյունությամբ: Այս դեպքում ևս պահանջվում է շտապ բժշկ. օգնություն: Մինչև բժշկի գալը (2 դեպքում էլ) հիվանդին պետք է պառկեցնել անկողնում և ապահովել լրիվ հանգիստ վիճակ: Ուտել և խմել չի կարելի: Երբեմն երկար ժամանակ առկա Խ.հ. ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է հանկարծակի՝ որպես արյունահոսության կամ թափածակման բարդություն:

Խ.հ. ախտորոշվում է հիվանդի գանգատների, վերհուշության տվյալների հիման վրա, ստամոքսի և 12-մատնյա աղիքի ռենտգենաբանական հետազոտությամբ, որի օգնությամբ հաջողվում է պարզել լորձաթաղանթի խոցի տեղադրությունը: Ժամանակակից բժշկության նվաճումներից է ստամոքս-12-մատնյաաղեդիտումը (գաստրոդուոդենոսկոպիա), որով ուսումնասիրվում է լորձաթաղանթի վիճակը, ճշտվում խոցի բնույթը և տեղադրությունը, ինչպես նաև հսկվում է ապաքինման ընթացքը:

Խ.հ. բուժում է բժիշկը: Բուժումը պետք է լինի համալիր՝ ընդգրկելով սննդակարգը, աշխատանքի և հանգստի ռեժիմը, դեղանյութերի ընդունումը և այլ մեթոդներ: Սննդակարգը նշանակում է բժիշկը: Այն պետք է ապահովի ստամոքսի լորձաթաղանթի մեխ. և քիմ. անվնասությունը (տես Բուժական սնունդ): Սրացման շրջանում հիվանդը չպետք է ուտի ստամոքսի լորձաթաղանթը գրգռող սննդանյութեր՝ կոշտ, աղացած ալյուրից թխած սև հաց, ջլոտ միս, վարունգ, բողկ, սոխ, լոբի, սունկ, կոկռոշ, թթու խակ խնձոր, տանձ, սալոր, թանձր արգանակներ, համեմունքներ, տապակած միս և ձուկ, ապուխտներ, թթու ևն: Խորհուրդ չի տրվում սուրճ, թեյ, կակաո, պղպեղ, արգելվում է ալկոհոլը:

Հիվանդությունը երկարատև է, ուստի սնունդը պետք է լինի դյուրամարս և միաժամանակ պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ (հատկապես C, A և B խմբի): Օրաբաժինն ընդգրկում է կաթ, կիսել, խաշած ձու, ջրալի կաթնապուր, հացաբուլկեղենից՝ սպիտակ հացի պաքսիմատ ևն: Սնունդը պետք է ընդունել տաք, 3-4 ժ մեկ անգամ: «Քաղցի» գիշերային ցավերի դեպքում խորհուրդ է տրվում քնելուց անմիջապես առաջ խմել 1 բաժակ տաք կաթ կամ մածուն, որոնք չեզոքացնում են ստամոքսահյութը: Սրացման մեղմացմանը զուգահեռ (10-14 օր անց)՝ բժշկի ցուցումով կարելի է աստիճանաբար սննդակարգը ընդլայնել՝ օրաբաժնին ավելացնելով գոլորշիով եփած մսի կոտլետներ, ապուրներ, գոլորշու վրա պատրաստած ձվածեղ ևն: Հետագայում, մի քանի ամիս հիվանդներին խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել կաթնապուրներ՝ քերած բանջարեղենով (գազար, կարտոֆիլ, բայց ոչ կաղամբ), տնային լապշա, աղացած միս, խաշած ձուկ, թարմ կաթնաշոռ, բանջարեղենի (կարտոֆիլի, գազարի, բազուկի, դդմի, սպիտակ դդմիկի) խյուս, եփած խնձոր, կոմպոտ (չամչարակ) ևն:

Սրացման շրջանում նշանակվում է անկողնային ռեժիմ և հանգիստ: Ըստ բժշկի՝ հիվանդներն այդ շրջանում կարող են բուժվել հիվանդանոցում: Խ.հ-յան ընթացքում խիստ կարևոր է նյարդային համակարգի վիճակը, պետք է խուսափել վեճերից, նյարդահոգեկան գերհոգնածությունից: Խստիվ արգելվում է ծխելը:

Թե՛ սրացման շրջանում, թե՛ դրանից հետո դեղորայքային բուժումը պետք է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:

Կիրառվում են ստամոքսահյութի քանակը նվազեցնող և չեզոքացնող, ստամոքսի և աղիքների մկանների կծկանքը թուլացնող, նյարդային համակարգը հանգստացնող, ապաքինումը խթանող ղեղանյութեր: Կարևոր նշանակություն ունեն ֆիզիոթերապևտիկ մեթոդները, որոնց ընտրությունը պայմանավորված է հիվանդության փուլով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ: Նշանակվում է նաև առողջարանային բուժում:

Կանխարգելումը. մանկ. տարիքից պահպանել ճիշտ սնման կանոնները, հրաժարվել ծխելուց, ալկոհոլից: Լայնորեն կիրառվող որոշ դեղանյութեր (օրինակ՝ ասպիրինը, բութադիոնը, պրեդնիզոլոնը ևն) առանց հսկողության օգտագործելիս կարող են նպաստել ստամոքսի խոցի առաջացմանը և արյունահոսությամբ բարդացմանը:

Խ.հ-ով հիվանդները պետք է հաշվառվեն դիսպանսերներում: Կանխարգելման համար խիստ կարևոր է կանոնավոր նախազգուշ. բուժումը՝ հատկապես աշնանը և գարնանը: Դիսպանսերային հսկողություն է սահմանվում նաև ստամոքսաբորբով երիտասարդ հիվանդների վրա: Առողջարանային բուժումը ևս Խ.հ-յան սրացման կանխարգելման միջոց է: Տես նաև Մարսողական համակարգ:

ԽՊԻՊ, զոբ, վահանագեղձի ուռուցքանման մեծացում, ուղեկցվում է այդ գեղձի ֆունկցիայի և օրգանիզմի ընդհանուր վիճակի խանգարումներով: Տարբերում են Խ-ի մի քանի ձևեր: Տեղաճարակային (էնդեմիկ) Խ., հանդիպում է աշխարհագր. որոշակի մարզերում՝ առավելապես լեռնային և նախալեռնային շրջաններում: Հիվանդության հիմն. պատճառը ջրում, հողում, օդում, հետևաբար և սննդում յոդի անբավարարությունն է: Մարդու օրգանիզմն օրական պետք է ստանա 100-200 մգ յոդ, որի անբավարարության դեպքում փոքրանում է վահանագեղձի յոդ պարունակող հորմոնների՝ թիրօքսինի, եռայոդթիրոնինի արտադրությունը, գեղձի գործունեության նվազումը (տես Հիպոթիրեոզ) հանգեցնում է ընդհանուր խանգարումների: Երեխաների վահանագեղձի ֆունկցիան նվազելիս կարող են առաջանալ հոգեկան և ֆիզ. զարգացման ծանր խանգարումներ, այսպես կոչված, կրետինիզմ (տես Ներզատիչ համակարգ): Գեղձը երբեմն այնքան է մեծանում, որ ճնշում է շնչափողը, ինչպես նաև պարանոցի անոթներն ու նյարդերը: Տեղաճարակային Խ-ի առաջացման պատճառների բացահայտումը հնարավորություն է տվել մշակել պայքարի միջոցներ՝ կտրուկ նվազեցնելով հիվանդության հաճախությունն ու ծանրությունը: Սպորադիկ Խ-ի առաջացումը