Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆիզ. առողջությունը սերտորեն կապված է հոգեկան վիճակի հետ, ուստի շատ կարևոր է ամեն կերպ խրախուսել տարեց մարդկանց, հատկապես չաշխատող թոշակառուների մասնակցությունը հաս.-քաղ. և մշակութային աշխատանքներին: Հետաքրքրությունը տարբեր կարգի գործունեության նկատմամբ նախկին աշխատավայրում և բնակության վայրում, սիրող. զբաղմունքները թոշակառուներին լրացուցիչ հուզ. լիցք են տալիս, օգնում են պահպանել առույգությունն ու անհատ. ակտիվությունը:

ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, պայմանավորված է աչքի ոսպնյակի տարիքային փոփոխություններով: Ոսպնյակն աստիճանաբար կարծրանում է, կորցնում առաձգականությունը և ձևափոխվելու հատկությունը: Համապատասխանաբար նվազում է նաև ոսպնյակի բեկունակությունը, որն անբավարար է դառնում մոտ գտնվող առարկաները պարզ տեսնելու համար: Աչքերն արագ հոգնում են, դիտվող առարկաների մանրամասնությունները, գրքի տեքստերը դառնում են անընթեռնելի, առաջանում է գիրքը կամ առարկան աչքից հեռու պահելու անհրաժեշտություն, որն ավելի է վատացնում տեսողությունը: Հենց այդ վիճակն է անվանվում Ծ.հ.: Դրա դրսևորումները վերացնել և մոտ տարածության վրա տեսող. աշխատանքի համար պայմաններ կարելի է ստեղծել միայն հավաքող ոսպնյակների օգնությամբ: Ծ.հ. ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել ակնաբույժի՝ ակնոց ընտրելու համար:

Տես նաև Հեռատեսություն:

ԾԵՓՈՒԿԱԲՈՐԲ, բալանիտ, առնանդամի գլխիկի մաշկի բորբոքում: Սովորաբար ուղեկցվում է ծայրային թլիպի ներսային թաղանթի բորբոքմամբ՝ թլիպածեփուկաբորբով (բալանոպոստիտ): Առավել հաճախ առաջանում է թլիպանեղացման (ֆիմոզ) ժամանակ՝ մեզով գրգռվելու, քայքայվող թլպաճարպի (սմեգմա) կուտակման հետևանքով: Հաճախ նկատվում է նաև միզուկաբորբի, շաքարախտի ժամանակ:

Ծ-ի և թլիպածեփուկաբորբի դեպքում առնանդամի գլխիկի շրջանում առաջանում են քոր և այրոց, որոնք ուժեղանում են միզելուց հետո: Այդ շրջանում մաշկը և ծայրային թլիպը կարմրում են, այտուցվում, ծածկվում մակերեսային մանր խոցերով: Ծայրային թլիպի սեղմված բացվածքից արտադրվում է թարախ: Նկատվում է ընդհանուր թուլություն, երբեմն՝ աճուկային ավշահանգույցների մեծացում:

Սուր բորբոքման շրջանում հարկավոր է ընդհատել սեռ. հարաբերությունները, եթե Ծ. առաջացել է թլիպանեղացման հետ կապված, ապա չի կարելի առնանդամի գլխիկն ինքնուրույն մերկացնել, քանի որ այն կարող է առաջացնել առնանդամի գլխիկի ճողվածք (նեղացած ծայրային թլիպով) և բորբոքման տարածում, այնուհետև՝ առնանդամի փտախտ: Անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:

Բուժումն իրականացվում է պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում:

Կանխարգելման համար կարևոր են անձնական հիգիենայի կանոնների պահպանումը և թլիպանեղացման ժամանակին բուժումը: Առավոտյան և քնելուց առաջ հարկավոր է տաք ջրով ու օճառով առնանդամը լվանալ, գլխիկը բացել և թլպաճարպը մաքրել: Լվանալուց հետո գլխիկը ծածկել ծայրային թլիպով: Եթե առնանդամը չի մերկանում ծայրային թլիպի խիստ սեղմման պատճառով, կատարում են լոգանք կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով: Թլիպանեղացման դեպքում անհրաժեշտ է վիրահատ. բուժում:

ԾԽԵԼԸ, ամենատարածված վնասակար սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման:

Ծխախոտի հայրենիքը Հվ. Ամերիկան է, որտեղից 16-րդ դ. Եվրոպա են բերել իսպանացիները: Սկզբում ծխախոտն օգտագործել են հոտ քաշելով կամ ծամելով, այնուհետև սկսել են ծխել, որի դեպքում նիկոտինն առավել արագ է ազդում: Նիկոտինը թույլ գրգռող ազդեցություն է ունենում ծայրամասային նյարդային համակարգի և կենտրոնական նյարդային համակարգի վրա, բարձրացնում է արյան ճնշումը, սեղմում է մանր անոթները, արագացնում շնչառությունը, ավելացնում մարսողական համակարգի գեղձերի հյութազատությունը: Բացի նիկոտինից, վտանգավոր են նաև ծխախոտի այրումից առաջացած նյութերը: Ծխախոտի ծխի շնչումը նվազեցնում է զարկերակային արյան թթվածնի պարունակությունը (թթվածին փոխադրող հեմոգլոբինը կորցնում է թթվածնին միանալու հատկությունը), առաջացնում բրոնխների լորձաթաղանթի գրգռում, որն այնուհետև հանգեցնում է քրոնիկ. բրոնխաբորբի և աստիճանաբար՝ թոքափքանքի առաջացմանը: Ծխողներին միշտ անհանգստացնում է հազը: Ծխախոտի ծուխը վտանգավոր է նաև չծխողների համար, ծխով լցված սենյակում գտնվելը (այսպես կոչված՝ պասսիվ Ծ.) անբարենպաստ ազդեցություն է ունենում հատկապես երեխաների առողջության վրա:

Ծխախոտ Ծ. հաճախ բերանի խոռոչի կոկորդի, բրոնխների և թոքերի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ է դառնում: Մշտ. և երկարատև Ծ. հանգեցնում է վաղաժամ ծերացման: Թթվածնով հյուսվածքների սնուցման խանգարման մանր անոթների կծկանքի հետևանքով ծխողներն ունենում են բնորոշ արտաքին (աչքերի սպիտապատյանի և մաշկի դեղնություն, ժամանակից շուտ թորշոմածություն), իսկ շնչառ. ուղիների լորձաթաղանթի փոփոխություններն ազդում են ձայնի վրա (հնչեղության կորուստ, ձայներանգի իջեցում, խռպոտություն): Նիկոտինը վտանգավոր ազդեցություն է ունենում հատկապես պատանեկության և ծեր տարիքում, երբ նույնիսկ թույլ գրգռող ազդեցությունը խանգարում է նյարդակարգավորումը: Բացահայտված է Ծ-ու վտանգավոր ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա. այն ճնշում է սեռ. ակտիվությունը, իսկ հղիության ժամանակ բարձրացնում վիժման, վաղաժամ ծննդաբերության, հղիության բարդությունների, թույլ երեխաներ ծնվելու ռիսկը: Ծ. նպաստում է աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, ստամոքսաբորբի, ստամոքսաղիքաբորբի, սրտամկանի սնուցման խանգարման, որոշ ներզատիչ հիվանդությունների առաջացմանը և ծանրացնում է դրանց ընթացքը: Ծ-ուց չհրաժարվելու դեպքում խոցային հիվանդության, թրոմբոֆլեբիտի, խցանող էնդարտերիտի (տես Էնդարտերիտ խցանող), Ռեյնոյի հիվանդության, կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի բուժումն անհնար է:

Ծ-ու վտանգն այնքան մեծ է, որ վերջին տարիներին մի շարք երկրներ միջոցներ են ձեռնարկում դրա դեմ. արգելում են ծխախոտի արտադրության գովազդը և դրանց վաճառքը երեխաներին, հաս. վայրերում և տրանսպորտում Ծ. ևն: Շատ ծխողների կարծիքով չծխելուց կարող են հիվանդանալ: Դա անհավանական է, որովհետև թույնից հրաժարումը երբեք վտանգավոր չէ: Ճիշտ է, մեծ տարիքում ցանկացած խիստ փոփոխությունը, վարքի կայուն նույնատիպությունից (ստերեոտիպ) հրաժարումը միշտ դժվար է, ուստի ցանկալի է Ծ. թողնել միայն բժշկի հսկողությամբ: Տարածված կարծիք կա, որ Ծ. դադարեցնելուց հետո մարդը գիրանում է: Իրոք, 1-ին շաբաթներում նկատվում է քաշի ավելացում՝ ընդհանուր փոխանակության ակտիվության նվազման հետևանքով, որն այնուհետև վերականգնվում է: Նպատակահարմար է այդ ընթացքում անցնել կաթնաբուս. սննդակարգի և ավելացնել