կենդանիներին պահպանելու կանխարգելման հրահանգների և կարգադրությունների կատարումը ևն: Այդ կանոնները պետք է կատարեն կաթնատու կենդանիներ պահողները՝ նկատի ունենալով, որ կաթը լավ միջավայր է ախտածին միկրոօրգանիզմների բազմացման համար, և դրա միջոցով կարող են փոխանցվել տարբեր հիվանդություններ՝ տուբերկուլոզ, բրուցելոզ, դաբաղ, սիբիրյան խոց, տուլարեմիա, որովայնային տիֆ (տես Որովայնային տիֆ, պարատիֆեր), դիզենտերիա: Կաթը հիմնականում պարտադիր պաստերացվում է (տես Պաստերացում), որից հետո այն կարելի է օգտագործել առանց լրացուցիչ ջերմային մշակման, իսկ չպաստերացվածը պետք է եռացնել: Կաթը թողարկվում է նաև պահածոյած՝ չոր (փոշի) և խտացրած (մանրէազերծած և շաքարով) վիճակում: Վերամշակված կաթի բոլոր տեսակները լիարժեք փոխարինիչ են երեխաների և հասուն մարդկանց համար: Այն պահում են չոր և սառը տեղում:
Խտացրած կաթը ստանում են թարմը եռաթանձրացնելով, ապա թիթեղե տուփերի մեջ մանրէազերծելով: Փակ տուփերով այն կարելի է պահել ավելի քան 1 տարի՝ սենյակային ջերմաստիճանում, իսկ բացելուց հետո՝ 2-3 օր, 0-10° C ջերմաստիճանի պայմաններում:
Խտացրած (շաքարով) կաթը թարմ, պաստերացված մթերք է, որից հեղուկը հեռացնելուց հետո ավելացվում է 43-44 % շաքար: Օգտագործման և պահելու պայմանները նույնն են, ինչը խտացրած մանրէազերծածինը:
Կաթը լայնորեն օգտագործվում է սիրտանոթային համակարգի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեղուղիների և այլ հիվանդությունների ժամանակ: Որոշ մարդկանց օրգանիզմը չի ընդունում կաթը. դա կապված է նյութափոխանակության խանգարման՝ գալակտոզէմիայի հետ, որը պայմանավորված է աղիքներում լակտազ ֆերմենտի բնածին կամ ձեռքբերովի (հաճախ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների հետևանքով) անբավարարությամբ, հազվադեպ՝ կաթի սպիտակուցի նկատմամբ ալերգիայով:
Կաթնաթթվային մթերքներից են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, ացիդոֆիլային կաթը, թանը, չորթանը, կեֆիրը ևն: Բոլոր նշվածները պահպանում են կաթին բնորոշ արժեքավոր սննդային և կենսբ. հատկությունները (լիարժեք կաթնասպիտակուցի և կաթնայուղի բարձր պարունակություն, վիտամինային և հանքային կազմ, լավ յուրացվելիություն) և, բացի այդ, ձեռք են բերում նոր հատկանիշներ, որի շնորհիվ դասվում են բուժ., դիետիկ մթերքների շարքը: Կաթնաթթվային մթերքը բարերար ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, ճնշում է նեխական միկրոօրգանիզմների զարգացումը:
Դրանք աչքի են ընկնում բարձր յուրացվելիությամբ: Կաթի համեմատ մածունը 2-3 անգամ ավելի արագ և լրիվ է յուրացվում: Կաթնամթերքի ստացման ժամանակ գոյանում են մանր, նուրբ փաթիլներ, որոնք ավելի մատչելի են մարսող. հյութերի ազդեցությանը: Բացի այդ, կաթնաթթվի ազդեցության տակ ավելի լավ են յուրացվում կալցիումն ու ֆոսֆորը: Եվ այդ հատկությունների համար կաթնամթերքը լայնորեն կիրառվում է վաղ մանկ. տարիքի երեխաների, ինչպես նաև տարեց և ծեր մարդկանց սննդում:
Կաթնաթթվային մթերքի արդ. արտադրությունը հիմնվում է կաթնաթթվային բակտերիաների և կաթնային խմորասնկերի մաքուր մանրէախմբերի (կուլտուրաների) կիրառման վրա: Որպես հումք օգտագործվում է պաստերացված կաթը: Տարբերում են կաթնաթթվային և խառը խմորման կաթնաթթվային մթերքներ: Ացիդոֆիլային կաթի, մածունի և ացիդոֆիլախմորասնկային կաթի պատրաստման համար օգտագործում են ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբեր: Նշված մթերքը խորհուրդ է տրվում երեխաների լուծի, հասուն մարդկանց հաստ աղիքի բորբոքման, դիզենտերիայի և աղիքների այլ հիվանդությունների ժամանակ: Թթվասերը պատրաստվում է պաստերացված սերուցքից, որին ավելացվում է կաթնաթթվային մաքուր մանրէախումբ:
Խառը (կաթնաթթվային և սպիրտային) խմորման մթերքներից են կեֆիրը և կումիսը: Կեֆիրը արտադրվում է յուղալի (3,2 % յուղ) և յուղազրկված: Այն նույնպես կիրառվում է բուժ. սննդի մեջ, բարերար է ազդում մարսողության վրա, խթանում է աղիքների շարժող. ֆունկցիան և կանոնավորում միկրոֆլորան: Կումիսը պատրաստում են կովի և զամբիկի կաթից, այն շատ վաղուց կիրառվում է թոքերի տուբերկուլոզի բուժման ժամանակ: Ունենում է ընդհանուր կազդուրիչ ազդեցություն, բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում սննդի մարսելիությունը և յուրացումը: Կումիսաբուժությունը նշանակվում է նաև քրոնիկ. բրոնխաբորբերի, բարակ աղիքների բորբոքումների, ստամոքսաբորբերի (ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ) և այլ դեպքերում: Շատ կաթնաթթվային մթերքներ կարելի է պատրաստել տանը՝ թարմ եռացրած կաթից՝ օգտագործելով կաթնաթթվային մանրէախմբեր և արդ. արտադրության մերաններ: Անհրաժեշտ է խստորեն պահպանել ինչպես հումքի, այնպես էլ օգտագործվող ամանեղենի և սարքերի սանհիգիենային պահանջները, դրանք խնամքով լվանալ և ախտահանել: Կաթնաթթվային մթերքն արագ է փչանում, ուստի պետք է պահել սառնարանում:
ԿԱԹՆԱԳԵՂՁԱԽՏ, մաստոպաթիա, կաթնագեղձերում (հաճախ՝ երկկողմանի), հիմնականում վերին դրսային բաժնում, տարբեր մեծության և պնդության, շոշափելիս՝ մանր հատիկավոր, ցավոտ գոյացությունների առաջացումը: Առանձին դեպքերում ցավերն ի հայտ են գալիս դաշտանից առաջ կամ դրա ժամանակ: Կ. վտանգավոր չէ, սակայն չի բացառվում գեղձի հյուսվածքում փոփոխությունների, նույնիսկ ուռուցքների առաջացման հնարավորությունը: Այդ պատճառով կաթնագեղձում ցանկացած փոփոխությունների, հատկապես տարբեր պնդացումների դեպքերում անհրաժեշտ է դիմել կանանց կոնսուլտացիա կամ ուռուցքաբան. դիսպանսեր: Կ. ի հայտ է գալիս հատկապես երիտասարդ տարիքում (մինչև 30 տարեկան)՝ սովորաբար ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարման հետևանքով և հաճախ կապված է սեռական օրգանների տարբեր բորբոքային հիվանդությունների ու վիժումների հետ: Ուստի Կ-ի կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն սեռ. համակարգի հիվանդությունների ժամանակին բուժումը, վիժումների, կաթնագեղձի բորբոքման խորացման կանխումը: Կաթնագեղձի ուռուցքների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի կրծքի երեխայի ճիշտ կերակրումը, որն անհրաժեշտ է ընդհատել աստիճանաբար և միայն բժշկի խորհրդով:
ԿԱԹՆԱԳԵՂՁԵՐ, կրծքագեղձեր, ստինքներ, կանանց արտազատիչ մաշկային զույգ օրգան, որը կաթ է արտադրում կրծքի երեխային կերակրելու համար: Կ. կազմված են 15-20 գեղձային բլթերից, որոնք ճառագայթաձև տարածված են դեպի պտուկը: Նրանց միջև կան ամուր շարակցական միջնաշերտեր, որոնք գեղձը բաժանում են ավելի փոքր բլթակների: Բլթակը բաղկացած է բազմաթիվ գեղձային բշտերից, որոնք գտնվում են արտատար ծորանների ծայրերին: Բլթակներում արտադրված կրծքի կաթը հոսում է դեպի արտատար ծորաններ (կաթնատար ուղիներ), որոնք պտուկի գագաթին