Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջանում են կետավոր բացվածքներով: Կ. աճում և զարգանում են ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, ձվարաններ, վահանագեղձ) արտադրած հորմոնների ազդեցությամբ, որոնք ակտիվանում են աղջիկների սեռ. հասունացման սկզբին (10-12 տարեկանում) և լրիվ զարգացման են հասնում 18-20 տարեկանում: Կ-ում ֆիզիոլոգ. և անատոմ. փոփոխությունները հատկապես նկատելի են դաշտանն ի հայտ գալիս և հղիության շրջանում: Կ. առավելագույն զարգացման են հասնում ծննդաբերության պահին և կերակրման շրջանում: Կլիմաքսի շրջանում (45-50 տարեկանում) Կ-ի բլթերն սկսում են հետ զարգանալ:

Կ-ի վիճակի վրա այս կամ այն չափով ազդում են ներզատիչ համակարգի հիվանդությունները: Աղջիկների, ինչպես նաև կանանց ձվարանների ֆունկցիայի խանգարումների ժամանակ կարող են սկզբնավորվել Կ-ի բարորակ ուռուցքներ:

Կանանց մոտ հաճախ նկատվում է կաթնագեղձախտ, որի առաջացումը կարող է կապված լինել վիժումների հետ, որոնք հանգեցնում են ձվարանների և ներզատիչ այլ գեղձերի ֆունկցիաների խանգարման: Հորմոնային խանգարումները և դրանց հետ կապված Կ-ում ուռուցքային գոյացությունները հաճախ նկատվում են չծննդաբերած և կրծքով չկերակրող կանանց մոտ, հետագայում այդ փոփոխությունները կարող են հանգեցնել ուռուցքների առաջացման: Վերջիններիս նպաստող գործոններ են նաև Կ-ի վնասվածքներն ու բորբոքային գործընթացները և դրանցից հետո գոյացած սպիները: Կ-ի բորբոքային գործընթացները հաճախ առաջանում են երեխայի կերակրման շրջանում՝ պտուկի վրա գոյացած ճաքերի հետևանքով (տես Կաթնագեղձի բորբոքում):

Կ-ի հիվանդությունների կանխարգելմանը նպաստում են սեռ. համակարգի օրգանների հիվանդությունների ժամանակին բուժումը, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը՝ հատկապես հղիության և հետծննդյան շրջաններում և երեխային կրծքով կերակրելիս: Չի կարելի կտրուկ ընդհատել կրծքով կերակրումը, եթե դա պայմանավորված է ժամանակավոր անհրաժեշտությամբ, ապա Կ-ի ներզատ. ֆունկցիան պահպանելու համար հարկավոր է կաթը կթել կաթնածծիչի օգնությամբ: Կ-ում որևէ պնդացում ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի:

Կ-ում փոփոխությունները ժամանակին հայտնաբերելու նպատակով կատարում են այդ օրգանի ֆլուորագրություն և ռենտգենագրություն (կաթնագեղձագրություն):

ԿԱԹՆԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, մաստիտ, սովորաբար առաջանում է պտուկի ճաքերի առկայության ժամանակ, որպես կանոն կերակրող կանանց կաթնագեղձում: Բնորոշվում է կաթնագեղձում հանկարծակի առաջացող ճնշող ցավերով, ուռածությամբ. այն կոշտանում է, պրկվում, դառնում խիստ ցավոտ, մաշկը կարմրում է, փայլում: Հիվանդը ջերմում է, երբեմն այն ուղեկցվում է ուժեղ դողով: Նման վիճակում հիվանդը պետք է անհապաղ դիմի բժշկի: Ժամանակին սկսած բուժման դեպքում սովորաբար մի քանի օրից հիվանդն առողջանում է: Ինքնաբուժումը, «փորձով իմաստնացած» ծանոթների խորհուրդներին հետևելը վտանգավոր են: Այդ վիճակում օգտագործած միջոցները չեն վերացնում բորբոքային գործընթացի պատճառները, և այն շարունակում է խորանալ: Կոշտացած մասն սկսում է փափկել, որը վկայում է թարախակույտի առաջացման մասին: Նման դեպքում, վտանգավոր բարդություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն:

Կ.բ. կարելի է կանխել՝ ժամանակին դիմելով բժշկի: Դրա 1-ին ազդանշանը պտկի ճաքերի առկայությունն է և ջերմաստիճանի բարձրացումը:

Հայտնի է, որ Կ.բ-ման հարուցիչները թարախածին մանրէներն են: Ոչ միայն պտկի ճաքերը, այլև կաթնագեղձի մաշկի նույնիսկ չնչին վնասվածքները (քերծվածք, ճանկռվածք) կարող են ծառայել որպես վարակի «մուտքի դռներ»: Մաշկի վնասվածքների միջով հարուցիչները թափանցում են կաթնագեղձի ավշային անոթներ, այնտեղից՝ շարակցական հյուսվածք և առաջացնում բորբոքում: Եթե կուրծքը նախապատրաստված չէ երեխային կերակրելուն, պտուկը հարթ է կամ ներքաշված, իսկ մաշկը չափից ավելի նուրբ է, ապա, որպես կանոն, դրա վրա առաջանում են ճաքեր: Ահա թե ինչու կանանց կոնսուլտացիաներում հղի կանանց խորհուրդ են տալիս նախօրոք կուրծքը նախապատրաստել կերակրմանը, սովորեցնում են ճիշտ խնամել այն, որպեսզի ամրանա շուրջպտկային շրջանակի նուրբ, բարակ մաշկը (տես Հղիություն, հղիության հիգիենա):

Մանրէները կաթնագեղձի հյուսվածքներ կարող են թափանցել նաև արյունատար անոթներով՝ քրոնիկ. բորբոքային օջախներից (ատամների ոսկրափուտ, նշագեղձերի բորբոքում ևն), ուստի անհրաժեշտ է հղիության հենց սկզբին բուժել այդ հիվանդությունները: Կ.բ-ման կանխարգելմանը նպաստում են երեխային կրծքով ճիշտ կերակրելը և այդ ժամանակ անհրաժեշտ հիգիենային կանոնները պահպանելը: Պետք է հետևել, որ կերակրելիս երեխան բռնի ոչ միայն պտուկը, այլև շուրջպտկային շրջանակը: Կերակրելուց առաջ և հետո պտուկը պետք է լվանալ եռացրած գոլ ջրով կամ մաքրել բորաթթվով թրջած բամբակով (տես Կրծքի երեխա, Հետծննդյան շրջան): Պտուկների վրա ճաքերի առկայության դեպքում պտկին և շուրջպտկային շրջանակին օրը 2-3 անգամ պետք է քսել ադամանդականաչի 2 %-անոց սպիրտային լուծույթ, այնուհետև կուրծքը 15-20 ր բաց պահել:

Կաթնագեղձի թարախային բորբոքման ժամանակ երեխային կրծքով կերակրելը հակացուցված է՝ երեխայի օրգանիզմ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով: Այդ ժամանակ նույնիսկ առողջ կրծքով կերակրելիս երեխայի վիճակը վատանում է, և հիվանդության ռիսկը մեծանում: Երեխային կրծքով կերակրելը