ԿԱՆԱՉԵՂԵՆ, սննդային, բանջարային և վայրի աճող որոշ բույսերի ուտելի կանաչ մասերը, որոնք օգտագործում են մարդու սննդի մեջ. լավացնում են ախորժակը, սննդի համային հատկանիշներն ու վիտամինային կազմը: Կ. օգտագործվում է ապուրների (փիփերթ, եղինջ, սիբեխ, թրթնջուկ ևն), սալաթների (դանդուռ, ավելուկ, հազար ևն), աղցաների (սպանախ, սիբեխ, մանդակ ևն) պատրաստման համար և որպես համեմունք (թարխուն, ռեհան, գինձ, մաղադանոս, ուրց, դաղձ ևն):
Կ-ի սննդային արժեքը որոշվում է վիտամինների, հանքային աղերի և կենսաբանորեն արժեքավոր այլ նյութերի բարձր պարունակությամբ: Կ. կալցիումի, երկաթի, ֆոսֆորի և պղնձի կարևոր աղբյուր է: Կալցիումի աղերի բարձր պարունակության համար Կ. օգտագործվում է (բացի սպանախից և թրթնջուկից) բուժ. սննդի մեջ՝ սրտի և երիկամների որոշ հիվանդությունների դեպքերում: Կ. պարունակում է նաև օրգ. թթուներ, շաքարներ, ազոտային և ոչ ազոտային նյութեր ևն: Համեմունքային բույսերում կան համային ու բուրավետ նյութեր, որոնք սննդին տալիս են յուրահատուկ հաճելի համ և հոտ, ինչպես նաև հարուստ են (հատկապես կանաչ սոխը) հակամանրէային ու հակասնկիկային ազդեցությամբ նյութերով (ֆիտոնցիդներ):
Կ-ի արժեքավոր հատկությունները (հարուստ վիտամինային և հանքային կազմ, ախորժակը գրգռող ազդեցություն ևն) պայմանավորում են դրանց օգտագործումը ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ բուժ. սննդի մեջ: Սակայն աղային փոխանակության խանգարումների, ստամոքսաղիքային համակարգի որոշ հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ, հաստ աղիքի բորբոքում, լյարդի և լեղուղիների ախտահարումներ ևն), երիկամաբորբի, երիկամաավազանաբորբի, երիկամաախտի դեպքերում չի կարելի առանց բժշկի հետ խորհրդակցելու Կ. օգտագործել:
Սննդի համար պիտանի են բույսերի դալար, նուրբ մասերը: Թարմ Կ. պետք է պահել 0-4° C ջերմաստիճանի պայմաններում, 2-3 օրից ոչ ավելի: Կ. օգտագործվում է թարմ, չորացրած, եփած, թթու դրած:
ԿԱՆԴԻԴՈԶ, կանդիդամիկոզ, մարդու և կենդանիների սնկիկային հիվանդություն: Ախտահարվում են մաշկը, լորձաթաղանթները, հազվադեպ՝ ներքին օրգանները: Հարուցիչները կանդիդա խմբի սնկիկներն են (նման են խմորասնկերի) և լայնորեն տարածված են բնության մեջ, ապրում են հիմնականում շաքար պարունակող բույսերի, պտուղների, բանջարեղենի վրա (տես Սնկիկներ մանրադիտակային): Դրանք մարդու և կենդանիների մաշկի, բերանի խոռոչի, աղիքների, շնչառ. ու ծննդաբեր. ուղիների լորձաթաղանթների սովոր., բնականոն սնկիկներ են, որոնք ընկնում են նորածնի մաշկի և լորձաթաղանթների վրա մոր ծննդաբեր. ուղիներով անցնելիս և դառնում մարդու օրգանիզմի ուղեկիցներն ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ ախտածին հատկությունները ձեռք են բերում, երբ նվազում են օրգանիզմի պաշտպան. հատկությունները, օրինակ՝ ծանր հիվանդությունների (տուբերկուլոզ, դիզենտերիա ևն) դեպքերում:
Սնկիկի հիվանդություն առաջացնելու ունակությունն ուժեղանում է հակաբիոտիկների ազդեցությունից, երբ դրանք կիրառվում են առանց բժշկի հսկողության և ցուցմունքի: Այդ դեպքում խախտվում է մարդու մաշկի վրա, լորձաթաղանթներում և աղիքներում գտնվող միկրոօրգանիզմների կենսբ. հավասարակշռությունը, և պայմաններ են առաջանում սնկիկների արագ բազմացման համար: Նման դեպքում, ինչպես նաև ծանր ու երկարատև հիվանդ մարդկանց մոտ կարող է առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի Կ. (կաթնախտ): Լեզվի, քիմքի, լնդերի վրա գոյանում է կաթնասպիտակավուն փառ, որը վերածվում է թաղանթի: Վերջինս հեշտությամբ պոկվում է, բայց առաջանում է նորը և ուտելիս ցավ պատճառում: Դեռ վաղուց հայտնի է կրծքի երեխաների (առավելապես անհաս կամ որևէ հիվանդության հետևանքով խիստ թուլացած) բերանի խոռոչի կաթնուկը: Հաճախ Կ. (կաթնուկը) առաջանում է հեշտոցում, և լորձաթաղանթի վրա առաջանում է սպիտակավուն փառ, որն ուղեկցվում է արտադրությամբ և քորով (տես Հեշտոցաբորբ): Տարեց մարդկանց (առավել հաճախ կանանց) բերանի խոռոչում հանովի պրոթեզների առկայության դեպքում մաշկի և լորձաթաղանթի վրա առաջանում են քերծվածքներ և ճեղքեր, որտեղ սնկիկները բազմացման բարենպաստ պայմաններ են գտնում և հանգեցնում բերանի անկյունների Կ-ի (ուտիչ): Հաճախ հանդիպում է նաև եղունգների գլանիկների, այսինքն՝ եղունգի շուրջ եղած փափուկ հյուսվածքների Կ.: Դա առաջանում է հիմնականում այն կանանց մոտ, ում ձեռքերն ավելի շատ են թրջվում (լվացարարներ, պահածոյի գործարանի աշխատողներ ևն): Թափանցելով հետին եղունգային գլանիկի տակ՝ սնկիկը բազմանում է՝ առաջացնելով քրոնիկ. բորբոքում: Եղունգի շուրջ մաշկը կարմրում է, ուռչում և դառնում խիստ ցավոտ: Կ. կարող է առաջանալ հատկապես գեր մարդկանց մաշկածալքերում (աճուկային, կրծքագեղձերի տակ, մատների արանքում): Ժամանակին չբուժելիս հիվանդությունը կարող է տարածվել մաշկի մյուս հատվածների և լորձաթաղանթների, երբեմն որոշ ներքին օրգանների վրա: Կ. քիչ վարակիչ է, բայց երբեմն նորածինները և կրծքի երեխաները Կ-ով վարակվում են հիվանդ մեծահասակներից՝ խնամքի առարկաների միջոցով: Այդ դեպքում Կ. նկատվում է բերանի խոռոչում կամ աճուկային ծալքերում:
Ախտորոշումը կատարվում է լաբորատոր հետազոտության միջոցով: Բուժումն արդյունավետ է, եթե հիվանդը շուտ է դիմել բժշկի:
Կանխարգելման նպատակով պետք է պահպանել հիգիենայի կանոնները, կանխել մաշկի վնասվածքները: Հակաբիոտիկները և մյուս դեղանյութերն ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԶՆՆՈՒՄ, տես Բժշկական զննում հոդվածում:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ, (իմունացում, վակցինացում), վարակիչ հիվանդությունների հանդեպ անընկալության ձեռքբերումը՝ վակցինաներ, անատոքսիններ, գամմա-գլոբուլիններ, վարակամերժ շիճուկներ օրգանիզմ ներարկելով: Կ.պ. կիրառվում են ակտիվ և պասսիվ (հարուցիչներից կամ դրանց թույներից կարճատև պաշտպանվելու) իմունիտետի ստեղծման նպատակով:
Ակտիվ իմունիտետի առաջացման համար մարդու օրգանիզմ են ներարկում վակցինաներ կամ անատոքսիններ: Վակցինաները պարունակում են սպանված կամ կենդանի, բայց թուլացրած (հիվանդություններ չառաջացնող) հարուցիչներ, որոնց ներարկմամբ օրգանիզմում արտադրվում են հատուկ պաշտպան. նյութեր՝ հակամարմիններ: Անատոքսիններն ստանում են մանրէային տոքսինները 37-40° C-ում ֆորմալինով վնասազերծելով: Տոքսինը զրկվում է իր թունավոր հատկությունից, բայց կարող է իմունիտետ առաջացնել:
Վակցինաներն օրգանիզմ են ներմուծում ներմաշկային (տուբերկուլոզի դեմ), ենթամաշկային (որովայնատիֆային և այլ հիվանդությունների դեպքերում), միջմկանային (կապույտ հազ-դիֆթերիա-փայտացումային) ճանապարհներով, բերանի (պոլիոմիելիտային), քթի (գրիպային) միջոցով: Յուրաքանչյուր վակցինայի համար