և գործունեության բարձրացմանը: Ներկայումս առաջնային և երկրորդային Կ-ման աշխատանքների հիմն. ձևն առողջ բնակչության (երեխաներ, դեռահասներ, հղի կանայք ևն) դիսպանսերացումն է: Ուստի առողջապահ. մարմինների հիմն. ուժերն ուղղված են դիսպանսերացման արդյունավետության, ծավալների ընդլայնման և բնակչության զանգվածային կանխարգելիչ զննումների հետագա բարձրացումն ապահովող միջոցառումներին, առողջապահության առաջնային օղակների գործունեության ամրապնդմանն ու կատարելագործմանը, առողջապահ. հիմնարկների տեխ. հագեցմանը: Կ-ման միջոցառումների լայնորեն ներդրման հատուկ կարևորությունը երեխաների ու դեռահասների համար՝ պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոնների տարածվածությամբ, ինչպես նաև մանկ. և պատանեկան տարիքում առաջնային միջոցառումների արդյունավետությամբ:
Առողջության մակարդակի բարձրացման, մարդկանց կյանքի տևողության և ստեղծագործ. երկարակեցության ապահովման համալիր միջոցառումների իրականացումը հնարավոր է, եթե Կ. դառնա ամբողջ հասարակության նպատակասլաց գործունեության առարկա: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կոլեկտիվ, ընտանիք, քաղաքացի պարտավոր է ակտիվ մասնակցել կանխարգելիչ ծրագրի իրագործմանը:
ԿԱՊԱՆՆԵՐ, շարակցահյուսվածքային տարբեր ձևերի (ժապավենաձև, թիթեղաձև) պինդ գոյացություններ, որոնք նպաստում են կմախքի ոսկրերի միացմանը: Ոսկրերի հետ կապ չունեցող անատոմ. որոշ գոյացություններ (օրինակ՝ կոկորդի Կ.) նույնպես անվանվում են Կ.:
Ըստ Կ. առաջացնող շարակցական հյուսվածքի բնույթի՝ Կ. օժտված են տարբեր առաձգականությամբ, ձգելիությամբ, ճկունությամբ և ամրությամբ: Կ-ի ձգման ամրությունը 1 մմ2 մակերեսի վրա միջին հաշվով հասնում է 6,5 կգ: Օրինակ՝ կոնքը և ազդրոսկրն իրար միացնող Կ. դիմանում են 350 կգ բեռնվածությանը: Մանկ. տարիքում Կ. շատ ճկուն և առաձգական են, տարիքի հետ այդ հատկությունները նվազում են, երբեմն Կ. կարող են ոսկրանալ:
Կ. հիմնականում գտնվում են հոդերի շուրջը, միահյուսվում են հոդապարկի մեջ, տարբեր ուղղություններով տեղադրվելով հոդի շուրջը՝ նպաստում են շարժումներին՝ ուղղություն տալով կամ արգելակելով: Կ-ի մի մասը մասնակցում է ոչ շարժուն (ստատիկ) ֆունկցիաներին՝ մարմինն ուղղաձիգ դիրքում պահելու, ոտնաթաթի կամարի ամրացման համար:
Կ-ի վնասվածքների շարքն են դասվում կապանի գերձգվածությունը և պատռվածքները: Կտրուկ ակտիվ շարժումների ազդեցությամբ կարող են առաջանալ Կ-ի փոփոխություններ, որոնք իրենց հերթին անդրադառնում են ամբողջ հոդի ֆունկցիայի վրա: Եթե վնասող գործոնի ուժը չի գերազանցում Կ-ի ձգման ամրության սահմանը, դրանք գերձգվում են առանց անատոմ. ամբողջականության խախտման: Եթե չափից ավելի կտրուկ շարժումների (ծալում, տարածում կամ հոդին ոչ բնորոշ կողմնային պտույտներ) ժամանակ վնասող գործոնի ուժը գերազանցում է Կ-ի ձգվելիության սահմանը, ապա տեղի է ունենում Կ-ի ճեղքվածք կամ պատռվածք: Առավել հաճախ վնասվում են սրունքաթաթային և ճաճանչադաստակային, հազվադեպ՝ ծնկային և արմնկային հոդերի Կ., որի հետևանքով նկատվում են ուռածություն, ցավ, շարժումների սահմանափակում:
Կ-ի վնասման ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Կ-ի վնասումից անմիջապես հետո, որպես 1-ին օգնություն, ամուր վիրակապել՝ ապահովելով վնասված հոդի հանգիստը: Ճիշտ և լրացուցիչ բուժման բացակայության դեպքերում հիվանդությունը ձգձգվում է, կրկնվում, օրինակ՝ սրունքաթաթային հոդում երկարատև պահպանվում է անկայունությունը, առաջանում է հոդի ոլորման և գերձգման կրկնությունների հակում:
ԿԱՊՏՈՒԿ, ցիանոզ, մաշկի և լորձաթաղանթների կապտավուն գունավորում (մոխրակապույտից կապտասև): Առաջանում է արյան մեջ թթվածնի պակասից (թթվածնի հետ չկապված հեմոգլոբինը մուգ գույնի է): Կ. հաճախ պայմանավորված է արյան շրջանառության խանգարմամբ և հիմնականում արտահայտվում է մարմնի ծայրամասերում, նկատվում է ձեռքերի և ոտքերի մատների, քթի ծայրի կապտություն, ձեռնաթաթերի և ոտնաթաթերի սառնություն:
Շատ տարածված է շնչառ. անբավարարության՝ թոքերի տարածուն ախտահարման (թոքաբորբ, կրծքամզի բորբոքում, թոքերի կարծրախտ ևն) հետևանքով առաջացած Կ.:
Արտահայտված Կ, նկատվում է սրտի բնածին արատների (տես Սրտի արատներ) դեպքում, երբ երակային արյան մի մասը թոքերով անցնում է զարկերակային համակարգ: Իրանի կամ վերջույթների որոշակի հատվածում Կ. անոթների կտրուկ սեղմման, ճնշման կամ խցանման հետևանք է: Մաշկի կապտություն է առաջանում նաև որոշ թույներով (անիլին, նիտրոբենզոլ, բերթոլետյան աղ) թունավորվելիս, որոնց ազդեցության հետևանքով արյան հեմոգլոբինը վերածվում է մուգ գույնի մետհեմոգլոբինի: Կ-ի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ, սուր վարակիչ հիվանդություն՝ փուլային ընթացքով և ջղաձգային հազի բնորոշ նոպաներով: Հարուցիչը կարճ ցուպիկաձև բակտերիան է: Հայտնաբերել են բելգ. գիտնական Ժ. Բորդեն և ֆրանս. գիտնական Օ. Ժանգուն, 1906-ին: Հիվանդի խորխի ու լորձի կաթիլներում գտնվող Կ.հ-ի ցուպիկը հազալիս օդակաթիլային ճանապարհով՝ շնչուղիներով, թափանցում է առողջ մարդու օրգանիզմ:
Վարակվում են միայն հիվանդի հետ շփվելիս, որովհետև Կ.հ-ի հարուցիչն անկայուն է, և շրջապատող առարկաների միջոցով վարակի փոխանցումը գործնականորեն բացառվում է: Հիվանդանում են առավելապես 1-5 տարեկան երեխաները, երբեմն նաև մինչև 1 տարեկանները: Կ.հ-ից հետո առաջանում է կայուն իմունիտետ, հետևաբար՝ հիվանդության կրկնությունը շատ հազվադեպ է:
Գաղտնի շրջանը 2-15 (միջինը՝ 5-9) օր է: Սկսվում է հազով, որն աստիճանաբար ուժեղանում է, բարձրանում է ջերմաստիճանը, երեխան դառնում է գրգռված, վատանում են քունը և ախորժակը: Այս շրջանը (տևում է 2 շաբաթ) կոչվում է լորձենաբորբային (կատառային) և բնութագրվում է երեխայի ինքնազգացողության աստիճանական վատացմամբ, երկարատև ու ծանր հազով: 2-րդ շաբաթվա վերջին և 3-րդի սկզբին սկսվում է նոպայաձև ջղաձգային հազի շրջանը (տևում է 1-5 շաբաթ): Ջղաձգային հազի նոպաները հիվանդության հիմն. և մշտ. ախտանշաններն են: Հիվանդության ծանրությունը կախված է նոպաների տևողությունից և հաճախությունից: Վաղ մանկ. տարիքի երեխաների մոտ հազի նոպաները երկարատև են (2-3 ր): Նոպայի ժամանակ հիվանդի դեմքը կարմրում է, այնուհետև՝ կապտում: Աչքերն արցունքոտվում են, երբեմն առաջանում է աչքի սպիտապատյանի արյունազեղում, լեզուն դուրս է գալիս բերանից, պարանոցի երակներն ուռչում են, հնարավոր են ակամա կղում և միզարձակում: Նոպան ավարտվում է կպչուն խորխի արտադրությամբ, երբեմն՝ փսխումով: Հազի նոպաները կրկնվում են օրը 5-30 և ավելի անգամ: Դեմքը փքվում է, կոպերն ուռչում են, դեմքի մաշկին առաջանում են արյունազեղումներ: Հազի նոպաների