Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանրէները ճարպագեղձերի, քրտնագեղձերի ծորանների մեջ ընկնելիս, ինչպես նաև փոքր վնասվածքների միջոցով մաշկի մեջ թափանցելիս, ֆուրունկուլը (տես Ֆուրունկուլոզ) սեղմելիս:

Նախատրամադրող գործոններն են՝ թերվիտամինային վիճակը (տես Վիտամինային անբավարարություն), շաքարախտը, ճարպակալումը: Կ. սովորաբար լինում է մեկական, առավել հաճախ առաջանում է հագուստին (օձիք, գոտի) շփվող տեղերում՝ պարանոցի հետին մակերևույթին, գոտկատեղի, նստատեղի, երբեմն՝ վերջույթների և դեմքի վրա: Սկզբում ի հայտ են գալիս մաշկի ցավոտ պնդացում և կարմրություն, պնդացումն արագ մեծանում է, ցավը՝ ուժեղանում: Նկատվում են տկարություն, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում: Կարմրությունն ստանում է ավելի մուգ երանգ: Ախտահարված ոատվածի կենտրոնում գոյանում են թարախային «գլխիկներ», որոնք պատռվում են՝ արտադրելով թարախ, իսկ դրանց միջև մաշկը մեռուկանում է, և այդ հատվածն աստիճանաբար պոկվում է:

Կ-ի դեպքում կարող են առաջանալ բարդություններ՝ կարմիր քամի, արյան վարակում, թրոմբոֆլեբիտ, ֆլեգմոն: Առավել վտանգավոր է քթի և հատկապես շրթունքների Կ., որի դեպքում թարախային գործընթացը կարող է տարածվել գլխուղեղի պատյանների վրա և առաջացնել թարախային ուղեղապատյանաբորբ:

Բուժումը վիրահատական է: Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևել մաշկի և հագուստի մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից: Քերծվածքները, փոքր վերքերն անմիջապես մշակել վարակազերծող դեղանյութերով՝ յոդի (5-10 %-անոց սպիրտային) և մեթիլեն կապույտի լուծույթներով:

ԿԱՐԴԻՈՍԿԼԵՐՈԶ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:

ԿԱՐԾՐԱԽՏ, սկլերոզ, օրգանների, անոթների պատերի և հյուսվածքների կարծրացում՝ դրանց յուրահատուկ կառուցվածքային տարրերը (գեղձային բջիջներ, մկաններ ևն) շարակցական հյուսվածքով փոխարինվելու հետևանքով: Առաջադիմող Կ-ային փոփոխությունները հանգեցնում են ախտահարված օրգանի ֆունկցիայի աստիճանական նվազեցման, ընդհուպ մինչև դադարեցման: Օրինակ՝ սրտամկանի Կ-ից (կարդիոսկլերոզ) խիստ թուլանում է կծկողունակությունը: Թոքերի հյուսվածքների Կ-ի (պնևմոսկլերոզ) հետևանքով արյունը թթվածնով վատ է մատակարարվում: Զարկերակի պատերի Կ. (տես Աթերոսկլերոզ) հաճախ բնորոշ է տարեցներին և ծերերին: Կ-ի հետևանքով դժվարանում է անոթներով արյան շարժումը, վատանում օրգաններին և հյուսվածքներին թթվածնամատակարարումը:

Կ-ի առաջացման հիմն. պատճառը տարբեր բորբոքային հիվանդություններն են (տուբերկուլոզ, սիֆիլիս, քրոնիկ. բորբոքումներ ևն), ինչպես նաև հյուսվածքների երկարատև թթվածնաքաղցով, ներզատիչ գեղձերի ֆունկցիաների խանգարումներով (և այլ պատճառներով) պայմանավորված նյութափոխանակության խանգարումները: Կ. կարող է առաջանալ մարդու բոլոր օրգաններում և հյուսվածքներում:

Կանխարգելումը. Կ-ային փոփոխություններ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում:

ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ (միօպիա). տեսողության խանգարում, որի դեպքում դիտվող առարկան պարզ տեսանելի է միայն մոտ տարածության վրա: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևում: Այդ առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ, առաջանում է Կ.: Կ-յան ժամանակ մեծ մասամբ ակնագնդի ձևի փոփոխություններն աննշան են լինում, սակայն, երբ ակնագունդը շարունակում է երկարել, Կ-յան աստիճանը մեծանում է: Նրա առաջընթացը կարող է հանգեցնել աչքի լուրջ փոփոխությունների և տեսողության նշանակալի կորստի: Տարբերում են Կ-յան 3 աստիճան՝ թույլ, միջին և բարձր: Կ-յան աստիճանը որոշվում է ոսպնյակի օպտիկ. ուժով, որն աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը փոխում է այնպես, որ դրանք հատվում են ցանցաթաղանթի վրա:

Կ-յան առաջացման վրա ազդում է աչքի ակոմոդացիայի (ոսպնյակի փոխվելու՝ ավելի կամ պակաս ուռուցիկ դառնալու հատկություն) վիճակը: Կ. սովորաբար առաջանում է թույլ ակոմոդացիայով անձանց աչքերում՝ մոտ տարածության վրա երկարատև և անկանոն տեսող. աշխատանք կատարելիս: Կ-յան առաջացմանը նպաստում են աշխատատեղի անբավարար լուսավորվածությունը, կարդալիս կամ գրելիս ոչ ճիշտ դիրքը, հաճախ՝ ժառանգ. նախատրամադրվածությունը:

Կ-յան խորացումը դադարեցնելու կամ դանդաղեցնելու համար շատ կարևոր է 1-ին ախտանշանները նկատելը: Դպրոցականը դժգոհում է, որ գրատախտակին գրվածն սկսել է վատ տեսնել, առարկաները դիտելիս կկոցում է աչքերը: Կարդալիս գիրքը մոտեցնում է աչքերին, գրելիս գլուխը խոնարհում է սեղանին, կինոյում կամ թատրոնում ձգտում է զբաղեցնել էկրանին, բեմին մոտ աթոռ: Դա ազդանշան է ծնողների և մանկավարժների համար. անհրաժեշտ է անմիջապես դիմել ակնաբույժի, որը կնշանակի համապատասխան բուժում: Կարճատես աչքի օպտիկ. թերությունը կարելի է շտկել համապատասխան ակնոցով, որը ցանցաթաղանթի վրա վերականգնում է հեռավոր առարկաների պարզորոշ պատկերը և ուժեղացնում տեսողության սրությունը, որպես կանոն, մինչև բնականոն մակարդակը: Ակնոցն սկզբում կարող է առաջացնել