որն իրականացնում է մարդասիրական, բուժօգնության, պարենային, ջրամատակարարման և այլ ծրագրեր, ակտիվորեն զբաղվում է նաև ղարաբաղյան հակամարտության հետևանքով 2 կողմերում հայտնված ռազմագերիների հիմնախնդիրներով, հետևում մարդու իրավունքների միջազգայնորեն սահմանված նորմերի պահպանմանը: ԿԽՄԿ մի շարք առաջարկություններ է արել նաև քրեական օրենսգրքի ընդունման կապակցությամբ:
ԿԱՐՄԻՐ ՔԱՄԻ, մաշկի (հազվադեպ՝ լորձաթաղանթների) վարակ. բնույթի սուր բորբոքում: Հարուցիչը ստրեպտոկոկն է, որը փոխանցվում է վնասված մաշկի (ճանկռվածքներ, քերծվածքներ, հարուկներ ևն) միջոցով: Կ.ք. կարող է առաջանալ որպես թարախային վերքերի, կարբունկուլի բարդություն, ինչպես նաև ստրեպտոկոկեր պարունակող այլ թարախային օջախների շուրջը: Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի (դող, գլխացավ, հաճախակի փսխումներ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40° C, երբեմն՝ զառանցանք): Ախտահարված մաշկը կարմրում է (էրիթեմա) և թեթևակի ուռչում, ունենում է խիստ ուրվագծված սահմաններ, արագ մեծանալով՝ առաջացնում է այրոց, ցավեր: Էրիթեմային Կ.ք. երբեմն առանց բուժման անցնում է 3-7 օրից, բայց գործընթացը կարող է նաև ձգձգվել՝ անցնելով մարմնի մի հատվածից մյուսին (թափառող Կ.ք.): Առավել ծանր՝ բշտային Կ.ք-ու ժամանակ կարմրած մաշկի վրա առաջանում են թարախային կամ թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ: Շատ ավելի ծանր է ընթանում ֆլեգմոնային Կ.ք., որն ուղեկցվում է ենթամաշկային ֆլեգմոնի առաջացմամբ: Ամենածանր՝ փտախտային ձևի ժամանակ մաշկը մեռուկանում է:
Նույնիսկ առավել թեթև՝ էրիթեմային Կ.ք-ու դեպքում հնարավոր են բարդություններ՝ արյան վարակում և ուղեղապատյանաբորբ:
Կ.ք-ու կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի: Բուժման տնային միջոցները (քափուրի յուղ քսելը, վրան կավճափոշի ցանելը, խավավոր կարմիր գործվածքով փաթաթվելը) անօգուտ են, իսկ տաքացնող կոմպրեսները՝ ուղղակի վտանգավոր: Ախտահարված մաշկին հակացուցված է յոդ, իխթիոլի քսուք, ներկող նյութեր քսել, որովհետև դրանք կարմրությունը քողարկելով՝ դժվարացնում են ախտորոշումը (հատկապես գլխի մազածածկ մասի Կ.ք-ու ժամանակ): Այստեղ ախտահարված մասի միայն եզրերն են կարմիր, իսկ մնացած մակերևույթն անգույն է (այսպես կոչված՝ սպիտակ Կ.ք.):
Հիվանդությունից (հատկապես չբուժված) հետո երբեմն պահպանվում է հիվանդության հարուցչի հանդեպ գերզգայնությունը, և Կ ք. ժամանակ առ ժամանակ կրկնվում է (սովորաբար նույն հատվածում): Կ.ք-ով ոտքերի բազմակի ախտահարումը կարող է փղախտի պատճառ դառնալ:
Կանխարգելումը. հետևել մաշկի մաքրությանը, մանր վնասվածքները շտապ մշակել յոդի սպիրտային լուծույթով կամ հականեխիչ միջոցներով (տես Վերքեր): Չնայած Կ.ք-ու փոխանցման հավանականությունը փոքր է, այնուամենայնիվ, վարակումից խուսափելու նպատակով, հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լավ լվանալ և մաքրել օդեկոլոնով կամ սպիրտով:
ԿԱՐՄՐԱԽՏ, սուր վարակիչ հիվանդություն, բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, թույլ արտահայտված լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ), ծոծրակային ավշահանգույցների մեծացմամբ, ցավոտությամբ և մաշկի ցանով: Կ-ի հարուցիչը վիրուսն է, որը հիվանդի խորխի, թքի և արցունքի կաթիլների հետ (հազալիս, փռշտալիս, խոսելիս) օդակաթիլային ճանապարհով առողջ մարդու շնչուղիներով թափանցում է օրգանիզմ: Կ-ով կարող են վարակվել ամեն տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները, իսկ հասուն մարդիկ՝ հազվադեպ: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Կ-ով հիվանդը վարակի աղբյուր կարող է լինել նույնիսկ հիվանդության բոլոր ախտանշաններն անցնելուց հետո (մոտ 2 շաբաթ):
Կ-ի վիրուսն օրգանիզմում կարող է մնալ 16-21 օր, և հիվանդությունը չդրսևորվի (գաղտնի շրջան): Հիվանդության նախանշանային շրջանը դրսևորվում է թույլ արտահայտված հարբուխով, հազով և հաճախ աննկատ է մնում: Ծոծրակային և պարանոցային ավշահանգույցները մեծանում են և շոշափելիս ցավոտ են: Այս ախտանշաններին զուգահեռ կամ 1-2 օր անց դեմքի և մարմնի վրա առաջանում է բաց վարդագույն մանր ցան, որը 2-3 օրից անհետանում է՝ հետք չթողնելով: Բարձր ջերմաստիճանը պահպանվում է 1-3 օր: Հաճախ հիվանդության ընթացքում ջերմաստիճանը կարող է չբարձրանալ, և երեխայի ընդհանուր վիճակը չփոխվել: Կ. կարող է ընթանալ նաև գաղտնի, առանց ախտանշանների: Կ-ից սովորաբար բարդություններ չեն լինում:
Հղի կնոջ Կ. պտղի ներարգանդային վարակման վտանգ է սպառնում, նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում: 1941-ին ավստրալ. բժիշկ Գրեգը հայտնաբերել է, որ հղի կանանց Կ. կարող է երեխաների բնածին ծանր արատների պատճառ հանդիսանալ: Ուստի վտանգավոր է Կ-ով հիվանդացումը հղիության 1-ին 3 ամիսներին, իսկ ավելի ուշ վարակվելիս պտուղը ծնվում է բնածին սակավարյունությամբ, ներքին օրգանների ախտահարմամբ: Նման երեխաները ծնվելուց հետո (մոտ 18 ամիս) շրջապատի համար կարող են լինել վարակի աղբյուր:
Բուժում է բժիշկը՝ տնային պայմաններում: Երեխային անհրաժեշտ է դյուրամարս սնունդ և հանգիստ:
Կանխարգելումը. հարկավոր է հիվանդ երեխային ժամանակին մեկուսացնել մանկ. կոլեկտիվից: Հղի կանայք պետք է խուսափեն Կ-ով հիվանդներից, իսկ շփման դեպքում՝ խորհրդակցեն բժշկի հետ:
ԿԱՐՄՐՈՒԿ, սուր վարակիչ հիվանդություն. բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, վերին շնչուղիների լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հազ, հարբուխ, ձայնի խռպոտություն), աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթների բորբոքումով և մաշկի վրա կարմիր խոշոր բծավոր ցանի առաջացմամբ: Կ-ի հարուցիչը վիրուսն է, վարակի աղբյուրը՝ հիվանդ մարդը, որի խորխում, թքում, արցունքում պարունակվող վիրուսն օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է առողջներին: Կ-ով կարող են հիվանդանալ ամեն տարիքում, սակայն, ավելի հաճախ՝ մինչև 5 տարեկան երեխաները՝ ձեռք բերելով կայուն իմունիտետ: Մինչև 3 ամսական երեխաները սովորաբար Կ-ով չեն հիվանդանում, նրանց իմունիտետը փոխանցվում է մորից, իսկ Կ-ով չհիվանդացած մորից ծնված երեխան կարող է հիվանդանալ նույնիսկ կյանքի 1-ին ամիսներին:
Հիվանդությունն ընթանում է 4 շրջանով: 1-ին՝ գաղտնի շրջանը տևում է 6-18 օր, որի ընթացքում վիրուսը գտնվում է օրգանիզմում, սակայն հիվանդագին երևույթներ չեն առաջանում (տես Գաղտնի շրջան): 2-րդ՝ նախանշանային շրջանում (3-4 օր) բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են հարբուխ, հազ, ձայնի խռպոտություն, աչքերի կարմրություն, արցունքահոսություն: Աստիճանաբար այս երևույթները սաստկանում են, առաջանում են լուսավախություն, հաչոցանման