հազ, կարող է ախտահարվել նաև կոկորդը՝ կրուպի դրսևորումներով: Այս շրջանին բնորոշ են այտերի լորձաթաղանթներին՝ ստորին աղորիքների դիմաց, կարմիր երիզով օղակված նուրբ սպիտակ (այսպես կոչված՝ Ֆիլատով-Կոպլիկի) բծերը, որոնք անհետանում են ցանավորման 1-ին, 2-րդ օրերին: Մյուս բնորոշ հատկանիշը՝ փափուկ և կոշտ քիմքերի լորձաթաղանթների վրա կարմիր բծերն են՝ էնանթեմները: Երեխաները լինում են գրգռված, նկատվում են քնի խանգարում, ախորժակի վատացում, երբեմն կղումը դառնում է հաճախակի (բնորոշ է հեղուկ կղանքը): Ավագ տարիքի երեխաներն ունենում են գլխացավ, սրտխառնոց, քթային արյունահոսություն, որովայնի ցավեր: 3-րդ՝ ցանավորման շրջանում մարմնի ջերմաստիճանը նորից է բարձրանում, հիվանդի վիճակը վատանում է, բնորոշ է խոշոր բծավոր ցանը, որն առաջանում է սկզբում այտերին և ճակատին, ականջների հետևում, իսկ մի քանի ժ անց ընդգրկում է ամբողջ դեմքը: Այնուհետև ցանն աստիճանաբար տարածվում է իրանի և վերջույթների մաշկի վրա: Ուժեղ քրտնարտադրությունից մաշկը խոնավանում է, նկատվում է թեթևակի քոր: Այս շրջանը շարունակվում է 3-4 օր: 4-րդ՝ առողջացման շրջանում սկզբում դեմքի, այնուհետև իրանի և վերջույթների ցանը վերածվում է բաց դարչնագույն բծերի, որոնք աստիճանաբար (7-10 օրից) անհետանում են՝ մաշկի վրա թողնելով նուրբ թեփ: Ջերմաստիճանն աստիճանաբար իջնում է, երեխայի ընդհանուր վիճակը՝ լավանում:
Կ-ի ընթացքը կարող է լինել թեթև և ծանր: Ծանր ընթացքի դեպքում հնարավոր են ուժեղ գլխացավ, սրտխառնոց, քթային արյունահոսություն, որոշ դեպքերում՝ զառանցանք և զգայախաբություններ (տես Հոգեկան հիվանդություններ): Կ. կարող է բարդանալ թոքաբորբով, կոկորդի ախտահարումով (կրուպ), միջին ականջի բորբոքումով (ականջաբորբ), ստամոքսաղիքային համակարգի խանգարմամբ, գլխուղեղի բորբոքումով: Հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Կ. բուժելիս շատ կարևոր են հիգիենայի ընդհանուր միջոցառումները, սննդակարգը, հիվանդի խնամքը: Հիվանդի սենյակը պետք է հաճախակի օդափոխել: Լուսավախության ժամանակ խորհուրդ չի տրվում սենյակը մթնեցնել: Կարևոր է նաև մաշկի (շփում, լվացում), բերանի լորձաթաղանթի (շատ հեղուկներ խմել՝ հատկապես ուտելուց հետո, և բերանը ողողել), աչքերի (օրը մի քանի անգամ մաքրել եռացրած ջրով թրջած բամբակով) խնամքը:
Կանխարգելումը. հիվանդության 1-ին ախտանշանների դեպքում երեխային պետք է մեկուսացնել մյուսներից (ցանն ի հայտ գալու սկզբից) ոչ պակաս քան 5 օր և հիվանդության մասին տեղեկացնել մանկ. հիմնարկ: Կ. վտանգավոր է հատկապես մինչև 2 տարեկան, ինչպես նաև այլ տարիքի թույլ երեխաների համար, ուստի պետք է նրանց հանդեպ խիստ ուշադիր լինել: Շատ արդյունավետ է հակակարմրուկային պատվաստումը, որը կատարվում է հակացուցում չունեցող 15-18 ամսական երեխաներին (տես Կանխարգելիչ պատվաստումներ): Որևէ պատճառով (հակացուցման և այլ դեպքերում) չպատվաստված երեխաները Կ-ով հիվանդների հետ շփվելիս պետք է ստանան գամմա-գլոբուլին, որի ժամանակին ներարկումը կանխում է հիվանդությունը կամ այն շատ թեթև է ընթանում:
ԿԵՂԾ ԿՐՈՒՊ, տես Կրուպ հոդվածում:
ԿԵՂԾ ՀՈԴ, կոտրված կամ հիվանդությունների հետևանքով քայքայված ոսկրերի ծայրերի միջև սերտաճման կայուն բացակայություն: Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկրի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների (օրինակ՝ ազդրոսկրերի վզիկի կոտրվածքնեիի) ժամանակ:
Ավելի հաճախ Կ.հ. առաջանում է սրունքի վրա՝ նրա 2 ոսկրերի կոտրվածքից հետո: Հազվադեպ Կ.հ. լինում է բնածին՝ գոյանում է պտղի ոսկրի սաղմնային արատի տեղում: ժամանակի ընթացքում Կ.հ-ի տեղում կարող է ձևավորվել իսկական հոդի նմանակը՝ բեկորների ծայրերում աճառի զարգացմամբ, որը շրջապատված է հոդային ձուսպահեղուկ պարունակող սպիական հոդապատյանով:
Հիմն. ախտանշաններն են՝ վերջույթի ֆունկցիայի խանգարումը (ձեռքն աշխատեցնելու, ոտքի վրա կանգնելու անհնարինությունը), Կ.հ-ի շրջանում ցավերը, սրունքի, ազդրի Կ.հ-ի մակարդակի վրա ոչ բնականոն շարժողությունը:
Բուժում է բժիշկը (վնասվածքաբանը, օրթոպեդը): Հիմն. մեթոդը վիրաբուժ. միջամտությունն է, որի օգնությամբ բեկորներն ամուր կպչում են և սերտաճում: Լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատությունները՝ հիվանդի սեփական ոսկրի փոխպատվաստումը, ինչպես նաև ոսկրաբեկորների միացումը մետաղե կամ պլաստմասայե կառուցվածքներով, որոնք երբեմն հյուսվածքներում մնում են ընդմիշտ, մյուսները հեռացվում են ոսկրի սերտաճումից և Կ.հ-ի վերացումից հետո: Բուժելիս լայնորեն օգտագործում են նորագույն բժշկ. սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոսկրաբեկորները հպել իրար՝ դրանց արագ սերտաճեցնելու և միաժամանակ ծայրանդամի կարճացումը կանխելու նպատակով:
Այդպիսի սարքերի շնորհիվ հիվանդը կարող է քայլել՝ հենվելով հիվանդ ոտքին՝ վիրահատությունից հետո հենց 1-ին օրերին: Վիրահատ. բուժման ելքը, որպես կանոն, բարեհաջող է, որը, սակայն, մեծ համբերություն և հաստատակամություն է պահանջում, քանի որ հետվիրահատ. բուժումը սովորաբար երկարատև է (1 տարի և ավելի):
Որոշ դեպքերում, երբ Կ.հ. ցավ չի պատճառում և քիչ է խանգարում ֆունկցիային (դա հիմնականում հնարավոր է նախաբազկի ոսկրերի Կ.հ-ի ժամանակ), ինչպես նաև, եթե վիրահատությունը որևէ պատճառով հակացուցված է, խորհուրդ է տրվում կրել օրթոպեդիական սարքեր:
Կանխարգելումը. կոտրվածքների բուժման ժամանակ բժշկի նշանակումների խստորեն կատարում: Հատկապես անթույլատրելի է ինքնուրույն, ժամանակից շուտ գիպսակապը հանելը, եթե հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել տանը և պոլիկլինիկայում բուժումն ավարտելու նպատակով:
ԿԵՂՏԱՋՐԵՐ, մարդու տնտ., կենցաղային կամ արտադր. գործունեության ընթացքում առաջացող ջրեր, որոնք կոյուղու համակարգով հեռացվում են բնակավայրերի և արդ. ձեռնարկությունների տարածքից: Կ-ի ճիշտ հեռացումից, օգտահանումից և մաքրումից է կախված բնակավայրերի սանհամաճարակաբան. բարեկեցությունը և բաց ջրամբարները որպես ջրամատակարարման աղբյուրներ օգտագործելու հնարավորությունը: Խստորեն