մասնագիտացված Կ-ական ֆունկցիա: Բջջի կորիզում տեղի է ունենում ժառանգ. ինֆորմացիայի փոխանցումն իրականացնող նյութերի՝ նուկլեինաթթուների և նուկլեոպրոտեիդների սինթեզ (տես Գեն): Պարզվել է սպիտակուցների կառուցվածքը, որոշվել տարբեր սպիտակուցներում ամինաթթուների դասավորության հաջորդականությունը: 1916-ից սկսած՝ սինթեզվել են ավելի քան 200 տարբեր սպիտակուցներ ու հորմոններ: Խոշոր նվաճումներից էր սպիտակուցային հորմոնի՝ ինսուլինի սինթեզը, որը փրկեց մեծ թվով շաքարախտով հիվանդների:
Մարդու շատ հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար կարևոր նշանակություն են ձեռք բերում Կ-ական վաղ ախտորոշման մեթոդները: Կլինիկ. Կ-ի բնագավառում լայնորեն կիրառվում են տարբեր արագընթաց մեթոդներ և ավտոմատ սարքեր, որոնց շնորհիվ արագ (երբեմն 30 վրկ-ի սահմանում) և հետազոտվող նյութի նվազագույն ծավալում (օրինակ՝ մեզի 1 կաթիլում) կարելի է որոշել շատ նյութերի պարունակությունը և դրանով ճշտել հիվանդությունը, իսկ երբեմն էլ՝ ախտորոշել այն: Իզոտոպներով նշված մոլեկուլներ պարունակով պատրաստուկների կիրառումն ամբողջական օրգանիզմում Կ-ական ռեակցիաների ուսումնասիրման առավել ճշգրիտ մեթոդների հիմքն է, որը նպաստում է ախտորոշման ճշգրտությանը և բուժման արդյունավետությանը:
Կ-ական փոփոխությունները մարդու հիվանդությունների հիմքն են կամ 2-րդային դրսևորումները, և 2 դեպքում էլ Կ-ական հետազոտությունը ճշգրիտ ախտորոշման երաշխիքն է:
Կարևոր նշանակություն է տրվում էնզիմաախտորոշման մեթոդներին, երբ որոշվում է ֆերմենտների ակտիվությունն արյան շիճուկում, մեզի մեջ, ինչպես նաև առանձին բջիջներում՝ լեյկոցիտներում, էրիթրոցիտներում, ֆիբրոբլաստներում ևն: Տարբեր կլինիկ. լաբորատորիաների համար մշակվել են մեծ թվով ավտոմատ վերլուծիչներ, որոնցից մի քանիսը հնարավորություն են տալիս կատարել 30-40 տեսակ Կ-ական հետազոտություններ՝ շատ բարձր արդյունավետությամբ (ժամում մինչև 3000 հետազոտություն), և ստացված արդյունքները հաղորդել հեռատիպով:
ՀՀ-ում Կ-ական 1-ին օջախը հիմնվել է ԵՊՀ բժշկ. ֆակ-ում, 1923-ին՝ պրոֆ. Հ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: 1961-ին հիմնադրվել է ՀՀ ԳԱՍ Հ. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստ-ը, այնուհետև Կ-ի ամբիոններ են ստեղծվել ԵՊՀ կենսբ. ֆակ-ում, իսկ Կ-ական պրոբլեմային լաբորատորիաներ են կազմակերպվել ԵՊՀ-ում, բժշկ. (1995-ից՝ ԵՊԲՀ), անասնաբուծ-անասնաբուժ. (1994-ից՝ ՀԳԱ) ինստ-ներում: Կ-ական լաբորատորիաներ են գործում սրտաբանության, կուրորտաբանության և ֆիզ. բժշկության, վիրաբուժության ԳՀԻ-ներում և ուռուցքաբանության կենտրոնում: Հետազոտություններ են կատարվում գլխուղեղի ֆունկցիոնալ Կ-ի, նյարդաքիմիայի, ֆերմենտների ակտիվության կարգավորման, ազոտային փոխանակության, սպիտակուցների ֆիզքիմիայի և շատ այլ բնագավառներում:
ԿԵՆՍԱՖԻԶԻԿԱ, կենսաբանական ֆիզիկա, գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ֆիզ. և ֆիզքիմ. հատկությունները և դրանց կենսագործունեության հիմքում ընկած գործընթացների ֆիզքիմ. օրինաչափությունները: Կ-ի մեթոդների օգնությամբ մոլեկուլային մակարդակով ուսումնասիրվում են ամբողջական օրգանիզմում, առանձին համակարգերում, օրգաններում, հյուսվածքներում, բջիջներում, ենթաբջջային կառուցվածքներում ընթացող կենսական գործընթացների ֆիզ. և ֆիզքիմ. օրինաչափությունները: Օրինակ՝ բարդ քիմ. միացությունների, այդ թվում կարևորագույն կենսամակրոմոլեկուլների՝ սպիտակուցների ու նուկլեինաթթուների ֆիզ. և ֆիզքիմ. հատկություններն ուսումնասիրում է մոլեկուլային Կ.: Վերծանվել են մի շարք խոշոր կենսամոլեկուլների կառուցվածքները, բացահայտվել ատոմների տարածական դասավորությունը դրանցում: Բջջի Կ. ուսումնասիրում է բջիջների կենսագործունեության ֆիզքիմ. հատկությունները, բջջային կառուցվածքների կապը ֆունկցիայի հետ, բջջային գործընթացների էներգետիկան և թերմոդինամիկան: Կենսբ. կինետիկայի և թերմոդինամիկայի տեսանկյունից ուսումնասիրվում է մասնավորապես առանձին բջիջների ու ամբողջական օրգանիզմների հարմարվողականությունը շրջակա միջավայրի պայմաններին:
Կ-ի կարևոր հիմնախնդիրներից է կենսբ. թաղանթների կառուցվածքի ու ֆունկցիաների, թափանցելիության կարգավորման մեխանիզմներում դրանց նշանակության և տարբեր ախտաբան. վիճակներում տեղի ունեցող խանգարումների ուսումնասիրումը: Զգալի հաջողություններ են ստացվել օրգանիզմների բջիջներում ֆիզ. էներգիան քիմիականի փոխարկվելու մեխանիզմների, մասնավորապես լույսի ազդեցությամբ կանաչ բույսերում տեղի ունեցող ֆոտոսինթեզի ուսումնասիրման գործում: Ճառագայթային Կ-ի բնագավառում հետազոտվում է էներգիայի փոխակերպումը՝ կենդանի օրգանիզմների վրա իոնացնող ճառագայթների ազդեցության դեպքում:
Բժշկ. Կ. ուսումնասիրում է տարբեր ախտաբան. գործընթացների (աթերոսկլերոզ, բորբոքում, այտուցներ, երիկամաբորբ, ջրաաղային փոխանակության խանգարում ևն) առաջացման և ընթացքի ֆիզքիմ. մեխանիզմները: Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են դրդման և նյարդաթելերով վերջինիս տարածման կենսաֆիզ. օրինաչափությունները, տեսող. օրգաններում ընթացող լուսաքիմ. գործընթացները ևն: Կ. կարևոր նշանակություն ունի ճառագայթային ախտահարման մեխանիզմների բացահայտման, կանխարգելման և բուժման եղանակների մշակման համար: Կ-ի մեթոդներով ուսումնասիրվում են չարորակ ուռուցքների ֆիզքիմ. և մոլեկուլային մեխանիզմները և զարգացման առանձնահատկությունները շատ դեղանյութերի (թմրադեղեր, թույներ) ազդեցության մեխանիզմները ևն:
Կ-ի գիտ. հիմքերը դրվել են դեռև 18-րդ դ.:
ՀՀ-ում կենսաֆիզ. հետազոտություններն սկսվել են 1950-ական թթ., ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ում: Այնուհետև կենսաֆիզ. օջախներ են ստեղծվել ԵՊՀ-ում, ՀՀ հաշվող. կենտրոնում, երկրագործության, սրտաբանության, ֆիզիկայի, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության ԳՀԻ-ներում, ԵՊԲՀ-ում: Հետազոտություններ են տարվում մոլեկուլային, կենսաթաղանթների, մկանային կծկման, ճառագայթային և բժշկ. Կ-ի ուղղություններով: Կ. դասավանդվում է որոշ բուհերի համապատասխան ամբիոններում:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ընդգրկում է գլխուղեղը և ողնուղեղը, որտեղ մշակվում է մաշկի, լորձաթաղանթների, մկանների, ջլերի և ներքին օրգանների (շրջապատի և օրգանիզմի ներքին միջավայրի) ընկալիչներից ծայրամասային զգացող նյարդաթելերով գնացող ինֆորմացիան, ինչպես նաև ծրագրավորում օրգանիզմի պատասխան հակազդեցությունը, որն իրականանում է ծայրամասային նյարդային համակարգի շարժիչ և վեգետատիվ նյարդերով (տես Զգայնություն, Վեգետատիվ նյարդային համակարգ, Նյարդային համակարգ) մկաններին, գեղձերին, արյունատար անոթներին և ներքին օրգաններին հաղորդվող ազդակների օգնությամբ: Կ.ն.հ.