Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգավորում և ապահովում է մարդու բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիոնալ միասնությունը և իրականացնում օրգանիզմի երկկողմանի կապը շրջապատի հետ: Կ.ն.հ-ի գործունեությունը կատարվում է փուլերով: Ծայրամասային նյարդերի հետ անմիջական կապն իրականացնում է ողնուղեղը:

ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ, բնական ծննդաբեր. ուղիներով ծնունդի անհնարինության (նեղ կոնք, կնոջ ընդհանուր ծանր հիվանդություններ) դեպքում պտուղը (որովայնի պատի և արգանդի հատումով) դուրս բերելու նպատակով կատարվող մանկաբարձ. վիրահատություն: Ըստ գոյություն ունեցող վարկածի՝ հին հռոմեական զորավար, պետ. գործիչ Հուլիոս Կեսարը ծնվել է այդ ճանապարհով, որտեղից և վիրահատության անվանումը: Վիրահատությունը կատարվում է նարկոզով:

Վիրահատված կինը պետք է գտնվի կանանց կոնսուլտացիայի բժշկի հսկողության տակ և խստորեն կատարի նրա խորհուրդները: Վիրահատությունից հետո (մինչև 8 շաբաթ) պետք է խուսափել ֆիզ. բեռնվածությունից՝ կապված որովայնի մկանների լարվածության հետ: Խորհուրդ են տրվում ձեռքերի և ոտքերի ֆիզ. վարժություններ, ինչպես նաև շնչառ. մարմնամարզություն, իսկ որովայնի մկանների վարժությունները՝ միայն բժշկի թույլտվությամբ: Անհրաժեշտ է բանդաժ հագնել, իսկ Կ.հ-ից հետո հղիության հնարավորության հարցը որոշվում է բժշկի հետ՝ կանանց կոնսուլտացիայում: Եթե հղի կնոջ ծննդաբերության ժամանակ ենթադրվում են լուրջ բարդություններ, ենթակա են Կ.հ-ման, ապա նրանք նախօրոք հոսպիտալացվում են (տես Հոսպիտալացում):

ԿԵՍՈՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Ապաճնշումային հիվանդություններ հոդվածում:

ԿԵՐԱԿՐԱՓՈՂ, տես Մարսողական համակարգ հոդվածում:

ԿԵՐԱԿՐԻ ԱՂ (նատրիումի քլորիդ), լավացնում է սննդի համը, մասնակցում օրգանիզմի հյուսվածքներում ջրակարգավորմանը, ստամոքսահյութի աղաթթվի առաջացմանը: Նյութափոխանակության համար կարևոր նշանակություն ունեցող նատրիումի և քլորի հիմն. քանակություններն օրգանիզմ են մտնում Կ.ա-ի միջոցով: Հասուն մարդու օրգանիզմի պահանջը նատրիումի քլորիդի նկատմամբ միջին կլիմայական գոտիներում կազմում է օրական 4-6 գ, որն օրգանիզմ է մտնում սննդամթերքի և սննդին ավելացրած Կ.ա-ի միջոցով: Ըստ ստացված տվյալների՝ խմելու ջրի և սննդի հետ օգտագործվող Կ.ա-ի չարաշահումը նպաստում է մի շարք հիվանդությունների՝ մասնավորապես հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը:

Կ.ա-ի պահանջը մեծանում է՝ օրգանիզմից մեզի և քրտինքի միջոցով դուրս եկածին համապատասխան: Այն ավելանում է ֆիզ. բեռնվածության դեպքում, տաք արտադրամասերում աշխատող բանվորների, երկար տարածությունների մրցավազորդների մոտ, ինչպես նաև երկարատև կաթնաբուս. սննդակարգի, սննդում սպիտակուցների, վիտամինների անբավարարության, անզսպելի փսխումներով և ուժեղ լուծով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ:

Կ.ա-ի քանակը հարկավոր է սահմանափակել այտուցների, միզարտադրության համակարգի և սիրտանոթային համակարգի հիվանդությունների, հիպերտոնիկ հիվանդության, հղիության վերջին ամիսներին հանքային նյութերի փոխանակության խանգարումների դեպքերում:

Կ.ա-ի տարբեր տեսակներ կան, սակայն բոլորում էլ բացառվում է մետաղների, նիտրիտների և նիտրատների թունավոր միացությունների առկայությունը: Եթե խմելու ջրում և սննդամթերքում յոդի բնական պարունակությունն անբավարար է, ապա վահանաձև գեղձի հիվանդության կանխարգելման նպատակով Կ.ա. յոդացվում է: Կ.ա-ի 0,9 %-անոց լուծույթը (ֆիզիոլոգ. կամ իգոտոնիկ) օգտագործվում է ներերակային ներարկման, ներարկվող դեղանյութերը լուծելու, ինչպես նաև որպես թունազերծող միջոց (հոգնայի ձևով) և թարախային վերքերը բուժելու (գործածվում է 3-10 %-անոց լուծույթ) համար:

Բնության մեջ Կ.ա. տարածված է քարաղի՝ հալիտ միներալի ձևով, որի խոշոր հանքավայրեր կան նաև ՀՀ-ում՝ Ավանի աղահանքում:

ԿԵՐԱՏԻՏ, տես Եղջերենաբորբ:

ԿԵՐԱՏՈՊԼԱՍՏԻԿԱ, տես Եղջերապատվաստում:

ԿԵՑՎԱԾՔ, մարդու մարմնի սովոր. դիրքը հանգստի և շարժումների ժամանակ, ձևավորվում է վաղ մանկության շրջանից՝ աճման, զարգացման և դաստիարակության ընթացքում: Ճիշտ Կ. մարդու մարմնակազմվածքը դարձնում է գեղեցիկ և նպաստում շարժող. ապարատի և ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությանը:

Ճիշտ Կ-ի դեպքում ողնաշարի բնական ծռումները չափավոր են արտահայտված, թիակները տեղադրված են համաչափորեն, ուսերը միևնույն մակարդակի վրա են և թեթևակի լայնածավալ, որովայնը՝ փոքր-ինչ ներս ընկած, ոտքերը՝ ուղիղ, ոտնաթաթի կամարները՝ բնականոն, մկանները՝ լավ զարգացած, քայլվածքը՝ գեղեցիկ: Կ-ի խանգարումների դեպքերում, հատկապես աճման շրջանում, երբեմն առաջանում են ոսկրային կմախքի կայուն ձևախախտումներ, վատանում են շնչառ. օրգանների գործունեությունը, արյան շրջանառությունը, մարսողությունը, միզարտադրությունը, այնուհետև ի հայտ են գալիս նյարդային համակարգի, շարժող. ապարատի խանգարումներ, գլխացավեր, նկատվում են արագ հոգնելիություն, ախորժակի անկում:

Ոչ ճիշտ Կ-ի տեսակներից են կորացածությունը, թորշոմած Կ., ողնաշարի ծռումները: Կորացածության դեպքում, որը պայմանավորված է մեջքի մկանների թույլ զարգացմամբ, ողնաշարի կրծքային բաժինը բավականին և հավասարաչափ ցցված է դեպի հետ («կլոր մեջք»), գլուխը խոնարհված է դեպի առաջ, կրծքավանդակը՝ տափակած, ուսերը՝ կախ ընկած, որովայնը՝ դուրս պրծած: Թորշոմած Կ-ի ժամանակ գլուխը լինում է կախ ընկած, կրծքավանդակը՝ տափակած, թիակները՝ հետ ընկած, ուսերը՝ կախ ընկած, ոտքերը՝ ծնկահոդերում ծալած:

Երեխաների Կ-ի խանգարումները կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների, 1-ին հերթին ռախիտի, թերսնման, ճարպակալման, վարակիչ հիվանդությունների, տափակաթաթության, ինչպես նաև ոչ ռացիոնալ ռեժիմի, ոչ լիարժեք սնուցման, տանը և դպրոցում մանկ. կահույքի սխալ ընտրության, պայուսակը սխալ կրելու և այլնի հետևանքով:

Ոչ ճիշտ Կ-ի ձևավորման կանխումն ավելի դյուրին է, քան ուղղումը: Ուստի ծնողները և հարազատները, նախադպրոց. և դպրոց. հիմնարկների աշխատակիցները մշտապես պետք է հետևեն երեխաների Կ-ի ձևավորմանը: Կարևոր նշանակություն ունեն ժամանակին և լիարժեք սնունդը, թարմ օդը, մերսումը և մարմնամարզությունը, օրգանիզմը կոփող բուժարարողությունները, հասակին համապատասխան կահույքի ընտրությունը: Ցանկալի է, որ երեխան ինքը հսկի իր Կ.: Երեխաները չպետք է քնեն փափուկ անկողնում և անընդհատ նույն կողքին: Կյանքի 1-ին ամիսներին չի կարելի գլխի տակ բարձ դնել: Մինչև 6 ամսականը երեխային չի կարելի նստեցնել, իսկ մինչև 9 ամսականը՝ կանգնեցնել: Սկսած 6-րդ ամսից, որպես կանոն, երեխան սկսում է ինքնուրույն