գործունեության համար պատասխանատու մարմինները:
Ախտորոշման համակարգերը մշակվում են բարդ իրավիճակներում բժշկի հետ խորհրդակցելու նպատակով, այդ դեպքում էլեկտրոնային հաշվող. մեքենան (ԷՀՄ), որում տեղադրվել է մեծ ծավալի ինֆորմացիա, բժշկին հաղորդում է ախտորոշման առավել հնարավոր տարբերակներ, խորհուրդ տալիս անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ հետազոտություններ: Նշված համակարգերը կարող են օգտագործվել բնակչության բժշկ. սպասարկման կատարելագործման համար, երբ տեղերում որակյալ բուժօգնություն ցուցաբերելը դժվար է, օրինակ, անհրաժեշտ մասնագետի բացակայության պատճառով (տվյալ դեպքում օգտագործվում են կապի հատուկ միջոցներ, որոնք բուժհիմնարկը կապում են կենտր. հիմնարկների հետ, որտեղից կարելի է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն): Բացի այդ, ախտորոշման համակարգերը նախատեսվում են զանգվածային բժշկական զննումների ժամանակ առանձին անձանց հիվանդանալու հավանականությունը («բարձր ռիսկը») հայտնաբերելու համար: Այդ նպատակով կատարվում են հարցումներ, որոնցում ընդգրկվում են հետազոտվողի կենսագր. տվյալները, աշխատանքի ու կենցաղի պայմանները, կենսակերպի, կրած հիվանդությունների հետ կապված առանձնահատկությունները ևն: Եթե հետազոտվողը դասվում է «բարձր ռիսկի» խմբին, ապա ուղարկվում է լրացուցիչ հետազոտման, ընդգրկվում դիսպանսերային հաշվառման մեջ ևն:
Կատարվում են նաև էլեկտրաուղեղագրերի, էլեկտրասրտագրերի և գործիքային հետազոտության այլ տվյալների մեքենայական գնահատման (մշակման) աշխատանքներ: Մշակվում են նարկոզի կառավարման, սրտի գործունեության (տես Սրտի խթանում), շնչառության (տես Արհեստական շնչառություն) խթանման փակ համակարգեր ևն:
Արհեստ. օրգանների ստեղծման հետ կապված՝ մասնագետների ուշադրությունը գրավում է ամբողջ օրգանիզմի կամ նրա խոշոր ենթահամակարգերի (արյան շրջանառություն, շնչառություն, նյութափոխանակություն) մոդելավորումը: Կարևոր է նաև օրգանիզմի ներքին միջավայրի՝ հոմեոստազի մեխանիզմների ուսումնասիրումը: Կենդանի օրգանիզմների հոմեոստատիկ հատկությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում բժշկ. կիբեռնետիկայի համար, ինչպես օրգանիզմի ներքին միջավայրի բարեհաջող վիճակն ապահովող մեխանիզմների ֆիզիոլոգ. բնույթի (արտաքին պայմանների փոփոխության լայն ընդգրկույթով), այնպես էլ տեխ. սարքերում դրանց իրականացման հնարավորությունների բացահայտման համար (տես Բիոնիկա):
Կ.բ. ուսումնասիրում է նաև բուժման կառավարման հարցերը: ԷՀՄ-ում ինֆորմացիայի մեծ ծավալների պահպանման հնարավորությունների օգտագործումը թույլ է տալիս կոնկրետ հիվանդի համար ընտրել ամենալավ բուժումը՝ հենվելով տվյալ հիվանդությանը մոտ դեպքերի վերլուծության վրա: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բուժման կառավարումն ուժեղ ազդող դեղանյութերի օգտագործմամբ, որոնց ազդեցությունն օրգանիզմի վրա կրում է համակարգային բնույթ: Նման դեպքերում մաթ. մոդելավորման մեթոդների օգնությամբ որոշվում են բուժիչ ներգործությունների ծրագրերը (ժամկետներն ու դեղաչափերը), դեղորայքի ոչ ցանկալի կամ կողմնակի ազդեցության փոխհատուցման հնարավոր մեթոդները ևն: Մեծ նշանակություն է տրվում, օրինակ, ճառագայթաբուժության ընթացքում չափաքանակների հաշվարկման ժամանակ ԷՀՄ-ի օգտագործմանը:
Մեթոդներ են մշակվում բնակչության մեծ թվակազմի առողջության վիճակի հաշվառման համար, որը հնարավորություն է տալիս առավել արագ օգնություն ցույց տալ արտակարգ իրավիճակներում, պլանային ձևով անցկացնել հիվանդությունների կանխարգելումը, ժամանակին բացահայտել բնակչության առողջ. վիճակի ոչ բարեհաջող փոփոխության պատճառները: Դրանով իսկ առաջանում է զանգվածային բժշկ. սպասարկման համակարգ՝ ուղղված բազմազան խնդիրների լուծմանը, որը հնարավորություն է տալիս լավագույն ձևով իրականացնել առողջապահության համակարգում եղած հնարավորությունները:
Բժշկ. նշանակության առավել հզոր ինֆորմացիոն համակարգերից են գիտ. հետազոտությունների կառավարման համակարգերը, որոնց մշակման ժամանակ կարևոր է մեծ կորուստներ պատճառող հիվանդությունների (սիրտանոթային, ուռուցքածին, վարակիչ ևն) դեմ պայքարի հարցերի լուծումը:
Հիվանդությունների դեմ պայքարին ուղղված հետազոտությունները համաձայնեցվում են միջազգային կազմակերպությունների և, 1-ին հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Առողջապահության հիմնարկների գործունեության կառավարման համար էական նշանակություն ունեն տարբեր մակարդակի ինֆորմացիոն և ավտոմատացված կառավարման համակարգերը (ԱԿՀ), «Կադրեր» տիպի ԱԿՀ, որը նպատակ ունի առավելագույնս տեղաբաշխել և օգտագործել բժշկ. կադրերը:
ԿԻՍԱԼՈՒԾԱՆՔՆԵՐ, տես Լուծանքներ հոդվածում:
ԿԻՖՈԶ, տես Ողնաշարի ծռումներ հոդվածում:
ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, բուժիչ և կազդուրիչ նպատակներով կլիմայական գործոնների կիրառումը մշտ. բնակավայրերում կամ հատուկ կլիմայական առողջավայրերում ու բուժավայրերում: Կ. կարելի է ստանալ ժամանակավոր կլիմայափոխումով (առողջարանաառողջավայրային բուժման շրջանում) կամ հիվանդի համար սովոր. կլիմայական պայմաններում բուժարարողություններ ընդունելով: Կ. բուժման ինքնուրույն եղանակ է և կարող է կիրառվել մյուս բուժումներին զուգահեռ: Կլիմայական բուժարարողություններից են օդաբուժությունը, արևաբուժությունը (տես Օդային և արևային լոգանքներ) և ծովաբուժությունը (ծովում, գետում, լճում լողանալը): Կ-յան համար նախատեսվում են հատուկ օդաարևաբուժարաններ (աերոսոլյարիումներ), կլիմայածածկապատշգամբներ, կլիմայատաղավարներ, բուժ. լողափեր, ջրավազաններ ևն:
Կլիմայափոխումը՝ հատկապես կտրուկ (օրինակ՝ երկրի հս. շրջաններից հվ. շրջաններ տեղափոխվելը՝ առավել ևս շոգ եղանակներին), ուժեղ գործոն է և մեծ ազդեցություն ունի օրգանիզմի հարմարվող. մեխանիզմների վրա: Երեխաների (գլխավորապես կրտսեր տարիքի), տարեցների, շնչառ., սիրտանոթային և օրգանիզմի այլ համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներով, դյուրագրգիռ, անկայուն նյարդային գործընթացներով հիվանդների համար կլիմայի նման փոփոխությունները վնասակար են: Նրանց հարմարվող. հակազդեցությունները թուլացած են, և կլիմայահարմարման ընթացքում կարող են սրվել հիվանդությունները կամ վատանալ օրգանիզմի ընդհանուր վիճակը: Նման դեպքերում գերադասելի է բուժվել սովոր. կլիմայական պայմաններում:
Կլիմայական առողջավայր գնալուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Սովորաբար Կ-յան բուժարարողությունների ճիշտ չափավորման (հաշվի առնելով հիվանդի անհատ. առանձնահատկությունները, տարիքը, հիվանդության