Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փուլն ու ընթացքը, տարվա եղանակը ևն) դեպքում բարելավվում են նյարդային համակարգի կարգավորող ֆունկցիաները, սիրտանոթային համակարգի, շնչառ. օրգանների աշխատանքը, բնականոնացվում են նյութափոխանակությունը և ներզատիչ գեղձերի ֆունկցիաները, նվազում է հոգնածությունը, կատարելագործվում են հարմարվող. մեխանիզմները, բարձրանում է օրգանիզմի կայունությունը շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների հանդեպ (տես Օրգանիզմի կոփում): Ճիշտ չափավորված արևի ճառագայթահարումները նպաստում են օրգանիզմում վիտամին D-ի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի առաջացմանը, բարձրացնում օրգանիզմի նյութափոխանակությունն ու դիմադրողականությունը:

Կ. լայնորեն կիրառվում է առողջարանաառողջավայրային պայմաններում՝ հատկապես կլիմայական առողջավայրերում: ՀՀ-ում կան լեռնային, հարթավայրային և այլ կլիմայական առողջավայրեր: Հիվանդության բնույթից, ձևից, հիվանդի տարիքից ու անհատ. առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկը Կ-յան համար խորհուրդ է տալիս համապատասխան առողջավայրը:

Ծովափնյա կլիմայի պայմաններում (կայուն եղանակներ, արևի առատ ճառագայթումներ, ծովում լողանալը) բուժվում են տուբերկուլոզով, ինչպես նաև թոքերի, վերին շնչուղիների, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդություններով, նյութափոխանակության խանգարումներով, նևրոզներով տառապողները:

Մերձարևադարձային խոնավ կլիմայի պայմանները նպաստավոր են նյարդային, սիրտանոթային համակարգերի, հենաշարժ. ապարատի որոշ հիվանդություններով հիվանդների համար: Սակայն ամռանը՝ օդի բարձր ջերմաստիճանի ու խոնավության զուգորդման դեպքում, թոքերի հիվանդություններով տառապողների համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ: Բացի այդ, խորհուրդ չի տրվում սիրտանոթային, ներզատիչ համակարգերի հիվանդություններով, նևրոզներով հիվանդներին շոգ եղանակներին մեկնել այդ առողջավայրերը: Ծովափնյա կլիման բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտանոթային և ներզատիչ համակարգերի հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների բուժման համար: Լեռնային առողջավայրերի կլիման (ցածր մթն. ճնշում, մաքուր օդ, արևի ուժեղ ճառագայթում) ցուցված է թոքերի, ոսկրերի, ավշային հանգույցների տուբերկուլոզի որոշ ձևերով, սիրտանոթային համակարգի և թոքերի այլ հիվանդություններով հիվանդներին: Անապատային և կիսանապատային կլիմայով (շոգ և չոր ամառ, կայուն եղանակ, շատ արևոտ օրեր) առողջավայրերը հատկապես օգտակար են երիկամների որոշ հիվանդություններով հիվանդների բուժման համար:

Կ. տեղական առողջարաններում (տեղակայված քաղաքամերձ գոտիներում և առողջավայրերում) խորհուրդ է տրվում տարեց, օրգանիզմի թուլացած հարմարվողականությամբ, սիրտանոթային և այլ համակարգերի ֆունկցիաների խանգարումներով մարդկանց:

Օրգանիզմի վիճակից ելնելով՝ նշանակում են Կ-յան մի քանի ռեժիմներ:

1. Խնայող. ազդեցություն (քիչ բեռնվածությամբ)՝ ներառում է օդային լոգանքները, մաքուր օդում չափավորված ցերեկային քունը, օդի ու ջրի 20° C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում լողանալը, արևային կարճատև ճառագայթահարումները:

2. Չափավոր ազդեցություն (խնայող-մարզող)՝ ներառում է օդային լոգանքները, օդի ու ջրի ավելի ցածր (18-19°C) ջերմաստիճանի պայմաններում լողանալը, ավելի երկարատև արևային ճառագայթահարումները:

3. Արտահայտված ազդեցություն (մարզող-կոփող)՝ ներառում է օդային լոգանքներ՝ օդի 15-17° C և ջրի 15° C ջերմաստիճանի պայմաններում լողանալը, արևային ճառագայթահարումները (ավելի երկարատև, քան 1-ին ռեժիմի ժամանակ):

Բուժումն սկսում են խնայող. ռեժիմից, որի ազդեցության տակ հիվանդի օրգանների ու համակարգերի ֆիզիոլոգ. ֆունկցիաներն ընթանում են նվազագույն լարվածությամբ: Բուժարարողության բարենպաստ ազդեցության դեպքում նշանակում են հարմարվող. և պաշտպան. մեխանիզմների ակտիվացմանը նպաստող ռեժիմներ: Կ. նշանակում է բժիշկը, քանի որ դրա ինքնուրույն կիրառումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների՝ հիվանդությունների սրացման, նոր հիվանդությունների առաջացման, արևահարության կամ ջերմահարության:

ԿԼԻՄԱՅԱՀԱՐՄԱՐՈՒՄ, կլիմայավարժում, ակլիմատիզացիա, բույսերի, կենդանիների և մարդու հարմարվելը նոր, անսովոր կլիմայական պայմաններին: Մարդու Կ. հարմարվողականության ձևերից է և ուղեկցվում է օրգանիզմում ընթացող փոխանակության գործընթացների փոփոխություններով ու ֆունկցիոնալ տեղաշարժերով:

Կ. առաջացել է Երկրի վրա կյանքի զարգացման ընթացքում և կապված է տարբեր կլիմայական գոտիների առկայության ու կլիմայի ցիկլային փոփոխությունների հետ: Կ. պայմանավորում են բնական միջավայրի այն գործոնները, որոնք ավելի շատ են տարբերվում նախկին բնակատեղի պայմաններից: Դրանք են՝ բարձր կամ ցածր ջերմաստիճանը, բարձր խոնավությունը կամ չորությունը, անբավարար կամ ավելցուկային անդրամանուշակագույն ճառագայթումը, ցածր կամ բարձր մթն. ճնշումը ևն: Նոր, կլիմայաաշխարհագր. պայմաններին հարմարվելու ընթացքում, բացի կենսբ. գործընթացներից, մարդու համար կարևոր նշանակություն ունեն սոցիալտնտ. գործոնները՝ աշխատանքի և կենցաղի պայմանները, սնուցման բնույթը, հագուստը, բնակատեղը ևն

Առողջ մարդը համեմատաբար հեշտությամբ և առանց հատուկ ֆունկցիոնալ խանգարումների է ենթարկվում: Կ-մանը Հարմարվողականության մեխանիզմների ավելի մեծ լարում է պահանջում ցածր բնական պայմաններին (Հս. բևեռ, Անտարկտիդա ևն) հարմարվելը, որը կարող է ուղեկցվել որոշ ֆունկցիոնալ խանգարումներով: Ուժեղ ցրտի և քամու դեպքերում հնարավոր են արյան ճնշման իջեցում, շնչառության դժվարացում, տաք կլիմայի պայմաններում Կ. կարող է ուղեկցվել ախորժակի կորստով, քնի, աղիքների գործունեության խանգարումներով վարակիչ հիվանդությունների հանդեպ դիմադրողականության նվազումով: Նշված ֆունկցիոնալ շեղումները կապված են ջրաաղային փոխանակության խանգարման հետ: Նվազում են մկանային լարվածությունը, միզարտադրությանը, ուժեղանում է քրտնարտադրությունը, իսկ շնչառությունը, անոթազարկը հաճախանում են: Օդի խոնավության բարձրանալուն զուգընթաց մեծանում է հարմարման մեխանիզմների լարվածությունը: Մարդու համար առավել դժվար է խոնավ արևադարձային անտառների կլիմային հարմարվելը: Մարմնի գերտաքացումր կարող է հանգեցնել ջերմահարության, ջերմային հյուծման, իսկ քրտինքի հետ մեծ քանակությամբ հանքային նյութեր արտազատվելիս՝ ջերմային ջղաձգությունների: Ինքնազգացողության լավացման համար անհրաժեշտ է պահպանել ջրաաղային ռեժիմը, կանոնավոր սնվելը, համապատասխան հագուստ հագնելը ևն: Ժամանակի ընթացքում մեծանում է բարձր ջերմաստիճանի և խոնավության