Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդեպ օրգանիզմի դիմացկունությունը, կանոնավորվում են նյութափոխանակությունը և մյուս ֆունկցիաները: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անդրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից օրգանիզմի պաշտպանության համար: Կ-ման 1-ին ամսվա ընթացքում ֆիզ. աշխատանքի դեպքում անոթազարկը մի փոքր դանդաղում է, մարմնի ջերմաստիճանը՝ իջնում: Կ. տևում է բավական երկար, երբեմն մի քանի տարի:

Բարձրլեռնային պայմաններում, որքան նոր վայրը բարձր է ծովի մակերևույթից, այնքան Կ. ավելի բարդ է ընթանում (տես Լեռնային հիվանդություն): Կ-ման ընթացքում օրգանիզմի ֆունկցիաներն աստիճանաբար կայունանում են և համապատասխանում լեռներում մշտ. բնակվողների ցուցանիշներին, բայց սրտի ռիթմը, արյան հոսքը դանդաղում են, հիմն. փոխանակության մակարդակն իջնում է: Կլիմայի փոփոխությունն օրգանիզմի վրա հաճախ ունենում է նաև բարերար ազդեցություն, որն օգտագործվում է կուրորտաբանության մեջ (տես Կլիմայաբուժություն):

Կ-ման անվնաս ընթացքի համար մշակվել է նախն. բժշկ. ընտրության հստակ համակարգ, որոշվել է, թե որ հիվանդության դեպքում է հակացուցված այս կամ այն կլիմայական պայմաններում գտնվելը: Կարևոր նշանակություն ունեն բնակավայրերի և բնակատեղերի պլանավորումը (հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները), կլիմային համապատասխան հագուստ ունենալը, սնման ու խմելու ռեժիմի ճիշտ կազմակերպումը, աշխատանքի, կենցաղի և հանգստի համապատասխան ռեժիմի պահպանումը: Կ-ման վրա բացասաբար է ազդում ալկոհոլը:

ԿԼԻՄԱՔՍ, կլիմակտերիկ շրջան, բնորոշվում է սեռ. ֆունկցիայի բնական աստիճանական իջեցմամբ: Հատուկ է և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Կանանց Կ. (դաշտանադադարի շրջան) ընթանում է սուր և բավականին արագ (3-5 տարվա ընթացքում), տղամարդկանցը՝ թեթև և երկարատև:

Տղամարդկանց ամորձիներում նվազում է սեռ. հորմոններ արտադրող բջիջների թիվը, որի հետևանքով արյան մեջ պակասում է հորմոնների քանակը, խախտվում ներզատիչ գեղձերի փոխհամաձայնեցված գործունեությունը: Դա հանգեցնում է օրգանիզմի այս կամ այն ֆունկցիայի խանգարման: Առավել հաճախ խանգարվում է սիրտանոթային համակարգի գործունեությունը, կարող են նկատվել սրտխփոց, սրտի շրջանի ցավեր, գլխում՝ անոթազարկի զգացում, գլխապտույտ, արյան ճնշման բարձրացում: Երբեմն հիշողությունը թուլանում է, աշխատունակությունը՝ նվազում: Կանանց Կ-ի սկսվելը պայմանավորված է ենթատեսաթումբ-մակուղեղ-ձվարան համակարգի տարիքային ֆունկցիոնալ փոփոխություններով (տես Դաշտանային ցիկլ), որոնք ուղեկցվում են դաշտանների միջև ընկած ընդմիջումների տևողության երկարացմամբ և աստիճանական ընդհատմամբ: Դա բացատրվում է նրանով, որ 45-50 տարեկանում ենթատեսաթմբի հյուսվածքներում առաջանում են տարիքային փոփոխություններ, որոնք բնորոշվում են նյարդահորմոնների արտադրության փուլայնության խանգարումներով: Մակուղեղը և սեռ. գեղձերը նույնպես դադարում են փուլայնորեն արտադրել գոնադոտրոպին և սեռ. ստերոիդներ: Ձվարաններում ձվաբջիջներ չեն հասունանում, արգանդի լորձաթաղանթը բարակում է, և այնտեղից դեպի ձվարաններ ու ենթատեսաթումբ գնացող ազդակները թուլանում են:

Օրգանիզմի վերակառուցումը հաճախ ուղեկցվում է անոթային և նյարդային խանգարումներով (շոգի «առլեցումներ», գլխացավ, գրգռվածություն, անքնություն, աշխատունակության նվազում, արյան ճնշման բարձրացում ևն), ինչպես նաև ենթատեսաթմբի, հատկապես սրտի, արյան անոթների, թոքերի և ներքին այլ օրգանների աշխատանքը կառավարող կենտրոնների տարիքային փոփոխություններով: Դրանք նկատվում են 1-2 տարվա ընթացքում, այնուհետև աստիճանաբար անհետանում են: Օրգանիզմի վերակառուցումն ավարտվում է դաշտանադադարով, հաստատվում է հավասարակշռություն, և կինը վերստին իրեն լավ է զգում: Դաշտանադադարային երևույթներ կարող են լինել նաև երիտասարդ տարիքում (այսպես կոչված՝ վաղ դաշտանադադար)՝ որոշ հիվանդությունների [անգինա, գրիպ, նշագեղձերի քրոնիկ. բորբոքում, հայմորիտ (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր)] ևն հետևանքով: Արդյունքում խանգարվում է մակուղեղի և սեռ. համակարգի ֆունկցիան կարգավորող նյարդահորմոնների արտադրությունը: Հորմոնային հավասարակշռության վերականգնումը հնարավոր է ժամանակին սկսած բուժմամբ:

Կ-ի ժամանակ առաջացած այս կամ այն խանգարման աստիճանը կախված է օրգանիզմի վիճակից: Անկայուն նյարդային համակարգ ունեցող, որևէ հիվանդությամբ տառապող և նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմում այդ շրջանում կարող են առաջանալ բարդություններ. որպես կանոն՝ սրվում են եղած հիվանդությունները, և առաջանում նորերը: Կ-ի շրջանում հաճախ խանգարվում է վահանաձև գեղձի ֆունկցիան (սրտխփոց, ձեռքերի դող), նյութափոխանակությունը (ճարպակալում կամ նիհարում), առաջանում են հիպերտոնիկ հիվանդություն, շաքարախտ: Հաճախ զարգանում են նաև նյարդահոգեկան խանգարումներ, մեծ մասամբ դրսևորվում են չափից ավելի դյուրագրգռությամբ և ռեակտիվությամբ (դառնում են դյուրագրգիռ, լացկան, վատ են քնում, լինում են հանկարծակի արթնացումներ և արթնանալիս զգում են հոգնածություն): Երբեմն նկատվում են հուզ. խանգարումներ, վատ տրամադրության ֆոնի վրա (թախիծ, անբավարարվածություն, գրգռվածություն) առաջանում է անառիթ ուրախություն, որին կարող է վերստին հաջորդել տագնապի, վախի զգացումը, ի հայտ է գալիս մելամաղձություն, որն ուղեկցվում է իր առողջության հանդեպ չափից ավելի կասկածամտությամբ, վախ անբուժելի հիվանդության հանդեպ: Սրվում են նևրոզները, պսիխոպաթիաները, նկատվում են, այսպես կոչված, ծերունական (ինվոլյուցիոն) պսիխոզներ (տես Հոգեկան հիվանդություններ):

Այս երևույթներին հարկավոր է պատրաստ լինել: Անհրաժեշտ է մշակել գիտակցական, քննադատ. վերաբերմունք սեփական վիճակի նկատմամբ: Անզսպությունը, տագնապալի դես ու դեն ընկնելը, քաոսային ինքնաբուժումը կարող են ժամանակավոր խանգարումները դարձնել կայուն հիվանդություններ:

Կ-ային խանգարումների դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Ժամանակակից բժշկությունը դեղանյութերի ընտրության լայն հնարավորություն ունի, որի շնորհիվ կարելի է վերականգնել հուզ. հավասարակշռությունը: Կանայք այդ շրջանում պետք է 6 ամիսը 1 անգամ այցելեն գինեկոլոգի՝ կանխարգելիչ զննման համար, քանի որ Կ-ային շրջանում հաճախ առաջանում են գինեկոլոգ. տարբեր հիվանդություններ: Օրգանիզմի վերակառուցման շրջանում առողջության պահպանման համար կարևոր է հիգիենային կանոնների (տես Անձնական հիգիենա), աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, հնարավորության դեպքում մաքուր օդում երկար մնալը: Օգտակար են քնից առաջ զբոսանքները, սառը ջրով շփումները, սառը ցնցուղումը: Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ (բանջարեղեն, մրգեր) սնունդ: