Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող է պահել 1-1,5 ր: Որովայնին պառկած՝ բարձրացնում է գլուխն ու կուրծքը և որոշ ժամանակ պահում այդ դիրքում: Հետևում է շարժվող առարկաներին, արձագանքում է ձայնին՝ գլուխը շրջելով, վառ գույն տեսնելիս և ուժեղ ձայն լսելիս դադարարում է ծծել: Ներբանին հպվելիս անհետանում է սողալու ռեֆլեքսը: Դիմելիս արձագանքում է ավելի որոշակիորեն և տարբեր ձևերով, ժպիտին՝ ժպտալով, խոսեցնելիս անորոշ ձայներ է հանում: Ձեռքերով ամուր պահում է առարկաները:

3 ամսականում երեխան գլուխը 5-6 ր պահում է ուղղաձիգ դիրքում, լավ է որսում ձայնի ուղղությունը, շրջվում է այդ ուղղությամբ և ակտիվ հետևում շարժվող առարկաներին: Մոր կուրծքը, կաթի շիշը կամ գդալը մոտեցնելիս բացում է բերանը, ձգվում դեպի դրանք: Որովայնին պառկած դիրքից բարձրանում է և, հենելով նախաբազուկներին ու արմունկներին, շրջվում է մեջքից կողքի: Ձեռքերի շարժումները դառնում են ավելի ազատ ու նպատակահարմար, ձգվում է դեպի խաղալիքը, մատները տանում է բերանը, ձգում բարուրաշորերը: Սիրում է, երբ մեծերն իր հետ խաղում են, ժպտում է, ճանաչում է մորը, ճչում է, երբ դադարում են իրենով զբաղվել:

4 ամսականում ազատ շրջվում է մեջքից որովայնի, պառկած դիրքից բարձրանում է և հետևում շարժվող առարկաներին: Օգնությամբ նստում է: Տարբերում է ծանոթ, անծանոթ դեմքերը: Խաղում է մահճակալից կախված խաղալիքներով, բռնում է դրանք, շոշափում ու տանում բերանը: Մշտապես ձայներ է հանում, խաղալիս ժպտում է, ծիծաղում, տարբերում է որոշ գույներ:

5 ամսականում լավ ճանաչում է մորը, նրանից ուրիշի մոտ չի գնում: Տարբերում է իրեն դիմող ձայներանգը, շարժումները դառնում են ավելի վստահ, առարկաներն ամուր ու երկար պահում է ձեռքերում: Հենարանի օգնությամբ նստում է, բայց ողնաշարը դեռևս ուղիղ դիրքում չի կարողանում պահել, անութներից պահելիս ուղիղ կանգնում է:

6 ամսականում ինքնուրույն նստում է, շրջվում որովայնից մեջքին, ձեռքերից բռնելիս կանգնում է, փորձում է քայլել, չորեքթաթ սողում է: Ազատ խաղում է խաղալիքներով, դրանք ձեռքից ձեռք է փոխում, բարձրացնում է ընկած խաղալիքները: Սնունդը տեսնելիս բերանը բացում է, կարող է գդալով ուտել: Արտասանում է 1-ին վանկերը՝ «մա», «պա» ևն:

7 ամսականում ազատ սողում է, ինքնուրույն ու վստահ նստում: Անութներից պահելիս լավ քայլում է: Հայելու մեջ նայելիս ձգվում է դեպի իր պատկերը: Լավ կրկնում է վանկերը՝ «մա-մա», «պա-պա»:

8 ամսականում ազատ սողում է, կառչում մահճակալից, ինքնուրույն կանգնում է, նստում: Փորձում է ծափ տալ, կրկնում է սովորած շարժումները: Կանգնում է, ձեռքերից բռնած՝ փորձում քայլել: Դիմախաղով արտահայտում է նոր խաղալիքի, անծանոթ մարդկանց նկատմամբ հետաքրքրությունն ու զարմանքը: Հայացքով փնտրում է անհրաժեշտ առարկան ու ձգտում է վերցնել այն: Խաղալիքներով շատ է խաղում, մեկով մյուսին հարվածում ևն:

9 ամսականում կատարում է բավականին բարդ շարժումներ, հավաքում է փոքրիկ առարկաներ, կատարում է պարզ խնդրանքներ՝ «տուր թաթիկը», «հրաժեշտ տուր թաթիկով», «ցտեսություն» ևն: Փնտրում է ընկած կամ թաքցրած առարկան, փորձում է կանգնել առանց հենարանի, առարկաներից կամ ձեռքից բռնելով՝ քայլում է, կանգնած դիրքից՝ նստում:

10 ամսականում ինքնուրույն բարձրանում է և կանգնում՝ առանց հենարանի: Քայլում է՝ աթոռից կամ սայլակից մի ձեռքով բռնած: Փոքրիկ առարկաները վերցնում է 2 մատներով, դուր եկած խաղալիքը չի տալիս: Կատարում է պարզ պահանջներ ու խնդրանքներ: Արտասանում է պարզ բառեր, իսկ շրջապատի առարկաների ու կենդանիների անունները՝ առանձին վանկերով:

11-12 ամսականում լավ կողմնորոշվում է տարածության մեջ. կանգնում է, նստում, թեքվում, ձեռքից բռնած՝ քայլում: 1 տարեկանում, առանց օգնության, կատարում է 1-ին քայլերը, իմանում է բազմաթիվ առարկաների անվանումները, ցույց է տալիս դրանք, իր մարմնի մասերը ևն: Հասկանում է արգելքը և կատարում է շատ պահանջներ: Արտասանում է առանձին կարճ բառեր, հիշում մոտ 10 բառ, օրվա ընթացքում քնում է 14-16 ժ:

Կրծքի երեխայի խնամքը նույնն է, ինչ նորածնինը, սակայն կան նաև տարիքային առանձնահատկություններ: Մահճակալի պատերը երեխայի կրծքի մակարդակից ցածր (մոտ 60 սմ) չպետք է լինեն, որովհետև երեխաները 6 ամսականից բավականին ակտիվ են ու շարժուն: Խաղալիքները, ծծակները և այլ առարկաներ, որոնք երեխան ձեռքն է վերցնում, պետք է լինեն լվացած կամ եռացրած: 1-ին 6 ամսում երեխային պետք է լողացնել ամեն օր, այնուհետև՝ շաբաթը 2-3 անգամ՝ մինչև 8 ր: 1 ամսականից երեխային կարելի է հագցնել չոչաշորեր, գործած փափուճներ: Երբ երեխան սկսում է կանգնել, անհրաժեշտ է հագցնել շարժումները չկաշկանդող հագուստ:

Կյանքի 1-ին տարում երեխայի ձեռք բերած ունակությունները հիմնականում խնամքի, ճիշտ ռեժիմի ու դաստիարակության արդյունք են: Երեխայի զարգացմանը նպաստում են նրա հետ ծնողների զբաղվելը, ճիշտ ընտրված խաղալիքները: Արթուն ժամանակ փոքրիկը պետք է ստանա բավարար, բայց չհոգնեցնող տեսող., շարժող. և լսող. տպավորություններ:

Ֆիզիկական դաստիարակությունը և կոփումը մեծ դեր ունեն Կ.ե-ի օրգանիզմի ճիշտ կազմավորման ու զարգացման համար: Ֆիզիկապես զարգացած և կոփված երեխաները շուտ են հարմարվում շրջակա միջավայրին, հազվադեպ են հիվանդանում, հեշտ են տանում հիվանդությունները: Ֆիզ. դաստիարակության և կոփման հիմքում ընկած են երեխայի ճիշտ խնամքը, եղանակին համապատասխան հագուստը:

Զբոսանքը, սկսած նորածնության շրջանից, կոփման կարևոր գործոն է նաև Կ. ե-ի համար: Երեխան մաքուր օդում պետք է լինի ամեն օր՝ անկախ եղանակից (բացառությամբ՝ ուժեղ քամուց, անձրևից ևն): Ձմռանը հարկավոր է տանել զբոսանքի օրը 2-3 անգամ: 1 ամսական երեխան մաքուր օդում օրական պետք է լինի շուրջ 40 ր: Այնուհետև, աստիճանաբար 5-10 ր ավելացնելով, զբոսանքի տևողությունը ձմռանը 3 ամսականում հասցնել մոտավորապես 4 ժ, իսկ ամռանը, հնարավորության դեպքում, մաքուր օդում լինի ամբողջ օրը: Զբոսնելու ընթացքում պետք է հետևել, որ երեխայի քիթը և ձեռքերը տաք մնան, բայց չքրտնեն: Ջերմությամբ չուղեկցվող թեթև հարբուխի դեպքում երեխային չզրկել զբոսանքից:

Օդային լոգանքներն ամռանը կատարել մաքուր օդում, իսկ ձմռանը՝ սենյակում, 20—22°C ջերմաստիճանի պայմաններում: Դրանք սկսել 1-1,5 ամսականից: Երեխային օրական 2-3 անգամ 1-2 ր թողնել մերկ, այնուհետև տևողությունն աստիճանաբար ավելացնել և 6 ամսականում հասցնել 8-10 ր, իսկ 1 տարեկանում՝ մինչև 12-15 ր: Օդային լոգանքների ժամանակ փոփոխել երեխայի դիրքը, միաժամանակ կարելի է կատարել մերսում կամ մարմնամարզություն: Ամռանն օդային լոգանքներն անցկացնել ստվերում՝ արևի ուղիղ ճառագայթներից, գերտաքացումից (ջերմահարություն և մաշկի այրվածքներ) խուսափելու համար:

Ջրային բուժարարոդությունները սովորաբար սկսում են 3-4 ամսականից՝ խոնավ շփումով, աստիճանաբար և զգույշ: Սկզբում (1,5-2 շաբաթվա ընթացքում)