Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 կրծքով: Կաթի անհրաժեշտ քանակը երեխան ծծում է 10-15 ր: Կերակրման տևողությունը չպետք է գերազանցի 20-30 ր: Եթե երեխան ծուլորեն է ծծում կուրծքը, կամ այն պիրկ է, գերադասելի է 20 ր-ից հեռացնել կրծքից ու կերակրել կթած կաթով: Ծծած կաթի քանակը որոշվում է՝ երեխային կերակրելուց առաջ և հետո կշռելով: Երբեմն երեխան 5-7 ր ակտիվ ծծելուց հետո քնում է. նման դեպքում, որպեսզի արթնանա, պետք է պտուկը բերանից հանել, կամաց քաշել ականջից կամ քթից: Կերակրելուց հետո երեխան հարկավոր է պառկեցնել մահճակալին, պտուկը լվանալ եռացրած գոլ ջրով, չորացնել փափուկ անձեռոցիկով, այնուհետև վազելին կամ արևածաղկի մանրէազերծած ձեթ քսել և ծածկել թանզիֆով: Կերակրելուց հետո պետք է կրծքում մնացած կաթի նույնիսկ աննշան, վերջին փաթիլը դատարկել: Դա նպաստում է կաթի քանակի ավելացմանը և լրացուցիչ մերսում է կուրծքը: Կերակրումների միջև ընկած ժամանակ երեխային պետք է ջուր (եռացրած) խմեցնել, ամռանը՝ օրական 120-150 մլ, ձմռանը՝ 50-70 մլ: Կերակրման հաճախությունը պայմանավորված է երեխայի օրգանիզմի պահանջով, կարելի է կերակրել ցանկացած ժամի:

Երեխային անհրաժեշտ կաթի օրական քանակը որոշվում է Ֆինկելշտեյնի բանաձևով. մինչև 1 շաբաթական երեխայի համար՝ nx70 (3200 գ-ից պակաս քաշի դեպքում) կամ nx80 (3200 գ-ից ավելի քաշի դեպքում), որտեղ ո-ը երեխայի կյանքի օրերի թիվն է: 8-10 օրական երեխան օրական պետք է ստանա միջինը 500 մլ կաթ:

Կյանքի 1-ին տարում յուրաքանչյուր ամսվա օրական կաթի քանակը որոշվում է 3 բանաձևով. 1-2 ամսական երեխան օրական պետք է ստանա 800 մլ, եթե ավելի փոքր է, կյանքի յուրաքանչյուր շաբաթվա համար՝ 50 մլ-ով պակաս, այսպես՝ 5 շաբաթականը պետք է ստանա 800-(50x3)=650 մլ (Շկարինի բանաձև): Եթե 2 ամսականից մեծ է, ապա յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանա 50 մլ-ով ավելի, օրինակ՝ 3 ամսականը՝ 800+(50x1)=850 մլ:

2. Ծավալային մեթոդը հաշվի է առնում երեխայի ինչպես տարիքը, այնպես էլ քաշը: Երեխան պետք է ստանա հետևյալ քանակությամբ կաթ. 2-6 շաբաթականը՝ մարմնի քաշի 1/5-ը, 6 շաբաթականից 4 ամսականը՝ 1/6-ը, 4-6 ամսականը՝ 1/7-ը, 6-9 ամսականը՝ 1/8-ը:

3. Ամենաստույգը կալորիական մեթոդն է, ըստ որի՝ երեխան 1-ին եռամսյակում պետք է ստանա 130-120 կկալ/կգ, 2-րդում՝ 120-110 կկալ/կգ, 3-րդում՝ մոտ 110-100 կկալ/կգ, 4-րդում՝ 100-90 կկալ/ կգ: Իմանալով, որ կնոջ 1 լ կաթը պարունակում է շուրջ 700 կկալ, հեշտությամբ կարելի է որոշել անհրաժեշտ կաթի օրական քանակը:

Երեխայի ստացած կաթի օրական ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 1 լ: Երեխայի առողջության և ճիշտ կերակրման ցուցանիշներ են քաշի ավելացումը, ենթամաշկային ճարպաշերտի համաչափ և բավարար զարգացումը: 4-5 ամսականում երեխայի նախն. քաշը կրկնապատկվում է, իսկ 1 տարեկանում՝ եռապատկվում: Հիվանդությունների, անհասության դեպքերում սննդի քանակը, որակը ևն որոշում է բժիշկը՝ յուրաքանչյուր երեխայի համար անհատականորեն:

Կրծքով կերակրման ժամանակ լինում են նաև բարդություններ, օրինակ՝ պիրկ կուրծքը երեխան դժվարությամբ է ծծում, դառնում է անհանգիստ և լրիվ չի ուտում՝ չնայած մոր կաթը բավարար է: Նման դեպքում, մինչև կերակրելը, պետք է մի քանի կաթիլ կթել, թափել, որը լավացնում է կաթի հոսքը և նվազեցնում կրծքի լարվածությունը:

Պտուկների ճաքերի դեպքում կերակրումը ցավոտ է, բայց պետք է շարունակել կերակրել (գոնե մակադրակով) և անպայման դիմել բժշկի:

Մոր կաթնագեղձի բորբոքման ախտանշանների դեպքում շտապ դիմել բժշկի, երեխային կերակրել առողջ կրծքով, հիվանդ կրծքից կթած կաթը երեխային կարելի է տալ մանրէազերծելուց (շշով կաթը եռջրում թողնել 30-40 ր) հետո:

Մոր սննդից բացառել կծու կերակուրներն ու համեմունքները, սոխը, սխտորը ևն, որոնք կաթին յուրահատուկ համ ու հոտ են տալիս և կարող են երեխայի՝ կրծքից հրաժարվելու պատճառ դառնալ:

Մոր կաթի պակասի դեպքում պետք է նրա համար ստեղծել սնման, քնի և հանգստի լավագույն պայմաններ, ավելացնել օրական օգտագործվող հեղուկի քանակը՝ հասցնելով մինչև 2 լ (ավելի շատ կաթնամթերք): Այդ նպատակով գարեջուրը հակացուցված է:

Անկախ մոր կաթի քանակից՝ երեխային սկզբում պետք է կերակրել կրծքով (այլապես կաթ չի արտադրվի) և միայն դրա պակասի դեպքում՝ դոնորական կաթով. կաթնախառնուրդներով ևն:

Խառը կերակրումը մոր կրծքի կաթի պակասի լրացումն է դոնորական կաթով, կաթնախառնուրդներով: Վերջիններս պետք է կազմեն օրաբաժնի 1/5-ը: Երեխային չբավարարող կաթի քանակը որոշելու համար փոքրիկին կշռում են կերակրելուց առաջ և հետո: 3-4 ամսականից հետո երեխային լրացուցիչ սնունդ ցանկալի է տալ գդալով, որպեսզի կրծքից չհրաժարվի: Եթե երեխան հարմարվում է կերին, ապա աստիճանաբար այն կարելի է ավելացնել, սակայն կրծքով կերակրել օրը 3 անգամից ոչ պակաս: Լրացուցիչ սննդի տեսակը որոշվում է՝ երեխայի տարիքից ելնելով: Մինչև 3 ամսականը ցանկալի է կերակրել դոնորական կաթով և միայն բացակայության դեպքում՝ կաթնախառնուրդներով: Մինչև 2 ամսական երեխային նշանակում են մանկական սննդախառնուրդներ: Սնունդը պետք է տաքացվի մինչև 36-37 °C:

Արհեստական կերակրումն անհրաժեշտ է, եթե օրաբաժնի մոտ 1/5-ը բավարարվում է մոր կաթով: 1-ին 2-3 ամիսներին այդպիսի երեխային ցանկալի է կերակրել դոնորական կաթով: Գերադասելի են կաթնաթթվային խառնուրդները, որոնք ընկճում են հիվանդածին մանրէների աճն աղիքներում և լավ են մարսվում: Խառնուրդներում շաքարի բարձր քանակությունից արագանում է խմորման գործընթացը, վատանում է մարսողությունը, խանգարվում նյութափոխանակությունը, երեխաները գիրանում են և հաճախակի հիվանդանում:

Լրացուցիչ սնուցում: Կյանքի 1-ին տարում, անկախ նրանից, թե երեխան ինչով է սնվում՝ կրծքի կաթով, լրացուցիչ սննդով (խառը կերակրում), թե կաթնախառնուրդներով, ճիշտ զարգացման համար պահանջվում են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ: Ուստի երեխայի օրաբաժնում լրացուցիչ ներառել կենդ. և բուս. ծագման սննդամթերք՝ պահպանելով հետևյալ կանոնները. 1. ցանկացած լրացուցիչ սննդի սովորեցնել աստիճանաբար, փոքրիկ բաժիններով, 2. մշտապես հետևել երեխայի կղանքին ու մաշկին (կղանքի խանգարումը կամ մաշկի վրա ցանը սննդի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության ցուցանիշներն են), 3. օգտագործել միայն թարմ ու լավորակ մթերք՝ հյութի, խյուսի, ապուրի և այլ տեսքով, 4. լրացուցիչ սնուցման և նոր կերակրատեսակի չանցնել շոգ և երեխայի հիվանդ ժամանակ:

3-4 ամսականում հիմն. սննդից հետո կարելի է տալ մրգի, հատապտղի կամ բանջարեղենի (գերադասելի է խնձորի, գազարի, սև հաղարջի, կիտրոնի, բալի, ծիրանի) հյութեր, որոնց միջոցով նա կստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ու աղեր: Կարելի է նաև մի քանի կաթիլ հյութ ավելացնել խմելու