Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է լավ օդափոխել, օդի ջերմաստիճանը 20°C-ից ցածր չպետք է լինի: Վարժությունների համար հարմար է 70 սմ բարձրությամբ սեղանը՝ ծածկված մի քանի տակ ծալած վերմակով, մոմլաթով և բարուրաշորով: Ամռանը դրանք կարելի է կատարել մաքուր օդում, ստվերում՝ 20-22°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում (գերադասելի է կերակրելուց 30 ր առաջ կամ 1,5 ժ հետո): Յուրաքանչյուր վարժություն կրկնել 2-6 անգամ՝ 10-12 ր ընդհանուր տևողությամբ: Դրանք կարելի է կատարել նաև օրը 2 անգամ:

Մերսումը լավացնում է մաշկի ու մկանների արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, դրանից դառնում են ավելի առաձգական: Կ.ե-ի համար մերսման հիմն. ձևերն են շոյումն ու շփումը, որոնք պետք է կատարել թեթև ու նուրբ շարժումներով՝ ծայրամասից դեպի կենտրոն (ձեռքերից՝ ուսերը, ոտնաթաթերից՝ աճուկային ծալքերը ևն): Մերսումից առաջ անպայման պետք է լվանալ ձեռքերը: Մերսման ժամանակ երեխայի ձեռքերն ու ոտքերը թեթևակի ծալել (նկ. 1-3):

Ֆիզ. վարժությունները լավացնում են օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի գործունեությունը, լավ են զարգանում շարժող. ունակությունները, երեխան արագ է աճում: Մարմնամարզության ժամանակ հիմն. ուշադրությունը դարձնել ճիշտ շարժումների զարգացմանը: Քանի որ մինչև 3-4 ամսականում երեխայի վերջույթները հիմնականում ծալված վիճակում են, չի կարելի ակտիվորեն ծալել ու տարածել դրանք, որպեսզի մկաններն ու ջլերը չձգվեն:

1,5-3 ամսականում կիրառել ոչ պայման. ռեֆլեքսների վրա հիմնված պասսիվ վարժություններ: Ողնաշարի ուղղությամբ մատները շարժելիս այն ուղղում է, որովայնին պառկեցնելիս ջանում է բարձրացնել գլուխը, ոտնաթաթերին հպվելիս հրվում է ոտքերով ևն:

3-6 ամսականում հարկավոր է կատարել երեխայի վերջույթների պասսիվ շարժումներ՝ դրանց խաչում, մեջքի տարածիչ մկանների ձգում ևն, իսկ այդ շրջանի վերջին (սողալը, ձեռքերի շարժումները խթանող)՝ ակտիվ վարժություններ, որոնք գերադասելի է կատարել վառ գույնի խաղալիքներով: Կարելի է օրը մի քանի անգամ երեխային պառկեցնել որովայնի վրա:

6-10 ամսականում հիմն. ուշադրությունը դարձնել երեխայի սողալուն, որը կնպաստի իրանի ու վերջույթների բազմաթիվ մկանախմբերի ամրապնդմանը: Վարժությունները կատարելու ընթացքում փոքրիկի հետ շատ խոսելը նպաստում է նրա խոսքի զարգացմանը, ցուցումով նա կարող է կատարել որոշ վարժություններ: Վարժությունների համալիրը ներառում է մեջքից որովայնի շրջադարձերը, ձեռքերի շրջանաձև շարժումները, կորանալը, կքանստելը ևն: Ցանկալի է պարապմունքների ժամանակ օգտագործել տարբեր ձևերի, վառ գույների խաղալիքներ:

10-14 ամսական երեխան սկսում է կանգնել, քայլել, հասկանալ խոսքը, ուստի անհրաժեշտ է ներառել ոտքերը բարձրացնելու, ձեռքերից բռնած կքանստելու, իրանը թեքելու, ուղղելու և այլ վարժություններ (նկ. 4-18): Պարապմունքները նպաստում են երեխայի շարժող. ունակությունների, նրա ակտիվության ու ինքնուրույնության զարգացմանը:

Սնուցումը: Սննդանյութերի հանդեպ Կ. ե-ի պահանջները մեծ են, իսկ մարսող. համակարգը դեռևս անբավարար է զարգացած, ուստի երեխայի ներդաշնակ աճման ու զարգացման, առողջության ամրապնդման համար կարևոր պայման է ճիշտ ու ռացիոնալ կերակրումը: Ոչ ճիշտ սնուցումը, անհրաժեշտ սննդանյութերի անբավարարությունն էական ազդեցություն են ունենում երեխայի ֆիզ. և մտավոր զարգացման վրա, նվազում է տարբեր վարակների նկատմամբ դիմադրողականությունը: Ցանկալի չէ նաև շատ ուտեցնելը, որովհետև գեր երեխաները վատ են աճում և հաճախակի են հիվանդանում: Քանակից բացի, կարևոր է նաև սննդի որակը՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և աղերի որոշակի հարաբերակցությունը: Օրգանիզմին անհրաժեշտ են նյութափոխանակությանն ակտիվ մասնակցող վիտամիններ:

Կրծքով կերակրումը: Երեխայի կյանքի 1-ին տարում, հատկապես 1-ին 6 ամիսներին, ֆիզիոլոգիապես գերադասելի է կրծքի կաթով կերակրումը: Վերջինս հարմարված է երեխայի մարսողության և նյութափոխանակության առանձնահատկություններին, պարունակում է աճման ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, աղեր, ջուր, վիտամիններ: Կրծքի կաթի միջոցով երեխայի օրգանիզմ են թափանցում նաև կյանքի 1-ին ամիսներին որոշ վարակիչ հիվանդություններից պաշտպանող նյութեր՝ հակամարմիններ: Ցանկացած սննդից ավելի լավ մարսվում է մոր կաթը, որը նաև մանրէազերծ է:

Կրծքով կերակրելուն պետք է պատրաստվել մինչև երեխայի ծնվելը: Հղիության 2-3-րդ ամսից կաթնագեղձերն սկսում են արագ զարգանալ և նախապատրաստվել կաթնարտադրությանը: Հղի կինը պետք է սնվի (տես Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր) ճիշտ և լիարժեք, օգտագործի բավարար քանակությամբ հեղուկներ, հյութեր, ամեն օր զբոսնի մաքուր օդում, հանգիստ քնի, կատարի թեթև աշխատանքներ: Արգելվում են ծխելն ու ալկոհոլային խմիչքները: Հարթ կամ ներքաշված պտուկները կարելի է ձգել կաթնածծիչով: Օգտակար է պտուկի ու կրծքի մաշկի կոփումը, որի համար օրը 2-3 անգամ կուրծքը լվանալ ջրով կամ փափուկ գործվածքով շփել: Խորհուրդ է տրվում նաև կրծքի մերսում` հիմքից դեպի պտուկները:

Կերակրող մայրը, բացի ճիշտ սնվելուց ու ռեժիմից, պետք է խմի բավարար քանակությամբ հեղուկներ, այդ թվում՝ օրական 0,5 լ-ից ոչ պակաս կաթ: Խստիվ արգելվում է ծխելը, ալկոհոլ և գարեջուր օգտագործելը: Կարևոր է անձն. հիգիենայի կանոների պահպանումը (օրը 2-3 անգամ լվանալ կուրծքը, ցնցուղվել): Կուրծքը կարելի է չորացնել կոպիտ սրբիչով՝ չվնասելով պտուկների մաշկը: Կուրծքը լվանալ յուրաքանչյուր կերակրումից առաջ: Պտուկների ճաքերից խուսափելու համար 10-15 ր (ամռանը կարելի է նաև մաքուր օդում) կատարել օդային լոգանքներ: Այդ շրջանում արևային լոգանքները հակացուցված են:

Ծննդաբերելուց հետո կնոջ կաթնագեղձերն անմիջապես կաթ չեն արտադրում. 1-ին 2-3-րդ օրն արտադրվում է խիժ՝ թանձր, դեղնավուն հեղուկ, որը եռացնելիս մակարդվում է: Լիարժեք կաթի համեմատ խիժը պարունակում է ավելի շատ ճարպեր, աղեր և կյանքի 1-ին օրերի համար ավելի պիտանի է:

Ծննդաբերելուց հետո 3-4-րդ օրն արտադրվում է ճարպերով հարուստ անցումային կաթ, և միայն 2-4-րդ շաբաթում այն ունենում է կայուն բաղադրություն: Կերակրող առողջ կնոջ մոտ օրական արտադրվում է 1-1,5 լ (երբեմն՝ ավելի) կաթ:

Կերակրելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ, իսկ պտուկն ու կուրծքը սրբել եռացրած ջրով թրջած բամբակով, կաթի 1-ին կաթիլները կթել, թափել: 1-ին շաբաթվա վերջին կարելի է նստած կերակրել, կերակրող կրծքին համապատասխան ոտքի տակ աթոռ դնել: Մի ձեռքով պահել երեխայի գլուխն ու մեջքը, մյուսով պտուկը դնել բերանը, միջա- և ցուցամատերով կուրծքը թեթևակի հետ քաշել, որպեսզի երեխան ազատ շնչի: Ծծելու ժամանակ հետևել, որ երեխան շրթունքներով բռնի պտուկը և շուրջպտկային շրջանակը, որը կկանխի օդ կուլ տալը և որձկումը: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ կերակրել