դեպքերում հանգեցնում է տարբեր հյուսվածքներում ու օրգաններում կալցիումի կուտակման (կալցինոզ): Վերջինս կարող է հանգեցնել աչքերի հիվանդության: Մեծ քանակությամբ վիտամին D-ի օգտագործման հետևանքով նույնպես առաջանում է գերկալցիումարյունություն, նկատվում են ախորժակի վատացում, աճի կասեցում (երեխաների), փսխում, փորկապություն և այլ խանգարումներ:
Կալցիումի լիարժեք աղբյուր են կաթը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը, կաղամբը, մաղադանոսը ևն: Կալցիումը դժվար յուրացվող տարր է և միայն լեղաթթուների ազդեցությունից հետո է դառնում յուրացվելի: Յուրացման համար կարևոր է կալցիումի և ֆոսֆատների հարաբերակցությունը: Կալցիումի ներծծման վրա բացասաբար է ազդում սննդի մեջ մագնեզիումի աղերի բարձր պարունակությունը:
Հասուն մարդու համար կալցիումի օրական չափաբաժինը 800 մգ է, երեխաներինը և պատանիներինը՝ 1000-1400 մգ, հղի կանանցը՝ 1500 մգ, կալցիումի աղերը (երբեմն նաև այլ նյութերի հետ զուգակցված) օգտագործում են որպես դեղանյութեր:
Ֆոսֆորը կենսականորեն անհրաժեշտ տարր է: Մտնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների, առանձնապես մկանների և գլխուղեղի կազմության մեջ, մասնակցում է նյարդային համակարգի, սրտամկանի և այլ օրգանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ նյութափոխանակությանը: Հյուսվածքներում և սննդանյութերում ֆոսֆորը պարունակվում է ֆոսֆորական թթվի և դրա օրգ. միացությունների (ֆոսֆատների) ձևով: Հիմնականում գտնվում է ոսկրային հյուսվածքում՝ կալցիումի ֆոսֆատի ձևով, ինչպես նաև օրգանիզմի փափուկ հյուսվածքներում և հեղուկներում:
Ֆոսֆորի օրգ. միացությունների պարունակությունը մարդու արյան մեջ զգալիորեն փոփոխվում է, իսկ անօրգ. ֆոսֆորինը՝ հաստատուն է (3-5,5 մգ %): Վերջինիս պարունակությունը մեծանում է կաթնային սննդակարգի, երիկամների որոշ հիվանդությունների, շաքարախտի, ակրոմեգալիայի, ադիսոնյան հիվանդության և այլ դեպքերում: Իսկ արյան շիճուկում կոնցենտրացիան փոքրանում է հարվահանագեղձերի գերֆունկցիայի և մի շարք հիվանդությունների ժամանակ: Քաղցածության ընթացքում օրգանիզմը ծախսում է հյուսվածքների ֆոսֆորը, բայց արյան մեջ վերջինիս կոնցենտրացիան չի փոխվում, և միայն ընդհանուր պարունակության 40 %-ի կորստի դեպքում արյան մեջ պարունակությունը նվագում է 10 %-ով:
Լրիվ քաղցածությունն ավելի քիչ է անդրադառնում արյան անօրգ. ֆոսֆորի պարունակության վրա, քան մասնակին, երբ ֆոսֆորի, կալցիումի և մագնեզիումի հարաբերակցությունը խանգարվում է, որը հանգեցնում է օրգանիզմից ֆոսֆորի ուժեղ արտազատմանը:
Ֆոսֆորի որոշ միացություններն օգտագործվում են որպես դեղային պատրաստուկներ՝ արյունաստեղծման խթանման, ոսկրային հյուսվածքի աճման ուժեղացման, կենտր. և ծայրամասային նյարդային համակարգերի գործունեության բարելավման համար, ինչպես նաև սիրտանոթային համակարգի և կմախքային մկանների որոշ հիվանդությունների ժամանակ:
Օրգանիզմի համար ֆոսֆորի աղբյուր են կաթը, կաթնամթերքը, միսը, ձուկը, ձուն ևն: Հասուն մարդու ֆոսֆորի օրական պահանջը 1600 մգ է, հղի կանանցը՝ 3000 մգ:
Մագնեզիումը հիմնականում պարունակվում է ոսկրային հյուսվածքներում, իսկ արյան պլազմայում, կարմիր մարմնիկներում և փափուկ հյուսվածքներում գտնվում է իոնացված վիճակում: Որոշ քանակությամբ կապված է սպիտակուցների, առանձնապես ֆերմենտների հետ: Կենդանիներին մագնեզիումի աղեր չպարունակող կերով կերակրելիս առաջանում են սրտի գործունեության խանգարում, ջղաձգություններ ևն: Մագնեզիումը մասնակցում է կատալիզային գործընթացներին (որոշ ֆերմենտների միջոցով), կանոնավորում է նյարդային համակարգի դրդելիությունը, ունի անոթալայնիչ հատկություն, խթանում է աղիքների գալարակծկանքը, բարձրացնում լեղարտադրությունը, որի համար էլ միացությունները (մագնեզիումի ասկորբինատ, մագնեզիումի կարբոնատ, մագնեզիումի թիոսուլֆատ ևն) օգտագործվում են որպես դեղանյութեր: Մագնեզիումով հարուստ են լոբին, հնդկացորենը, ոլոռը: Հասուն մարդու օրական պահանջը 500 մգ է, հղի կանանցը՝ 925 մգ, երեխաներինը՝ 140-530 մգ: Մարդու արյան պլազմայում պարունակվում է 1,6-2,9 մգ % մագնեզիում:
Կալիումը մասնակցում է ներբջջային փոխանակության գործընթացներին: Կալիումի իոնների բացակայության դեպքում շատ ֆերմենտներ չեն կարող իրականացնել իրենց կատալիզային ֆունկցիաները: Կալիումը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության ապահովման և մկաններին նյարդային ազդակների հաղորդման համար: Օրգանիզմում կալիումի կուտակումը հանգեցնում է մեծ քանակությամբ նատրիումի արտազատության, որը վկայում է դրանց ֆիզիոլոգ. հակազդեցության մասին: Կալիումի պարունակության ավելացումը մեծացնում է ջրի հեռացումն օրգանիզմից, իսկ անբավարարությունն ուղեկցվում է այտուցների առաջացմամբ, խանգարվում է նյարդային ազդակների հաղորդելիությունը: Ավելցուկն արագ հեռանում է երիկամների միջոցով: Կալիումը պարունակվում է լոբու, ոլոռի, թրթնջուկի, կարտոֆիլի, ձկնեղենի, ձավարեղենի ևնի մեջ: Օրգանիզմի օրական պահանջը 23 գ է: Մարդու արյան պլազմայում պարունակվում է միջինը 16 մգ % կալիում:
Նատրիումն ունի կարևոր ֆիզիոլոգ. նշանակություն: Պարունակվում է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում ու հեղուկներում: Մարդու արյան պլազմայում կա 312-352 մգ %, իսկ ամեն օր մեզի հետ հեռանում է 3-6 գ նատրիում: Վերջինիս աղերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության ապահովման համար, մասնակցում են ջրային փոխանակությանը: Սննդամթերքում նատրիում պարունակվում է չնչին քանակով, և օրգանիզմն այն հիմնականում ստանում է կերակրի աղի հետ: Վերջինիս անբավարարությունը սննդի մեջ ծանր է անդրադառնում մարդու վրա: Հասուն մարդն օրական ծախսում է մինչև 15 գ կերակրի աղ, նույնքան էլ արտազատվում է օրգանիզմից (բայց օգտագործումը կարելի է նվազեցնել մինչև 5 գ): Կերակրի աղը կարևոր նշանակություն ունի ջրային փոխանակության կարգավորման համար: Մեզի և քրտինքի հետ արտազատվում է զգալի քանակությամբ նատրիումի քլորիդ:
Քլոր օրգանիզմն ստանում է հիմնականում նատրիումի քլորիդի ձևով: Քլորը կուտակվում է մաշկում, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում, հեռանում է քրտինքի միջոցով: Սննդամթերքում պարունակվում է չնչին քանակությամբ: Մարդու արյան պլազմայում բնականոն պայմաններում պարունակվում են 340-380 մգ % քլորիդներ: Օրգանիզմից հեռանում է հիմնականում մեզի (90 %) և քրտինքի (6 %) հետ:
Քլորի փոխանակության խանգարումների հետևանքով առաջանում են այտուցներ, ստամոքսահյութի անբավարար արտազատություն: Քլորի պարունակության կտրուկ նվազումը կարող է հանգեցնել ծանր խանգարումների, ընդհուպ մինչև մահվան: Արյան մեջ քլորի կոնցենտրացիայի