Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(էլենիում), սիբազոնը (սեդուքսեն) և, այսպես կոչված, ուժեղ հակապսիխոզային խմբի պատրաստուկները: Ի տարբերություն վերը թվարկված Հ.դ-ի՝ ուժեղ հակապսիխոզային դեղանյութերը հուզ. ոլորտի վրա թողնում են առավել ընտրող. և ցայտուն ազդեցություն, վերացնում են վախի զգացումը, անհանգստությունը, տագնապը, լարվածությունը: Ուժեղ հակապսիխոզային դեղանյութի ընդունումից հետո մարդն ավելի ակտիվ է արձագանքում շրջապատող միջավայրի իրադրությանը: Հ.դ. ընդունում են միայն բժշկի նշանակմամբ՝ նյարդային վիճակների, ինչպես նաև մի շարք հիվանդությունների (հիպերտոնիկ հիվանդություն, կրծքային հեղձուկ ևն) բուժման նպատակով, որոնց առաջացման համար էական են բարձրագույն նյարդային գործունեության խանգարումները:

Ուժեղ հակապսիխոզային դեղանյութերը համեմատաբար քիչ թունավոր են, սակայն երբեմն առաջացնում են նաև անցանկալի երևույթներ, օրինակ՝ իջեցնում են հոգեկան ռեակցիաների և շարժող. ակտիվության արագությունը, իսկ որոշ պատրաստուկներ, բացի այդ, թուլացնում են կմախքային մկանները: Ուստի այն անձանց, որոնց աշխատանքը պահանջում է արագ հոգեկան ռեակցիաներ և շարժումների ճշգրիտ համաձայնեցում (օրինակ՝ վարորդներ), չի կարելի այդ պատրաստուկներն ընդունել աշխատանքից առաջ և ընթացքում: Անհրաժեշտության դեպքերում այդ անձանց ուժեղ հակապսիխոզային դեղանյութեր են նշանակում միայն աշխատանքից ազատ ժամանակ:

Հարկավոր է հիշել, որ ալկոհոլի օգտագործումից այդ պատրաստուկների ազդեցությունն ուժեղանում է, որն օրգանիզմի համար անվտանգ չէ: Բացի այդ, առանց հսկողության ուժեղ հակապսիխոզային դեղանյութերի երկարատև օգտագործումից կարող է առաջանալ հիվանդագին հակում (տես Դեղերի չարաշահում): Ուժեղ հակապսիխոզային դեղանյութերով բուժումը պետք է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ, բուժման կարիք չունեցող, գործնականում առողջ մարդկանց կազդուրիչ հանգստի հիմնարկ՝ բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում: Կան կիրակնօրյա (1 և 2-օրյա), ընտանեկան, հղի կանանց, երիտասարդական (ուս. հաստատություններում սովորողների համար) Հ.տ-եր: 1960-ից գործում են օրվա ազատ ռեժիմով Հ.տ-եր:

Բոլոր Հ.տ-երում կան բուժկետեր, իսկ խոշորներում՝ նաև մերսման, ֆիզիոթերապիայի, ստոմատոլոգ. և այլ առանձնասենյակներ: Բուժկետի բժիշկը հետևում է հանգստացողների առողջությանը, հսկում ճաշարանի աշխատանքը, իրականացնում կանխարգելիչ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժիչ միջոցառումներ: Հղի կանանց համար նախատեսված Հ.տ-երում լինում է նաև մանկաբարձ:

Հանգստացողների համար կազմակերպվում են համերգներ, ներկայացումներ, դասախոսություններ: Սնունդը նախատեսված է հատուկ սննդակարգի կարիք չունեցող (առողջ) մարդկանց համար: 2000-ին ՀՀ-ում գործել են Լոռու, Մարտունու Հ.տ-երը:

ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, կենդանի օրգանիզմների բջիջներում պարունակվող անօրգ. միացություններ: Դրանք են ջուրը և տարբեր աղեր, որոնք լուծված վիճակում տարրաբաժանվում են իոնների՝ կատիոնների (դրական լիցքավորված) և անիոնների (բացասական լիցքավորված): Հ.ն. հաճախ մտնում են բարդ օրգ. նյութերի (օրինակ՝ մետաղապրոտեիդների) բաղադրության մեջ: Այսպես՝ երկաթը գտնվում է հեմոգլոբինի, մագնեզիումը, մանգանը, կոբալտը՝ շատ ֆերմենտների կազմության մեջ ևն: Հ.ն. սննդի կենսականորեն անհրաժեշտ բաղադրիչներ են, որոնք ապահովում են օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և զարգացումը:

Օրգանիզմում կան մակրոտարրեր (թթվածին, ածխածին, ջրածին, կալցիում, կալիում, ազոտ, ֆոսֆոր, մագնեզիում, ծծումբ, նատրիում, քլոր և երկաթ), որոնց կոնցենտրացիան 0,001 %-ից բարձր է, և միկրոտարրեր (մանգան, ցինկ, պղինձ, բոր, մոլիբդեն, կոբալտ ևն), որոնց կոնցենտրացիան 0,001-ից մինչև 0,000001 % է:

Հ.ն. կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի հյուսվածքների, առանձնապես կմախքի ոսկրերի ձևավորման, թթվահիմնային հավասարակշռության պահպանման, հյուսվածքներում ու բջիջներում ջրածնային իոնների ֆիզիոլոգ. կոնցենտրացիայի ստեղծման և միջավայրի բնականոն հակազդեցության ապահովման համար, որոնք անհրաժեշտ են նյութերի և էներգիայի փոխանակության բնականոն ընթացքի համար:

Հ.ն. մասնակցում են սպիտակուցների առաջացման ու ձևավորման, ներզատիչ գեղձերի գործունեության (օրինակ՝ յոդը՝ վահանագեղձում), ֆերմենտային, ինչպես նաև թթուների չեզոքացման (որով կանխվում է ացիդոզը՝ թթվագարությունը) գործընթացներին: Օրգանիզմի համար Հ.ն-ի նշանակության ուսումնասիրումը կարևոր է մի շարք հիվանդությունների (տեղաճարակային խպիպ, ֆլյոտրոզ) կանխարգելման և բուժման համար:

Ջուրը բոլոր օրգանիզմների կարևորագույն բաղադրիչն է: Ջրային միջավայրում տեղի են ունենում բազմաթիվ քիմ. (այդ թվում՝ ֆերմենտային) ռեակցիաներ: Ջուրն առաջանում է օրգ. նյութերի օքսիդացման ռեակցիաների արդյունքում, մասնակցում է կենսագործունեության հիմքում ընկած շատ քիմ. ռեակցիաներում: Հասուն մարդու օրգանիզմի 65 %-ը կազմում է ջուրը (ակտիվ աշխատող օրգաններում այն ավելի շատ է պարունակվում): Հ.ն. կարևոր նշանակություն ունեն ջրային փոխանակության կանոնավորման համար:

Կալցիումի աղերն արյան, բջջային և հյուսվածքային հեղուկների մշտ. բաղադրիչներն են, մտնում են բջջի կորիզի կազմության մեջ, մասնակցում բջիջների գործունեության աճման գործընթացներին: Կալցիումի միացություններն ամրացնում են օրգանիզմի պաշտպան. ուժերը, բարձրացնում նրա կայունությունն արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների, այդ թվում՝ վարակների հանդեպ: Կալցիումի անբավարարությունն ազդում է սրտամկանի գործունեության, որոշ ֆերմենտների ակտիվության վրա, իսկ աղերը մասնակցում են արյան մակարդելիության գործընթացներին:

Կալցիումի 99 %-ը գտնվում է ոսկրերում, որոնց հիմն. կառուցվածքային բաղադրիչն է: Մտնում է նաև արյան ու այլ հյուսվածքների բաղադրության մեջ (իոնների ձևով և սպիտակուցների հետ կապված վիճակում): Արյան շիճուկում պարունակվում է 8,512 մգ %, նորածինների օրգանիզմում՜ 7,513,9 մգ % կալցիում: Արյան մեջ կալցիումի կոնցենտրացիայի իջեցումն ուղեկցվում է կենտր. նյարդային համակարգի դրդելիության նվազմամբ, որի հետևանքով առաջանում են ջղաձգություններ: Սննդում անգամ կալցիումի անբավարար քանակի դեպքում օրգանիզմից այն արտազատվում է նախկին քանակով (պաշարների հաշվին): Եթե կալցիումի բացասական հաշվեկշիռը երկար է պահպանվում, կարող են առաջանալ կալցիումային անբավարարության երևույթներ: Կալցիումի աղերի ավելցուկային ընդունման, աղիքներից մեծ քանակությամբ ներծծվելու և երիկամների միջոցով քիչ արտազատվելու դեպքում արյան պլազմայում կալցիումի կոնցենտրացիան կարող է բարձրանալ: Առաջանում է գերկալցիումարյունություն, որը ծանր