Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուժումը և՛ սուր, և՛ քրոնիկ. Հ-ի դեպքերում իրականացվում է հիվանդանոցում: Սուր Հ-ի կանխարգելումը. ուղիղ աղիքի բորբոքման, թութքի, հետանցքի ճաքերի ժամանակին բուժում: Սուր Հ-ի անցումը քրոնիկ-ի հնարավոր է կանխել՝ ժամանակին բժշկի դիմելով, քանի որ թարախակույտը վիրահատությամբ բացելիս խուղակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, քան ինքնաբեր պատռման ժամանակ: Խորը սուր Հ-ի առավել ծանր դեպքերում, հիվանդի կյանքը փրկելու համար, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն:

ՀԱՑ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ, կարևոր և տարածված սննդամթերք: Ածխաջրերի հիմն. աղբյուրն են, ապահովում են սպիտակուցի օրական պահանջի մոտ 1/3-ը, կալիումի և ֆոսֆորի՝ մինչև 25 %-ը, երկաթի՝ կեսից ավելին, պարունակում են B խմբի վիտամիններ: Հացը հնանալիս կենսբ. և սննդային արժեքները չեն նվազում: Թեթևակի հին և չոր հացը նույնիսկ ավելի հեշտ է մարսվում, իսկ պարունակվող սննդանյութերի յուրացվելիությունը պայմանավորված է ալյուրի տեսակով (որքան բարձր է տեսակը, այնքան լավ է յուրացվում):

Հացաթխման արդյունաբերությունը թողարկում է տարբեր տեսակի բազմազան արտադրանք, այդ թվում դիետիկ և հատուկ նշանակության, որոնց արտադրման համար օգտագործում են աշորայի (տարեկանի) կամ ցորենի ալյուր և դրանց խառնուրդը: Հացաբուլկեղենից թողարկվում են ամոքահունց բուլկիներ, պաքսիմատներ, օղաբլիթներ, չորաբլիթներ, կարկանդակներ, փքաբլիթներ ևն:

Դիետիկ սնման համար օգտագործվում են տարբեր տեսակի հաց, հատուկ պատրաստված հացաբուլկեղեն: Դրանց են պատկանում ածխաջրերի ցածր պարունակությամբ արտադրանքը՝ շաքարախտով հիվանդների, ճարպակալած և գեր մարդկանց համար: Առանց աղի պատրաստված արտադրանքը խորհուրդ է տրվում երիկամների և սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում: Տարեցները (հատկապես փորկապության հակում ունեցող), հակացուցումներ չլինելու դեպքում, ավելի լավ է օգտագործեն խոշոր աղացած ալյուրից թխած հաց: Հացաբուլկեղեն արտադրելիս երբեմն ավելացվում են լեցիտին (ճարպային փոխանակությունը կանոնավորող կենսաբանորեն ակտիվ նյութ), ֆոսֆատիդներ (սիրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ), յոդ (բնակչության կանխարգելիչ սնուցման համար, հողում և խմելու ջրում յոդի անբավարար պարունակությամբ մարզերում կամ վահանագեղձի հիվանդությամբ անձանց համար): Ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, քրոնիկ. ստամոքսաբորբի կամ հաստ աղիքի բորբոքման դեպքերում խորհուրդ է տրվում 1-ին և 2-րդ տեսակի ալյուրից թխած, մի փոքր հնացած կամ չորացած ցորենի հաց: Լեղապարկի բորբոքման, քրոնիկ. լյարդաբորբի, լյարդի ու լեղապարկի ֆունկցիաների խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ օգտակար է 2-րդ տեսակի ցորենի, մաղած և թեփահան արված աշորայի ալյուրից թխած հացը ևն:

Տնային պայմաններում հացը որոշ ժամանակից հետո սկսում է չորանալ (քարթուանալ): Թարմությունը պահպանելու համար այն պահում են հատուկ հացամաններում, արծնապատ կաթսաներում, պոլիէթիլենային տոպրակներում, որոնք առնվազն շաբաթը 1 անգամ պետք է լվանալ տաք ջրով և չորացնել: Հացը չպետք է պահել մութ, խոնավ տեղում կամ սառնարանում, քանի որ այն կլանում է խոնավություն և արագ բորբոսնում:

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ, մարզաձև, ընդգրկում է հեծանվով մրցարշավները խճուղիներում, կտրտված տեղանքում (կրոս) և հատուկ մարզ. կառույցներում (տրեկներում):

Հ.ս. նպաստում է ընդհանուր ֆիզ. դիմացկունության զարգացմանը: Մարզ. արագընթաց մրցարշավներին մասնակցող հեծանվորդների մոտ առավելապես ոտքերի մկաններն են զարգանում, որի համար օգտակար է, որ նրանք զբաղվեն նաև այլ մարզաձևերով (լող, թիավարություն ևն):

Հանգիստ տեմպով, հարթ ճանապարհով զբոսանքային հեծանվային արշավները մատչելի և օգտակար են տարբեր տարիքի մարդկանց համար: Հեծանիվը երեխաների ֆիզ. դաստիարակության լավագույն միջոց է, եթե դրանից ճիշտ օգտվեն: Մանկ. և պատանեկան հեծանիվների ղեկը պետք է բարձր տեղադրել, քանի որ իրանի շատ առաջ թեքվելը դժվարացնում է երեխայի շնչառությունը և նպաստում ողնաշարի ծռումներին: Հեծանիվ կարելի է վարել ամեն օր, բայց ոչ մեծ տարածությունում, իսկ լավ մարզված հեծանվորդները կարող են զբոսանքներ կատարել մինչև 60 կմ և ավելի: Հեծանվային հեռավոր ճանապարհորդությունների համար (տես Զբոսաշրջություն) անհրաժեշտ են բավարար մարզվածություն և ֆիզ. դիմացկունություն:

Պարապմունքների ռեժիմը, հագուստի հիգիենային պահանջները (առանց հատուկ սաղավարտի ու գլխարկի) խախտելիս հնարավոր են սալջարդեր, վնասվածքներ, քերծվածքներ ևն: Օրգանիզմի վրա ֆիզ. բեռնվածության ազդեցության հետ կապված՝ դեռահասների մարզումներն արագընթաց հեծանվային արշավների համար պետք է սկսել 12-13 տարեկանից ոչ շուտ՝ նախապես անցնելով պարտադիր բժշկական հսկողություն:

ՀԵՂՁՈՒԿ, ասթմա, շնչարգելության նոպաներ, որոնք առաջանում են բրոնխների լուսանցքի սուր սեղմման հետևանքով (տես Բրոնխային հեղձուկ) կամ որպես սրտի հիվանդության (տես Կրծքային հեղձուկ) ախտանշան: Երբեմն պատճառները կարող են զուգորդվել: Անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդագին վիճակ է: Նոպայի ժամանակ հիվանդը լավ է զգում կիսանստած դիրքում՝ ոտքերը ցած իջեցրած: Պարտադիր է մաքուր օդի հոսքը: Դեղանյութեր կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ:

ՀԵՄՈԳԼՈԲԻՆՈՊԱԹԻԱՆԵՐ, հեմոգլոբինոզներ, ժառանգ. հիվանդությունների խումբ, որը կապված է հեմոգլոբինի կառուցվածքի կամ առաջացման խանգարումների հետ: Հեմոգլոբինը արյունը ներկող նյութն է, որը պարունակվում է էրիթրոցիտներում, այն հեշտությամբ միանում է թթվածնի հետ և տարվում դեպի օրգանիզմի հյուսվածքները: Հեմոգլոբինի անկանոնությունների բազմազանությանը համապատասխանում են հիվանդության կլինիկ. տարբեր դրսևորումներ: Առանձին Հ. բնորոշ են աշխարհագր. որոշակի շրջանների (օրինակ՝ Աֆրիկայի, Միջերկրական ծովի, Հվ-Արլ Ասիայի, Խաղաղ օվկիանոսի) բնակչությանը:

Հ. կարող են ընթանալ անախտանշան, երբեմն՝ դրսևորվել սակավարյունությամբ: Դրանք ախտորոշվում են հետազոտության հատուկ մեթոդներով, որոնց մեջ հիմն. տեղ է գրավում արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի կառուցվածքի ուսումնասիրությունը:

Այսրկովկասում ավելի հաճախ հանդիպում է տալասեմիան, որը բնորոշվում է մասնավորապես էրիթրոցիտների քայքաման արագացմամբ: Տարբերում են՝ մեծ տալասեմիա, որի դեպքում հիվանդության կլինիկ. ախտանշաններն ավելի արտահայտված են, և փոքր տալասեմիա: Տալասեմիայով հիվանդների լյարդը և փայծաղը մեծանում են, մաշկը դեղնավուն երանգ է ստանում, նկատվում է սակավարյունություն: Քանի որ Հ-ի ավելի ծանր