կողքի) նպաստում են արգանդի արագ կրճատմանը, նաև փորկապության վերացմանը:
Հետծննդյան հիվանդություններից խուսափելու նպատակով հարկավոր է խստորեն հետևել արտաքին սեռ. օրգանների մաքրությանը, օրը 2 անգամ (1-ին օրը մանկաբարձուհու օգնությամբ) լվանալ կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով: Տակաշորերը փոխել 3 անգամ, ներքնաշորը և անկողնու սպիտակեղենը՝ ամեն օր: Ծննդկանն օրը 2 անգամ պետք է լվանա երեսը, մաքրի ատամները, կարճ կտրի եղունգները, երեխային կերակրելուց և ուտելուց առաջ օճառով լվանա ձեռքերը, լողանա միայն ցնցուղի տակ: Պտուկների ճաքերը (որոնք կարող են կաթնագեղձի բորբոքման պատճառ դառնալ) կանխելու նպատակով անհրաժեշտ է մանրակրկիտ խնամել կաթնագեղձերը, խորհուրդ է տրվում երեխային կերակրելուց հետո դրանք լվանալ անուշադրի սպիրտի 0,5 %-անոց լուծույթով կամ տաք ջրով ու օճառով, առավոտյան և երեկոյան պտուկներն ու հարպտկային շրջանակը լվանալ եռացրած գոլ ջրով և չորացնել ախտահանած բամբակով: Ճաքերից խուսափելու նպատակով 1-ին 2 օրը, քանի դեռ պտուկներից խիժ է արտադրվում, յուրաքանչյուր կերակրումը պետք է լինի կարճատև՝ 5-7 ր: Հաջորդ օրերին նույնպես կարևոր է կրծքով կերակրելու կանոնների պահպանումը (տես Կրծքի երեխա): Եթե կերակրելուց հետո կաթնագեղձում կաթ է մնում, անհրաժեշտ է այն կթել կաթնածծիչով: Ծննդկանի սնունդը պետք է լինի լիարժեք և կանոնավոր: Սննդի օրաբաժնում պետք է ընդգրկվեն մածուն և կաթնաշոռ (100-200 գ), թարմ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն և վիտամիններով հարուստ այլ սնունդ: Ցանկալի է չօգտագործել սուր և դժվարամարս կերակրատեսակներ (ճարպոտ միս, ոլոռ ևն) և պահածոներ: Օրական կարելի է օգտագործել մինչև 2 լ հեղուկ (ներառյալ հեղուկ կերակրատեսակները): Կրծքով կերակրելու շրջանում չի թույլատրվում ծխել, ալկոհոլային խմիչքներ օգտագործել, ինչպես նաև առանց բժշկի նշանակման դեղանյութեր ընդունել: Խորհուրդ է տրվում ծննդաբերությունից հետո 3 ամիս սեղմիրան կրել: Կրծկալը պետք է ազատ լինի, միևնույն ժամանակ կրծքագեղձը լավ պահի:
Անհրաժեշտ է հաճախ լինել մաքուր օդում, օդափոխել բնակարանը և անկողնու պարագաները, կատարել խոնավ մաքրում: Ծննդկանի առողջության համար կարևոր է նաև աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպումը: Քունը պետք է տևի օրական 8 ժ ոչ պակաս: Ծանրություն բարձրացնել չի թույլատրվում, այն կարող է արգանդի իջեցման պատճառ դառնալ: Ֆիզ. վարժություններ կարելի է կատարել միայն կանանց կոնսուլտացիայի բժշկի նշանակմամբ: Սեռ. կյանքը թույլատրվում է ծննդաբերությունից 8 շաբաթ անց (կանանց կոնսուլտացիայի բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո): Ծննդատնից դուրս գալուց 1 շաբաթ անց հարկավոր է այցելել տեղամասային մանկաբարձուհուն: Ջերմաստիճանի բարձրացման, սեռ. ուղիներից արյունահոսության, պտուկների ճաքերի, կաթնագեղձերի ցավերի դեպքերում անմիջապես պետք է դիմել բժշկի:
ՀԵՐՄԱՖՐՈԴԻՏԻԶՄ, տես Սեռ հոդվածում:
ՀԵՐՊԵՍ, տես Տենդաբշտիկ:
ՀԵՔԻՄՈՒԹՅՈՒՆ, բժշկ. կրթություն չունեցող անձանց կողմից, գիտականորեն չհիմնավորված, հաճախ հիվանդի կյանքի համար վտանգավոր մեթոդների կիրառմամբ իրականացվող բուժում:
Հ. առաջացել է մարդկային հասարակության զարգացման ամենավաղ շրջանում: Սկզբում Հ. չի առանձնացվել ժողովրդական բժշկությունից: Հեքիմների կիրառած որոշ դեղանյութեր ու մեթոդներ, իրենց նպատակահարմարության և արդյունավետության շնորհիվ, հետագայում օգտագործվել են գիտադեղորայքային բուսաբանության, բժշկ. կենդանաբանության, ներքին հիվանդությունների, բալնեոլոգիայի բնագավառներում: Հնում հեքիմների խորհրդին դիմում էին բազմաթիվ դժվար կենցաղային և նույնիսկ հաս. բնույթի հարցեր լուծելիս: Սակայն որոշ հեքիմների արտասովոր ունակությունների շնորհիվ նրանց նկատմամբ որոշակի պաշտամունք առաջացավ, հայտնվեցին, այսպես կոչված, եկեղեց. բուժարար հրաշագործներ: Եկեղեցիներում արմատավորվում էր սնապաշտությունը, շահագործվում էր մարդկանց չիմացությունը: Հեքիմները ձգտում էին իրենց իմացությունն ու փորձն օգտագործել անձն. հետաքրքրությունների և շահ ստանալու նպատակով, որով Հ. վերածվեց արհեստի՝ հարստացման միջոցի: Հ-յան աստիճանական հեռացումը ժող. բժշկության հնամենի ավանդույթներից՝ առաջ բերեց ժողովրդի դժգոհությունն ու ընդվզումը:
Հաս. կյանքի զարգացման յուրաքանչյուր նոր փուլում Հ-յան ձևերն ու տեսակներն էականորեն փոխվել են: Հ., որպես մնացուկ, տեղ է գտել նաև ժամանակակից աշխարհում: Հ-յան դրսևորումները տարբեր են՝ կախված առողջապահության ու ընդհանուր մշակույթի մակարդակներից, տարածքային առանձնահատկություններից, կենցաղային սովորույթներից, կրոն. նախապաշարմունքներից և սնապաշտության տարածման աստիճանից: Որպես բուժման միջոց՝ հեքիմներն օգտագործում են խոտաբույսեր, հանքանյութեր, կենդ. հյուսվածքներ, կիրառում են բուժման տարբեր մեթոդներ:
Ժամանակակից պայմաններում Հ. իրենից ներկայացնում է խիստ բացասական հնամենի երևույթ, անցյալի վնասակար մնացուկ: Այս երևույթների հետ չի կարելի հաշտվել նույնիսկ այն դեպքում, երբ հեքիմների կողմից օգտագործվող միջոցը ժող. բժշկության մեջ համարվում է ընդհանուր գործածական: Բանն այն է, որ Հ-ական բուժման դեպքում մեծ է 1-ին հայացքից անմեղ թվացող ցավը՝ վտանգավոր, քրոնիկ. ընթացքով, ծանր, իսկ երբեմն նույնիսկ մահացու բարդություններով հիվանդության վերածվելու ռիսկը: Գործն. դատաբժշկությունում հանդիպել են մահվան դեպքեր փայտացումից, երբ դիահերձման ժամանակ ատամի խոռոչում հող է հայտնաբերվել, արյան վարակումից՝ վերքերը սարդոստայնով (իբրև արյունահոսությունը դադարեցնող միջոց) կեղտոտվելուց, կատաղությունից, երբ կանխարգելիչ պատվաստումները փոխարինվել են աղոթքներով: Մարդու կյանքի համար հատկապես վտանգավոր են համաճարակային հիվանդությունները, հիվանդագին ընթացքով հղիությունները բուժելու հեքիմների փորձերը ևն:
Հեքիմները, որպես կանոն, գաղտնի են պահում իրենց դեղ ու դարմանի բաղադրությունը, դրանց մշակման և պատրաստման եղանակները, տարբեր վիրահատություններ հաճախ կատարում են ինքնաշեն գործիքներով:
Հայտնի են դեպքեր, երբ հիվանդը, հավատալով «հրաշագործ ունակություններով» այս կամ այն «բուժարարի» համբավին, դիմում է նրան՝ վստահելով ամենաթանկը՝ առողջությունը: Որպես կանոն՝ այն տխուր ավարտ է ունենում, որոշ ժամանակ անց հիվանդը ստիպված է դիմելու բուժհիմնարկ՝ արդեն ծանր, երբեմն չբուժվող բարդություններով:
ՀԻԳԻԵՆԱ, բժշկ. գիտություն, ուսումնասիրում է շրջակա և արտադր. միջավայրերի ֆիզ., քիմ. և կենսբ. գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի, նրանում ընթացող կենսական գործընթացների վրա, գիտականորեն հիմնավորում