ցավոտ, հաճախ մեծանում է նաև լյարդը: 1-ին նոպան տևում է 6-8 օր, այնուհետև ջերմաստիճանն իջնում է մինչև բնականոնը, նկատվում է միայն թեթևակի ընդհանուր թուլություն: Չբուժվելու դեպքում հաջորդում է նոր տենդային նոպա, որն ընթանում է նույն ախտանշաններով: Սովորաբար լինում է 2-3 (հազվադեպ՝ 4-5) նոպա, 1-ինը, որպես կանոն, հաջորդներից երկարատև է:
Ոջլային Հ.տ-ի կանխարգելումը ոջլոտության դեմ պայքարն է: Անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել հիվանդներին և հոսպիտալացնել: Հիվանդների հետ շփված անձանց վրա, սանմշակումից հետո, սահմանում են 14-օրյա բժշկ. հսկողություն, ամեն օր չափում ջերմությունը: Վերջինիս բարձրանալու դեպքում՝ հիվանդին մեկուսացնում են: Վարակի օջախում գտնվածները պարտադիր ենթարկվում են սանմշակման, ոջիլները ոչնչացնելու նպատակով հիվանդի ներքնաշորը, անկողնային պարագաները, հագուստը և բնակարանը միջատազերծում են:
Տզային Հ.տ-ի հարուցիչները սպիրոխետներն են (մոտ 20 տեսակ): Վարակի աղբյուրն ավազամկներն են, ճագարամկները, դաշտամկները, չախկալները ևն, փոխանցողները՝ տզերը, որոնք սպիրոխետներով վարակվում են հիվանդ կենդանիների արյունը ծծելիս: Վարակված տզերը կարող են 10 և ավելի տարիներ պահպանել սպիրոխետներն ու փոխանցել մարդուն: Սպիրոխետները տզերի թքագեղձերից մարդու օրգանիզմ են թափանցում խայթոցի ժամանակ: Խայթոցի տեղում առաջանում է մուգ կարմիր բիծ, որը պահպանվում է 2-4 շաբաթ:
Հիվանդության գաղտնի շրջանը 5-15 օր է: Հանկարծակի առաջանում է դող, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39—40°C, նկատվում են ուժեղ գլխացավ, թուլություն, ջարդվածություն, գոտկացավեր, ոտքերի ցավ, քրտնոտություն, ախորժակի կորուստ, երբեմն՝ փսխումներ: Հիվանդի դեմքը արյունալեցված է՝ դեղնավուն երանգով: Նոպայի ժամանակ լյարդն ու փայծաղը չափավոր մեծացած են ու ցավոտ: 1-ին տենդային նոպան տևում է 1-4 օր, այնուհետև ջերմաստիճանն իջնում է: Անտենդ շրջանը տևում է 13-ից մինչև 20-30 օր, այնուհետև նոպան նորից է կրկնվում: Չբուժվելու դեպքում սովորաբար լինում է 10-12 և ավելի նոպա:
Բուժվում են հիվանդանոցում:
Կանխարգելման հիմն. միջոցը տզերից պաշտպանվելն է:
Խորհուրդ է տրվում օգտագործել վանող նյութեր: Տզերի ոչնչացման համար բնակելի և տնտ. շինություններում, կրծողների բներում պետք է տեղադրել հեքսաքլորան (աերոզոլային), դուստ, էմուլսիաներ (տես Միջատազերծում), փակել կրծողների բները, պատերի ու հատակի ճեղքերը:
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, կաթնագեղձերի և սեռ. օրգանների բորբոքային հիվանդություններ: Կաթնագեղձի բորբոքումը հաճախ առաջանում է վաղ հետծննդյան շրջանում: Սեռ. օրգանների բորբոքային հիվանդությունները առաջանում են ընկերքի անջատման, արգանդի վզիկի, հեշտոցի և շեքի պատռվածքների, ճաքերի ու քերծվածքների հետևանքով առաջացած վերքային մակերևույթի մեջ ախտածին մանրէներ ներթափանցելիս: Հ.հ. ի հայտ են գալիս նաև ծննդկանի օրգանիզմում առկա բորբոքային օջախներից (նշագեղձերի բորբոքում, ատամների ոսկրափուտ) թարախածին մանրէները սեռ. օրգաններ ընկնելիս: Հ.հ-ին նպաստում են պտղաջրերի վաղաժամ հոսելը (տես Ծննդաբերություն), կնոջ օրգանիզմի թուլությունը՝ կապված հղիության ընթացքի բարդությունների հետ, օրինակ՝ ուշ տոքսիկոզները (տես Հղիության տոքսիկոզներ), ինչպես նաև հղիության և հետծննդյան շրջաններում հիգիենային ռեժիմի խախտումները:
Մանրէները, ընկնելով արգանդի վերքային մակերևույթի վրա, առաջացնում են տեղային բորբոքում, ավելի ուշ այն կարող է տարածվել հարարգանդային բջջանքի վրա (տես Հարարգանդաբորբ) և հանգեցնել որովայնամզի բորբոքման ու արյան վարակման:
Հ.հ., որպես կանոն, ի հայտ են գալիս հետծննդյան շրջանի 3-5-րդ օրերին: Ծննդկանի ընդհանուր վիճակը վատանում է, ախորժակը՝ ընկնում, ջերմաստիճանը՝ բարձրանում (38°C և ավելի), առաջանում են դող, գլխացավ: Նման վիճակը չի կարող աննկատ մնալ, և քանի դեռ կինը գտնվում է ծննդատանը, ստանում է համապատասխան բուժում: Սակայն երբեմն հիվանդության կլինիկ. ախտանշանները դրսևորվում են ծննդաբերությունից 10-14 օր անց, երբեմն՝ ավելի ուշ. ջերմաստիճանը բարձրանում է, ընդհանուր վիճակը՝ վատանում, որովայնի ստորին շրջանում առաջանում են ցավեր, խանգարվում է միզարտադրությունը, նկատվում է փորկապություն: Դա վկայում է սեռ. օրգանների բորբոքային գործընթացների առկայության մասին, ուստի կինը պետք է անհապաղ դիմի գինեկոլոգի:
Հ.հ-ի կանխարգելումը կանանց կոնսուլտացիաների ու ծննդատների հիմն. խնդիրներից է: Կարևոր է նաև կնոջ վարքագիծը, հղիության և հետծննդյան շրջաններում նրա վերաբերմունքը բժշկի նշանակումների հանդեպ: Հղի կինը պետք է ժամանակին դիմի կանանց կոնսուլտացիա, պահպանի անձնական հիգիենայի կանոնները, բուժի հղիության տոքսիկոզները:
ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆ, սկսվում է ընկերքը ծնվելու պահից (տես Ծննդաբերություն) և տևում 6-8 շաբաթ: Այդ ժամանակամիջոցում ծննդկանի օրգանիզմն աստիճանաբար վերակառուցվում է: Արգանդը փոքրանում է, 1-ին օրերին՝ արագ կրճատվում, որը հետագայում դանդաղում է: Կրկնածին կանանց արգանդի կրճատումը կարող է լինել ցավոտ (հիմնականում՝ երեխային կրծքով կերակրելիս): Արգանդի կրճատման հետ միաժամանակ տեղի են ունենում արգանդի ներքին մակերևույթի առողջացում և լորձաթաղանթի վերականգնում: Այդ ժամանակ արտադրվում է վերքային արտազատուկ՝ լոխիա: Սկզբում այն լինում է արյունային, ծննդաբերությունից 3-4 օր անց՝ դառնում արյունաջրային, այնուհետև պարզվում է և ծննդաբերությունից հետո 5-րդ շաբաթում՝ դառնում լորձային: Երկարատև արյունային լոխիան կարող է արգանդի բորբոքման ախտանշան լինել: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Հ.շ-ում փոփոխություններ են կատարվում նաև կնոջ սեռ. համակարգի այլ օրգաններում. աստիճանաբար վերականգնվում է կապանների և շեքի մկանների առաձգականությունը, նեղանում է հեշտոցը: Կաթնագեղձերն ուռչում են, կոպտանում, երբեմն առաջանում են ճնշող ցավեր, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացմամբ: Կուրծքը կաթնածծիչով դատարկելուց հետո այդ երևույթները վերանում են: Հետծննդյան 1-ին օրերին կաթնագեղձերից արտադրվում է խիժ՝ թանձր դեղնավուն հեղուկ: Կաթի արտազատումը սովորաբար սկսվում է ծննդաբերությունից 3-4 օր անց: Հ.շ-ում ծննդկանի ընդհանուր վիճակը, որպես կանոն, բավարար է: Հնարավոր է միզարտադրության դժվարացում, որը պայմանավորված է հղիության ժամանակ միզապարկի գործունեության խանգարմամբ, լինում է նաև փորկապություն, որը հեշտությամբ կարգավորվում է: Սակայն հետծննդյան 1-ին 2 օրերին կինը պետք է ժամանակի մեծ մասն անցկացնի անկողնում՝ չսահմանափակելով շարժումները: Ակտիվ շարժումները (կողքից