Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակով) չի կարելի ցավը հանգստացնող և լուծողական դեղանյութեր տալ, հոգնա անել, ջեռակ դնել, արհեստականորեն փսխում առաջացնել: Հիվանդության պատկերի փոփոխությունը կարող է սխալ ախտորոշման պատճառ դառնալ: Փսխման զանգվածը և արտաթորանքը պետք է ցույց տալ բժշկին:

Ստամոքսի և աղիքների քրոնիկ. հիվանդությունների (տես Ստամոքսաբորբ, աղիքի բորբոքում, Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, Խոցային հիվանդություն) և հատկապես դրանց սրացումների ժամանակ խորհուրդ է տրվում խիստ սննդակարգ պահպանել և կատարել բժշկի նշանակումները:

Լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ մեծ նշանակություն է տրվում սննդակարգի խստորեն պահպանմանը, բավարար քանակությամբ վիտամինների օգտագործմանը: Ցավը հանգստացնող, լեղամուղ դեղանյութերի ընդունումը, տյուբաժը, ջերմային բուժարարողությունները թույլատրվում են միայն բժշկի նշանակմամբ:

Ուռուցքային հիվանդություններ: Այս հիվանդների խնամքն ունի իր առանձնահատկությունները: Հիվանդների հետ շփվելիս անհրաժեշտ է այնպես վարվել, որ հիվանդը չվախենա, մահվան դատապարտված չզգա, պետք է հիվանդի մոտ պահպանել լավատեսական տրամադրություն, որը հիմնված լինի ժամանակակից բժշկության իրական հնարավորությունների վրա: Ուռուցքային հիվանդությունների ճնշող մեծամասնության դեպքում, հիվանդության շրջանից կախված, հնարավոր է բուժման լավ արդյունք: Հիվանդության նույնիսկ ծանր ձևերի դեպքում լավ խնամքը թեթևացնում է տառապանքը և հաճախ ապահովում երկարատև լուսավոր շրջաններ: Այդպիսի հիվանդները, որպես կանոն, երկար ժամանակ պետք է պահպանեն անկողնային ռեժիմ, ուստի նրանց խնամելիս հատուկ նշանակություն ունի պառկելախոցերի կանխարգելումը: Դեղանյութերը (այդ թվում՝ ցավազրկող և քնաբեր) տալիս են միայն բժշկի նշանակմամբ: Ախտահարված վերջույթների անշարժացումը, պինդ վահանակի գործածումը կարող են էապես թեթևացնել տառապանքը:

Վնասվածքներ, վերքեր, այրվածքներ: Վիրաբուժ. հիվանդների խնամքը տանը կատարվում է հիմնականում ոչ ծանր, հոսպիտալացում չպահանջող հիվանդությունների դեպքում (պոլիկլինիկայում կամ վնասվածքաբան. կետում որակյալ բուժօգնություն ցույց տալուց հետո): Այսպիսի վնասվածքների թվին են պատկանում դաստակի, ոտնաթաթի, մատների, ճաճանչոսկրի ծայրի, նավակոսկրի և մի շարք այլ ոսկրերի փակ ոչ բարդ կոտրվածքները: Եթե հիվանդին գիպսակապ է դրված, ապա ամենից առաջ պետք է հոգ տանել գիպսակապի ամբողջությունը պահպանելու համար: Գիպսը պահանջված ամրություն է ձեռք բերում միայն լրիվ չորանալուց հետո, դրա համար 1-ին օրերին այն չեն ծածկում, որպեսզի խոնավությունը գոլորշիանա: Գիպսակապը պետք է պահպանել ճնշումից, ծռումից: Վնասված ծայրանդամը պահում են թեթևակի բարձր դիրքում, դա նվազեցնում է հյուսվածքների այտուցը, որից կարող է վիրակապը կիպ դառնալ ու ճնշել վերջույթը: Այդպիսի ճնշումն արտահայտվում է ցավերի ուժեղացմամբ, մատների կապտությամբ, թմրածությամբ, շարժողության խանգարմամբ: Նման ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Գիպսակապն ինքնուրույն կտրելն ու հանելն անթույլատրելի է: Երբ գիպսը կարծրանում է, բժշկի նշանակմամբ սկսում են վնասված վերջույթի կանոնավոր շարժումներ կատարել: Ճաճանչոսկրի կոտրվածքի ժամանակ (հատկապես տարեցների) խիստ կարևոր են ձեռքի մատների շարժումները: Այդ տարիքում նման կոտրվածքներն ավելի հաճախակի են: Բուժ. մարմնամարզության համառորեն կիրառումը նպաստում է կոտրվածքի սերտաճմանը և գիպսակապը հանելուց հետո՝ ծայրանդամի աշխատունակության վերականգնմանը: Կողերի կոտրվածքի ժամանակ առաջացած շնչառության դժվարացումը կարելի է վերացնել կիսանստած դիրքով: Եթե դա չի օգնում և, առավել ևս, եթե առկա է արյունախխումը, հարկավոր է շտապ բժշկ. օգնություն կանչել:

Վերքերի, այրվածքների ժամանակ և ոչ մեծ վիրաբուժ. միջամտություններից հետո՝ տանը հիվանդին խնամելիս պետք է աշխատել, որ վիրակապը չոր և ուղիղ լինի: Եթե այն տեղից ընկել է, հարկավոր է, առանց վերքը բացելու, նորից կապել, վիրակապը թացանալիս նրա վրայից կապել 2-րդը (անպայման մանրէազերծած)՝ խստորեն պահպանելով աննեխության կանոնները (տես Հականեխություն, աննեխություն): Հիվանդի վիճակի ամեն տեսակի վատացումը պահանջում է բուժօգնություն:

Վարակիչ հիվանդություններ: Այս հիվանդությունների ժամանակ ճիշտ խնամքը ոչ միայն բուժման բաղկացուցիչ մասն է, այլև շատ կարևոր է հիվանդի հետ ապրող մերձավորների վարակումը կանխելու համար: Ընդհանուր խնամքի, բուժարարողությունների բոլոր սկզբունքները կիրառելի են նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների համար: Բայց հիգիենային միջոցառումները պետք է լինեն ավելի խիստ: Ամենից առաջ հիվանդին առավելագույն ժամկետով մեկուսացնում են (գերադասելի է առանձին սենյակում): Հիվանդության վարակիչ շրջանում (վարակելիության ժամկետները նշված են առանձին վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հոդվածներում) հարկավոր է սահմանափակել այցելությունները: Ավելի լավ է, որ ընտանիքում որևէ մեկը մշտապես խնամի հիվանդին, նրա համար առանձնացնում են անհատ. ամանեղեն, որն առանձին են լվանում և վարակազերծում: Հիվանդի սպիտակեղենը լվանում և եռացնում են առանձին՝ վարակազերծող նյութ ավելացնելով: Հիվանդի սենյակը խոնավ մաքրում են օրը 2 անգամից ոչ պակաս, հատակը և կենցաղային իրերը մաքրում են վարակազերծող լուծույթով թրջած լաթով (լաքապատ կահույքինը՝ հատուկ հեղուկով), սենյակն օդափոխում են օրը 3-5 անգամ: Շնչառ. ու աղիքային վարակիչ հիվանդությունների ժամանակ կիրառվող միջոցառումների մասին մանրամասը տես Գրիպ և Դիզենտերիա հոդվածներում: Շնչառ. վարակիչ հիվանդություններով (սուր շնչառական հիվանդություններ) հիվանդներին խնամողը պետք է կրի թանզիֆե (կամ 1-անգամյա) դիմակ: Աղիքային վարակիչ հիվանդին յուրաքանչյուր այցելությունից հետո ձեռքերը պետք է խնամքով լվանալ օճառով կամ քլորակրի 0,5 %-անոց լուծույթով (1 թեյի գդալ՝ 0,5 լ ջրին):

Հատուկ խնամք է հարկավոր տենդող հիվանդներին: Ջերմաստիճանի բարձրացման շրջանում հիվանդի դողի ժամանակ հարկավոր է նրան լավ ծածկել, տաք ըմպելիք տալ: Օգտակար են տաք հանքային ջուրը, կերակրի սոդայով կաթը, որոնք օրգանիզմում նվազեցնում են վնասակար նյութերի կոնցետրացիան և չեզոքացնում դրանք:

Վարակիչ հիվանդությունը կարող է ընթանալ ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ, որն ուղեկցվում է թուլությամբ և սիրտանոթային անբավարարությամբ (այսպես կոչված՝ ճգնաժամ): Նման վիճակում հիվանդին անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն:

Վարակիչ հիվանդությունների, հատկապես տենդային վիճակների ժամանակ խանգարվում է մարսող. համակարգի ֆունկցիան, դրա համար պետք է հետևել