Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերանի խոռոչի հիգիենային: Հիվանդներին հակաբիոտիկներով բուժելիս հաճախ բերանի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ փառ, որը չի կարելի հեռացնել մեխ. եղանակով (տե՛ս Կանդիդոզ): Աղիքների ֆունկցիաների, կղման խանգարումների (լուծ, փորկապություն), կղանքի գույնի փոփոխության, խառնուրդների առկայության մասին հարկավոր է հայտնել բժշկին:

Նյարդային համակարգի հիվանդություններ: Նյարդային համակարգի առանձին ախտահարումների ժամանակ հիվանդները կարող են գտնվել այնքան ծանր վիճակում, որ նույնիսկ հիվանդանոց տեղափոխելը վտանգավոր լինի նրանց կյանքի համար: Նման հիվանդների բուժում են տանը: Հատուկ ուշադրություն են պահանջում գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներով հիվանդները, որոնց երկարատև անկողնային ռեժիմը՝ հարկադրական անհրաժեշտությամբ, հանգեցնում է ծանր բարդույթների (պառկելախոցեր, թոքերի բորբոքում, միզուղիների և երիկամների բորբոքում): Դրա հետ կապված՝ խնամքի պահանջների կանոնավոր կատարումը ձեռք է բերում առաջնակարգ նշանակություն: Կաթվածով հիվանդի համար 1-ին օրերին ստեղծում են բացարձակ հանգիստ. պառկեցնում են մեջքի վրա՝ գլուխը մի քիչ բարձր: Ատամների պրոթեզները հանում են, գլխին սառույց դնում, ոտքերին՝ ջեռակ՝ հետևելով, որ այրվածքներ չառաջանան: Գիտակցության երկարատև բացակայության ժամանակ բժիշկը կարող է նշանակել սնուցող հոգնաներ (տես Արհեստական սնուցում): Գիտակցությունը պահպանելու դեպքում կերակրում են միայն հեղուկ սնունդով (հյութ, անուշաջուր, շիլա, թեյ): Եթե սնունդն ընդունելիս հիվանդն անընդհատ «շնչահեղձ» է լինում, հարկավոր է կերակրումն ընդհատել: Շնչահեղձություն առաջանալու դեպքում կիրառում են շնչուղիներից օտար մարմինների հեռացման եղանակներ. հարվածում են հիվանդի միջթիակային շրջանին և սեղմում որովայնի վերին կեսը: Բերանի խոռոչի խնամքը և պառկելախոցերը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է նաև մաշկի վիճակի հսկողություն: Հարկավոր է հետևել աղիքների և միզապարկի կանոնավոր գործունեությանը: Ակամա միզարձակման և կղման դեպքում հիվանդի տակ պետքանոթ դնել:

Կռկվելուց խուսափելու նպատակով վերջույթներին որոշակի դիրք են տալիս: Ձեռքը զատում են, ափով շրջում դեպի վեր և ծալում արմնկային հոդում, մատները հեռացնում են իրարից, ոտքերը՝ տարածում (տես Կաթված):

Զգացողությունը կորցնելու դեպքում կանխում են հիվանդի շփումը տաքին ու սառին:

Թոքային բարդույթներից խուսափելու նպատակով, բժշկի նշանակմամբ 3-6-րդ օրը հիվանդին շրջում են կողքի և կատարում շնչառ. մարմնամարզություն: 7-10 օր անց սովորաբար սկսում են պասիվ բուժ. մարմնամարզություն, 10-15 օր անց՝ թեթևակի մերսում: Կողմնակի օգնության կարիք ունեն վերջույթների լուծանքով հիվանդները: Հարկավոր է օգնել նրանց՝ ընկճված վիճակը հաղթահարելու և շարժող. ռեժիմը ժամանակին կիրառելու հարցում, որը կնպաստի հիվանդության ելքի բարելավմանը:

Ջղաձգային նոպայի ժամանակ նշում են նրա առանձնահատկությունները և դրանց մասին տեղեկացնում բժշկին, հարկավոր է հետևել՝ ջղաձգության նոպայի ժամանակ լինո՛ւմ են արդյոք գիտակցության կորուստ, բերանից փրփրային արտադրություն, ակամա միզարձակում և կղում: Նոպայի ժամանակ հիվանդին հարկավոր է պահպանել սալջարդներից, գլուխը պետք է դնել փափուկ փռոցի վրա կամ օգնողը պետք է հիվանդի գլխի տակ դնի իր ոտքը և պահի 2 ձեռքով: Որպեսզի հիվանդը լեզուն չկծի, ատամների արանքը դնում են թանզիով փաթաթած բութ առարկա (օրինակ՝ գդալ) կամ սրբիչի, անձեռոցիկի փաթաթած ծայրը: Վերջույթները պահպանում են սալջարդից, սակայն ջղաձգությանը հակազդել չի կարելի: Հիվանդին տեղափոխել կարելի է միայն նոպայի ավարտից հետո՝ ապահովելով հանգիստ քնի պայմաններ:

Ողնաշարի վնասվածքների և մի շարք հիվանդությունների դեպքերում հիվանդին պառկեցնում են կոշտ անկողնում (բարակ ներքնակի տակ դնում են փայտե կամ պլաստմասսայե վահանակ):

Նյարդային համակարգի սուր վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև գանգագլխուղեղային վնասվածքի ժամանակ հաճախ առաջանում են հոգեկան հիվանդություններ: Այդ շրջանում նրանք անկողնային ռեժիմի, առավելագույն հանգստի, խնայող. սննդակարգի կարիք ունեն, իսկ կլման խանգարման ժամանակ, բժշկի նշանակմամբ կիրառում են սնուցող հոգնաներ, կերակրում զոնդով (տես Արհեստական սնուցում):

Անդորրը, մաքրությունը, հարմարավետությունը, խնամողի կոկիկ տեսքը, անկեղծ, համբերատար, բարյացակամ վերաբերմունքը բարերար պսիխոթերևտիկ ազդեցություն են թողնում հատկապես հիվանդի արագ առողջանալու ակտիվ տրամադրությամբ դեպքում:

Կանանց սեռական օրգանների հիվանդություններ: Հ.խ. բացի ընդհանուր միջոցառումներից, կարող է ընդգրկել հեշտոցային ցնցուղումները, հեշտոցի մեջ դեղանյութեր ներարկելը: Արտաքին սեռ. օրգանները լվանում են օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան), սեռ. օրգաններից արտադրության (հատկապես արգանդային արյունահոսության) դեպքում անհրաժեշտ է ավելի հաճախ լվացումներ կատարել և փոխել տակաշորերն ու հիգիենային վիրակապերը: Եթե հիվանդին թույլատրված է քայլել, լվացումն ավելի լավ է կատարել զուգարանում կամ լոգարանում:

Հղի կանանց, ծննդկանների, ինչպես նաև ախտաբան. հղիության, ծննդաբերության և հետծննդյան հիվանդությունների ժամանակ կատարվող խնամքի մասին տես Հղիություն, Հետծննդյան շրջան, Ծննդաբերություն, Հղիության տոքսիկոզներ հոդվածներում:

Միզարտադրության օրգանների հիվանդություններ: Այս հիվանդությունների մեջ բավականին շատ են տարեցները, ուստի պահանջվում է ընդհանուր խնամքի կանոների խիստ պահպանում, քանի որ անմաքրությունը կարող է վատացնել ամբողջ վիճակը:

Անհրաժեշտ է ամեն օր հետևել մեզի քանակին և գույնին, միզարձակման ռիթմին և ժամանակին, այդ մասին տեղեկացնել բժշկին: Կարևոր են նաև ցավերի բնույթի, տեղադրության և ծագման ժամանակի, տևողության, այլ շրջաններ տարածվածության, միզարձակման ցանկության հաճախության, նրա կասեցման կեղծ ցանկության և ակամա միզարձակման վերաբերյալ տվյալները: Միզակապության ժամանակ բժշկի խորհրդով կարելի է ցայլքի վրա տաք ջեռակ դնել, մաքրող հոգնա անել, օգտակար է նաև դիրքի փոփոխությունը: Միզարձակման ռեֆլեքսի վերականգնմանը նպաստում է բաց ծորակից հոսող ջրի ձայնը: Երիկամների քրոնիկ. բորբոքումով հիվանդների մոտ ուժեղ գլխացավերի, քնկոտության, առանձին մկանախմբերի ձգվածության ի հայտ գալը, սրտխառնոցը, փսխումը ահազանգ են երիկամային անբավարարության առաջացման հնարավորության (տես Միզարյունություն): Նման դեպքերում հարկավոր է շտապ բժշկ. օգնություն կանչել:

Երիկամների քրոնիկ. ախտահարման և նրանց ֆունկցիայի անբավարարության ժամանակ շատ հարկավոր է սննդակարգը: