և հակասոցիալ. վարքից (ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, սեռ. սանձարձակությունը) հրաժարումը, իսկ հիվանդանալու դեպքում՝ անհապաղ բժշկին դիմելը և նրա նշանակումների ճշգրտորեն կատարելը անհրաժեշտ նախապայմաններ են յուրաքանչյուր մարդու առողջության և ակտիվ ու ստեղծագործ երկարակեցության համար:
ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԵՐԻԿԱՄԱԽՏ, տես Հղիության տոքսիկոզներ հոդվածում:
ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՀՈԳԵԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ, տես Ծննդաբերություն հոդվածում:
ՀՂԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄ, հակաբեղմնավորիչ միջոցներ, հղիության կանխման լայնորեն տարածված մեթոդներ, որոնք հիմնված են կնոջ «անպտուղ» օրերի հաշվարկի, ինչպես նաև սեռ. հարաբերության ընդհատման վրա մի շարք պատճառներով հաճախ դրանք անարդյունավետ են: Նման դեպքերում հարկ է լինում կատարել հղիության արհեստ. ընդհատում (տես Վիժում), որն ամենևին էլ անվտանգ միջոց չէ: Բացի այդ, սեռ. հարաբերության ընդհատումը վտանգավոր է և՛ կնոջ, և՛ տղամարդու համար: Որպես կանոն՝ նման դեպքերում առաջանում է տղամարդու սեռական անկարողություն, թուլանում են կնոջ սեռ. զգացմունքները: Հ. կ-ման նպատակահարմար եղանակի և միջոցների ընտրության հարցում կարող է օգնել բժիշկը:
Հակաբեղմնավորիչ միջոցները լինում են մեխ., քիմ., հորմոնային ևն: Մեխ. միջոցները խոչընդոտում են սերմնահեղուկի ներթափանցումը կնոջ սեռ. ուղիներ: Դրանցից են վզիկային թասակիկները (կալպակ), որոնք օգտագործում է կինը, և տղամարդկանց պահպանակը (պրեզերվատիվ): Թասակիկները պետք է համապատասխանեն արգանդի վզիկի չափերին և կիպ գրկեն այն, որպեսզի խոչընդոտեն սերմնաբջիջների մուտքն արգանդ: Թասակիկներն ընտրում, հագցնում և հանում է (23 օր դաշտանից առաջ) բժիշկը: Քիմ. հակաբեղմնավորիչ նյութերն ազդում են սերմնաբջիջների կենսունակության վրա՝ միայն հեշտոցում դրանց լուծվելուց հետո, ուստի պետք է ներս տարվեն սեռ. հարաբերություններից մի քանի ր առաջ: Օգտագործվում են գնդիկների, դոնդողի և մածուկի ձևով:
Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից են ներարգանդային պարույրները և հորմոնային պատրաստուկները: Բժիշկը պարույրը տեղադրում է կնոջը նախապես հետազոտելուց հետո: Պարույրն արգանդում կարող է գտնվել 2-3 տարի, եթե ցավային զգացողություններն ու սեռ. ուղիներից արյունային արտադրությունը բացակայում են: Վերոհիշյալ ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անմիջապես դիմել բժշկի՝ պարույրը հանելու համար: Հորմոնային պատրաստուկներն ընկճում են ձվազատման գործընթացները (տես Դաշտանային ցիկլ), որը և հղիությունն անհնարին է դարձնում: Պատրաստուկի ընդունումն ընդհատելուց հետո ձվազատման փուլերը վերականգնվում են, և կինը կարող է հղիանալ: Այդպիսի միջոցներից օգտվել կարելի է միայն բժշկի հսկողությամբ՝ մանրակրկիտ հետազոտությունից հետո, քանի որ որոշ հիվանդությունների (երիկամների, լյարդի, ստորին վերջույթների երակների հանգուցավոր լայնացման, շաքարախտի ևն) դեպքերում դրանց օգտագործումը հակացուցված է: Բացի այդ, հաբերի կանոնավոր ընդունումից կարող են ի հայտ գալ արյունային արտադրություն, սրտխառնոց, գլխացավ, մաշկային ցաներ, հնարավոր են նաև ավելի լուրջ բարդություններ:
Հ.կ-ման թվարկված միջոցներն առավել արդյունավետ են և անվնաս, եթե դրանք ընտրում է բժիշկը՝ հաշվի առնելով կնոջ անհատ. առանձնահատկություններն ու առողջ. վիճակը: Այդ նպատակով ՀՀ-ում գործում է ընտանիքի պլանավորման ծառայություն:
ՀՂԻՈՒԹՅԱՆ ՏՈՔՍԻԿՈԶՆԵՐ, պայմանավորված են կնոջ օրգանիզմում պտղաձվի զարգացման հետ կապված փոփոխություններով: Հաճախ առաջանում են հղի կնհջ առողջ. վիճակի շեղումների ժամանակ: Հետազոտման (անհրաժեշտության դեպքում նաև բուժման) նպատակով կանանց կոնսուլտացիա ժամանակին դիմելը կարևոր է այդ բարդությունների կանխման համար:
Տարբերում են վաղ և ուշ շրջանների Հ.տ.: Վաղ տոքսիկոզները սովորաբար առաջանում են հղիության 1-ին 12 շաբաթում և դրսևորվում են ընդհանուր ընկճվածությամբ, վատ ինքնազգացողությամբ, սրտխառնոցով, երբեմն՝ թքահոսությամբ (օրական մինչև 1,5 լ և ավելի): Օրը մի քանի անգամ լինում է սրտխառնոց, նկատվում են ընդհանուր թուլություն, գրգռվածություն, քնկոտություն, մարմնի քաշի անկում: Հղիության ծանր բարդություն է չափից ավելի փսխումը (օրը 20 անգամ, ոչ միայն ցերեկը, այլև՝ գիշերը), որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, և կինը խիստ նիհարում է: Մաշկը դառնում է չոր և թորշոմած, բերանից տհաճ հոտ է գալիս, ջերմաստիճանը բարձրանում է, անոթազարկը՝ հաճախանում արյան զարկերակային ճնշումը՝ իջնում: Որոշ դեպքերում, չափից ավելի փսխումների ժամանակ, հղիության արհեստ. ընդհատման (տես Վիժում) հարց է առաջանում: Վաղ թունավորումները բուժում են կանանց կոնսուլտացիաներում: Չափից ավելի փսխումների դեպքում հարկավոր է հղի կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Ուշ տոքսիկոզները (ջրգողություն, երիկամախտ, նախաէկլամպսիա, էկլամպսիա) հղիության ժամանակ առաջացող նույն հիվանդության տարբեր փուլերն են, որոնք ուղեկցվում են սիրտանոթային և կենտր. նյարդային համակարգերի, լյարդի, երիկամների և այլ օրգանների ֆունկցիաների խանգարումներով:
Հղի կանանց ջրգողությունը բնորոշվում է կայուն այտուցներով: Սկզբում դրանք առաջանում են ոտքերի, այնուհետև արտաքին սեռ. օրգանների, ծանր դեպքերում՝ ամբողջ մարմնի վրա: Ընդհանուր վիճակը չի խանգարվում: Հեղուկի կուտակումն օրգանիզմում, որն սկզբում կարող է աննկատ լինել, առաջացնում է առավել արտահայտված մարմնի քաշի ավելացում (բնականոն հղիության շրջանում այն ավելանում է միջինը 10 կգ): Հղիության 2-րդ կեսում մարմնի քաշի ավելացումը (շաբաթը՝ 250-300 գ) վկայում է այտուցների առկայության մասին: Ջրգողությունը պահանջում է կանոնավոր բուժում: Կինը պետք է ամիսը 2 անգամ հաճախի կոնսուլտացիա և խստորեն կատարի բժշկի նշանակումները, պահպանի հիգիենայի կանոնները, հետևի մարմնի քաշին (ամեն շաբաթ կշռվի): Ջրգողության ժամանակ սահմանափակում են հեղուկների (օրը 3-4 բաժակ) և աղերի օգտագործումը: Սննդում պետք է գերակշռեն կաթնամթերքը, բանջարեղենը, մրգերը:
Ռեժիմի խանգարումները, բժշկի խորհուրդները չկատարելը կարող են առաջացնել լուրջ բարդություններ, օրինակ՝ երիկամախտ, երբ այտուցների ֆոնի վրա բարձրանում է արյան զարկերակային ճնշումը, մեզում հայտնաբերվում է սպիտակուց: Երիկամախտի ժամանակ խանգարվում է պտղի զարգացումը և նույնիսկ հանգեցնում նրա մահվան: Հանձնարարված ռեժիմի խանգարման և երիկամախտը չբուժելու դեպքում այն կարող է վերածվել նախաէկլամպսիայի, երբ այտուցների, արյան ճնշման բարձրացման, մեզում սպիտակուցի ի հայտ գալու հետ միասին կարող են առաջանալ գլխացավ, տեսողության խանգարումներ (աչքերի առջև մառախուղի զգացում), սրտագդալի