գիտակցում է, քննադատաբար է վերաբերվում և մշտապես պայքարում է դրանց դեմ:
Աֆեկտիվ խանգարումներ, տրամադրության խանգարումներով պայմանավորված վիճակներ: Ընթանում են մանիակալ և դեպրեսիվ վիճակներով: Մանիակալ վիճակը բնորոշվում է չափից ավելի ուրախ տրամադրությամբ, գործունեության ձգտումով, մտածողության ընթացքի արագացմամբ: Դեպրեսիվ խանգարումներին (տես Ընկճվածություն) բնորոշ են անկումային, թախծալի տրամադրությունը, մտածողության դանդաղումը:
Գիտակցության խանգարումներ. հոգեկան գործունեության անցողիկ, կարճատև, (ժամեր, օրեր) խանգարումներ, որոնց բնորոշ են շրջապատող աշխարհից մասնակի կամ լրիվ կտրվածությունը, կողմնորոշման խանգարումները՝ տեղի, ժամանակի, տարածության, շրջապատող անձանց նկատմամբ, մտածողության խանգարումները՝ ճիշտ դատողությունների մասնակի կամ լրիվ բացակայությամբ, գիտակցության խանգարման շրջանում կատարված իրադարձությունների լրիվ կամ մասնակի մոռացումը:
Հիշողության խանգարումներ, դրսևորվում են փաստերը և իրադարձությունները հիշելու, մտապահելու և վերարտադրելու ունակության նվազմամբ: Լրիվ բացակայությունն անվանվում է անհիշություն (ամնեզիա):
Թուլամտություն, ամբողջ հոգեկան գործունեության անվերադարձ աղքատացում, որն ուղեկցվում է անցյալում ստացած գիտելիքների և հմտությունների կորստով կամ նվազմամբ: Թուլամտությունը լինում է բնածին (տես Սակավամտություն) կամ առաջանում է կրած որոշ հիվանդություններից հետո:
ՀՈԳԵԿԱՆԸ, հոգեկան գործունեություն, գլխուղեղի ֆունկցիա, սուբյեկտի կողմից օբյեկտիվ իրականության ակտիվ արտացոլման ձև, որն ի հայտ է գալիս բարձր զարգացած էակների՝ արտաքին աշխարհի հետ շփման ընթացքում և իրականացնում է նրանց վարքագծում կանոնավորող ֆունկցիան: Հ-ի շնորհիվ ձևավորվում են իրականության վերաբերյալ (այդ թվում նաև ինքն իր մասին) մարդու համապատասխան (ադեկվատ) պատկերացումները, ինչպես շրջապատող օբյեկտների հետ անմիջական շփումների, այնպես էլ միջնորդավորված կապերի՝ մտահանգումների, դատողությունների շնորհիվ:
Գլխուղեղն արտացոլման ֆունկցիան իրականացնում է զգայարանների միջոցով: Դրանց շնորհիվ ընկալված ինֆորմացիան հոգեկան գործունեության այդ բարձրագույն օրգանը համադրում է նախորդ փորձի հետ, ստուգում գործնականում, կուտակում, ամրապնդում հիշողության մեջ և այն ծառայեցնում որպես մարդու գիտակցական գործողությունների հիմք:
Հ. ձևավորվում է մարդու ծննդյան 1-ին օրերից՝ առավելապես արտաքին միջավայրի ազդեցությամբ (տես Երեխայի հոգեկան զարգացումը): Սակայն, գլխուղեղի այն համակարգերը, որոնք Հ-ի կենսբ. հիմք են ծառայում, ձևավորվում են ինչպես միջավայրի (արտաքին), այնպես էլ բնածին, գենետիկ, (ներքին) գործոնների ազդեցությամբ:
Մարդու աճման ընթացքում նրա Հ. աստիճանաբար զարգանում է բացառապես պատկերային իմացությունից, որը բնորոշ է վաղ մանկ. տարիքին, իսկ վերացական իմացությունը, որն ընդգրկում է ընդհանրացումների, վերացական հասկացությունների կառուցումը, բնորոշ է ավելի հասուն տարիքին: Այդպիսի դեպքերում չպետք է մոռանալ, որ ընդհանրացումների շրջանին անցումը չի վերացնում պատկերային, զգայական իմացությունը: Հակառակը, զգայական իմացությունները հիմք են ծառայում ընդհանրացումների, մտքերի, գաղափարների կառուցման համար, որոնք ավելի բնորոշ են հասուն Հ-ին:
Մարդու Հ-ի ձևավորմանը, որի շնորհիվ նա հնարավորություն ստացավ դառնալ բնության տիրակալ, նախորդել է երկարատև էվոլյուցիայի շրջանը:
Այդպիսի դեպքերում մարդու գոյության ընթացքում Հ-ի զարգացման որոշիչ գործոն է եղել աշխատանքը:
Հ-ի տարրերն, իհարկե, առկա են նաև կենդանիների մոտ, բայց մարդն օժտված է այնպիսի Հ-ով, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ճանաչել, այլև վերափոխել աշխարհը:
Գլխուղեղը հոգեկան գործունեության օրգան է, դրա համար գլխուղեղի տարբեր վնասումները և հիվանդությունները կարող են հանգեցնել Հ-ի խանգարման և հոգեկան հիվանդությունների առաջացման: Սաղմնային շրջանում կամ վաղ մանկ. տարիքում առաջացած վնասվածքներն ու հիվանդությունները պայմանավորում են Հ-ի զարգացման շեղումների բազմազանությունը:
Տես նաև Բարձրագույն նյարդային գործունեություն:
ՀՈԳՆԱ, տարբերում են բուժիչ, դեղորայքային և սնուցող Հ-ներ: Բացի այդ, Հ. կիրառում են ռենտգենաբանական հետազոտության ժամանակ՝ հակադրական նյութերն աղիքներ ներմուծելու նպատակով: Չի թույլատրվում Հ. կատարել առանց բժշկի նշանակման, քանի որ որոշ հիվանդությունների (որդանման ելունի բորբոքում, աղիքի ոլորում ևն) ժամանակ այն կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Հ-ի համար գործածում են ցնցուղիչ՝ 30-360 մլ տարողությամբ, տանձաձև ռետինե բալոնիկ, ռետինե խողովակով ձագար՝ սեղմիչով կամ ծորակով ու ծայրադիրով, ռետինե կամ ապակե լվացող գործիք՝ էսմարխի բաժակ, ինչպես նաև համակցված ջեռակ: Ծորակով կամ սեղմիչով կարգավորում են հեղուկի հոսքի արագությունը: Ռետինե խողովակը միացնում են բաժակին ապակե, էբոնիտե կամ ռետինե ծայրադիրով:
Բուժիչ Հ. լինում է մաքրող, յուղային, սիֆոնային: Մաքրող (դատարկող, թուլացնող) Հ. կիրառում են փորկապության, սննդային և այլ թունավորումների ժամանակ, որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ռենտգենաբան. հետազոտությունից, վիրահատությունից, ծննդաբերությունից, ինչպես նաև դեղորայքային և սնուցող Հ-ներից առաջ: Ջրային մաքրող Հ. փափկացնում է պինդ կղանքը և գրգռում աղիքների լորձաթաղանթը, ուժեղացնում գալարակծկանքը, որն առաջացնում է կղում: Որքան մեծ է