Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանում՝ միայն բժշկի նշանակմամբ:

Հ. կանխարգելելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել վարակիչ հիվանդությունները, խուսափել մրսելուց, պահպանել բժշկի նշանակած ռեժիմն ու սննդակարգը: Մեծ նշանակություն ունեն օրգանիզմի կոփումը և ճիշտ ֆիզ. դաստիարակությունը, ինչպես նաև աշխատանքի ու հանգստի պայմանների բարելավումը:

ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ, հոդի ամբողջականության խախտում՝ ոսկրերի հոդային ծայրերի կայուն, փոխադարձ տեղաշարժով: Տարբերում են բնածին և ձեռքբերովի Հ-ներ: Վերջիններս իրենց հերթին լինում են վնասվածքային և ախտաբան.: Վնասվածքային Հ-ման առանձին խումբ են սովորութային Հ-ները: Ըստ խախտման աստիճանի՝ տարբերում են լրիվ Հ., երբ հոդը կազմող 2 ոսկրերի ծայրերի հոդամակերեսների միջև շփումը բացակայում է, և մասնակի (ենթահոդախախտում), որի դեպքում հոդամակերեսները շփվում են մասնակիորեն: Հոդի շրջանում մաշկի վնասմամբ (թափանցող վերք) ուղեկցվող Հ. անվանում են բաց, մաշկի ամբողջականությունը պահպանվելիս՝ փակ Հ.: Հոդախախտված է համարվում այն ոսկրը, որը մարմնից հեռու է (օրինակ՝ ուսահոդի խախտման ժամանակ հոդախախտված է համարվում բազկոսկրը, կոնքազդրային հոդի դեպքում՝ ազդրոսկրը):

Բնածին հոդախախտում: Առավել տարածված է ազդրի բնածին Հ., որը կապված է կոնքազդրային հոդի թերզարգացման հետ: Ավելի բնորոշ է աղջիկներին: Բնածին Հ. սովորաբար լինում է միակողմանի:

Նորածինների և կրծքի երեխաների բնածին Հ. կարող է ախտորոշել միայն բժիշկը: Այդ տարիքում Հ-ման դրսևորում են ազդրի ներսային մակերևույթի մաշկային ծալքերի տարբերությունը, ոտքի զատման սահմանափակումը, դեպի դուրս պտույտը, երբեմն՝ վերջույթի կարճացումը: Բնածին Հ. կասկածելիս անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, քանի որ բուժումն առավել արդյունավետ է երեխայի կյանքի 1-ին ամիսներին: Ախտանշանները (կաղություն, Հ-ման կողմում վերջույթի կարճացում) ավելի պարզ արտահայտվում են, երբ երեխան սկսում է քայլել: Երկկողմանի Հ-ման դեպքում նկատվում է «բադի» քայլվածք: Եթե ազդրի բնածին Հ. լինում է 2-ից բարձր տարիքում, որպես կանոն, շտկումը հնարավոր է վիրահատ. ճանապարհով:

Վնասվածքային հոդախախտում: Առաջանում է հոդում չափից ավելի կամ ոչ յուրահատուկ շարժումներ կատարելիս, հազվադեպ՝ հոդին հարվածելիս կամ նրա վրա ճնշելիս: Որպես կանոն՝ վնասվածքային Հ. ուղեկցվում է կապանային ապարատի և հոդի վնասմամբ (բացառությամբ ստորին ծնոտի Հ-ման): Վնասվածքային Հ. (հատկապես արմնկային հոդի) կարող է ուղեկցվել նույնիսկ արյունատար անոթների և նյարդերի պատռվածքներով:

Վնասվածքային Հ-մանը բնորոշ են հոդի ձևափոխումները, ցավը և շարժումների անհնարինությունը: Վերջույթը շարժել փորձելիս հոդում ցավերը խիստ ուժեղանում են: Ի տարբերություն սալջարդի, որի ժամանակ ցավը և ֆունկցիայի խանգարումն աճում են աստիճանաբար, Հ-ման դեպքում դրանք ի հայտ են գալիս անմիջապես: Վնասվածքային Հ. բուժում են ուղղելով (ոսկրերի հոդային ծայրերը ճիշտ դիրքում հարմարեցնելով) և վերջույթների անշարժացմամբ՝ հոդակապանների ու հոդապարկի առողջացման համար անհրաժեշտ ժամկետով: Թարմ Հ., որպես կանոն, ուղղում են ձեռքով, որի կատարման համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ և հմտություն: Ուղղման ոչ հմուտ փորձերը կարող են սաստկացնել վնասվածքի ծանրությունը: Հ-ման ժամանակ առաջին օգնությունը տուժած վերջույթի անշարժացումն է այնպիսի մեթոդով, որը չի փոխում հոդախախտված վերջույթի դիրքը: Ուղղումը և հետագա բուժումն իրականացնում է միայն բժիշկը՝ պոլիկլինիկայում (վնասվածքաբան. կետում) կամ հիվանդանոցում: Տուժածը որքան շուտ տեղափոխվի բուժհիմնարկ, այնքան դյուրին կլինի Հ-ման ուղղումը: Եթե Հ. 2-3 շաբաթ և ավելի մնում է չուղղված, ապա հոդի փափուկ հյուսվածքներում առաջանում են սպիական փոփոխություններ, որոնք սովորաբար ուղղվում են վիրահատությամբ: Անհետաձգելի բուժօգնություն է պահանջում արյունատար անոթների վնասման ախտանշաններով ուղեկցվող Հ.:

Վնասվածքային Հ-ից առավել հաճախ հանդիպում են բազկոսկրի, նախաբազկի, ձեռքի մատների, ազդրոսկրի, ստորին ծնոտի Հ-ները:

Բազկոսկրի Հ. բոլոր վնասվածքային Հ-ների թվի կեսն է կազմում: Դրան բնորոշ են սուր ցավերը և ուսահոդում շարժումների լրիվ բացակայությունը, առողջ կողմի համեմատ ձևափոխությունները: Վնասված կողմի ուսը թվում է երկարացած, սովորաբար՝ մարմնից հեռացած: Հիվանդը թեքվում է վնասված վերջույթի կողմը և այն պահում է՝ նախաբազկից կամ արմունկից բռնելով: Առաջին օգնությունը. գլխաշորով ձեռքը կապել վզից և շտապ դիմել բժշկի:

Նախաբազկի Հ. վնասվածքային Հ-ների մեջ հաճախականությամբ գրավում է 2-րդ տեղը: Ախտանշաններն են արմնկահոդի ցավերը, որոնք ճառագայթվում են դեպի մատները: Նախաբազուկը կախված է, տուժածն այն պահում է առողջ ձեռքով: Արմնկահոդի շրջանը ձևախախտված է, այտուցված, երբեմն՝ կարմրած: Հնարավոր են դաստակի և մատների կապտություն կամ գունատություն, որոնք արմնկային ծալքում արյունատար անոթների վտանգավոր ճնշման ախտանշան են:

Կրտսեր տարիքի երեխաների նախաբազկի Հ. կարող է առաջանալ երեխայի ձեռքից ուժեղ քաշելիս, հագուստը կոպիտ, անզգույշ հագցնելիս կամ հանելիս:

Առաջին օգնությունը նույնն է, ինչ բազկոսկրի Հ-ման դեպքում:

Ձեռքի մատների Հ-ման ախտանշաններն են ուժեղ ցավերը, մատների անբնական դիրքը (դուրս են ցցվում հոդերում), շարժումների բացակայությունը: Առավել հաճախ առաջանում է բութ մատի Հ.: Փակ Հ-ման դեպքում առաջին օգնությունը ձեռքի անշարժացումն է՝ չփոխելով հոդախախտված մատի դիրքը: Բաց Հ-ման դեպքում հարկավոր է դնել ախտահանված վիրակապ:

Ազդրոսկրի Հ. առաջանում է մեծ ուժի ազդեցությունից: Ախտանշաններն են կոնքազդրային հոդի շրջանում ուժեղ ցավերը, անշարժությունը, ծայրանդամը գործի դնելու անհնարինությունը: Ծունկը փոքր-ինչ շրջված է դեպի առողջ ոտքը և դրան մոտեցած: Հազվադեպ լինում է պտույտ դեպի դուրս՝ առողջից հոդախախտված ազդրոսկրի զատումով: Հիվանդները պառկում են մեջքի կամ առողջ կողմի վրա: