Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահիկը: Մահիկների պատռվածքը սովորաբար լինում է ազդրի կտրուկ պտտման ժամանակ, երբ ծունկը սևեռված է և անշարժ (ֆուտբոլ խաղալիս, դահուկներով կտրուկ շրջադարձ կատարելիս), նման դեպքում ազդրոսկրի միջային կոճը մեծ ուժով սեղմում է միջային մահիկին: Մահիկը պատռվելիս հոդում առաջանում է ցավ, որից 1-2 ժ անց արյան կուտակման պատճառով հոդն այտուցվում է:

Առաջին օգնությունը ծնկահոդի վրա ճնշող վիրակապ, իսկ ազդրին և սրունքին բեկակալներ դնելն է (տես Անշարժացում), որից հետո տուժածին անհապաղ պետք է հասցնել բժշկի: Մահիկի պատռվածքի սուր ախտանշաններն անհետանալուց հետո, որպես կանոն, պահպանվում են վնասվածքի մնացորդային երևույթներ՝ ծնկահոդի անկայունություն, հոդում պարբերաբար «շրջափակման» առաջացում, որոնց դեպքում մահիկի պոկված մասը սեպի նման խրվում է ազդրոսկրի և ոլոքի հոդամակերեսների միջև: «Շրջափակումը» դրսևորվում է հոդում հանկարծակի առաջացող ցավերով, ծունկը տարածելու անհնարինությամբ և հոդի չափավոր այտուցով: Մնացորդային երևույթները վերացնելու համար սովորաբար պահանջվում է վիրաբուժ. միջամտություն (վնասված մահիկի հեռացում): Վիրահատության ցուցումները և կատարման ժամկետները սահմանում է բժիշկը՝ հաշվի առնելով ծնկահոդում առկա հիվանդագին փոփոխությունները: Առաջարկված վիրահատ. բուժումը չի կարելի հետաձգել, քանի որ, մահիկի պատռվածքի հետ կապված, ծնկահոդում շարժումների սահմանափակումը նպաստում է ազդրի առաջային մակերևույթի մկանների (հատկապես՝ քառագլուխ) հետաճմանը և ֆունկցիայի նվազմանը: Այդ մկանները դադարում են պահել ծնկահոդը, որի հետ կապված՝ նրա «շրջափակումները» հաճախանում են: Հաճախակի կրկնվող «շրջափակումների» հետևանքով առաջանում են ծնկահոդի հիվանդագին փոփոխություններ, որոնք աստիճանաբար հանգեցնում են հոդախտի: Ժամանակին կատարված վիրահատությունը, որպես կանոն, վերացնում է մահիկի պատռվածքի հետևանքները, ուշ կատարվածը կասեցնում է միայն հոդախտի առաջացումը, իսկ հոդացավերը կարող են պահպանվել: Վիրահատությունից հետո բժշկի ցուցումով համառորեն պետք է մարզել մկանները: Մարմնամարզությունից բացի, օգտակար են ազդրի մկանների մերսումը (ինքնամերսում) և «կրոլ» ոճի կանոնավոր լողը (ուղղած ոտքերով աշխատանքը ջրում):

Հ.մ-ի պատռվածքի կանխարգելումը պայմանավորված է մարմնի մկանների առավելագույն բարձր տոնուսի պահպանմամբ (ամենօրյա լիցքային վարժությունները, սպորտով կանոնավոր զբաղվելը), ազդրի մկանների մարզմամբ, մրցումների ժամանակ ծնկակալի կամ առաձգական բինտի օգտագործմամբ:

Հ.մ-ի հիվանդություններն ավելի հազվադեպ են, քան վնասվածքները և սովորաբար հոդերի ընդհանուր հիվանդությունների (ձևախախտող հոդախտ) տեղային արտահայտություն են, որի դեպքում նկատվում է մահիկների առաձգականության կորուստ, երբեմն՝ ոսկրացում: Մյուս հոդերում (ճաճանչադաստակային, անրակային, ստործնոտային) ֆունկցիայով ծնկան Հ. մ-ին նման աճառային գոյացությունները կոչվում են սկավառակներ և խիստ հազվադեպ են վնասվում:

ՀՈԴԵՐ, տես Մարդ հոդվածում:

ՀՈԴԻ ԳԵՐՁԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ, հոդակապանների վնասում: Թեթև ընթացքի դեպքում մեծ մասամբ կտրտվում են հոդակապանների առանձին թելերը, առավել ծանր դեպքերում՝ հոդակապաններն ամբողջությամբ, իսկ երբեմն կարող է պոկվել նույնիսկ կապանին կպած ոսկրի բեկորը:

Առավել հաճախ լինում է սրունքաթաթային հոդակապանների գերձգվածություն, որն առաջանում է հիմնականում անհարթ գետնի վրա քայլելիս ոտնաթաթի պտտումից և կողքի ընկնելիս, եթե ոտնաթաթն ամրացած է և չի կարող պտտվել սրունքի հետ (օրինակ՝ դահուկորդների Հ.գ.): Հ.գ-յան դեպքում անմիջապես առաջանում են սրունքաթաթային հոդի սուր ցավեր, հաջորդ օրը հոդի շրջանն ուռչում է, նկատվում է արյան ենթազեղում, ցավերն ուժեղանում են, հիվանդը կաղում է, երբեմն չի կարողանում նույնիսկ քայլել: Հոդակապանը կտրվելիս հիվանդը հենց նույն պահին չի կարողանում կանգնել այդ ոտքի վրա, հոդն ուժեղ ուռչում է, առաջանում է արյան տարածուն ենթազեղում:

Առաջին օգնությունը. անհրաժեշտ է սրունքաթաթային հոդն ամուր ձգած կապել, ուժեղ ցավերի ժամանակ անշարժացնել (տես Անշարժացում) ձեռքի տակ եղած միջոցներով և անհապաղ դիմել բժշկի, հակառակ դեպքում (նույնիսկ թեթև Հ.գ.) կարող է հոդակապանների թուլության, ոտնաթաթի պտտման ու կրկնակի Հ.գ-յան պատճառ դառնալ:

Ծնկահոդի կապանները կարող են գերձգվել այդ հոդում ոչ բնորոշ, ուժեղ շարժումներից (օրինակ՝ կողքի վրա ուժով ծալում կատարելիս): Ախտանշաններն են ծնկահոդում ուժեղ ցավերը, որոնք ավելի են սաստկանում շարժումների ժամանակ և սկզբում չեն ուղեկցվում հոդի ձևախախտումով: Առաջին օգնությունը. բինտով ամուր ձգած կապել և ձեռքի տակ եղած միջոցներով բեկակալ դնել: Բուժումն իրականացնում է բժիշկը: Հ.գ. մյուս հոդերում լինում է հազվադեպ:

Ճիշտ կազմակերպված բուժման դեպքում Հ.գ. անցնում է անհետևանք: Կանխարգելումը (որը հատկապես կարևոր է մարզիկների համար) հիմնականում մկանային համակարգի մշտ. շարժունության պահպանումն է: Անհրաժեշտ է մարզ. խաղերի ժամանակ նախկինում վնասված հոդերը փաթաթել առաձգական բինտով, հատուկ մարզ. հագուստ և ծնկակալ հագնել: