Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈՂԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հողի աղտոտումը կանխելու նպատակով օրենսդր., կազմակերպչ., սանտեխ. և սանհիգիենային միջոցառումների համակարգ: Կենցաղային և արդ. թափոնները, կեղտաջրերը ոչ ճիշտ վնասազերծելիս նեխում են և կարող են հողից ընկնել ջրամատակարարման աղբյուրներ ու դառնալ ստամոքսաղիքային և ճիճվային հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև մարդու և կենդանիների որոշ հիվանդությունների հարուցիչների փոխանցողների՝ միջատների զարգացման կամ պահպանման միջավայր: Հողի համար մեծ վտանգ են ներկայացնում հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումն ու պահպանությունը:

Հ.ս.պ. շրջակա միջավայրի պահպանության, ջրամատակարարման, կոյուղու և բնակավայրերի սան. մաքրման լավացման համալիր միջոցառումների անբաժանելի մասն է: Աղտոտումներից հողի պահպանության խիստ պահանջներ են ներկայացվում հատկապես կենտրոնացված ջրամատակարարման աղբյուրների և առողջավայրերի, ինչպես նաև բնակչության զանգվածային հանգստի տարածքների, մանկ. առողջարար. հիմնարկների, առողջարանների և բուժկանխարգելիչ այլ հիմնարկների սանիտարական պահպանության գոտիների սահմաններում:

Հողն աստիճանաբար ազատվում է աղտոտումներից ինքնամաքրման գործընթացների շնորհիվ, բայց նրա այդ կարողությունը սահմանափակ է: Եթե հողն աղտոտվում է մեծ քանակությամբ թափոններով, ապա ինքնամաքրման ժամանակ սկսում են գերակշռել նեխման և խմորման գործընթացները:

Հողի աղտոտման առկայությունն ու աստիճանն ստուգվում են ՀՀ պետ. հիգիենային և հակահամաճարակային ծառայության կողմից՝ քիմ. բակտերիաբան., մանրէաբան, և ճիճվաբան. տվյալների հիման վրա:

ՀՈՄԵՈՊԱԹԻԱ, նմանաբուժություն, բուժման համակարգ, որը հիմնվում է «նմանը բուժվում է նմանով» սկզբունքի վրա («նմանության օրենք»): Համաձայն այդ սկզբունքի՝ հիվանդության բուժման ժամանակ չնչին չափաքանակներով կիրառում են դեղանյութեր, որոնց մեծ քանակներն առաջացնում են բուժվող հիվանդության ախտանշաններին նման երևույթներ:

Հ. առաջարկել է գերմ. բժիշկ Ս. Հանեմանը, որը ձևակերպել է (1796) հիմն. սկզբունքները՝ առանց դեղանյութերի իր հանձնարարած չափաքանակների բուժիչ ազդեցության գիտ. ապացույցների:

Հ-ի հիմն. սկզբունքը՝ «նմանը բուժվում է նմանով», Հանեմանը հակադրեց բուժման բոլոր ավանդ. մեթոդներին, որոնք, ըստ նրա, հիմնված էին «հակառակով բուժման» սկզբունքի վրա և, ի տարբերություն Հ-ի՝ նա անվանեց այլաբուժություն (ալոպաթիա):

Հ-ի հիմն. դրույթները նրա ամբողջ պատմության ընթացքում փոփոխությունների չեն ենթարկվել: Մինչև այժմ ուսումնասիրված չեն հանձնարարելի նոսրացումներով նյութերի ազդեցության մեխանիզմները, գիտ. հիմնավորում չեն ստացել դրանց կիրառման ցուցումները:

Ժամանակակից Հ-ին բնորոշ է գիտության, այդ թվում՝ գիտ. կլինիկ. բժշկագիտության նվաճումների լայն օգտագործումը: Հոմեոպաթներն ընդունում են քիմիաբուժության կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես սուլֆանիլամիդային պատրաստուկների և հակաբիոտիկների զուգակցումը Հ-ական միջոցների հետ՝ որոշ հիվանդությունների (թոքաբորբ, արյան վարակում ևն) բուժման համար: Նրանք գտնում են, որ մի շարք ծանր հիվանդությունների (սիրտանոթային համակարգի, բրոնխային հեղձուկի ևն) ժամանակ Հ-ական բուժման ոչ արդյունավետության դեպքում պետք է կիրառել գիտ. բժշկության երաշխավորած դեղանյութեր՝ ընդունված չափաքանակներով: ՀՀ-ում Հ-ի հարցերով զբաղվում են 1994-ից, «Էրեբունի» բժշկ. կենտրոնում:

ՀՈՍՊԻՏԱԼ, բժշկ. հիմնարկ, որտեղ կատարվում է հիվանդանոցային բուժում: Հ-ներն առավելապես զինվ. բուժհիմնարկներ են, բայց երբեմն այդպես են կոչվում նաև քաղաքաց. որոշ բուժհիմնարկներ:«Հոսպիտալ» են կոչվում նաև արտասահմանյան տարբեր երկրների հիվանդանոցները:

Զինվ. Հ-ները լինում են մշտ., որոնք գոյություն ունեն խաղաղ և պատերազմի ժամանակներում, և ժամանակավոր՝ ստեղծվում են միայն պատերազմի ժամանակ:

Մշտ. զինվ. Հ-ներում բուժվում են զինծառայողները, սպաները, գեներալներն ու ծովակալները, երկարամյա ծառայությունից ազատված պահեստային կամ պաշտոնաթող զինվորականները: Այնպիսի դեպքերում, երբ իսկական զինծառայության մեջ գտնվող սպաների, գեներալների և ծովակալների ընտանիքի անդամներին բուժօգնությունը առողջապ. նախ-յան բուժհիմնարկներում կազմակերպելը որոշ պատճառներով (օրինակ՝ զինվ. կայազորից հեռու լինելը) դժվար է, ապա բուժումն իրականացվում է զինվ. Հ-ներում:

Պատերազմի ժամանակի Հ-ները լինում են դաշտային շարժ. (վիրաբուժ., ներքին հիվանդությունների, վարակիչ հիվանդությունների, թեթև վիրավորների) և էվակոհոսպիտալներ: Դաշտային շարժ. Հ. ունի հաստիքային ավտոտրանսպորտ և դաշտային սարքավորումներ, վրաններ և բժշկ. գույքի լրակազմ: Այն հետևում է զորքերին, ծավալվում բնակավայրերից դուրս:

Առողջապահ. մարմինների տնօրինության տակ են գտնվում հաշմանդամների Հ-ները, որտեղ բուժվում են գործող բանակում ստացած հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով աշխատունակությունը կորցրած անձինք:

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄ, հիվանդի տեղավորումը հիվանդանոցում: Տարբերում են անհետաձգելի Հ., որի դեպքում հիվանդին ուղարկում են հիվանդանոց ամենակարճ ժամկետում՝ հիվանդանալուց անմիջապես հետո (ժամեր կամ րոպեներ անց), և պլանային, երբ Հ. իրականացնում են մի քանի օրվա ընթացքում (օրինակ՝ հիվանդի հետազոտման և ախտորոշման, քրոնիկ. հիվանդություններով տառապողների բուժման նպատակով): Որպես կանոն, հիվանդներին հոսպիտալացնում են ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկների բժիշկները: Խոշոր քաղաքներում Հ-ման հարցերը լուծում են նաև բժշկ. ԳՀԻ-ներին կից խորհրդատվական-ախտորոշիչ կենտրոնների և պոլիկլինիկ. բաժանմունքների մասնագետները:

Անհետաձգելի ցուցումներով հիվանդին հիվանդանոց է տեղափոխում շտապ բժշկ. օգնության անձնակազմը: Սուր հիվանդությունների դեպքում բուժման արդյունքները հաճախ պայմանավորված են Հ-ման արագությամբ, որի համար կարևոր է շտապ բժշկական օգնության զարգացումը, ամբուլատոր-պոլիկլինիկ. և հիվանդանոցային հիմնարկների միջև փոխադարձ կապի և հաջորդականության ամրապնդումը:

ՀՈՏԱԶԵՐԾՈՒՄ, տհաճ հոտերի վերացում: Վերջիններս հիմնականում առաջանում են օրգ. նյութերի (տարբեր արտանետվածքներ, կենդանիների և մարդու արտաթորանք, սննդամթերք ևն) նեխումից: Տհաճ հոտեր կարող են առաջանալ վատ օդափոխվող շինություններում, թարախային վիրաբուժ. բաժանմունքների հիվանդասենյակներում, զուգարաններում, արտադր. ձեռնարկություններում (մորթեղենի, կաշվեղենի, որոշ քիմ.) և այլուր: Յուրահատուկ հոտ կարող է գալ երկարատև ծանր հիվանդներից: