լուծույթի ներերակային ներարկումն անմիջապես դադարեցնում է շոկային վիճակը: Օրգանիզմում ինսուլինի անբավարարությունը շաքարախտի առաջացման պատճառ է դառնում:
Մյուս հորմոնը՝ գլյուկագոնը, խթանում Է բջիջներում գլիկոգենի ճեղքումը մինչև խաղողաշաքարի և բարձրացնում վերջինիս պարունակությունն արյան մեջ: Խթանում է նաև ճարպի ճեղքումը ճարպային հյուսվածքում:
Մակերիկամային Հ., այս գեղձերը կազմված են միջուկային և կեղևային նյութերից, որոնք ունեն տարբեր կառուցվածք և ֆունկցիա: Միջուկային շերտի Հ.՝ ադրենալինը և նորադրենալինը, ազդում են օրգանիզմի շատ ֆունկցիաների, այդ թվում նյութափոխանակության ներբջջային գործընթացների վրա: Դրանք ուժեղացնում են գլիկոգենի ճեղքումը և փոքրացնում վերջինիս պաշարները մկաններում ու լյարդում (ինսուլինի հակազդիչ են): Ադրենալինի ազդեցությունից խաղողաշաքարն անցնում է արյան մեջ: Այն առաջացնում է նաև սրտի կծկումների ուժեղացում և հաճախացում, լավացնում է նյարդային ազդակների հաղորդումը սրտամկանում: Իջեցնում է ստամոքսի և աղիքների հարթ մկանների լարվածությունը՝ փոքրացնելով դրանց գալարակծկանքը: Ադրենալինի ներարկումն ուժեղացնում է կմախքային մկանների գործունեությունը (հոգնածության ժամանակ), տեսող. և լսող. ընկալիչների դրդելիությունը, այսինքն կարող է արագ բարձրացնել աշխատունակությունը: Օրգանիզմի ակտիվ գործունեությամբ և ինտենսիվ նյութափոխանակությամբ ուղեկցվող բոլոր վիճակներում (օրինակ՝ մկանային աշխատանք, սառեցում ևն) մեծանում է ադրենալինի արտազատումը:
Կեղևային շերտի Հ-ից են հանքակորտիկոիդները (ալդոստերոն, դեզօքսիկորտիկոստերոն), որոնք կարգավորում են հանքային փոխանակությունը, գլյուկոկորտիկոիդները (հիդրոկորտիզոն և կորտիզոն), որոնք ազդում են ածխաջրային, սպիտակուցային և ճարպային փոխանակության վրա, կորտիկոստերոնը, որն ունի խառը ազդեցություն, սեռական Հ. (արական, իգական և պրոգեստերոն): Առավել ակտիվ ալդոստերոնը կարգավորում է արյան մեջ նատրիումի և կալիումի կոնցենտրացիան: Նատրիումի քլորիդի պարունակության բարձրացումն արյան մեջ և հյուսվածքային հեղուկում հանգեցնում է հեղուկի կասեցմանն օրգանիզմում և նպաստում զարկերակային ճնշման բարձրացմանը: Հանքակորտիկոիդների անբավարարությունը հանգեցնում է ջրի կորստի և օրգանիզմին վտանգ սպառնացող ջրազրկման:
Գլյուկոկորտիկոիդները և առավել ակտիվ հիդրոկորտիզոնը խթանում են խաղողաշաքարի առաջացումը լյարդում և բարձրացնում շաքարի պարունակությունն արյան մեջ: Լյարդում գլիկոգենի պարունակությունը ոչ միայն չի նվազում, այլ կարող է նույնիսկ մեծանալ: Գլյուկոկորտիկոիդներ ներարկելիս առաջանում է բացասական ազոտային հաշվեկշիռ (սպիտակուցների քայքայումը գերակշռում է սինթեզին), սակայն լյարդում սպիտակուցների, հատկապես ֆերմենտների, առաջացումն արագանում է: Գլյուկոկորտիկոիդներն ուժեղացնում են ճարպի արտազատումը ճարպային պահեստից և դրա օգտագործումը էներգիական փոխանակության գործընթացներում: Այդ Հ-ի անբավարար արտազատության դեպքում նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը, և վարակիչ հիվանդություններն ու մյուս անբարենպաստ ազդեցությունները հյուսվածքներում բարդանում են: Գլյուկոկորտիկոիդները նվազեցնում են օրգանիզմի ախտաբան. հակազդեցությունների ուժգնությունը, որոնք դիտվում են ռևմատիզմի, բորբոքումների և այլ հիվանդությունների դեպքերում: Եվ քանի որ ընկճում են բորբոքային գործընթացների առաջացումը, ուստի և համարվում են հակաբորբոքային:
Հաստատվել է, որ ցավի, վնասվածքի, արյան կորստի, գերտաքացման, գերսառեցման, որոշ թունավորումների, վարակիչ հիվանդությունների, ծանր հոգեկան ապրումների դեպքերում գլյուկոկորտիկոիդների արտազատումն ուժեղանում է: Սակայն օրգանիզմի դիմադրողականությունը ոչ բարենպաստ ազդեցությունների նկատմամբ կախված է նաև շատ այլ գործոններից: Մակերիկամների կեղևային շերտի սեռ Հ. (արական և իգական) էական նշանակություն ունեն մանկ. տարիքում սեռ. գեղձերի զարգացման համար, երբ դրանց ֆունկցիան դեռևս աննշան է: Սեռ. հասունացումից հետո մարդու համար այդ Հ-ի նշանակությունը փոքրանում է:
Սեռական գեղձերի Հ. լինում են արական (անդրոգեններ) և իգական (էստրոգեններ), որոնք ապահովում են օրգանիզմի սեռ. ֆունկցիան, 2-րդային սեռ. հատկանիշների զարգացումը: Կանանց համար սեռ. Հ. կարևոր նշանակություն ունեն դաշտանի, հղիության բնականոն ընթացքի և նորածնի կերակրմանը նախապատրաստվելու շրջանում:
Հիպոֆիզի Հ. իրենց ֆիզիոլոգ. նշանակությամբ լինում են 2 տեսակ: 1-իններն ակտիվացնում են մյուս ներզատիչ գեղձերի գործունեությունը: Դրանցից են ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ), որն ազդում է մակերիկամների վրա, թիրեոտրոպը (ԹՏՀ)՝ վահանագեղձի վրա և սեռ. գեղձերի ֆունկցիաները կարգավորող՝ ֆոլիկուլախթանիչ (ՖԽՀ), լյուտեինացնող (ԼՀ), լակտոտրոպ (ԼՏՀ) Հ.: Մյուս Հ. ընդհանուր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա:
Հիպոֆիզի հեռացման, քայքայման կամ թերզարգացման հետևանքով նկատվում է օրգանիզմի աճման թուլացում կամ դադարում, որն աճման հորմոնի անբավարարության արդյունք է: Իսկ գեղձի գերֆունկցիան (օրինակ՝ ուռուցքի դեպքում) հանգեցնում է աճման գործընթացների չափից ավելի, երբեմն հավասարաչափ (տես Հսկայություն), բայց առավել հաճախ անհավասարաչափ (տես Ակրոմեգալիա) ուժեղացման:
Մելանոցիտոխթանիչ հորմոնը՝ ինտերմեդինը, մասնակցում է մաշկի և լորձաթաղանթների գունակավորման գործընթացներին: Արյան մեջ դրա կոնցենտրացիայի բարձրացումը նկատվում է հղիության, բրոնզախտի (տես Ադիսոնյան հիվանդություն) ժամանակ:
Հակամիզամուղ հորմոնը՝ վազոպրեսինը, ազդում է միզազատության ուժգնության վրա՝ կարգավորելով օրգանիզմից հեռացվող ջրի քանակը: Օքսիտոցինը խթանում է արգանդի կծկումները, ծննդաբերությունը, կրծքի կաթի արտադրությունը: Առաջանում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց (նշանակությունը պարզված չէ) օրգանիզմներում:
Տեղային ազդեցության Հ. (հյուսվածքային Հ.) արտադրվում են ոչ թե ներզատիչ գեղձերում, այլ տարբեր օրգաններում տեղադրված մասնագիտացված բջիջներում: Դրանք հսկում են այն օրգանի գործունեությունը, որտեղ առաջանում են: Օրինակ` գաստրինը գոյանում է ստամոքսի բջիջներում և նպաստում ստամոքսահյութի արտազատությանը: Հիստամինն արտադրվում է մաշկի որևէ հատվածում և առաջացնում արյունատար անոթների տեղային լայնացում, քոր, ցավ: Պարոտինը գոյանում է հարականջային թքագեղձերում և ազդում է ատամների, աճառային և ոսկրային հյուսվածքների զարգացման վրա: Տեղային Հ-ի շարքն են դասվում նաև միջնորդանյութերը, որոնք գոյանում են նյարդային վերջույթներում և ազդում են միայն իրենց առաջացման տեղում:
Հ. լայնորեն կիրառվում են բուժիչ նպատակով: Հորմոնային կարգավորման