Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1-ին անգամ նրանց դրան մղում է հետաքրքրությունը՝ նոր զգայություններ ունենալու ձգտումը: Սեռահասունացման շրջանում Ձ-յան ակտից հետո դեռահասը, որպես կանոն, իր թուլակամության գիտակցումով պայմանավորված, շատ է ընկճվում: Հաճախ նա փորձում է (սակայն ոչ միշտ է հաջողվում) պայքարել Ձ-յան դեմ, դառնում է ինքնամփոփ, շուտ հուսալքվում է: Ձ. հաճախ նկատվում է շատ ազատ ժամանակ ունեցող, առանց պատշաճ հսկողության, անուշադրության մատնված երեխաների մոտ:

Անհրաժեշտ ու հնարավոր է երեխայի մոտ կանխել ու վերացնել Ձ., որը պետք է արվի հմտորեն և անհատ. մոտեցմամբ, մտերմիկ զրույցներով, խորհուրդներով և հիմնականում ճիշտ ֆիզ. ու հիգիենային դաստիարակությամբ: Երեխայի կամ դեռահասի արժանապատվությունը նվաստացնող բարոյախոսությունը և նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզ. պատիժները, վախեցնելը, որպես կանոն, անարդյունավետ է նույնիսկ վնասակար են: Ծնողների ու դաստիարակների հիմն. ջանքերը պետք է ուղղված լինեն երեխայի ճիշտ ֆիզ. և հիգիենային դաստիարակությանը և դեռահասի հոգեբան. վերակառուցմանը:

Կանխարգելման նպատակով պետք է հետևել, որ պառկած ժամանակ երեխայի ձեռքերը վերմակի վրա լինեն, հագուստը կիպ չլինի, ներքնաշորը հաճախակի (ցանկալի է ամեն օր) փոխվի: Շատ կարևոր է նաև երեխայի համար ապահովել բավարար շարժուն կենսաձև, շփումը կոլեկտիվի հետ, սովորեցնել օրգանիզմը կոփել, զբաղվել սպորտով: Ձ-յանը նպաստում է նաև երեխայի մոտ ճիճուների առկայությունը (սրատուտները սովորաբար, շեքի շրջանը գրգռելով և քոր առաջացնելով, հանգեցնում են Ձ-յան): Անհրաժեշտ է դեռահասին ներգրավել հետաքրքիր և իր հակումներին համապատասխան աշխատանքում, նպաստել առողջ և ճիշտ կենսակերպի ստեղծմանը: Բնության և մեծերի հետ ընկերական շփումը նույնպես նպաստում է երեխային Ձ-ից ազատվելուն: Դեռահասի սննդակարգից պետք է բացառել կծու, բուրավետ համեմունքներով կերակրատեսակները, թունդ թեյն ու սուրճը և քնից առաջ չծանրաբեռնել ստամոքսը: Ձ-յամբ զբաղվող դեռահասներին չի կարելի սեռազգայնությունը գրգռող ֆիլմեր դիտել և գրքեր կարդալ: Սեռ. հասունացման շրջանում աղջիկները պետք է ստանան ճիշտ հիգիենային դաստիարակություն, մասնավորապես՝ ներքնահագուստը համապատասխանի իրենց չափերին: Հասուն մարդկանց նրբանկատ և ճիշտ վերաբերմունքը կօգնի խուսափել երեխաների ու դեռահասների մոտ վատ սովորությունների առաջացումից:

ՁԵՌՔ. տես Մարդ հոդվածում:

ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ՁԻԱՀ), մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակ (ՄԻԱՎ վարակ), քրոնիկ. ակտիվ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ):

Հիվանդությունն 1-ին անգամ նկարագրվել է 1981-ին, ԱՄՆ-ում: 1983-ին ֆրանսիացի և ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ը և բացահայտել վերջինիս պատճառագիտ. դերը: ՄԻԱՎ-ը ռետրովիրուսների ընտանիքի ՌՆԹ և ֆերմենտներ պարունակող վիրուս է, որի արտաքին մակերևույթը ծածկված է ելուստներով կամ «սեպերով»: Վերջիններս կապվում են թիրախ-բջիջների ընկալիչների հետ՝ նպաստելով վիրուսի ներթափանցմանը բջիջներ:

Օրգանիզմից դուրս ՄԻԱՎ-ն անկայուն է և արագ ոչնչանում է 100° C ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև սպիրտի, ակտիվ քլոր պարունակող նյութերի և քիմ. այլ ախտահանիչ միջոցների ազդեցությունից: ՄԻԱՎ վարակի միակ աղբյուրը վարակված մարդն է, որը վարակիչ է հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Վարակված օրգանիզմում ՄԻԱՎ-ը հիմնականում պարունակվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտադրության, ինչպես նաև կրծքի կաթի մեջ: ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռ. ճանապարհով, վարակված արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ, ինչպես նաև բժշկ գործիքների (ներարկիչներ, նշտարներ ևն) միջոցով: Վարակված մայրը կարող է վարակը փոխանցել պտղին կամ երեխային:

Մարդու օրգանիզմ թափանցելուց հետո ՄԻԱՎ-ը սևեռվում է թիրախ-բջիջների մակերևույթին, այնուհետև վիրուսային և բջջային թաղանթները միաձուլվում են, և վիրուսը թափանցում է բջջապլազմայի մեջ: ՄԻԱՎ-ի հիմն. թիրախն արյան սպիտակ բջիջներն են՝ լիմֆոցիտներն ու մակրոֆագերը: Ախտահարվում են նաև կենտր. նյարդային համակարգի, աղիքների և արգանդի վզիկի լորձաթաղանթի բջիջները ևն: Վիրուսային վարակի հետևանքները պայմանավորված են ախտահարված բջիջների տեսակով: Իմունային անբավարարության վճռական գործոններից մեկը՝ T-հելփերներ (T-օգնականներ) կոչված լիմֆոցիտների ախտահարումն է: Հիվանդության առաջացման ընթացքում տեղի է ունենում վարակված T-հելփերների զանգվածային ոչնչացում (օրական մահանում և վերականգվում է մոտ 2 մլրդ բջիջ), որի հետևանքով աստիճանաբար նվազում է այդ բջիջների քանակը, և առաջանում են դրանց ֆունկցիայի կոպիտ խանգարումներ: Քանի որ իմունային պատասխանի զարգացման ընթացքում T-հելփերները կենտր. օղակ են, ուստի դրանց կորուստը հանգեցնում է օրգանիզմի պաշտպան. ունակությունների կտրուկ անկման (իմունային անբավարարություն): Կարևոր նշանակություն ունի վարակված մակրոֆագերի ֆունկցիայի խանգարումը: Ախտահարված մակրոֆագերի ներսում ՄԻԱՎ-ը լիովին պահպանում է իր կենսունակությունը: Լինելով չափազանց շարժուն բջիջներ՝ մակրոֆագերը ՄԻԱՎ-ը տեղափոխում են հյուսվածքներ և հեռավոր օրգաններ, այդ թվում նաև կենտր. նյարդային համակարգ: Բացի այդ, վարակված մակրոֆագերն արտադրում են մեծ քանակությամբ հումորալ նյութեր (բորբոքային ցիտոկինիններ), որոնք վնասում են կենտր. նյարդային համակարգի բջիջները:

Ըստ Վ. Պոկրովսկու կլինիկ. դասակարգման (1989)՝ ՄԻԱՎ վարակի ընթացքը բաժանվում է գաղտնի, առաջնային