Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առողջանալու շրջանում, հղիության վերջում, դաշտանի ընթացքում: Մ-ի համար անվտանգ է սառը գանգրացումը, որը կարելի է անել նաև ինքնուրույն՝ Մ. վարսափաթթուկի վրա փաթաթելով: Նման դեպքում Մ. թրջում են գարեջրով կամ հատուկ հեղուկ միջոցներով: Բարակ Մ-ի դեպքում խորհուրդ չի տրվում վարսափաթթուկը գիշերը թողնել: Սանրվածքն ավարտելուց հետո Մ. ամրացնում են հատուկ լաքով:

Մազերի ներկումը: Ավելի լավ է օգտագործել բուս. ներկեր՝ հինա, բասմա, կանաչ ընկույզի, գլուխ սոխի կեղև: Քիմ. ներկանյութերից համեմատաբար անվտանգ են գամման, մաշկաքսուք-դիմակները (տրիխոկոլոր, գունաթափող մաշկաքսուք ևն): Սպիտակած Մ-ի համար օգտագործում են նաև վերականգնիչ:

Հոնքերի և թարթիչների խնամքը: Թարթիչների ամրապնդման, նրանց աճման արագացման համար օգտակար է կոպերի մերսումը՝ գերչակի յուղով թրջած խոզանակով (կարելի է ավելացնել մի քանի կաթիլ վիտամին A-ի յուղային լուծույթ): Մերսումը պետք է կատարել խնամքով, որպեսզի յուղն աչքի մեջ չընկնի և շաղկապենին չգրգռվի: Թարթիչները փափկացնում և նրանց աճումը բարելավում են նաև արևածաղկի, վազելինի, ձիթապտղի և դեղձի յուղերը: Դրանք հատկապես օգտակար են թարթիչների տևական եղանակով ներկումից հետո, որպեսզի կանխվեն թարթիչների դյուրաբեկությունն ու չորությունը: Թարթիչները ներկում են չմաքրվող ներկերով (դիմահարդարի առանձնասենյակում) և տարբեր գույների (սև, դարչնագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, մանուշակագույն) տուշով՝ կախված կնոջ հարդարանքից, աչքերի և մազերի գույնից, օրվա ժամից, լուսավորության բնույթից ևն: Թեթևակի խոնավացրած խոզանակով սև տուշը քսում են չոր թարթիչներին՝ կոպի եզրից դեպի թարթիչների ծայրը: Այն չի կարելի գիշերը թողնել թարթիչների վրա, որովհետև դրանից թարթիչները կարող են կոտրատվել և թափվել: Քնելուց առաջ սև տուշը մաքրում են բուս. յուղով, սնուցող մաշկաքսուքով կամ տաք ջրով, բայց առանց օճառի, որը կարող է ուժեղացնել մաշկի չորությունը, նպաստել կնճիռների գոյացմանը, թարթիչների թափվելուն: Հոնքերը ներկելու համար օգտագործում են չմաքրվող ներկեր կամ հատուկ մատիտներ: Հոնքերին պահանջված ձևը տալու համար Մ-ի մի մասը ունելիով հանում են:

Հարկավոր է հիշել, հոնքերի հաճախակի կոպիտ ձգումը, հատկապես, եթե դա կատարում են սխալ (մազի աճման ուղղությունը չպահպանելով), կարող է հանգեցնել մաշկի բորբոքման և վարակի խորացման: Այդ բուժարարողությունն ավելի լավ է կատարել դիմահարդարի առանձնասենյակում:

ՄԱԶԵՐԻ ՍՊԻՏԱԿՈՒՄ, մազերի մնայուն անգունացում՝ կապված գունակի կորստի հետ: Այդ երևույթն ուղեկցում է օրգանիզմի ծերացմանը: Եզակի սպիտակ մազեր ի հայտ են գալիս սովորաբար 35-40 տարեկանում, երբեմն՝ ավելի վաղ: Սկզբում սպիտակում են քունքերի, այնուհետև ամբողջ գլխի մազերը, ավելի ուշ՝ հոնքերը, թարթիչները: Տարեցների մազերի լրիվ սպիտակումը բնականոն ֆիզիոլոգ. երևույթ է: Երիտասարդների Մ.ս. կարող է կապված լինել նյարդային համակարգի, ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների, վիտամինների անբավարարության, սակավարյունության, գերհոգնածության, նյարդային ցնցումների հետ: Մազերի վաղ սպիտակումը կարող է պայմանավորված լինել նաև ժառանգ. նախատրամադրվածությամբ և նկատվել հարազատների մի քանի սերունդների մեջ: Սպիտակած մազերը սովորաբար նախն. գույնը ձեռք չեն բերում. կոսմետիկ. նպատակներով դրանք կարելի է ներկել բուս. (հինա, բասմա, կանաչ ընկույզի կեղև, խավարծիլ ևն) կամ քիմ. (գամմա ևն) ներկերով, կարելի է օգտագործել վերականգնիչներ:

Մազերը ներկելուց առաջ նպատակահարմար է խորհրդակցել կոսմետոլոգի հետ:

ՄԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, երկար, կոշտ, մուգ մազերի ի հայտ գալը մաշկի այն հատվածներում, որտեղ սովորաբար չեն լինում կամ աճում են միայն աղվամազեր: Լինում է տեղային և տարածուն: Տեղայինն առաջանում է երկարատև մեխ. (մազերի քաշում, կոպիտ սափրում), քիմ. կամ ջրային գրգռիչների ազդեցությունից, ինչպես նաև ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումից: Վերջինս առավել բնորոշ է կանանց և ընթանում է բեղերի ու մորուքի աճով: Տարածուն Մ. կարող է լինել բնածին կամ ժառանգական (Արևելքի առանձին ժողովուրդների տղամարդկանց մարմնի արտահայտված Մ.): Մարմնի անսովոր մասերում մազերի առաջացման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Մ., որպես կոսմետիկ. արատ, վերացնում են բժշկակոսմետիկ. բուժարաններում և կոսմետիկ. առանձնասենյակներում: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն օգտագործել մազերի ցողունը լուծող դեղանյութեր (մազահանիչներ), որովհետև, չազդելով մազապտկիկի վրա, դրանք կարող են ապահովել միայն կարճատև անհետացումը, որից հետո նորից կարող են մազերն արագ աճել: Բացի այդ, վերոհիշյալ միջոցները կարող են մաշկաբորբերի պատճառ դառնալ: Ջրածնի գերօքսիդն անգունացնում է մուգ մազերը՝ չընդհատելով դրանց աճը: Պեմզայով մազահանումը նույնպես ցանկալի արդյունք չի տալիս և կարող է առաջացնել մաշկի ուժեղ գրգռում:

ՄԱԼԱՐԻԱ, մակաբուծ. հիվանդություն, բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով, հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնվելու հատկությամբ: Տարբերում են Մ-ի կլինիկ. 4 ձև՝ եռօրյա, քառօրյա, տրոպիկ. և ձվաձև պլազմոդիումից առաջացած:

Մ-ի հարուցիչները պլազմոդիում սեռի նախակենդանիներն են, որոնք զարգանում ու բազմանում են մոծակի և մարդու օրգանիզմներում:

Վարակի աղբյուրը Մ-ով հիվանդ մարդն է, փոխանցողները՝ մալարիային էգ մոծակները: Էգ մոծակը պլազմոդիումներով վարակվում է՝ հիվանդ մարդու արյունը ծծելով, և 7-45 օր (կախված օդի ջերմաստիճանից) ընդունակ է փոխանցել հարուցիչները: Առողջ մարդը վարակվում է վարակված մոծակի խայթոցից, երբ վերջինիս թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումները: Դրանք արյան հոսքով հասնում են լյարդի բջիջներին, որտեղ կատարվում է զարգացման 1-ին՝ հյուսվածքային փուլը, այնուհետև նորից անցնում են արյան մեջ և տեղադրվում էրիթրոցիտներում: Այստեղ զարգացման 2-րդ (էրիթրոցիտային) փուլն է ընթանում, որն ավարտվում է էրիթրոցիտների քայքայմամբ և արյան մեջ մակաբույծների տարածմամբ: Այդ գործընթացն ուղեկցվում է օրգանիզմի հակազդեցությամբ՝ տենդի նոպայի ձևով: Հարուցիչը 1-6 շաբաթ (երբեմն 1 տարի և ավելի) կարող է գտնվել մարդու օրգանիզմում և չառաջացնել հիվանդագին երևույթներ (տես Գաղտնի շրջան):

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ուժեղ դողով, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-41°C, այնուհետև արագ իջնում մինչև բնականոնը, որն ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ: Նոպան տևում է 6-10 ժ: Հաջորդ նոպաներն ի հայտ են գալիս ժամանակի որոշակի ընդմիջումներից հետո, որը