պայմանավորված է Մ-ի ձևով. եռօրյա և 4-րդ ձևի Մ-ի դեպքում՝ օրընդմեջ, քառօրյա Մ-ինը՝ 2 օրը մեկ, տրոպիկ. Մ-ի ժամանակ նոպաները կարող են իրար հաջորդել առանց ընդմիջումների: Նոպաների միջև ընկած ժամանակամիջոցում հիվանդի վիճակը կարող է բավարար լինել, նկատվում է միայն ընդհանուր թուլություն: Առանց բուժման, նոպաները բազմաթիվ անգամ կրկնվում են, և լրիվ առողջացում չի լինում: Հիվանդության 1-ին օրից սկսած լյարդը և փայծաղը մեծացած են, երբեմն՝ ցավոտ, հատկապես նոպայի ժամանակ: Կարող են ախտահարվել սիրտը, երիկամները, կենտր. նյարդային համակարգը: Թվարկված ձևերից առավել ծանր է ընթանում տրոպիկ. Մ և ոչ ճիշտ բուժման կամ դրա բացակայության դեպքում հիվանդի վիճակը կարող է վատանալ, և առաջանալ, այսպես կոչված, մալարիային կոմա, որը կարող է մահվան հասցնել:
Մ-ի բուժման համար գոյություն ունեն արդյունավետ դեղանյութեր: Դրա հետ մեկտեղ հիվանդին անհրաժեշտ է հանգիստ և լավ խնամք: Ջերմաստիճանի բարձրացման շրջանում (հատկապես, երբ հիվանդը դողացնում է) հիվանդին պետք է տաքացնել ջեռակներով (մինչև 40° C), տաք վերմակով, տաք ըմպելիք տալ (կիտրոնով թեյ, սև հաղարջի թուրմ, մասուրի եփուկ), ջերմաստիճանի անկման ժամանակ փոխել ներքնաշորը և անկողնու սպիտակեղենը, առատ ըմպելիք տալ:
Նոպաների միջև ընկած շրջաններում խորհուրդ է տրվում ուտել օրական 5-6 անգամ: Սնունդը պետք է լիարժեք լինի (միս, ձուկ, կաթնաշոռ, մրգեր, բանջարեղեն), բացառվում են սուր, տապակած, յուղոտ ճաշատեսակները, պահածոները:
Կանխարգելման նպատակով պետք է հիվանդներին ժամանակին հայտնաբերել ու բուժել, ինչպես նաև պայքարել հիվանդության փոխանցողների՝ մոծակների դեմ, որի ժամանակ մեծ նշանակություն է տրվում դրանց զարգացման վայրերի վերացմանը, օգտագործվող ջրամբարների բարեկարգմանը: Մոծակների ակտիվացման շրջանում բնակելի շենքերում անցկացվում է դրանց բնաջնջում, լուսամուտները և դռները ցանցապատում են թանզիֆե կամ մետաղե ցանցերով, մոծակների հարձակումից պաշտպանվելու համար օգտագործում են վանող նյութեր: Կատարվում է ջերմող հիվանդների և Մ-ի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան քննություն: Մ. ամենատարածված հիվանդություններից է: Հայաստանի ախտաբանության մեջ Մ. նախկինում գրավել է առաջնակարգ տեղ: 1955-ից Մ. վերացվել է որպես զանգվածային հիվանդություն: ՀՀ-ում Մ-ի վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Փ. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուր.:
1994-ից գրանցվում են Մ-ի դրսից բերովի դեպքեր, իսկ 1996-ից կան տեղական դեպքեր, որոնց դեմ իրականացվում է Մ-ի պայքարի ազգային ծրագիր, որին աջակցում է ԱՀԿ-ն:
ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հարուցվում են կենդանի մակաբույծներով՝ մակաբույծ որդերով (հելմինթներ), նախակենդանիներով (ախտածին միաբջիջ կենդանիներ՝ ամեոբաներ, լեյշմանիաներ, տոքսոպլազմաներ, պլազմոդիումներ ևն) և հոդվածոտանիներով (միջատներ, տզեր): Մ.հ. անվանվում են նաև ինվազիոն հիվանդություններ (ինվազիա՝ կենդանի մակաբույծներով վարակում): Ի տարբերություն Մ.հ-ի՝ բակտերիաներով, սպիրոխետներով, ռիկետսիաներով, վիրուսներով և սնկիկներով հարուցված հիվանդությունները կոչվում են վարակիչ հիվանդություններ: Որդերն առաջացնում են ճիճվային հիվանդություններ, որոնցից առավել տարածված են ասկարիդոզը, անկիլոստոմիդոզը, հիմենոլեպիդոզը, դիֆիլոբոթրիոզը, տենիիդոզը, տրիխինելոզը, տրիխոցեֆալոզը, էնտերոբիոզը, էխինոկոկոզը ևն:
Նախակենդանիները հարուցում են պրոտոզոոզներ. առավել տարածված են ամեոբիազը (տես Դիզենտերիա ամեոբային), լեյշմանիոզները, լամբլիոզը, մալարիան, տոքսոպլազմոզը ևն: Գոյություն ունեն նախակենդանիների 50 տեսակ, որոնք մակաբուծում են մարդկանց:
Մակաբույծ միջատներն ու տզերն առաջացնում են էնտոմոզներ և ակարոզներ: Էնտոմոզների շարքն են դասվում, այսպես կոչված, միազները՝ մարդու և կենդանիների օրգանների ու հյուսվածքների ախտահարումը ճանճերի թրթուրներով, ինչպես նաև դերմատոզոոնոզները (մակաբուծ. մաշկախտեր), ոջիլների (տես Ոջլոտություն), մոծակների, մլակների (տես Զազիրք) խայթոցից առաջացած մաշկային հիվանդությունները: Ակարոզի տեսակ է քոսը:
Մ-ի հարուցիչները լինում են ժամանակավոր և մշտական:
Ժամանակավոր մակաբույծներն ապրում են ազատ՝ բնության մեջ կամ մարդկանց բնակարաններում, և մարդկանց վրա հարձակվում են սնվելու համար, որը տևում է վայրկյաններից (մոծակ, մլակ, մժեղ) մինչև մի քանի օր (իքսոդային տզեր): Մշտ. մակաբույծները գտնվում են մարդու մարմնի վրա կամ մարմնի մեջ՝ իրենց զարգացման այս կամ այն փուլում կամ ողջ կյանքի ընթացքում (ոջիլներ, որդեր, նախակենդանիներ):
Մարդու օրգանիզմում, ըստ տեղադրության, Մ.հ-ի հարուցիչները բաժանվում են արտաքին (էկտոպարազիտ) և ներքին (էնդոպարազիտ) մակաբույծների: Արտաքին մակաբույծներն ապրում են մաշկի վրա՝ ժամանակավոր (մոծակներ, մլակներ, շնաճանճեր) կամ մշտ.: Ներքին մակաբույծները գտնվում են տարբեր օրգաններում և հյուսվածքներում՝ լյարդում, թոքերում, աղիքներում, արյան մեջ, գլխուղեղում, մկաններում (մակաբույծ որդեր, նախակենդանիներ):
Տարբերում են նաև մաշկային մակաբույծներ (քոսի տիզ), որոնք ապրում են մաշկի հաստության մեջ, և խոռոչային մակաբույծներ (վոլֆարտյան ճանճ, բոռի թրթուր), որոնք ապրում են մարմնի՝ արտաքին միջավայրի հետ հաղորդակցվող խոռոչներում (ականջի, քթի, բերանի խոռոչներում, միզուկում ևն): Որոշ հարուցիչներ կարող են իրենց կյանքի տարբեր շրջաններում գաղթել տիրոջ մարմնում (օրինակ՝ անկիլոստոմներ ևն):
Մի շարք Մ.հ-ի հարուցիչներն իրենց կյանքի բոլորաշրջանն ավարտելու համար պետք է օգտվեն 2, երբեմն նաև 3 տիրոջ (տարբեր տեսակի կենդանիներ) օրգանիզմներից: Դրանցից են դիֆիլոբոթրիոզի, մալարիայի, տենիիդոզի, էխինոկոկոզի և այլ հարուցիչները:
Մարդկանց վարակման աղբյուրը, այսպես կոչված, մակաբույծի տերը (հիվանդ կամ մակաբուծակիր) մարդն է կամ կենդանին:
Որոշ Մ.հ-ի դեպքում տերը կարող է վարակի աղբյուր ծառայել հենց իր վարակման համար: Երևույթն անվանվում է աուտոինվազիա (օրինակ՝ սրատուտով կրկնակի վարակումը՝ եղունգները կրծելու հետևանքով):
Մ.հ-ի հարուցիչները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի կամ բնական անցքերի (բերան, քթանցքեր, հնարավոր է նաև հետանցք, հեշտոց, միզուկի բացվածք) միջոցով:
Ըստ հարուցչի փոխանցման եղանակի՝ տարբերում են՝ սննդային (ալիմենտար), շփումային, փոխանցող., օդակաթիլային Մ.հ.: Սննդային Մ.հ-ի դեպքում (ճիճվային հիվանդությունների մեծ մասը, ամեոբիազը, լյամբլիոզը ևն) հարուցիչներն օրգանիզմ են ընկնում մակաբույծներով վարակված սննդամթերքի (օրինակ՝ տրիխինելների թրթուրներով վարակված միս