Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջանում է վարակիչ հիվանդությունների հարուցիչները հարևան օրգաններից (շագանակագեղձ, միզապարկ, միզուկ) սերմնատար ծորանների միջոցով կամ արյան ու ավշի հոսքով մակամորձի ներթափանցելիս: Նպաստող գործոններ են ամորձու վնասվածքները, անսովոր ֆիզ. լարումները, սեռ. չարաշահումները, մրսածությունը (սառը ջրում լողանալը): Հաճախ Մ.բ. գոնոռեայի բարդություն է, երիկամներից ամորձու հավելումների վրա տուբերկուլոզային գործընթացի տարածման հետևանք (տես Տուբերկուլոզ):

Մ.բ-ման ախտանշաններն են ամորձու համապատասխան կեսի ցավերը, ամորձու հետին մակերևույթին սաղավարտաձև պինդ ուռածությունը, ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը: Սովորաբար հիվանդությունն սկսվում է բուռն, հազվադեպ՝ աստիճանաբար, և հիվանդները ամորձու վրա պատահաբար «ուռուցք» են հայտնաբերում:

Մինչև բժշկի դիմելը հարկավոր է ամորձակալ կրել և հիվանդ օրգանը պահել հանգիստ: Ծանրություն բարձրացնել, քայլել, սեռ. հարաբերություն ունենալ չի կարելի: Վերջինս թույլատրվում է վերսկսել առողջանալուց 3-4 շաբաթ անց: Բժշկին վաղ դիմելը հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումն ու կանխել բարդությունները (երկկողմանի Մ.բ. կարող է անպտղության պատճառ դառնալ): Հիվանդները մեծ մասամբ բուժվում են ամբուլատոր, երբեմն պահանջվում է հոսպիտալացում: Մ.բ-ման առանձին ձևերի ժամանակ կատարվում է վիրաբուժ. միջամտություն՝ մակամորձու հեռացում:

Կանխարգելումը. միզապարկի բորբոքման, միզուկաբորբի, շագանակագեղձի բորբոքման ժամանակին բուժում, վնասվածքի, մրսածության կանխում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում:

ՄԱԿԵՐԻԿԱՄՆԵՐ. ներզատիչ զույգ գեղձ: Աջը բրգաձև է, փոքր է ձախից, գտնվում է երիկամի վերին բևեռին, ձախը կիսալուսնաձև է և հպվում է երիկամի առաջային միջային եզրին: Մ. բաղկացած են կեղևային և միջուկային նյութերից: Կեղևային նյութն արտադրում է մոտ 50 ստերոիդային հորմոններ՝ կորտիկոստերոիդներ, որոնցից գործն. բժշկության մեջ հայտնի են կորտիզոնը, հիդրոկորտիզոնը, դեզօքսիկորտիկոստերոնը: Այդ կորտիկոստերոիդներն ակտիվորեն ազդում են օրգանիզմում փոխանակային գործընթացների վրա, բայց հիմնականում դրանց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջակա միջավայրի մշտ. փոփոխություններին, այսինքն՝ այդ հորմոնները մասնակցում են հարմարվող. հակազդեցություններին:

Կորտիկոստերոիդների ավելցուկային արտադրությունը, որը նկատվում է Մ-ի ուռուցքների կամ չափերի մեծացման ժամանակ, պայմանավորված է հիպոֆիզի գերֆունկցիայի հետ և երբեմն կարող է Մ-ի կեղևի հորմոնների գերարտադրության պատճառ դառնալ: Վերջինս բնորոշվում է մարմնի ավելորդ ճարպի կուտակմամբ, դեմքի ձևի փոփոխությամբ, մաշկի վրա ի հայտ են գալիս գերձգվածության գծեր, թարախաբշտիկային ցաներ, բարձրանում է զարկերակային արյան ճնշումը: Նկատվում են ոսկրերի փխրունություն, ածխաջրերի փոխանակության խանգարումներ, կանանց դաշտանադադար, տղամարդկանց սեռ. հակումների նվազում:

Մ-ի կեղևի հորմոնների անբավարար արտադրության ժամանակ առաջանում է ադիսոնյան հիվանդություն, որն արտահայտվում է նիհարումով, մաշկի բրոնզագույն գունավորմամբ, զարկերակային արյան ճնշման իջեցմամբ, ստամոքսաղիքային համակարգի, ջրաաղային և փոխանակության այլ տեսակների խանգարումներով: Ադիսոնյան հիվանդությամբ տառապողների օրգանիզմում խանգարվում են հարմարվող. ու պաշտպան. հակազդեցությունները, և նրանք վարակիչ հիվանդությունների հանդեպ դառնում են ընկալունակ:

Մ-ի ուղեղային նյութում մշակվում են ադրենալին և նորադրենալին հորմոնները: Ազդելով նյարդային վերջույթների վրա՝ դրանք կարգավորում են սիրտանոթային համակարգի ֆունկցիան, ազդում նյութափոխանակության (հատկապես ածխաջրերի) վրա, մասնակցում հարմարվող հակազդեցություններին: Այդ հորմոնների ավելցուկային արտադրությունը նկատվում է ուռուցքների, այսպես կոչված, քրոմոֆինոմայի ժամանակ, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ (նույնիսկ բնականոն կամ աննշան բարձրացման դեպքում կարող են նկատվել կրիզներ): Այդպիսի ուռուցքները լինում են հազվադեպ և հաճախ բուժվում են վիրահատությամբ:

ՄԱՀ. օրգանիզմի կենսագործունեության ընդհատում, բջիջներում և հյուսվածքներում կենսբ. գործընթացների անվերադարձ դադար, բոլոր կենդանի էակների գոյության անխուսափելի բնական վախճան, որն ուղեկցվում է կյանքի կառուցվածքային հիմքը կազմող սպիտակուցների և այլ կենսապոլիմերների քայքայմամբ:

Բարձրակարգ կենդանիների և մարդու Մ., կախված առաջացնող պատճառներից, լինում է բնական կամ ֆիզիոլոգիական, որը տեղի է ունենում օրգանիզմի ծերացման, հիմն. կենսական ֆունկցիաների երկարատև, աստիճանաբար խորացող մարման հետևանքով, և վաղաժամ կամ ախտաբանական, որը վրա է հասնում հիվանդությունների, կենսական կարևոր օրգանների (սիրտ, գլխուղեղ, թոքեր, լյարդ ևն) վնասման հետևանքով: Արագ առաջացող (մի քանի վրկ-ի կամ ր-ի ընթացքում) ախտաբան. գործընթացի հետևանքով վրա հասած Մ. կոչվում է արագահաս (հանկարծամահություն), իսկ դժբախտ պատահարի, սպանության կամ ինքնասպանության հետևանքով տեղի ունեցածը՝ բռնի Մ.:

Տաքարյուն կենդանիների և մարդու Մ. ամենից առաջ կապված է շնչառության և արյան շրջանառության ընդհատման հետ: Տարբերում են Մ-վան 2 հիմն. փուլ. կլինիկական և դրան հաջորդող կենսաբանական կամ իսկական:

Կլինիկ. Մ. դարձելի փուլ է, որն ընթանում է արյան շրջանառության և շնչառության ընդհատումից հետո՝ մի քանի ր-ի ընթացքում: Դարձելիությունը հիմնականում կախված է թթվածնաքաղցի (թերթթվածնության) հետևանքով առաջացած գլխուղեղի բջիջների փոփոխության աստիճանից: Կլինիկ. Մ-վանը նախորդում է նախահոգեվարքային վիճակը (զարկերակային ճնշման աստիճան. նվազում, գիտակցության և գլխուղեղի էլեկտր. ակտիվության ընկճում, սրտի կծկումների հաճախացում, ապա դանդաղում, ռեֆլեքսների խանգարում), սահմանային (վերջնային) դադար (շնչառության ժամանակավոր կասեցում ու սրտի կծկումների հաճախության դանդաղում) և հոգեվարք:

Կենսբ. Մ. ֆիզիոլոգ. գործընթացների ոչ դարձելի դադարն է բջիջներում և հյուսվածքներում, որի դեպքում օրգանիզմի վերակենդանացման միջոցառումներն ապարդյուն են լինում:

Դիալեկտիկ. մատերիալիզմը Մ. դիտում է որպես կյանքի անհրաժեշտ և էական պահ, կյանքի բացասման արդյունք: Քանի որ Մ. անխզելիորեն կապված է կյանքի հետ, ապա կենսբ. էվոլյուցիայի ընթացքում մահացման մեխանիզմները նույնպես ենթարկվում են էվոլյուցիոն փոփոխությունների: Բազմաբջիջ օրգանիզմների Մ-վանը, որպես կանոն, նախորդում է ծերացման գործընթացը:

Մարդը կյանքի էվոլյուցիոն զարգացման բարձրագույն ձևն է: Այն գենետիկորեն