Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաշկն ու լորձաթաղանթները: Այդ արտազատուկներում մանրէները լավ զարգանում են և առաջացնում արտաքին սեռ. օրգանների ու հեշտոցի բորբոքում (վուլվովագինիտ): Հիգիենային կանոնների խախտման հետ մեկտեղ սեռ. օրգանների հիվանդությունների պատճառ կարող են դառնալ վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա ևն): Ոչ բնականոն արտազատուկի և բորբոքման այլ ախտանշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի:

Դպրոցական տարիքում հատկապես կարևոր է, որ երեխաները լինեն մաքուր օդում, գտնվեն շարժման մեջ, կանոնավոր զբաղվեն ֆիզկուլտուրայով, պահպանեն ուս. պարապմունքների և հանգստի հաջորդականությունը, քնի ռեժիմը: Ֆիզ. գերբեռնվածությունը, դպրոցում և տանը դասերը պատրաստելիս երկարատև նստելը կարող են ողնաշարի ծռումների և կոնքի ոսկրերի ձևախախտման պատճառ դառնալ:

Ինչպես ուսուցիչները, այնպես էլ ծնողները, պետք է հետևեն երեխաների ճիշտ կեցվածքին: Անհրաժեշտ է, որ տանը պարապելու համար նախատեսված սեղանը և աթոռը համապատասխանեն երեխայի հասակին և ճիշտ լուսավորված լինեն, հարկավոր է հետևել, որ երեխայի մոտ չառաջանան կարճատեսություն և հեռատեսություն: Սեռ. հասունացման տարիքում, երբ վերակազմավորվում են նյարդային և ներզատիչ համակարգերը ու լարվում են հարմարվող. բոլոր մեխանիզմները, հատկապես կարևոր են ֆիզկուլտուրայով կանոնավոր զբաղվելը, նյարդային համակարգի վրա բարերար ազդող կոփող արարողությունները (տես Օրգանիզմի կոփում):

Հիգիենա կնոջ: Դեռահասության տարիքում աղջիկը պետք է լրիվ պատկերացում ունենա Ս.հ-ի ընդհանուր կանոնների մասին և յուրացնի իր խնամքի բոլոր անհրաժեշտ սովորությունները: Անհրաժեշտ է նրան նախօրոք նախապատրաստել դաշտանի ի հայտ գալուն: Մայրը կամ ավագ քույրը, դպրոց, բուժաշխատողները կամ ուսուցչուհին աղջիկներին մատչելի ձևով պետք է բացատրեն կնոջ օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունների մասին, որ սեռ. օրգաններից արյան արտադրությունը բնականոն երևույթ է և պետք է կանոնավոր կերպով կրկնվի (տես Դաշտանային ցիկլ): Այդպիսի նախապատրաստության բացակայության դեպքում դյուրագրգիռ աղջիկների մոտ կարող է առաջանալ հոգեկան վնասվածք, և դրա հետևանքով՝ դաշտանային ցիկլի խանգարում: Եթե դաշտանն ուղեկցվում է արյան մեծ կորստով, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի:

Դաշտանի ժամանակ, օրգանիզմի պաշտպան. ուժերի նվազման և արգանդի լորձաթաղանթի վերքային մակերևույթի առկայության հետ կապված, սեռ. օրգաններն ավելի ընկալունակ են վարակի հանդեպ: Դրա համար այդ օրերին խիստ կարևոր է հետևել սպիտակեղենի և մարմնի մաքրությանը: Հարկավոր է աղջիկներին սովորեցնել դաշտանի ժամանակ անհրաժեշտ հիգիենային կանոնները: Դաշտանի բնականոն ընթացքի ժամանակ պարապմունքները և ապրելակերպը փոխելու կարիք չի լինում: Ֆիզկուլտուրայով զբաղվել թույլատրվում է, սակայն հարկավոր է խուսափել թռիչքներ և ծանր ֆիզ. վարժություններ կատարելուց, ինչպես նաև սպորտի որոշ ձևերից (հեծանիվ, լող): Մրցումներին մասնակցել չի թույլատրվում: Հարկավոր է զգուշանալ մարմինը (հատկապես ոտքերը և որովայնի ստորին հատվածը) մրսեցնելուց: Լողանալ կարելի է ցնցուղի տակ: Լոգանք կարելի է ընդունել միայն գոլ ջրով, որպեսզի արյան անոթները չլայնանան կամ չնեղանան: Հարկավոր է արտաքին սեռ. օրգանները լվանալ եռացրած գոլ ջրով և օճառով՝ օրական 2 անգամից ոչ պակաս: Սկզբում պետք է լվանալ արտաքին սեռ. օրգանները, այնուհետև ազդրերի մաշկը և վերջում՝ հետանցքի շրջանը: Անմիջապես տաշտակի մեջ լվացվել չի կարելի:

Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել թանզիֆից և բամբակից պատրաստած հատուկ հիգիենային փաթեթ (միջադիր), որը կարելի է ձեռք բերել դեղատներում կամ կտրել երկտակ թանզիֆի շերտից՝ երկար. 30-35 սմ, լայն. 5-7 սմ: Փաթեթի ներսի կողմի ծայրերից մեկում հարկավոր է անցք բացել և այդտեղով բամբակի խծուծ դնել: Փաթեթը պետք է փոխել օրը մի քանի անգամ, որպեսզի ներծծված արյունը չչորանա և շեքի մաշկը չվնասի (վերջինս նպաստում է վարակի հարուցիչների ներթափանցմանը): Բացի այդ, հարկավոր է ունենալ բամբակե գործվածքից կամ տրիկոտաժից կարված մի քանի վարտիք կամ լողավարտիք, որը նույնպես պետք է հաճախակի փոխել: Լվանալուց հետո արդուկել: Դեռահասության տարիքում հարկավոր է ուշադրություն դարձնել աղջիկների սեռ. դաստիարակության հարցերին:

Հասուն կնոջ հիգիենային կանոնները նույնն են: Սեռ. կյանքն սկսելիս հարկավոր է պահպանել հետևյալ հիգիենային կանոնները. 1-ին սեռ. հարաբերությունից հետո անհրաժեշտ է 2-3 օր խուսափել դրանից, որպեսզի կուսաթաղանթի պատռվածքներն ապաքինվեն: Դաշտանի օրերին նույնպես խորհուրդ չի տրվում սեռ. հարաբերություն ունենալ, որպեսզի վարակի հարուցիչները սեռ. ուղիներ չթափանցեն, և արյունահոսություն չառաջանա: Հղիության 1-ին 2-3 ամիսներին հարկավոր է սահմանափակել սեռ. կյանքը, իսկ վերջին 2 ամսում՝ լրիվ բացառել: Սեռ. կյանքն արգելվում է նաև ծննդաբերությունից հետո՝ 6-8 շաբաթ: Եթե կնոջը որևէ պատճառով հակացուցված է ծննդաբերելը, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ՝ հղիության կանխարգելիչ միջոցառումների մասին, որպեսզի կանխվեն առողջությանը վնասող վիժումները:

Կլիմաքսի շրջանում, ընդհանուր հիգիենային միջոցառումներից և սեռ. օրգանների մանրակրկիտ խնամքից բացի, խորհուրդ են տրվում մարմնի ամենօրյա ջրային (36-22°C) շփումները, ֆիզկուլտուրայով զբաղվելը, մաքուր օդում զբոսանքները, ճիշտ սնունդը: Այս բոլորը նպաստում են ներզատիչ համակարգի տարիքային փոփոխությունների հետ կապված որոշ խանգարումների թուլացմանը:

Հարկավոր է տարին 2 անգամ կանոնավոր այցելել, իսկ սեռ. օրգաններից նույնիսկ չնչին արտազատուկի դեպքում՝ անմիջապես դիմել գինեկոլոգի:

Հիգիենա տղամարդու: Դեռահասության տարիքում տղաներն արդեն պետք է վարժվեն Ա.հ-ի կանոններին՝ պահպանեն մարմնի, մազերի, հագուստի մաքրությունը: Դեռահասների գիշերային ակամա սերմնավիժության ժամանակ (տես Երազախաբություն) մեծահասակները պետք է նախազգուշացնեն տղային, բացատրեն, որ երազախաբությունը սեռ. հասունության բնականոն դրսևորում է: Այդ տարիքում սեռ. դաստիարակության հիմն. նպատակը տղային՝ իր զգացմունքները ղեկավարելու ունակություն սովորեցնելն է, սեռերի փոխհարաբերության հանդեպ ճիշտ կարծիք զարգացնելը, ապագա սեռ. կյանքի հանդեպ նրան նախապատրաստելը (ոչ միայն բարոյական, այլև հիգիենայի տեսակետից): Հարկավոր է դեռահասին նախազգուշացնել պատահական սեռ. կապից, նրբանկատորեն տեղյակ պահել հնարավոր կործանարար հետևանքների մասին (տես Վեներական հիվանդություններ):

Յուրաքանչյուր տղա և հասուն տղամարդ պետք է պահպանի սեռ. օրգանների մաքրությունը, հարկավոր է ամեն օր դրանք լվանալ տաք ջրով և օճառով՝ անպայման