Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար: Հատկապես հեշտությամբ են կեղտոտվում մարմնի բաց մասերը: Հաստատված է, որ մաքուր լվացած ձեռքերի վրա բակտերիային կուլտուրան քսելուց 10 ր անց բակտերիաների թիվը նվազում է 85%-ով, իսկ չլվացած մաշկի վրա՝ 20 ր անց՝ միայն 5%-ով: Հատկապես շատ բակտերիաներ են հայտնաբերվում եղունգների տակ (ձեռքի մաշկի վրա գտնվող մանրէների մոտ 95%-ը), դրա համար խիստ կարևոր է եղունգների ճիշտ խնամքը և ձեռքերի լավ լվանալը: Ձեռքերի մաքրությունը պարտադիր պայման է հաս. սննդի հիմնարկներում աշխատողների, տանը կերակուր պատրաստողների համար: Պատահական չէ, որ դիզենտերիան անվանում են «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: Ա.հ-ի կանոնները պետք է երեխաներին սովորեցնել վաղ մանկ. տարիքից:

Մաշկը մաքրելու հիմն. միջոցները ջուրն ու օճառն են: Լվացվելու համար օգտագործում են ձեռքի օճառ, գերադասելի է փափուկ ջուրը: Յուրաքանչյուրը պետք է գիտենա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ, բնականոն) և դա հաշվի առնի այն խնամելիս (տես Մաշկ, խնամքը): Ցանկալի է ցնցուղ ընդունել ամեն օր, հատկապես աշխատանքից հետո՝ կապված մաշկի կեղտոտման և ուժեղ քրտնարտադրության հետ: Նույնը խորհուրդ է տրվում նաև քրտնոտությամբ տառապող մարդկանց: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 37-38 °C-ից ոչ բարձր: Եթե բնակարանը զուրկ է ջրամատակարարումից և ցնցուղային հարմարանքներից, ապա տաք ջրով և օճառով պետք է լվանալ մարմնի բաց մասերը, անութային փոսերը, կաթնագեղձերի տակի մաշկը և հաճախակի փոխել սպիտակեղենը: Լողասենյակում կամ բաղնիքում օճառով և սպունգով լողանալն անհրաժեշտ է շաբաթը 1 անգամից ոչ պակաս: Լողանալիս, հատկապես սպունգ օգտագործելիս, մաշկը մերսվում է, լավանում են արյունամատակարարումը և մարդու ընդհանուր ինքնազգացողությունը: Լողանալուց հետո օգտակար է մաշկածալքերը լոսյոնով մաքրելը (տես Կոսմետիկա): Երեկոյան, հատկապես ամռանը, հարկավոր է ոտքերն օճառով լվանալ ամեն օր: Միջմատային ծալքերի շփաբորբի, հարուկների ժամանակ պետք է դիմել բժշկի, քանի որ ոտքերի մաշկի ամբողջականության խախտման դեպքում հեշտությամբ կարող են առաջանալ մաշկի սնկիկային հիվանդություններ: Կոշտուկներ ի հայտ գալիս անհրաժեշտ է համապատասխան միջոցներով վերացնել:

Մազերը լավ է լվանալ փափուկ ջրով: Կոշտ ջրին ավելացնել բորակ կամ կերակրի սոդա (5-6 լ ջրին՝ 1-2 թեյի գդալ): Ճարպոտ կամ չոր մազերը պահանջում են հատուկ խնամք: Բերանի խոռոչի խնամքը նպաստում է ատամների պահպանմանը, ներքին օրգանների շատ հիվանդությունների կանխարգելմանը: Ատամները հարկավոր է լվանալ ամեն օր առավոտյան, իսկ ուտելուց հետո բերանը ողողել: Բերանի տհաճ հոտի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Ատամների ոսկրափուտի սկզբն. ձևերը հայտնաբերելու, ատամի քարերը հեռացնելու և բերանի խոռոչն առողջացնելու հետ կապված այլ միջոցառումների համար հարկավոր է տարին 2 անգամից ոչ պակաս դիմել ստոմատոլոգի:

Ընդհանուր հիգիենային միջոցառումների հետ մեկտեղ Ա.հ. ընդգրկում է նաև արտաքին սեռ. օրգանների խնամքը: Այդ հատուկ հիգիենային միջոցառումները հարկավոր է սկսել երեխայի ծնվելու պահից և կիրառել մշտապես:

Ա.հ-ում կարևոր տեղ են գրավում ներքնաշորի, հագուստի մաքրությունը, գուլպաները (կիսագուլպաները) ամեն օր փոխելը՝ հատկապես գերքրտնոտության ժամանակ: Մարմնի և հագուստի մաքրությունն անիմաստ է դառնում, եթե բնակարաններում, խոհանոցում և արտադրությունում չեն պահպանվում հիգիենայի կանոնները:

Ընտանիքում յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում ունենալ առանձին անկողին, առանձին երեսսրբիչ և ցամքոց: Խորհուրդ է տրվում քնել գիշերանոցով (ննջազգեստ):

Այս բոլոր հիգիենային միջոցառումներն անհրաժեշտ են ամեն օր, սակայն խիստ կարևոր են դառնում այնպիսի դեպքերում, երբ ընտանիքում որևէ մեկը հիվանդանում է, քանի որ հիգիենային պահանջների խախտումները բացասաբար են անդրադառնում հիվանդին շրջապատողների՝ հատկապես երեխաների առողջության և աշխատունակության վրա (տես Հիվանդի խնամք):

Մարդկանց համար Ա.հ-ի ընդհանուր կանոնները մշակելիս հաշվի են առնվում կնոջ և տղամարդու տարիքային և անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկությունները:

Երեխաների օրգանիզմի ճիշտ զարգացման համար բացառիկ կարևոր են ընդհանուր կազդուրող գործոնները՝ օդը, արևը (տես Օդային և արևային լոգանքներ), ջրային բուժարարողությունները, ֆիզ. վարժությունները, շարժուն խաղերը (տես Ֆիզիկական կուլտուրա), լիարժեք սնունդը:

Հարկավոր է խուսափել գերսնուցումից, որը կարող է դառնալ ճարպակալման և դրա հետագա բարդությունների, հատկապես ձվարանների ներզատ. գործունեության և դեռահաս աղջիկների դաշտանային ցիկլի խանգարման պատճառ: Կրծքի և մսուրային տարիքի աղջիկների ու տղաների հիգիենային խնամքի հիմն. կանոններն ընդհանուր են (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք):

Աղջկա սեռ. օրգաններն անհրաժեշտ է պահել բացառիկ մաքուր վիճակում, քանի որ դրանք շատ նուրբ են, հեշտությամբ վնասվում են և վարակի հանդեպ ցածր դիմադրողականություն ունեն: Համապատասխան խնամքի բացակայության դեպքում կարող է առաջանալ ամոթույքաբորբ: Ամեն անգամ միզելուց և կղելուց հետո անհրաժեշտ է երեխայի սեռ. օրգանները լվանալ եռացրած գոլ ջրով, այնուհետև մաշկը սրբել փափուկ, մաքուր սրբիչով: Մաշկի գրգռման, շփաբորբի չնչին ախտանշանների դեպքում հարկավոր է բարակ շերտով քսել նախապես եռացրած բուս. յուղ կամ ցանել մանկ. ցանափոշի: Նախապես պետք է ձեռքերը լավ լվանալ:

Վաղ մանկ. տարիքից երեխաներին պետք է սովորեցնել որոշակի ժամանակում աղիքների ամենօրյա դատարկմանը և կանոնավոր միզարձակմանը: Ուղիղ աղիքի և միզապարկի չափից ավելի լցվելը բացասաբար է ազդում այդ օրգանների գործունեության վրա, իսկ աղջիկների մոտ կարող է առաջացնել արգանդի անկանոն դիրք, որը հետագայում մի շարք խանգարումների (օրինակ՝ ցավոտ դաշտան) պատճառ է դառնում: 5-6 տարեկանից սկսած, երբ երեխան արդեն տիրապետում է հիմն. հիգիենային կանոններին, նրան հարկավոր է սովորեցնել սեռ. օրգանների ինքնուրույն խնամքը: Երեխայի սեռ. օրգանների ամենօրյա զգույշ լվացումները սեռ. գրգռվածություն չեն առաջացնում: Դրան հակառակ, մեզը, կղանքի մնացորդները կարող են սեռ. օրգանների գրգռվածության և քորի պատճառ դառնալ: Երեխաները պետք է կրեն հարմար վարտիք, որպեսզի շարժումները չկաշկանդվեն և սեռ. օրգանները չսեղմվեն:

Ձմռանը և ամռանը մրսելուց և արտաքին սեռական օրգաններն աղտոտելուց խուսափելու համար աղջիկները պետք է հագնեն կիպ վարտիք և ամեն օր փոխեն այն: Հեշտոցի արտազատուկը, որն ունենում են նաև աղջնակները, մեզի հետ ընկնում է վարտիքի վրա, կոշտանում և գրգռում է արտաքին սեռ. օրգանների