Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյութ): Չոր Մ-ի ռեակցիան հիմնային է, դրա համար նպատակահարմար է լվացվելուց առաջ դեմքին կաթնաթթվային մթերք (կեֆիր, մածուն) քսել:

Երեկոյան դեմքը հարկավոր է մաքրել հեղուկ մաշկաքսուքներով և լոսյոններով: Մ-ի առավել կնճռոտ մասերին (կոպեր, քիթշրթունքային ծալքեր, պարանոցի առաջային մակերևույթ ևն) կարելի է քսել սնուցող մաշկաքսուքներ, 30-40 ր անց մնացորդները մաքրել թղթե անձեռոցիկով. մաշկաքսուքը գիշերը թողնել չի կարելի: Մաշկաքսուքը քսում են մատների թեթևակի շարժումներով՝ դեմքի կենտր. գծից դեպի ծայրամաս: Փողոց դուրս գալուց առաջ խորհուրդ է տրվում դեմքին բարակ շերտով պաշտպան. մաշկաքսուք և ճարպային դիմափոշի քսել:

Օգտակար է ամիսը 1 անգամ կոսմետոլոգ. առանձնասենյակում մերսել և սնուցող դիմակ դնել: Որոշ դիմակներ կարելի է պատրաստել տանը՝ շաբաթը 2-3 անգամ, քնելուց 1-2 ժ առաջ: Դրանք պատրաստելու համար օգտագործում են թարմ մրգեր (խնձոր, խաղող, կիտրոն ևն), հատապտուղներ (մորի, ազնվամորի, ելակ ևն), բանջարեղեն (վարունգ, կաղամբ, լոլիկ ևն): Վերջիններիս կեղևը մաքրում են և տրորում, ստացված զանգվածին ավելացնում մի քիչ ալյուր և խառնում: Դիմակը դնում են Մ. նախապես լվանալուց և ճարպային մաշկաքսուք քսելուց 10-15 ր հետո: Դիմակը մաքրում են բամբակով կամ լվանում տաք ջրով, ապա նորից ճարպային մաշկաքսուք քսում: Արտահայտված թառամածության և կնճռոտության դեպքում ավելի լավ է առավոտյան լվացվելու փոխարեն դեմքը մաքրել նարգեսի լուծույթով (նարգեսի սպիրտային թուրմը՝ եռացրած ջրի հետ հավասար), կերակրի աղի լուծույթով (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ աղ) կամ տաքացրած բուս. յուղով թրջած բամբակով: Կարելի է օգտագործել նաև սնուցող մաշկաքսուքներ:

Ամռանը դեմքն արևի ճառագայթներից պաշտպանելու համար կարելի է օգտագործել հատուկ մաշկաքսուքներ: Տղամարդկանց Մ. թառամելուց պաշտպանելու համար խորհուրդ է տրվում շաբաթը 1-2 անգամ երեկոյան քունքերին, պարանոցին, աչքերի և բերանի շուրջը քսել սնուցող մաշկաքսուքներ, թառամած Մ-ի դեպքում նախապես տաք կոմպրես դնել: 1-1,5 ժ անց մաշկաքսուքի ավելցուկը մաքրել թղթե անձեռոցիկով: Դեմքի հաճելի գույնը, Մ-ի թարմությունն ու առաձգականությունը պահպանելու համար, Մ. խնամելուց բացի, հարկավոր է նաև ճիշտ սնվել (վիտամիններով հարուստ բազմատեսակ սնունդ), պահպանել աշխատանքի ու հանգստի ռեժիմը (բավարար քուն, մաքուր օդում կանոնավոր զբոսանքներ), զբաղվել ֆիզկուլտուրայով և սպորտով:

Պարանոցի Մ-ի խնամքը: Պարանոցը հարկավոր է ամեն օր լվանալ օճառով: Ծալքերի առաջացման և չորության դեպքում բարակ շերտով քսել ճարպային մաշկաքսուք, այնուհետև սրբիչը փոփոխակի թրջելով տաք և սառը ջրով՝ կոմպրեսներ դնել (յուրաքանչյուրը 4 անգամ՝ 5 ր), որից հետո նորից քսել ճարպային մաշկաքսուք և 5 ր Մ. մերսել: Մաշկաքսուքի մնացորդները հեռացնել թղթե անձեռոցիկով: Բուժարարողությունները պարբերաբար կրկնել: Արտահայտված գիրության, նիհարության կամ կնճռոտության դեպքում խորհուրդ է տրվում պարանոցի Մ-ի արյան շրջանառությունը լավացնող դիմակ դնել և մերսել: Ցուցված են նաև հատուկ վարժություններ՝ ուսերի և պարանոցի պտտական շարժումներ: Ձեռքերի Մ-ի խնամքը պետք է շատ մանրակրկիտ լինի: Տնային գործեր անելիս (բանջարեղեն, հատապտուղ մաքրելիս, ամանեղեն լվանալիս ևն) նպատակահարմար է աշխատել ռետինե ձեռնոցներով, իսկ եթե դրանք չկան, եղունգները պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում աշխատանքից առաջ դրանց տակն օճառոտել: Աշխատանքից հետո ձեռքերը լվանալ տաք ջրով՝ դրան ավելացնելով մի պտղունց բորակ: Խիստ կեղտոտված ձեռքերը խորհուրդ է տրվում մաքրել բուս. յուղով թրջած բամբակով, այնուհետև պահել տաք օճառաջրում՝ դրան ավելացնելով մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ: Ավելի կեղտոտ մասերը մաքրել պեմզայով, կիտրոնով, իսկ եղունգները՝ լոսյոնով: Մ. լավ են մաքրում նաև մաշկաքսուքները և հեքսաքլորֆենոլային օճառը: Լվացած ձեռքերը հարկավոր է լավ չորացնել: Լվացքից հետո օգտակար է ձեռքերին հարդարանքի քացախ, կեֆիր, թթված կաթ քսելը:

Արտադրությունում նավթամթերքների, յուղերի, լուծիչների ևն հետ աշխատելիս ձեռքերի Մ-ի խնամքի համար օգտագործում են հատուկ մածուկներ: Գյուղատնտեսության մեջ աշխատողները մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները կանխելու համար պետք է ձեռքերը տաք ջրով և օճառով լվանալուց հետո 5 ր պահեն անուշադրի սպիրտի լուծույթում (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ), այնուհետև չորացնեն և վազելին, ավտոլային քսուք կամ ճարպային մաշկաքսուք քսեն: Ձեռքերի Մ-ի չորության և ճաքերի առկայության դեպքում կարելի է ամեն օր տաքացրած բուս. յուղով կամ խոտաբույսերի (երիցուկ, եղեսպակ), լորենու ծաղիկների թուրմով ձեռքերի լոգանք կատարել, այնուհետև Մ. փափկացնել ճարպային մաշկաքսուքներով կամ գլիցերինի և անուշադրի սպիրտի խառնուրդով (10 մաս գլիցերինը՝ 1 մաս անուշադրի սպիրտի հետ):

Ոտքերի Մ-ի խնամքը: Հիգիենային նպատակներով օգտակար են ոտքերի ամենօրյա տաք լոգանքներն օճառով: Քրտնարտադրության ուժեղացման ժամանակ ոտքերի լոգանքից հետո կարելի է օգտագործել ճարպային մաշկաքսուքներ: Ոտքերի կանոնավոր խնամքը նպաստում է սնկիկային հիվանդությունների (տես Միկրոսպորիա, Տրիխոֆիտիա, Էպիդերմոֆիտիա աճուկային) կանխմանը:

Կրծքի երեխաների Մ-ի խնամքի մասին տես Կրծքի երեխա հոդվածում:

Հիվանդների խնամքի և մաշկային հիվանդությունների կանխարգելման միջոցների մասին տես Մ-ի առանձին հիվանդություններին վերաբերող հոդվածներում:

ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է մաշկի կառուցվածքը, ֆիզիոլոգ. ֆունկցիաները, մաշկային, վեներ. հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, մշակում ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ:

Արտաքին մաշկածածկույթների և սեռ. օրգանների հիվանդությունների վերաբերյալ սկզբն., էմպիրիկ պատկերացումները գոյություն են ունեցել վաղուց: Մաշկային հիվանդությունների բուժման համար օգտագործել են տարբեր բույսերից պատրաստած սպեղանիներ, օծանելիքներ, թուրմեր: Դեռևս 290-291 թթ. հայ նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան, Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրի մոտ իր միջոցներով բորոտանոց