Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մ. թ. հ-ով հիվանդները, հատկապես երեխաները, պետք է եղունգները կարճ կտրեն և ամեն օր քսեն յոդի, ադամանդականաչի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներ: Հիվանդի օգտագործած անկողինը լվանալիս հարկավոր է այն եռացնել սոդայով, բնակարանը լավ օդափոխել, կատարել խոնավ մաքրում:

Մ. թ. հ-ի քրոնիկ. ընթացքի ժամանակ սահմանափակել քաղցրեղենը, աղը, կծու կերակրատեսակները, բացառել պահածոները, սննդի օրաբաժնում ընդգրկել մրգեր, հում բանջարեղեն և վիտամիններով հարուստ այլ մթերք, օրինակ՝ քրոնիկ. կրկնվող բորբոքման դեպքում ձմռանը և ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել գարեջրի խմորիչներ, որոնք պարունակում են 8 խմբի վիտամինների համալիր: Սակայն սննդակարգն ու բուժումը յուրաքանչյուր դեպքում նշանակում է բժիշկը:

Կանխարգելումը. արտադր. ձեռնարկություններում և գյուղատնտեսության մեջ վնասակար գործոնները վերացնել սանտեխ. միջոցառումներով: Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի կոփումը, մաքուր օդում զբոսնելը, օդային և արևային լոգանքները, լողանալը, լիարժեք սնուցումը: Բնակելի շենքերում անհրաժեշտ է պահպանել բնականոն ջերմաստիճան՝ հիվանդի (հատկապես երեխաների) մարմնի գերտաքացումը կանխելու նպատակով, հաճախակի օդափոխել բնակարանը:

Շատ կարևոր է, որ Մ. թ. հ-ով տառապող մեծահասակները քիչ շփվեն առողջ, հատկապես կրծքի երեխաների հետ: Մ.թ.հ-ի կանխարգելման համար հարկավոր է ճիշտ խնամել երեխայի մաշկը, երեխաներին մաքուր պահել, պաշտպանել մաշկը գերտաքացումից ու քրտնախաշից: Մ.թ.հ-ով երեխային հարկավոր է մեկուսացնել առողջներից, առանձնացնել սրբիչն ու սպիտակեղենը: 1-ին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ մանկաբույժի կամ մաշկաբանի:

Տես նաև Քրտնագեղձերի բորբոքում, Կարբունկուլ, Թզախտ:

ՄԱՇԿԻ ՍՆԿԻԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, սնկախտեր, միկոզներ, հարուցիչները մանրադիտակային սնկիկներն են, որոնք մակաբուծում են մարդու և կենդանիների մաշկի ու լորձաթաղանթների վրա: Տարբերում են Ս. ս. հ-ի 4 խումբ: 1-ին խմբում միավորված են այն հիվանդությունները, որոնց հարուցիչները մակաբուծում են մաշկի եղջերացող մակերեսային շերտում՝ վերնամաշկում, և բորբոքային հակազդեցություններ չեն առաջացնում, ցավ, քոր չեն պատճառում և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա չեն ազդում, հիվանդները քիչ վարակիչ են: Այդ խմբին է պատկանում, օրինակ, հաճախ հանդիպող (հատկապես՝ քրտնոտությամբ տառապողների) թեփատու որքինը (տես Որքին թեփատու):

2-րդ խմբի մեջ են մտնում խիստ վարակիչ հիվանդությունները, ոտնաթաթի էպիդերմոֆիտիան և ռուբրոֆիտիան (տես Սնկախտեր ոտնաթաթի), աճուկային էպիդերմոֆիտիան (տես Էպիդերմոֆիտիա աճուկային): Հարուցիչներն ախտահարում են մաշկի եղջերացող շերտն ամբողջությամբ և ստորին շերտերում առաջացնում բավականաչափ բորբոքային հակազդեցություններ, կարող են ախտահարել նաև ձեռքերի ու ոտքերի եղունգները: Էպիդերմոֆիտիայի և ռուբրոֆիտիայի այդ տեսակների կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Այդ խմբի միկոզների շարքն է դասվում նաև նվազ վարակիչ հիվանդություն կանդիդոզը:

3-րդ խմբին են պատկանում տարածված միկոզները, խուզող որքինը (տես Տրիխոֆիտիա), միկրոսպորիան և գոնջը, որոնց հարուցիչներն ախտահարում են ոչ միայն մաշկն ու եղունգները, այլև մազերը: Այդ հիվանդությունները շատ վարակիչ են, դրա հետ կապված անհրաժեշտ են մշտ. բուժկանխարգելիչ միջոցառումներ, հաճախ՝ հիվանդների հոսպիտալացում սնկաբան. հատուկ հիվանդանոցներում:

4-րդ խումբն են կազմում արևադարձային, մերձարևադարձային երկրներում ու շրջաններում հանդիպող սպորոտրիխոզը, քրոմոմիկոզը, բորբոսային միկոզները ևն: Դրանց հարուցիչներն առաջացնում են ոչ միայն մաշկի, այլև ենթամաշկի, մկանների, ոսկրերի, որոշները՝ նաև աչքի, ականջների և ներքին օրգանների ծանր ախտահարումներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, որոշակի տեսակի աշխատանք կատարելու կամ որևէ մասնագիտություն սովորելու համար մարդու պիտանիության որոշելը:

Մ. ը. պարտադիր իրականացվում է աշխատանքի ընդունելիս, երբ աշխատանքն անհնար է կատարել անբարենպաստ գործոնների կամ առողջության որոշակի շեղումների առկայության հետևանքով: Օրինակ՝ հոտառության կտրուկ նվազումն անհամատեղելի է հոտերի տարբերակում պահանջող մասնագիտության հետ (օծանելիքի, սննդի արդ-յան մեջ), իսկ տեսողության սրության նվազման և գունազգացողության խանգարումների (տես Գունային տեսողություն) դեպքում հակացուցված են տրանսպորտի շարժման անվտանգության հետ կապված աշխատանքները:

Մ. ը-յան վերաբերյալ եզրակացությունը տալիս են բժշկ. հանձնաժողովները: Բժշկ. քարտում նշվում է հետազոտվողի առողջ. վիճակն ամբողջությամբ, ինչպես նաև այն օրգաններինը և համակարգերինը, որոնք տվյալ աշխատանքը կատարելիս կարող են ենթարկվել մասնագիտական վնասակարությունների ազդեցությանը:

Մ. ը-ից բացի, գոյություն ունի նաև մասնագիտ. կողմնորոշում, որի դեպքում տրվում են հանձնարարականներ առավել հարմար մասնագիտություն ընտրելու վերաբերյալ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, առաջանում են օրգանիզմի վրա աշխատանքի ոչ բարենպաստ պայմանների և մասնագիտական վնասակարությունների ազդեցության հետևանքով: Դրանց տարածվածությունը կախված է աշխատանքի պայմաններից, տեխնոլոգ. գործընթացների կատարելությունից և արտադրության տեխ. հանդերձվածության վիճակից:

Մ. հ-ի առաջացման պատճառներն ու մեխանիզմներն ուսումնասիրող բժշկագիտության բաժինը կոչվում է մասնագիտ. ախտաբանություն (ՄԱ):

Մ. հ. կարող են առաջանալ ֆիզ., քիմ., կենսբ., ինչպես նաև աշխատանքային գործոնների ազդեցության հետևանքով: Օրինակ՝ մթն. բարձր ճնշման պայմաններում (կեսոններում) աշխատելիս, եթե անցումը բնականոն վիճակի կատարվում է հակառակ կանոնների՝ ոչ աստիճանաբար, ապա առաջանում է կեսոնային հիվանդություն (տես Ապաճնշումային հիվանդություններ): Մշտ. արտադր. աղմուկը և թրթռումը հաճախ առաջացնում են ծանրալուրություն և թրթռումային հիվանդություն: Փոշու որոշ տեսակների (քվարց պարունակող) երկարատև շնչումը հանգեցնում է թոքերի փոշեգարության կամ թոքերի այլ հիվանդությունների: Ռադիոակտիվ նյութերի հետ շփվելու և իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով երբեմն առաջանում է ճառագայթային հիվանդություն: Օրգանիզմի վրա քիմ. նյութերի ազդեցությունը կարող է ուղեկցվել թունավորմամբ և հանգեցնել Մ. հ-ի, օրինակ, արդ. թույներով (կապար, սնդիկ, արսեն, անիլին և ածանցյալներ, ֆոսֆորային միացություններ), բենզինով, բենզոլով և այլ նյութերով թունավորվելիս: Որոշ մաշկային հիվանդություններ (էկզեմա, մաշկաբորբեր), առաջանում են գրգռող նյութերի (հանքային յուղեր, քարածխային խեժեր, ձյութ ևն) ազդեցության հետևանքով: Աշխատանքի բնույթով