Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյարդահուզ. մեծ լարվածության հետ (կառավարման վահանների օպերատորների, վարորդների աշխատանքը), կարող է բացասաբար ազդել օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի գործունեության վրա (տես Թերշարժունություն): Ոչ հարմար աշխատանքային դիրքը և աշխատատեղը կարող են նպաստել հենաշարժ. ապարատի հիվանդությունների առաջացմանը: Մի շարք վնասակար գործոնների (աղմուկ, թրթռում, փոշի, քիմ. նյութեր ևն) համակցված ազդեցության դեպքում դրանց ներգործությունը օրգանիզմի վրա կարող է գումարվել և ուժեղանալ:

Մ. վ-ի ազդեցությունը կախված է մարդու տարիքից և սեռից: Այսպես՝ միևնույն ծանր ֆիզ. աշխատանքը կատարելիս դեռահասների օրգանիզմում (սիրտանոթային և շնչառ. համակարգերի անբավարար զարգացման հետևանքով) կարող են ավելի զգալի ֆունկցիոնալ տեղաշարժեր լինել, քան չափահասների մոտ: Աճման շրջանում ողնաշարի զարգացման առանձնահատկությունները պայմանավորում են դրա հնարավոր ծռումները մարմնի ոչ ճիշտ դիրքերի և երկարատև ստատիկ լարումների դեպքերում (տես Ողնաշարի ծռումներ): Ծանր ֆիզ. աշխատանքը կարող է նպաստել դեռահասների տափակաթաթության առաջացմանը: Վաղ մասնագիտ. գործունեությունը, որն ուղեկցվում է մշտապես կանգնած վիճակում աշխատելու կամ զգալի ֆիզ. բեռնվածությամբ քայլելու հետ, կարող է նպաստել աղջիկների կոնքի ձևախախտմանը: Դեռահասների օրգանիզմն ավելի զգայուն է ցրտի, աղմուկի, թրթռման, ինչպես նաև մի շարք քիմ. նյութերի ազդեցության նկատմամբ:

Հասուն տարիքի անձանց ոչ հարմար աշխատանքային դիրքը (մարմինը կորացած վիճակում հաճախակի թեքվելը ևն) կարող է խորացնել հենաշարժ. և նյարդամկանային ապարատի տարիքային փոփոխությունները: Շարժող. վերլուծիչի ֆունկցիոնալ վիճակի տարիքային փոփոխությունների հետևանքով նվազում են շարժող. հակազդեցությունների արագությունը, մկանային ուժը: Տարեցների օրգանիզմը բավականին զգայուն է Մ. վ-ի ազդեցության նկատմամբ: Մի շարք քիմ. նյութերի ազդեցությունը խորանում է նյութափոխանակության խանգարումների և տարբեր համակարգերի ու օրգանների տարիքային փոփոխությունների հետևանքով:

Կնոջ օրգանիզմն առավել զգայուն է Մ. վ-ի նկատմամբ, հատկապես որոշ վնասակար գործոններ անմիջապես են ազդում դաշտանային և մանկածնության ֆունկցիաների կամ մայրական օրգանիզմի միջոցով՝ սերնդի վրա:

Ծանրություններ բարձրացնելու ու տեղափոխելու հետ կապված և մեծ լարվածություն պահանջող աշխատանքը, եթե կատարվում է ոչ հարմար դիրքով (կանգնած կամ թեքված), կարող է առաջացնել հենաշարժ. և նյարդամկանային ապարատի ախտահարում, դաշտանային ֆունկցիայի խանգարում, հղիության ընդհատում, ինչպես նաև ազդել գինեկոլոգ. հիվանդացության մակարդակի վրա: Արտահայտված ընդհանուր թրթռումն առաջացնում է դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, սեռ. օրգանների դիրքի խախտումներ, հղիության և ծննդաբերության ախտաբան. ընթացք: Կնոջ օրգանիզմը խիստ զգայուն է իոնացնող ճառագայթման, էլեկտրամագնիս. դաշտերի, ռադիոհաճախության, սիլիկատային փոշու, կապարի, սնդիկի, ծծմբաջրածնի և այլ վնասակար գործոնների ազդեցության նկատմամբ:

Կանանց աշխատանքի բարելավման համար կարևոր նշանակություն ունեն հատուկ միջոցառումները, մասնավորապես քիմ. հումքի հիգիենային չափորոշացումը, որը նախատեսում է մանկածնության ֆունկցիայի վրա բացասաբար ազդող նյութերի սահմանափակում:

Մայրության հետ կապված աշխատանքի պայմանների բարելավումը ապահովվում է հղի կանանց և երեխա ունեցող մայրերի աշխատանքի հատուկ պահպանությամբ, նրանց համար աշխատանքի և հանգստի բարեհաջող ռեժիմների սահմանմամբ (տես Մայրության և մանկության պահպանություն):

Օրգանիզմի վրա Մ. վ-ի ազդեցության կանխման ուղղությամբ իրականացվող ընդհանուր միջոցառումները պարտադիր են ցանկացած սեռի և տարիքի աշխատողների համար: Դրանք լինում են տեխ., կազմակերպչ. և բժշկ.: Տեխ. միջոցառումներից կարևոր են վնասակար ու վտանգավոր գործընթացների և նյութերի փոխարինումը անվտանգ ու ավելի պակաս վտանգավորներով, տեխնոլոգիաների, սարքավորումների և դրանց շահագործման պայմանների կատարելագործումը (այդ թվում՝ սարքավորումների հերմետիկացում և վահանավորում): Կարևոր են նաև սարքավորումների և տեխնոլոգիաների հիգիենային գնահատումը, աշխատողների բուժհսկողությունը, հիգիենային նորմավորումը (տես Սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ), օդային միջավայրի, ճառագայթման մակարդակի, աղմուկի, թրթռման և արտադր. այլ գործոնների հսկողությունը:

Եթե տեխ. միջոցառումները չեն ապահովում հիգիենային նորմատիվները, ապա աշխատողների պաշտպանությունն իրականացվում է Մ. վ-ի հետ շփվելու ժամանակի կրճատմամբ, որը ստացվում է համապատասխան աշխատանքի ռեժիմի կազմակերպմամբ, անհատական պաշտպանության միջոցների, բուժկանխարգելիչ սնուցման կիրառմամբ և անձնական հիգիենայի լրացուցիչ միջոցառումների պահպանմամբ: Վնասակար արտադրություններում աշխատողների համար սահմանվում է կրճատ աշխատանքային օր (մինչև 4-6 մ), լրացուցիչ արձակուրդ, ժամկետից շուտ (5-10 տարի) թոշակավորում:

Մ. վ-ի ազդեցությունն օրգանիզմի վրա նվազեցնելու համար կարևոր է աշխատանքի և հանգստի ռեժիմների բարելավումը, աշխատատեղերի ճիշտ կազմակերպումը ևն:

ՄԱՍՏԻՏ, տես Կաթնագեղձի բորբոքում:

ՄԱՍՏՈՊԱԹԻԱ, տես Կաթնագեղձախտ:

ՄԱՍՏՈՒՐԲԱՑԻԱ, տես Ձեռնաշարժություն:

ՄԱՏՆԱՇՈՒՆՉ, մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում, ավելի հաճախ առաջանում է ծայրային (եղունգային) ֆալանգի վրա՝ թարախածին մանրէները փոքր վերքերով (ճաքեր, քերծվածքներ, կտրած, ծակած վերքեր ևն) ներթափանցելիս: Տարբերում են մակերեսային (մաշկային, հարեղունգային, ենթաեղունգային) և խորը (ենթամաշկային, ջլային, հոդային, ոսկրային) Մ.:

Մաշկային Մ-ի դեպքում թարախը կուտակվում է վերնամաշկի տակ, առաջանում է պղտոր, երբեմն՝ արյունային հեղուկով լցված բուշտ, որի շրջակա մաշկը կարմրում է: Ցավերը չափավոր են, լինում է այրոցի զգացում: Բուշտն աստիճանաբար մեծանում է, թարախային բորբոքումը կարող է անցնել խորը տեղադրված հյուսվածքները: Հարեղունգային Մ-ի դեպքում թարախաբուշտն առաջանում է եղունգային բարձիկի մաշկում: Եթե թարախը թափանցում է եղունգային թիթեղի տակ, Մ. կոչվում է ենթաեղունգային, որն առաջանում է ծակած վերքի ժամանակ կամ եղունգի ծայրի տակ փուշ մտնելիս: Անուշադրության մատնելիս թարախային բորբոքումը կարող է տարածվել խորը՝ եղունգային մատոսկրի վրա:

Խորը Մ., որպես կանոն, առաջանում է մատի ափային մակերևույթին, սկզբում՝ մաշկի տակ: Քանի որ մատի այդ կողմում մաշկը պինդ է, թարախը երկար ժամանակ